Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Շենացնել երկիրը գյուղի կանանց ստեղծարար ձեռքերով»/ տեսանյութ

Կայացավ «Գյուղմթերքի կին հերոս-2015» մրցանակաբաշխությունը

Այս տարի Հայաստանի տարբեր մարզերից մայրաքաղաք  ժամանած  գյուղատնտես կանայք  նշեցին Մարտի 8-ը ավանդական դարձած «Գյուղմթերքի կին-հերոս-2015» ազգային  մրցանակաբաշխության շրջանակներում:

Կանանց միջազգային օրվա նախօրեին կայացած միջոցառման հիմնական թեման էր՝ պարենային  անվտանգությանը: Յուրաքանչյուր երկրի պարենային անվտանգությունը համարվում է ապա­հով­ված, եթե առկա է տնտեսության այնպիսի մակարդակ, որը երաշխավորում է բնակ­չու­թյան համար առողջապահական նորմերին համապատասխանող սննդա­մթերքի անվտանգությունն ու  մատչելիությունը: ՄԱԿ-ի  վերջին  հետազատությունների համաձայն մինչև 2030 թվականը պարենամթերքի արտադրությունը պետք է աճի 50 տոկոսով, որպեսզի բավարարի սննդամթերքի աճող պահանջարկը, ուստի հարկավոր է նվազագույնի հասցնել արտահանման սահմանափակումները, որպեսզի առավելագույնս նվազեցվի պարենամթերքի գների աճի բացասական էֆեկտը,  ինչն  իր  հերթին կմեղմի աղքատության աճի տեմպերը: Այս  իրավիճակը չի  շրջանցի  նաև Հայաստանը, ուստի միայն  գյուղոլորտի ռեսուրսների համախմբման, գյուղմթերքի արտադրության  խթանման  շնորհիվ  հնարավոր կլինի  խուսափել  անցանկալի երևույթներից:

Նշենք, որ մրցանակաբաշխությունն այս տարի իրականացվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական դաշինքի համագործակցությամբ, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Ավստրիական Զարգացման Գործակալության աջակցությամբ:

–         Մենք  կարևորում ենք  պարենային արտադրության  մեջ կանանց  ներգրավվածությունը, ուստի  նրանց  աջակցելու  և  շահագրգռելու համար  կազմակերպում ենք  նմանատիպ ցուցադրություններ և մրցույթներ: Այս  միջոցառմանը  մասնակցող  կանայք  ոչ միայն  արտադրողներ են,  նրանք իրենց աշխատանքով նպաստում են իրենց իսկ համայնքների բարօրությանը, ավելին՝ նրանցից շատերը  նաեւ ընդգրկված են  համայնքային կառավարմանը: Համոզված ենք, որ գյուղի  կանանց ներուժի շնորհիվ   հանրապետության  բնակչությանը հնարավոր է ապահովել էկոլոգիապես առողջ և անվտանգ սննդամթերքով», – ասաց  Օքսֆամի հայաստանյան  գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:

Միջոցառման ընթացքում կանանց  դերը գյուղոլորտում  գնահատեցին  և  կարևորեցին   նաև ՀՀ  գուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը և Հայաստանում Եվրամիության  պատվիրակության ներկայացուցիչ Ջոն Բարկերը:

Մարտի 8-ի առթիվ լավագույն  մաղթանքներով շնորհավորելով  կանանց,  նրանք   հույս  հայտնեցին, որ երկիրը հիրավի կարող է  շենանալ ստեղծարար կնոջ ձեռքերի շնորհիվ, քանզի ցանկացած արտադրության արդյունավետությունն ապահովված է նաև կանանց  շնորհիվ: «Գյուղմթերք արտադրող  կանանց հարկավոր է մշտապես  խրախուսել»,- ասաց Ռ.Մակարյանը:

«Գյուղմթերքի կին հերոս-2015»-ի մրցանակաբաշխության շրջանակներում կազմակերպվել էր նաեւ ցուցահանդես վաճառք, որտեղ կանայք  ներկայացրել էին իրենց  ձեռքով  պատրաստած ալանին, փախլավան, հալվան, տապակած ավելուկն ու անմահական  չրեղենը: Ի դեպ, առաջին անգամ  մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել նաև սիրիահայ կանայք: Մրցույթի ամփոփոխման  արդյունքում մրցանակների և պատվոգրերի արժանացան մարզերի  և համայնքների թվով 12 կին արտադրողներ, ում  իրենց  գեղեցիկ  պարով շնորհավորեցին «Երիտասարդություն և ստեղծագործություն»  պարային համույթի աղջիկները:

 

«Գյուղմթերքի կին-հերոս» ազգային  մրցանակաբաշխությունը հերթական անգամ  հնարավորություն տվեց մասսայականացնել գյուղատնտեսության  և ֆերմերային  տնտեսության ոլորտում  գործունեություն  ծավալած և դժվարություններ հաղթահարած կանանց հաջողության  օրինակները, խրախուսելու էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրող այն կանանց, ովքեր բացառիկ և  օրինակելի ներդրում են կատարել և կատարում են իրենց ընտանիքների եւ համայնքների զարգացման ուղղությամբ:

 

Մրցանակաբաշխության  ընթացքում լավագույն  գյուղմթերքներ արտադրող 11  կին  հերոսները  արժանացան մրցանակների  և  պատվոգրերի.

 

–         Գայանե Ղազարյան,  Արագածոտնի մարզ,  գյուղ Աղձք

–         Ռիմա Հովագիմյան, Արմավիրի մարզ, Արագած համայնք

–         Անիկ Խաչատրյան, Արարատի մարզ, Բարձրաշեն  համայք

–         Աղավնիկ Դանիելյան, Գեղարքունիքի  մարզ,  Գետիկ համայնք

–         Ռոզաննա Թոթոլյան, Լոռի մարզ, Վանաձոր քաղաք

–         Ժանետա Ներսեսյան, Վայոց Ձորի մարզ, Ազատեկ համայնք

–         Քրիստինե Սաֆարյան, Տավուշի մարզ,  Հովք  համայնք

–         Սիլվարդ Չոբանյան, Տավուշի մարզ, Արծվաբերդ  համայնք

–         Վարոժիկ Թումանյան, Սյունիքի  մարզ,  Ճակատեն համայնք

–         Աննա Դավթյան,Սյունիքի  մարզ, Անգեղակոթ համայնք

–         Նարինե Փալանդուզյան,  Տավուշի մարզ, Նավուր համայնք:

 

Անուշ Ներսիսյան

 

Տեսանյութը՝ Արմինե Գեւորգյանի

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանայք եւ պարենային անվտանգությունը

 

Դիտումների քանակը` 3652

Վերադառնալ վերև