Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ռուզաննա Մարտիրոսյան. «Սկսած  գործս  անավարտ  չեմ  թողնում»

Շիրակի  մարզի Արթիկի տարածաշրջանի Անուշավան համայնքում ընթացող առաջիկա  ՏԻՄ  ընտրություններում  առաջադրված ավագանու երկու կին թեկնածուներից  մեկը համայնքի  դպրոցի 30-տարվա մանկավարժ Ռուզաննա Մարտիրոսյանն է: Թեև ՏԻՄ ընտրություններին  առաջադրվել և  մասնակցում է առաջին անգամ, սակայն  վստահ է, որ իր մասնակցությամբ կնպաստի համայնքային  զարգացման  ծրագրերի  իրագործմանը:

 

Առաջադրման  մասին  տեղյակ են  նաև Ռուսաստանում արտագնա աշխատանքի  մեկնած  ամուսինն ու որդին, ովքեր դեմ  չեն  Ռուզաննայի որոշմանը, գիտեն, որ Ռուզաննան  իր եռանդով ու  աշխատասիրությամբ կկարողանա  հաղթահարել և  դպրոցի աշխատանքը և  տան  հոգսը, անմշակ  չի մնա  նաև  տնամերձը:  Ռուզաննայի աջակիցներն են  նաև  հարսն ու  դուստրը՝ Մանեն, ով  համայնքի  վերանորոգված  արվեստի դպրոցի  տնօրերնն է:

 

Դպրոցում աշխատած երկար տարիների շնորհիվ Ռուզաննան քաջ ծանոթ է  իր աշակերտների և  նրանց  ընտանիքների սոցիալական  վիճակին  և  գիտե, թե ինչ ծրագրեր են  հարկավոր նրանց  կենսապայմանների  բարելավման  համար:

 

Ռուզաննայի  բնորոշմամբ  Անուշավան համայնքը  զարգացած  համայնքներից է, ունի բարեկարգ դպրոց,  մանկապարտեզ, երկու գրադարան, արվեստի դպրոց,  բուժկետ,  կապի  հանգույց: Փողոցները  բարեկարգ են,  լուսավորված,  աղբահանությունն  ամսվա ընթացքում  իրականացվում է  երեք անգամ: Ռուզաննայի  համոզմամբ գյուղամիջով  հոսող առվակի  մաքրությունը նույնպես  բնակչության կենցաղավարության մակարդակի  վկայություն է:

 

Անուշավանն հազվադեպ  հանդիպող այն գյուղերից է, որի երիտասարդները մայրաքաղաքում  կրթություն ստանալուց  հետո  վերադառնում են գյուղ: Նրանց թվում բժիշկներ, իրավաբաններ,  միջազգայնագետներ  և այլ մասնագիտությամբ  երիտասարդներ կան, որոնց ներուժը Ռուզաննան անշուշտ կօգտագործի  ընտրվելու դեպքում:

 

Ավագանու թեկնածուի  խոսքով  գյուղի  չլուծված  խնդիրներից է խմելու և ոռոգման  ջրի  խնդիրը: Առաջիկայում սպասվող  համայնքների խոշորացման հեռանկարով առանձնապես  ոգևորված  չէ,  քանի որ  բնակիչներով գտնում են, որ ավելի  լավ է շարունակեն ապրել  նախկինի  պես, իրենք՝  իրենց  համայնքի  բյուջեն,  կտնօրինեն ըստ  նպատակի:

 

 

Ռուզաննայի եռանդն ու կազմակերպչական  ջիղը դրսևորովում է  նաև իր կողմից  ստեղծած  «Անուշավանի  ֆորում թատրոն-խմբակ»-ի աշխատանքներում, որի անդամներն իր ներկա  և  ավարտած աշակերտներն են , համայնքի երիտասարդները: Պատմում է, որ թատրոն – խմբակը՝  ինտերակտիվ թատրոն է,  որի  ներկայացումներում շոշափվում են ամենատարբեր թեմաներ՝ սկսած միջանձնային, կենցաղային մակարդակում առկա խնդիրներից մինչև միգրացիա, հատուկ կարիքներ ունեցող անձանց խնդիրներ և այնպիսի թեմաներ, որոնց մասին ֆորմալ պայմաններում մարդիկ դժվարանում են խոսել։ 

 

 

«Ներկայացումներին  համայնքի  բնակիչները սիրով են  հաճախում, քանի որ  մենք  ոչ միայն  ցուցադրում ենք հասարակական  հնչեղություն ունեցող խնդիրերը, այլև առաջարկում լուծման  մեր  տարբերակները: Մեր թատրոնը մարզի համայնքներում ու Գյումրիում  մասնակցում է  նաև հյուրախաղերի»,- ասում է Ռուզաննան:

 

 

Ասում է, ավագանու գործունեության  մասին  տեղեկացել է ՕքսԵՋեն կազմակերպության  կողմից անցկացվող դասընթացներից, որոնց  մասնակցել է:

 

 

«Ինձ  հետաքրքրեց աշխատանքը, ու մտածեցի,  իսկ  ինչու  ինքս  չփորձեմ  առաջադրվել: Համայնքում  ծանոթ են  ինձ, ինքս էլ  վստահ եմ  իմ ուժերին,  սկսած  գործս անավարտ չեմ  սիրում թողնել: Մտածեցի, որ այդպես էլ  կաշխատեմ ավագանու  կազմում», -WomenNet.am-ի  հետ զրույցում ասում է Ռուզաննան ու  հավելում, որ կանայք  պետք է  ավելի  համարձակ  գտնվեն ու ավելի  մեծ  թվով առաջադրվեն,  կընտրվեն՝  լավ,  չեն  ընտրվի, ոչինչ,  կիմանան գործընթացի նրբությունները,  դժվարությունները: Խոսքը վերաբերում է  նաև  իրեն.

 

 

«Այնպես  չէ, որ  համոզված եմ  ընտրվելու հարցում,  գուցե և չընտրվեմ, սակայն ահն  ինձ  համար  փորձաշրջան  կլինի: Տեսեք,  ինձ  հետ  ավագանու թեկնածու է  առաջադրվել նաև ամուսնուս եղբայրը, փաստորեն  տանից երկու  անդամ, հետաքրքիր  մրցապայքար է  ընթանալու, սակայն ես  մտահոգ  չեմ»,- ասում է Ռուզաննան:

 

 

Ռուզաննա Մարտիրոսյանն ունի բիզնես- ծրագիր, որով  ցանկություն ունի գյուղում  հիմնել  կարի,  չրեղենի արտադրամաս, իհարկե, որևէ  հովանավորի աջակցությամբ,  կանանց  համար աշխատատեղ ստեղծել, որպեսզի  կանայք  նաև  տանից դուրս  գալու, գումար  վաստակելու  հնարավորություն ունենան:

 

 

Ռուզաննան  հեռահար  ծրագրեր  չի   գծում, քանի որ, կարծում է,   կյանքն ու ժամանակն են  թելադրում,  թե  ե՞րբ և  ի՞նչն է  ավելի  նպատակահարմար:

 

 

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 1094

Վերադառնալ վերև