Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Առաջարկ կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի առնվազն 40/60 համամասնություն ապահովելու մասին

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 16-ին Կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին և առաջարկեց Ազգային ժողովին   հոկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին արտահերթ նիստ գումարել այն քննարկելու համար: Հոկտեմբերի 19-ին Ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքում փոփոխություններ  կատարելու օրնագիծը  արժանացավ  ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

 

Հիշեցնենք, որ Կառավարության կողմից ներկայացված նախագծի    48-րդ և 61-րդ հոդվածներով առաջարկվում է  փոփոխության ենթարկել  գործող օրենսգրքի 83-րդ և 100-րդ հոդվածների համապատասխան կետերը ՝  ամրագրելով  կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի 30/70 համասնությունը , ընդ որում  պահպանելով այդ համասնությունը  նորընտիր Ազգային ժողովի խմբակցությունների կազմում:  Պարզ  համամասնական ընտրակարգին անցնելու պարագայում  օրինագիծն, ըստ էության, երաշխավորում , որ  կանանց  ներկայացվածությունը նորընտիր Ազգային ժողովում   կլինի առնվազն  30%, ինչը որոշ չափով  առաջընթաց է, որը սակայն դեռևս չի  համապատասխանում հասարակության կեսը կազմող կանանց ու նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների սպասելիքներին:

 

Նշենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը  հրապարակվել էր ՀՀ Կառավարության կողմից e-draft կայքում հոկտեմբերի 5-ին և բաց էր առաջարկների համար մինչև հոկտեմբերի 20-ը: Օգտվելով այդ հնարավորությունից  «Հավասար» քարոզարշավի մասնակից կազմակերպությունները՝ ի դեմս «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի և «Պրոմեդիա-Գենդեր» ՀԿ-ի, առաջարկ էին ներկայացրել e-draft կայքում հրապարակված ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի շուրջ: Առաջարկը նախատեսում է պարզ համամասնական կարգով (առանց բաց ցուցակների) անցկացվող ընտրություններում ապահովել կուսակցությունների ընտրական ցուցակներում և դե ֆակտո ընտրված Ազգային ժողովի խմբակցությունների կազմում  թեկնածուների սեռերի առնվազն 40/60 համամասնությունը:  

 

Առաջարկի մեջ  ներկայացված են նաև համապատասխան հիմնավորումները.  

 

Հիմք ընդունելով՝

 

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին ուղղված ավելի քան 40 հասարակական կազմակերպությունների բաց նամակը և դրան հաջորդած սույն տարվա հուլիսի 6-ին հանձնաժողովում տեղի ունեցած քննակումը՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 83-րդ և 100-րդ հոդվածների  համապատասխան կետերով` կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի 30/70 համամասնությունը սահմանող քվոտայի բարելավման շուրջ քննարկումները,

 

Փաստելով ՝

 

որ նույնիսկ բաց ցուցակներից հրաժարվելու և պարզ համամասնական ընտրակարգի անցնելու պարագայում ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի 48-րդ և 61-րդ հոդվածներում՝ գործող օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ կետի և 100-րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ առաջարկվող լուծումները առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում կհանգեցնեն Ազգային ժողովում կանանց ներկայացվածության միայն նվազագույն շեմի ապահովմանը և չեն կարող դիտարկվել որպես էական քայլ առաջ Ազգային ժողովում կանանց ու տղամարդկանց հավասար ներկայացվածության հասնելու ուղղությամբ, հետևապես չեն համապատասխանում հասարակության կեսը կազմող կանանց ու նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների սպասելիքներին,

 

Հաշվի առնելով ՝

 

  • Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջները կանանց աջակցող ժամանակավոր միջոցների / քվոտաների/ կիրառման մասին,
  • Հայաստանի Հանրապետության պարտավորությունները Եվրախորհրդի անդամ երկրների Նախարարների կոմիտեի թիվ (2003)3 բանաձևի շրջանակում մինչև 2020 թվականը քաղաքական որոշումների ընդունման մակարդակում կանանց ներկայացվածության ոչ պակաս քան 40% շեմը ապահովելու մասին,
  • ՄԱԿ-ի անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունը կայուն զարգացման նպատակների շրջանակում մինչև 2030 թվականը կանանց ու տղամարդկանց հավասար (50/50) մասնակցությունը կյանքի բոլոր ոլորտներում ապահովման մասին,
  • ԵԽԽՎ-ի թիվ 1898 (2012) բանաձևը` օրենսդիր մարմնում և ամբողջ հասարակությունում գենդերային հավասարակշռության ապահովման, կանանց ներգրավելու և նրանց քաղաքական աճին և առաջընթացին նպաստելու առումով կուսակցությունների պատասխանատվության մասին,

 

Ի նկատի ունենալով նաև՝

 

որ Հայաստանի Հանրապետությունում վերջին երկու տարիների ընթացքում առնվազն չորս համամասնական ընտրակարգով անցկացված ընտրություններում քաղաքական ուժերի մեծ մասը հատել է իր ընտրական ցուցակներում թեկնածուների սեռերի 30/70 համամասնությունը ,

 

 

Առաջարկում ենք.

 

Դիտարկել և ձևակերպել ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի 48-րդ և 61-րդ հոդվածներում՝ գործող օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ կետի և 100-րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ առաջարկվող լուծումները միայն որպես ժամանակավոր միջոց առաջիկա արտահերթ ընտրություններում, դրա հետ մեկտեղ ամրագրել՝

  • Նախագծի 48-րդ հոդվածով նախատեսվող քվոտայի բարելավման տեսլականը հետևյալ խմբագրմամբ.

 «Հոդված 83. Կուսակցության (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները

  1. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (1-5, 1-10, 1-15 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60 տոկոսը»:

 

  • Նախագծի 61-րդ հոդվածով նախատեսվող կանանց ներկայացվածությունը դե ֆակտո ընտրված Ազգային ժողովում երաշխավորման մեխանիզմը հետևյալ խմբագրմամբ.

 «Հոդված 100. Մանդատների տրամադրումը պատգամավորներին

  1. Ընտրական ցուցակի առաջին մասի մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 40 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա»:

 

  • Տարածել կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի առնվազն 40/60 համամասնությունն ապահովող վերոնշյալ դրույթները 70 հազարից ավելի մշտական բնակչությամբ համայնքներում hամամասնական կարգով անցկացվող ՏԻՄ ընտրությունների վրա:

 

Հիշեցնենք նաև, որ  ՀՀ Ազգային ժողովում  ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խումբը   առաջարկել  էր ամրագրել Ընտրական  օրենսգրքում, որ  հաջորդ ընտրություններին, որոնք  նախատեսվում է անցկացնել 2024 թվականին, կին եւ տղամարդ թեկնածուների համամասնությունը ցուցակներում  լինի 40/60 տոկոս կամ ցուցակներում  յուրաքանչյուր 5-ից երկուսը կլինեն կին: Իսկ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար առաջարկվում էր, որ  գործի դրույթը, ըստ որի քաղաքական ուժերի  համամասնական ցուցակներում յուրաքանչյուր  երրորդը կամ  33% -ը կին լինի: ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 22-ին մեկնարկող քննարկումները ցույց կտան ինչքանով են պատգամավորները հետամուտ լինելու իրենց կողմից ներկայացված առաջարկին: 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Հայեցակարգն երաշխավորում է  Ազգային ժողովում կանանց ներկայացվածության 30 տոկոսը»

Ինչպիսի՞ քվոտա է  առաջարկվում  Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգով

 Պատգամավորներն առաջարկում են կիրառել  33%-անոց քվոտան արտահերթ խորհրդարանական  ընտրություններում

 Կառավարական հանձնաժողովը հակված է  կյանքի կոչել 30/70 համամասնությունը սահմանող քվոտան

«Քվոտան պետք է բարձրանա». քննարկում կառավարությունում ընտրական բարեփոխումների շուրջ

Բաց նամակ ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ

 «Բաց ցուցակները կանանց մասնակցության ամենամեծ խոչընդոտն են»

Միացե՛ք. Բաց նամակ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ

Դիտումների քանակը` 1191

Վերադառնալ վերև