Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ով իմանում էր, որ աղջիկ է, ձեռքը դնում էր բերանին ու ասում՝ վաաաայ… »

WomemNet.am-ի  օրերս հրապարակված  «Հայաստանի չծնված աղջիկները…»  հոդվածը  բուռն քննարկումների առիթ է հանդիսացել «Facebook» սոցիալական ցանցում: Պատճառը  նյութում ներկայացված  երիտասարդ հայրերից մեկի պատմածն էր՝  թե ինչպես էր  բժիշկը  «մխիթարում» ապագա ծնողներին աղջիկ ունենալու կապակցությամբ: Բժշկի վերաբերմունքը հատկապես վրդովեցրել է երիտասարդ մայրիկներին: Ներկայացնում ենք նրանցից մի քանիսի մեկնաբանությունները:

 

Անի Չիդեմյանը պատմում է, որ իրենք եւս գործ են ունեցել այնպիսի բժշկի հետ, ով նախընտրություն է տալիս տղա երեխաներին: «Երբ սոնոգրաֆիա էինք անում, որ սեռն իմանանք, բժիշկն ամուսնուս ցույց տվեց էկրանն ու ասաց. «Աղջիկը խոնավությունից էլ կլինի, քոնը կոնկրետ տղա ա»…Էդքան աղավաղված են մեր բժիշկների արժեքները»:

 

«Հիմարություն է, ես ունեմ մեկ աղջիկ ու պատրաստ եմ 1000 աղջիկ ունենալ: Երեխան երեխա է, չեմ հասկանում՝ ինչ տարբերություն կա սեռերի միջեւ: Կոնկրետ ինձ համար կարեւորը, որ լավ զավակ լինի՝ անկախ նրանից աղջիկ է, թե տղա»,- գրել է Անի Սեդրակյանը:

 

Երիտասարդ մայրիկները շեշտում են, որ իրենք հպարտ են իրենց աղջիկներով: «Որ տանը շատ աղջիկ կա, այդ օջախը լիքն է: Ես ունեմ մեկ տղա եւ երեք աղջիկ, հիմա չեմ պատկերացնում, որ աղջիկներից որեւէ մեկը կարող էր չլիներ…»,- ասում է Հասմիկ Իսրայելյանը:

 

Մայրիկները, սակայն, հիշում են, թե ինչպիսի վերաբերմունքի են արժանացել շրջապատի կողմից՝ աղջիկ երեխա ունենալու պատճառով:

 

«Ոչ միայն բժիշկներն էին ինձ «մխիթարում» աղջիկ ունենալու համար, նաեւ մյուսները, դեռ իմ տեղն էլ որոշում էին, թե մի հատ էլ տղա կունենաս ու կպրծնես»,- գրել է Գոհար Ղումաշյանը:

 

«Ես սկզբից նեղվում էի, բայց հիմա իմունիտետ եմ ձեռք բերել: Երեք աղջիկ ունեմ, ամենից դաժանը 3-րդ հղիության ժամանակ էր: Ով իմանում էր, որ աղջիկ է, ձեռքը դնում էր բերանին ու ասում՝ վաաաայ…Իսկ ես ծիծաղում էի»:

 

«Մեր հարեւանը, ում հարսը երկու աղջիկ է բերել, մի քանի ամիս առաջ ասաց, տեսնենք՝ եթե տղա եղավ, կբերի, եթե աղջիկ՝ «կհանենք», շատ պետքներս ա երրորդ աղջիկը»,- գրել է Արուսիա Նադիրյանը:

 

Ռուզաննա Զազյանն էլ հռետորական հարց է տալիս. «Հետաքրքիր է, եթե աղջիկները չլինեն, էդ տղաները ոնց և ումից են ծնվելու»:

 

Քննարկմանը մասնակցող կանանցից ոչ ոք դեմ չէ 2-րդ կամ 3-րդ երեխայի դեպքում եւս աղջիկ լույս աշխարհ բերել: «Ես աղջիկ ունեմ ու հիմա երկրորդին եմ սպասում ու չեմ մտածում, թե ինչ կլինի, կարեւորը՝ առողջ բալիկ լինի: Մեծ հաճույքով աղջիկ կբերեմ էլի ու հեչ չեմ նեղվի»,- գրել է Սուսաննա Մակարյանն ու ավելացրել. «Եթե նկատել եք, էսօրվա դրությամբ աղջիկներն իրենց ծնողներին ավելի շատ են տեր կանգնում, քան տղաները»:

 

Կանանցից մի քանիսն էլ ընդգծում են, որ աղջիկ երեխա չցանկանալու պատճառը հասարակության մեջ կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքն է:

 

«Մինչեւ կնոջ հանդեպ վերաբերմունքը չփոխվի, մեր երկրում աղջիկ երեխա չեն ցանկանալու ունենալ: Տղամարդիկ վախենում են, որ իրենց աղջկան նույն աչքերով կնայեն, ինչպես իրենք են նայում ուրիշ կանանց: Սա ավելի բարդ խնդիր է»,- գրել է Գոհար Հարությունյանը:

 

Սոնա Կլաջյանն էլ նշել է, որ այլ երկրներում չի հանդիպել նման խնդրի. «Կարծում եմ՝ այս վերքը ավելիք խորքից է պետք բուժել, ինչը բավականին դժվար է…»

 

Մայրերի կարծիքները ներկայացրեց

Արման Ղարիբյանը

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

«Իսկ դու ունե՞ս աղջիկ».

 

Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…

 

«Ով տղա է բերել ուրախացել են, ով աղջիկ է բերել ասել են՝ տարեք երեսի վրա շուռ տվեք…»

 

Ֆեյսբուքյան ֆլեշմոբ` ընդդեմ սելեկտիվ աբորտների / ֆոտոշարք

 

«Իմ ուղեղում չի տեղավորվում, թե ինչու են մարդիկ պտուղը վերացնում սեռի հիմքով»

 

«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…

 

Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց

 

Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ եւ դեմ

 

 Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում

 

«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում

 

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

 

Դիտումների քանակը` 1719

Վերադառնալ վերև