Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գյուղաբնակ կանայք. պարենի անվտանգության ու կլիմայի կառավարման  առաջնագծում

 

…Ամեն անգամ գյուղ գնալիս ձեռքս բռնում է ու տանում՝ «արի ցույց տամ»: Մեծ ծիրանենու ստվերում մեծ սինիներն են՝ գույնզգույն չրերով: Մեղուների պարսն էլ՝ անպակաս: Գույները գնալով սիրունանում են, չրերը՝ շատանում, սառնարանում էլ տեղ չկա:

 

«Ջուր դնելու տեղ էլ չի թողնում, չիր-չիր-չիր»,-կատակում է Հռիփսիմեի որդին ու խստանում մոր համար սառցարան առնել:

 

Նկուղում էլ մաքուր, հավասար շարքով պահածոնների բանկաներն են: Առաջին հարկում կոմպոտներն են, հետո մուրաբաները, թթուները: Բոլորի մեջ համաչափություն կա՝ սկզբում երեք կիլոգրամանոց տարաններն են, հետո՝ երկու, մեկ, 600 գրամանոց…

 

Վերևի պատշգամբում էլ պարաններն են՝ վրանները կարմիր պղպեղը, ավելուկը…

 

«Մեր մեծերն են ասել, ամառվա փուշը ձմեռվա նուշն է»,-ասում է Հռիփսիմեն:

 

Ես գյուղի կանանց Երևանում հաճախ եմ հանդիպում գյուղատնտեսական տոնավաճառում: Աճեցրած բերքի մասին գովեստներ են շռայլում, բայց արդարացի: Իրենք էլ արևի տակ բերքի նման կարմրաթուշ են դարձել, բերքի նման քաղցրախոս դարձել:

 

«Վայ, էս ինչ թանկ է»,-մի անգամ ասացի դեղձ վաճառող արտաշատցի կնոջը:

 

«Բա եկել ես այստեղ, առանց շուկա անելու ուզում ես էժան միրգ գնել»,-կատակեց կինը, ու ես հենց թանկ գնով էլ տարա դեղձը…

 

Հոկտեմբերի 15-ը գյուղաբնակ կանանց օրն է:  

 

Օրեր առաջ հրապարակված  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության  «Պարենային անվտանգության վիճակը» զեկույցում   հրապարակված տվյալների համաձայն, գյուղաբնակ կանայք աշխարհի բնակչության ¼-ն են կազմում: Զարգացող երկրներում նրանք գյուղատնտեսական աշխատուժի 43 տոկոսն են կազմում: ՄԱԿ-ում նրանց համարում են բնական ռեսուրսների առկայության գլխավոր աղբյուրը:

 

«Նրանց ուսերին է դրված պարենային անվտանգության հիմնական պատասխանատվությունը, քանի որ նրանք մշակում են, վերամշակում ու պատրաստում արտադրանքի մեծ մասը»,-նշված է զեկույցում:

 

Չնայած աշխարհում ծայրահեղ աղքատության մակարդակի նվազմանը,  մեկ միլիարդ մարդ շարունակում է ապրել անընդունելի պայմաններում: Նրանցից շատերը հիմնականում կենտրոնացած են գյուղական բնակավայրերում: Այստեղ աղքատությունն ավելի բարձր մակարդակի վրա է, քան քաղաքային վայրերում:

 

Սննդի մոտ 80 տոկոսն արտադրվում է Ասիայի և Սահարայի Աֆրիկայի երկրների փոքր գյուղատնտեսների կողմից, այն եկամտի հիմնական աղբյուրն է մոտ 2.5 միլիարդ մարդու համար:

 

«Կին գյուղատնտեսները կարող են լինել  նույնքան նախաձեռնող, արտադրող, որքան տղամարդիկ: Սակայն կանանց համար լիովին հասանելի չեն վարկերը, բնական ռեսուրսները, հողը, շուկան ու գյուղատնտեսական արտադրանքի ցանցերը:  Հաշվի առնելով հանգամանքը, որ աշխարհի ամենաաղքատ մարդկանց 76 տոկոսը ապրում է գյուղական բնակավայրերում, ապա պետք է հասկանալ, որ այդ ռեսուրսները հասանելի դարձնելով կանանց, կկրճատվի  սովն ու աղքատությունը: Այս առումով  Կայուն զարգացման օրակարգը  կարևոր նշանակություն է տալիս գյուղական կանանց»,-ասված  է զեկույցում:

 

Որոշ գնահատականներով ոլորտում գենդերային ճեղքի նվազեցումը ու հողօգտագործումը կանանց հասանելի դարձնելն Աֆրիկայում կբերի սննդամթերքի 20 տոկոսով ավելացմանը: Իրականում դա կարող է բերել եռակի շահ՝ գենդերային հավասարության, պարենի անվտանգության ու կլիմայի կառավարման, ինչն իր հերթին կարող է լինել ծախսարդյունավետ մոտեցում Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

 

ՄԱԿ-պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, կլիմայական փոփոխություններն ավելի են խորացնում գենդերային ճեղքը: Դրանք խորացնում են արդեն առկա պատնեշները, սահմանափակում կանանց հասանելիությունը գյուղատնտեսական ծառայություններին, երկարաժամկետ ֆինանսավորման աղբյուրներին, մեծացնում են չվարձատրվող աշխատանքի ծավալը:

 

ՄԱԿ-ի փորձագետներն ահազանգում են, եթե այս խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ ջանքեր  չգործադրվեն, ապա կին գյուղատնտեսները կարող են հայտնվել տնտեսական փոփոխությունների լուսանցքից դուրս վիճակում: Նշվում է, որ առավել հաճախ հենց կանայք են հետաքրքրված  իրենց երեխաների, ընտանիքի ու համայնքի զարգացման համար ռեսուրսների օգտագործմամբ ու ներդրումների իրականացմամբ:

 

Հ. Կարապետյան

 

 

Լուսանկարը՝ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի

Դիտումների քանակը` 224

Վերադառնալ վերև