Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ծնողներիս եմ մեղադրում, որ իմ փոխարեն  որոշում ընդունեցին»

Դեռ փայլը չկորցրած խոշոր  աչքերով, երկու երեխաների մայր, 37-ամյա Քրիստինե Սարգսյանը  (անունը փոխված է) մեկն է հայաստանցի այն կանանցից, ում ընտանիքի որոշմամբ  վաղ տարիքում ամուսնացրել են…

 

Քրիստինեն  դեռ 18 տարեկան չկար, երբ ծնողները որոշեցին իրեն ամուսնացնել: «Ծնողներս ասացին՝ հարմար տղա է, աշխատանք ունի, ամուսնացիր, գոնե մի հոգսից կթեթևանանք: Փորձեցի ընդվզել, բայց հասկացա` իմաստ չունի…դպրոցն ավարտելուց երեք ամիս հետո ամուսնացա: Չսիրելով ամուսնացա… Իմ դասընկերները համալսարան էին գնում, իսկ ես դարձել էի հոգսաշատ տիկին»,- պատմում է Քրիստինեն:

 

Մեծացել է անապահով ընտանիքում: Երկու սենյականոց բնակարանում ապրում էին ծնողները, ինքը, քույրը, տատիկն ու պապիկը, հորեղբայրն ու հորաքույրը:  Ընտանիքում խնդիրներն անպակաս էին, հազիվ ծայրը ծայրին էին հասցնում: Մոր և տատիկի հարաբերություններն էլ լավ չէին, բայց առանձնանալու մասին խոսք լինել չէր կարող: Մի անգամ, երբ մայրն այդ մասին բարձրաձայնել էր, նրան տան դուռն էին ցույց տվել, իհարկե, առանց երեխաների: «Բնական է, որ մայրս առանց մեզ չէր գնա»,- ասում է նա:

 

«Հերիք չի տղա չես ունենում, հիմա էլ ուզում ես մեր տղուն տանես»,- մոր հետ կռվելու պատճառներից մեկն էլ տղա չունենալն էր, պատմում է Քրիստինեն ու հավելում. «Հիմա մեղադրում եմ մորս, ինքը չկարողացավ իրեն պաշտպանել ու այդպես էլ մեզ մեծացրեց: Բողոքում էր միայն այն ժամանակ, երբ տանը մենակ էինք, իսկ մնացած դեպքերում լուռ ու մունջ ենթարկվում էր: Հայրս համեստ մարդ է, պարզապես առանց ծնողների որոշման ոչ մի քայլ չէր անում, բացի այդ ֆինանսապես չէր կարող մեզ ապահովել, իսկ դրա մասին հորս ծնողները մշտապես բարձրաձայնում էին»: 

 

Քրիստինեի խոսքերով Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած   հորեղբայրն էր որոշ ժամանակ ընտանիքին ֆինանսապես օգնում: «10-րդ դասարանում  ծնողներիս խնդրեցի, որ մի տեղ ընդունվեմ կամ ինչ-որ մասնագիտություն ստանամ,  ասեցին ՝  գումար չկա, հորեղբոր ուղարկածն էլ հազիվ հերիքում է առօրյա հոգսերին: Երբ առարկեցի, որ դասընկերներիցս շատերը նույնպես գումար չունեն, բայց ծնողները միևնույն է դեմ չեն,  որ  շարունակեն ուսումը ,  մասնագիտություն ձեռք բերեն, հորաքույրս, տատիկս ասացին, որ ես անշնորհակալ եմ:  Ու դրանից հետո արդեն հիմնական կռիվը ոչ թե մորս հետ էր, այլ՝ իմ: Անընդհատ երեսով էին տալիս, որ իրենք են մեզ պահում, հակառակ դեպքում՝ սովամահ կլինեինք:  Հորաքույրս թեև չէր ամուսնացել, բայց ինձ համար սկսել էր փեսացու ճարել ու… ճարեց: Մորս էլ թվաց՝ ամուսնանալով թե իրենք կփրկվեն, թե՝ ես»:

 

Քրիստինեի  բախտն ու ամուսնական կյանքը դժվար է բարի անվանել: Ամուսնանալուց հետո նա ավելի շատ խնդիրներ ունեցավ: Ամուսինը խանդում էր, չէր թողնում տանից դուրս գալ. «Ամիսներով ծնողներիս  տուն չի թողել, որ գնամ, հիվանդագին խանդ էր, դրան գումարած ալկոհոլի չարաշահումը: Սկեսուրս, սկեսրայրս երբեք ինձ չէին պաշտպանում: Իսկ եթե նրա գործերը չէին ստացվում, ամբողջ ներվայնությունն ինձ վրա էր թափում: Բազմիցս ծեծվել եմ միայն այն պատճառով, որ խոսում էի, փորձում էի ինձ պաշտպանել: Երեխաներս մեծանում էին անառողջ մթնոլորտում: Ծնողներիս երբ պատմում էի, ասում էին՝ պետք է հարմարվես»:

 

Ու այդպես հարմարվել է 11 տարի: «Ես գիտակցում էի, որ եթե շարունակեմ այդպես ապրել, մի օր հաստատ ինքնասպան կլինեմ, բայց երեխաներիս խղճալով այդ քայլին չէի գնում: Ու մի օր երեխաներիս վերցրեցի ու գնացի ծնողներիս տուն: Ասացի, որ իրենք իրավունք չունեն ինձ չընդունել, իրենց պատճառով է կյանքս դժոխք դարձել: Ես ամեն հարցում ծնողներիս եմ մեղադրում, ամեն հարցում…»:

 

Քրիստինեն երկար ժամանակ չի կարողացել աշխատանք գտնել, երեխաներին պահել է քույրը, ով աչքի առաջ ունենալով Քրիստինեի  կյանքը, մինչ օրս էլ ամուսնանալու մտադրություն չունի: «Միակ լույսը քույրս է, որն ամեն հարցում օգնում է ինձ: Ինձանից  փոքր է 5 տարով,  բայց ավելի խելացի է ու կայացած: Մասնագիտությամբ վարսավիր է ու այսօր իր աշխատանքով պահում է թե իմ երեխաներին, թե ծնողներիս:  Հորաքույրս ամուսնացել է, հորեղբայրս ապրում է Ռուսաստանում, տարիներով  Հայաստան չի գալիս, տատիկ-պապիկս մահացել են, իսկ ծնողներս ապրում են նույն խեղճ ու կրակ պայմաններում: Հիմա եմ հասկանում, թե իրենք  ինչ սխալ սկզբունքներով են առաջնորդվել, եթե իհարկե իմ փոխարեն  իմ կյանքի վերաբերյալ որոշում ընդունելը կարելի է սկզբունք անվանել»:

 

Այսօր, ըստ Քրիստինեի, դրա պատճառով է, որ չունի մասնագիտություն, չի կարողանում աշխատանք  գտնել, մի քանի ամիս աշխատել է փոքրիկ խանութում, բայց այն փակվել է ու նորից մնացել է առանց աշխատանքի:

 

«Ուզում եմ, որ երեխաներս լավ կրթություն ստանան, թեև այդ հարցում իրենց օգնելու ոչ մի հնարավորություն չունեմ, բացի քաջալերելուց:  Տղաս մի քանի ամիս աշխատեց սուպերմարկետներից մեկում, այս տարվա հունվարին բանակ գնաց: Բանակից վերադառնալուց հետո պետք է անպայման մի արհեստ սովորի: Չնայած հիմա միայն մեկ բանի մասին եմ մտածում, որ առողջ, անփորձանք գա ինձ հասնի: Աղջիկս լավ է սովորում ու իրեն էլ միշտ ասում եմ՝ միայն սովորելու մասին մտածի: Այն, ինչ ես չեմ ունեցել, գոնե երեխաներս ունենան: Իմ չստացված կյանքի համար երեխաներս մեղավոր չեն»,- ասում է Քրիստինեն:

 

Նա միաժամանակ լցված է լավատեսությամբ: Պատմում է, որ մի օր փողոցում պատահաբար հանդիպել է դասընկերուհիներից մեկին, ով  խոստացել է ամեն հարցով աջակցել իրեն:

 

 

 «Նրա շնորհիվ  փորձում եմ  կամաց-կամաց նոր կյանք սկսել: Իր ծանոթներից մեկի մոտ դիմահարդարի մասնագիտություն եմ ձեռք բերում: Ամեն վայրկյան ընկերուհիս ինձ ոգեշնչում է: Հիշում եմ, երբ դպրոցական տարիներին գնում էին իրենց տուն, հետո օրերով թաքուն լաց էի լինում: Իրենք մեզնից այնքան էլ լավ չէին ապրում, բայց  այդ ընտանիքում միայն ջերմություն էի տեսնում, համերաշխություն: Դրա համար էլ այսօր թե ինքը, թե եղբայրները կայացած մարդիկ են, նաև շատ բարի են, որ փորձում են ինձ նմաններին օգնել, ոտքի կանգնեցնել», – ասում է Քրիստինեն:

 

Մ. Մարգարյան  

Դիտումների քանակը` 707

Վերադառնալ վերև