Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«SafeYOU» բջջային հավելվածն ընդդեմ սեռով պայմանավորված բռնության

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների հայաստանցի մասնագետների ստեղծած «SafeYOU» («Քո անվտանգությունը»)  նոր հավելվածը թույլ կտա կանխել ընտանեկան բռնությունների հնարավոր ողբերգական հետևանքները։

 

 

Օրերս Համաշարհային բանկի հայաստանյան  գրասենյակում ներկայացվեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) կողմից մշակված «SafeYOU» (Քո անվտանգությունը) բջջային հավելվածը և  հայտարարվեց  այն օգտատերերին  հասցնելու գործընթացի մեկնարկի մասին։ Եթե հավելվածն ապացուցի իր արդյունավետությունն ու  կենսունակությունը փորձնական փուլում, ապա  կարող է օգտակար ինովացիոն գործիք դառնալ՝ ողջ աշխարհում գենդերային հենքով բռնության հետևանքով զոհերի ու տուժածների թվի նվազեցման և այդ խնդրի կանխարգելման համար։

 

 

Հավելված ստեղծվել է սեռով պայմանավորված բռնությանը (ՍՊԲ) դիմակայելու համար՝ Համաշխարհային բանկի խմբի կողմից 2018թ.-ին շնորհված «Նորարության զարգացման շուկայական հարթակ» մրցանակի միջոցներով:

 

 

Ներբեռնելով հավելվածն իր բջջային հեռախոսում՝ բռնության ենթարկվելու դեպքում կինը կարող է կոճակի մի սեղմումով ահազանգ ուղարկել իրավապահ մարմիններին,   ձայնային կամ տեքստային հաղորդագրությունների միջոցով տեղեկացնել խնդրի մասին շահագրգիռ կազմակերպություններին ու աջակցող մարմիններին։ Արդյունքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կնոջը հնարավորինս արագ օգնության են հասնելու ոստիկանության, ՀԿ աշխատակիցները՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պահին որտեղ է գտնվում բռնության ենթարկվածը, փոխե՞լ է իր գտնվելու վայրը, թե՞ մնացել է նույն հասցեում։ Այսինքն, հավելվածի օգնությամբ նշվում է նաև օգնության կանչ հղած օգտատիրոջ գտնվելու վայրը։ 

 

 

Հավելվածը նաև հնարավորություն է տալիս օգտատիրոջը տեղեկատվություն ստանալ իրեն անհրաժեշտ ծառայություններ  մատուցող ապաստարանների, կացարանների ու  կազմակերպությունների գտնվելու տեղի մասին։ 
Հավելվածը մշակվել է թե՛ IOS և թե՛ Android օպերացիոն համակարգերով բջջային տեխնոլոգիաների համար: Նորարար այս լուծումը կարող է անհատներին, համայնքներին և պետություններին օգնել սեռով պայմանավորված բռնության դեմ պայքարում:

 

 

Հավելվածն ապահովված է տեքստային հաղորդագրությունների և աուդիո ձայնագրման հնարավորություններով, տեղեկատվության, աջակցության և խորհրդատվական ծառայությունների հասանելիությամբ և ֆորումով (թեմատիկ զրույցի սենյակներ)՝ քննարկումների համար որպես ապահով տարածք ծառայելու համար: Հավելվածը պատրաստած մասնագետներն ու ստեղծմանն աջակցողները  հավատում են դրա հաջողությանը. այն կարող է կյանքեր փրկել։

 

Ե՞րբ հնարավոր կլինի ներբեռնել հավելվածը

 

WomenNet.am-ի հետ զրույցում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ այս պահին հավելվածը ներբեռնել հնարավոր չէ,  բանակցություններ են ընթանում են Google-ի ու Apple-ի հետ՝ դրանց մարկետներում տեղադրելու համար։

 

 

«Ինձ թվում է, երկու շաբաթից կամ մեկ ամսից արդեն հնարավոր կլինի ներբեռնումը։ Մենք հայտարարեցինք, որ հավելվածը պատրաստ է։ Այն նախատեսված է ոչ միայն հայաստանցի օգտատերերի համար»,- մանրամասնեց հիմնադրամի նախագահը։

 

 

Անցյալ տարվա մրցույթի շրջանակում անցկցված մրցանակաբաշխությանը ողջ աշխարհից ներկայացված 250-ից ավել հայտերից ընտրվել է տասնմեկ հաղթող: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից միակ հաղթողը Հայաստանի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն էր:  «Մենք տարածաշրջանում միակն էինք, որ արձագանքեցինք այդ թեմային։ Պիլոտը կիրականացվի Հայաստանում, ապա կտարածվի նաև  մեր գործընկեր տարբեր երկրներում։ Պիլոտի ընթացքում մենք փորձելու ենք հասկանալ, ինչ չափով են  տեխնոլոգիական լուծումները  օգուտ տալու  բռնության խնդիրների լուծմանը»,-ասաց Բագրատ Ենգիբարյանը։

 

 

Մրցանակը շնորհվել է ՁԻՀ-ին բջջային հավելվածներ և թվային տեխնոլոգիաներ մշակելու իր նախաձեռնության համար, որը կարող է կանանց տալ իրական ժամանակում փորձագիտական աջակցություն և տեղեկատվություն ստանալու հնարավորություն, բացի այդ  թույլ կտա հավաքել կարևորագույն տվյալներ, որոնք անհրաժեշտ են ավելի մեծամասշտաբ քաղաքականության իրազեկման համար:

 

 

«Մեզ զուտ տեխնոլոգիական մասն էր հետաքրքիր, բայց հայտնվեցինք մեկ այլ ոչ պակաս հետաքրքրիր ու կարևոր  դաշտում։ Վաղը հնարավոր է մենք այդ օրինակով կարողանանք ողջ աշխարհում  կանխել երեխաների և բնակչության այլ խմբերի նկատմամբ բռնությունը, քանի որ այդ առումով աշխարհում սարսափելի վիճակ է»,-նշեց հիմնադրամի տնօրենը՝ ընդգծելով, որ հետագա անելիքները հիմնվելու են փորձնական ծրագրի արդյունքների վրա։

 

 

Իսկ այդ ընթացքում մտադիր են լուծել մի քանի խնդիրներ, որոնց թվում է ինֆորմացիայի գաղտնիության պահպանման հարցը։  «Այս բոլոր հարցերը մենք քննարկելու ենք, որոշ խնդիրներ փորձենք լուծել։ Մենք չենք պատրաստվում վաղը բոլոր հարցերին լուծում տալ, մենք թեմա ենք բացում քննարկման, քանի որ տեխնիկական ներուժն ունենք»,-ասաց նա։

 

 

Մրցանակը ստանալուց հետո ՁԻՀ-ը 2018 թ. դեկտեմբերի 15-16-ը կազմակերպել է 24-ժամյա հեքաթոն՝ ՏՏ թիմերի և ՍՊԲ փորձագետների հրավիրելով հաղորդակից դարձնելու իրենց փորձին ու նորարարական մտքերին և միանալու առաջարկվող հավելվածի մշակմանն ու նախագծմանը: Հեքաթոնի արդյունքերով ստեղծվել է թիմը և մշակվել է «Քո անվտանգությունը» («Safe YOU») բջջային հավելվածը:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 446

Վերադառնալ վերև