Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Pussy Riot խմբի աղջիկներին դատապարտեցին երկու տարով

Մոսկովյան դատարանը  կրոնական ատելության հողի վրա կատարված խուլիգանության մեջ մեղավոր ճանաչեց Pussy Riot խմբի երեք անդամներին՝ Նադեժդա Տոլոկոննիկովային, Մարիա Ալյոխինային Եւ Եկատերինա Սամուցեւիչին : Նրանց դատապարտեցին   երկու տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Կալանքի ժամկետը հաշվարկվելու է ձերբակալման պահից:

 

Հիշեցնենք, որ փանք ռոք խմբի անդամները ձերբակալվել էին Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում իրենց «Մարիամ Աստվածածին, վռնդիր Պուտինին» փանք աղոթքի համար: Ռուսական Ուղղափառ Եկեղեցին կտրուկ դատապարտել էր աղջիկների արաքը, իսկ դատախազությունը մեղադրանք առաջադրել խուլիգանության հոդվածով:

 

 

Մեղադրողն աղջիկների համար պահանջել էր երեք տարվա ազատազրկում: Դատավոր Մարինա Սիրովան հայտարարել է, թե մեղամցուցիչ հանգամանք է գտել, Տոլոկոննիկովան եւ Ալյոխինան մանկահասակ երեխաներ ունեն, երեք ամբաստանյալներն էլ դրական են բնութագրվում:

 

Փանկ-խմբի անդամներն իրենց մեղքը չեն ընդունել, իսկ պաշտպանական կողմը հայտարարել է, թե Քրիստոս Ամենափրկչի տաճարում տեղի ունեցածը քաղաքական ակցիա է եղել:

 

Վճռի հրապարակման պահին դատարանի մոտ Pessy Riot-ի հարյուրավոր կողմնակիցներ են եղել, որոնցից շատերին ոստիկանությունը ձերբակալել է , այդ թվում` ընդդիմադիրներ Գարի Կասպարովին եւ Սերգեյ Ուդալցովին: Հավաքվածները վանկարկում էին. «Ռուսաստանին՝ այո, Պուտինին՝ ոչ»:

 

Նախօրեին Կիեւում՝  FEMEN շարժման աղջիկները, ի աջակցություն Pussy Riot խմբին, բենզասղոցով կտրել են ուկրաինական մայրաքաղաքի կենտրոնում կանգնեցված խաչը: Ոստիկանությունից հայտնել է, որ խաչը կանգնեցվել էր ստալինյան ռեպրեսիայի զոհերի հիշատակին եւ քրեական գործ է հարուցվել` FEMEN-ին մեղադրելով խուլիգանության եւ սեփականության ոչնչացման մեղադրանքով

 

Հասարակական լայն արձագանքը գործի առնչությամբ Ռուսաստանում և երկրի սահմաններից դուրս փանք խմբի պաշտպանության հսկայական շարժում է ձևավորել. աղջիկներին իրենց աջակցությունն են հայտնել ռուսաստանցի մտավորականներ, համաշխարհային աստղեր, ինչպես օրինակ Մադոննան, Բյորկը, Սթինգը, Red Hot Chili Peppers-ը, Փոլ Մաքքարթնին:

 

Աղջիկների նկատմամբ դատավարությունը ուշադրության է արժանացել ԱՄՆ-ի, եվրոպական մի շարք երկրների արտաքիան քաղաքական գերատեսչությունների մակարդակով, որոնք իրենց մտահոգությունն են հայտնել դատական գործընթացի առնչությամբ: Ի համերաշխություն PussyRiot-ի այսօր բողոքի ցույցեր են անցկացվել նաեւ աշխարհի շատ երկրներում: Դրանց ամբողջական ցանկը կարելի է տեսնել freepussyriot.org կայքում:

 

 

«Pussy Riot»-ի դատավճիռը սխալ է, որը հարվածելու է Ռուսաստանի իմիջին: Նման կարծիք է հայտնել հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին:

 

«Ինձ համար տարօրինակ է, որ գտնվել են խորհրդատուներ, ովքեր Վլադիմիր Վլադիմիրովիչին խորհուրդ են տվել նոր Խոդորկովսկի սարքել: Այդ աղջիկների ստեղծագործությունը որեւէ գեղարվեստական արժեք չի ներկայացնում: Բացի խուլիգանությունը` բովանդակությունն այնտեղ չափազանց քիչ էր:  Հիմնական բովանդակությունը ստեղծվեց, երբ նրանց ձերբակալեցին: Ռուսաստանում նման հերոսներ ստեղծելու կարիք չկա: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Դա տեղեկատվական ինքնասպանություն է: Դրանք իմիջային կորուստներ են: Մենք ընդգծեցինք մեր տարբեր լինելը: Քաղաքակիրթ աշխարհում նման բաներն ընդունված չեն»,- ասել է Կանդելակին:

 

 

 

Դիտումների քանակը` 4219

Վերադառնալ վերև