Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…

          «Անցանկալի» աղջիկներից ազատվելու համար մարդիկ ծայրահեղ միջոցների են դիմել… 

 

«Տատիկս պատմում էր, որ երբ իր 5-րդ աղջկան է ունեցել, շրջապատի կանայք եկել են, ասել. «Տար շրջի»: Այն ժամանակ տատիկիս գյուղում ով ծնված երեխային չէր ուզում, տանում էր անտառ ու դեմքով հողին պառկացնում, երեխան խեղդվում էր, մահանում: Տատիկս պատմում էր, որ անտառի այդ ճանապարհով գնալիս աջ ու ձախ կողմերով շրջված երեխաներ է տեսել»…

 

 

Այս դեպքը տեղի է ունեցել ոչ թե դարեր առաջ, այլ անցյալ դարի 60-ական թվականներին: Դեպքի մասին հետազոտող Աննա Ոսկանյանին պատմել է Վանաձորում բնակվող մի երիտասարդ կին, ով ինքը եւս ստիպված է եղել արհեստականորեն ընդհատել հղիությունը, քանի որ իր ամուսինն ու սկսեսուրը չեն ցանկացել, որ երկրորդ երեխան էլ աղջիկ լինի:

 

 

Սոցիոլոգ  Աննա Ոսկանյանը վերջերս ներկայացրել է  ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի աջակցությամբ  կատարված   «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները որպես ընտանիքում գենդերային խտրականության արտահայտում» հետազոտության  արդյունքները:   Ուսումնասիրվել է  Երեւանում, Վանաձորում եւ Լոռու մարզի 3 գյուղերում  սելեկտիվ աբորտների   տարածվածությունը, դրա ընկալումը եւ մարդկանց վերաբերմունքը նշված երեւույթի նկատմամբ:

 

 

Աննա Ոսկանյանը հանգել է այն եզրակացության, որ  պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները բավականին մեծ տարածում ունեն հայաստանյան հասարակությունում, աբորտը  հաճախ դիտվում է որպես ընտանիքի պլանավորման հասարակ և հասանելի միջոց: Միաժամանակ այն միշտ չէ, որ իրականացվում է բժշկական հաստատություններում` հաճախ այն կատարվում է դեղորայքային կամ ավանդական միջոցներով` տնային պայմաններում: Այդ դեպքերը, իբրև կանոն, դուրս են մնում հաշվառումից, այսինքն եղած պաշտոնական վիճակագրությունը հիմնականում չի տալիս երևույթի իրական պատկերը»:

 

Կանայք հետազոտողին են ներկայացրել տան պայմաններում հղիության ընդհատման 11 տարբեր միջոցներ` սկսած վիժում առաջացնող հորմոնալ դեղորայքից մինչև օտար մարմինների տեղադրումը ներքին սեռական օրգաններում`օրինակ ժանգոտ մետաղի կտորների: «Միևնույն ժամանակ տղամարդիկ ներկայացրեցին ֆիզիկական ազդեցության այնպիսի միջոցներ, ինչպիսիք են հարվածը հղի կնոջ փորին, նրա մեջքին քայլելը և այլն, ինչը անմիջականորեն ցույց տվեց, որ աբորտները հատկապես գյուղական վայրերում կարող են կատարվել այնպիսի միջոցներով և պայմաններում, որոնք խիստ վտանգավոր են կնոջ համար»:

 

Ընտանիքում տղա երեխային նախապատվություն տալը պայմանավորվում է մի շարք հանգամանքներով, որոնցից առաջնայինը «ազգի շարունակությունն» ապահովելն է, քանի որ հենց տղա երեխան է ժառանգում հոր ազգանունը եւ շարունակում այն` փոխանցելով իր տղա երեխաներին:

 

 

«Ըստ հարցվողների հասարակության մեջ գերիշխում է «լավ տղան տղա պիտի ունենա» համոզմունքը, որը անմիջականորեն կապում է տղամարդու կայացվածությունը և դրական կերպարը որդու ծննդի հետ»,- նշված է հետազոտությունում:

 

 

Ըստ հետազոտության ժամանակ հավաքված տեղեկատվության` կանանց նկատմամբ սելեկտիվ աբորտների հետ կապված ճնշումները տարածված երևույթ են: Ընդ որում` այդ ճնշումներն ընտանիքում իրականցվել են ինչպես ֆիզիկական բռնությունների, այնպես էլ սպառնալիքների, շանտաժի եւ հոգեբանական ճնշման միջոցով:

 

 

Աննա Ոսկանյանը իր հաշվետվության մեջ նաեւ անդարդարձել է աբորտների դեմ կանանց դիմադրելու հնարավորություններին: Գյուղական համայնքներում եւ մարզերում ապրող կանայք այս հարցում գրեթե անզոր էր, իսկ երեւանաբնակ բարձրագույն կրթությամբ կանայք երբեմն ի վիճակի են լինում դիմադրել ճնշմանը եւ լույս աշխարհ բերել աղջիկ երեխայի:

 

«Միանշանակ կարելի է ասել, որ հատկապես մայրաքաղաքում բնակվող կանայք իրենց ավելի վստահ և պաշտպանված են զգում այս հարցում, սակայն նրանց նկատմամբ այս նույն ճնշումները կան, միշտ չէ, որ նրանց կողքին են կանգնում հայրական ընտանիքը և հարազատները և հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»:

 

Աննա Ոսկանյանը եզրահանգել է, որ «ընդհանուր առմամբ այս ճնշումները բերում են մի երևույթի, որը կարելի է անվանել «սերիական աբորտ»: Շատ հաճախ կանայք, ձգտելով վերջապես ունենալ ցանկալի տղան, կատարում են մի քանի պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ, այնքան, մինչեւ որ հղիանան տղայով: Հարցումների ժամանակ բերվեցին օրինակներ, երբ այս նպատակով կատարվել էր 4, 7, նույնիսկ 11 հղիության ընդհատում: Փաստորեն կանայք, վտանգելով իրենց առողջությունը և, որոշ դեպքերում` կյանքը, գնում են այս քայլին միայն տղա երեխա ունելու պահանջը բավարարելու համար»:

 

 

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների նկատմամբ առավել բացասական են տրամադրված մայրաքաղաքում բնակվող բարձրագույն կրթությամբ կանայք: Նրանց տեսակետից այս երևութը հասարակության տղամարդակենտրոնության վառ արտահայտումն է, որի դեմ անպայման պետք է պայքարել: Որպես պայքարի միջոց հետազոտողին առաջարկվել են  հետևյալ մեթոդները.

 

 

  • Ավելի խիստ վերահսկել բժշկական հաստատությունների, որպեսզի բժիշկները չկարողանան հեշտությամբ կատարել պտղի սեռով պայամանավորված աբորտները

 

  • Պարտավորել բժիշկներին կատարել զրույցներ երիտասարդ ընտանիքներում, երես առ երես և հետ պահել նրանց այդպիսի քայլերից

 

  • Իրազեկել մարդկանց այս երևույթի ազդեցությունների մասին` հատկապես «ազգի ապագայի տեսակետից»

 

  • Ավելի լայն քարոզչություն վարել սելեկտիվ աբորտների   դեմ ԶԼՄ-ներում, որպեսզի այս տեղեկությունները բոլորին հասնեն:

 

 

ՀԳ – Հաշվետվության մեջ ներկայացված է նաեւ հաջողված պատմություն, երբ կինն իր հաստատակամության շնորհիվ կարողացել է պահպանել եւ երեխային եւ իր ընտանիքը.

 

 

«Քուրս հղիացել էր, պարզվեց, որ աղջիկ է ունենալու, մեկ աղջիկ արդեն ուներ: Ամուսինը և նրա մայրը բավականին արագ սկսեցին համոզել, որ գնա հանի երեխային, բայց քույրս ասեց, որ դանակի տակ չի պառկի իրանց ուզածով: Քուրս աշխատում է, չեմ ասի շատ, բայց դե վաստակում է: Կեսուրը ասեց մի օր, որ բոլորովին քույրս իր ամուսնու մասին չի մտածում, քույրս էլ պատասխանեց, որ մեկը լիներ, իրա մասին մտածեր, արդյունքում մեծ կռիվ դառավ:

 

 

Այդ ժամանակ կեսուրի քրոջ հարսն էր եկել գյուղից առողջական հարցեր լուծելու և իրանց տանն էր մնում մի քանի օր: Նա էլ սկսեց խրատել, թե բա որ ամուսինդ թողնի գնա քեզնից, երկու երեխով ինչ ես անելու, խայտառակ ես լինելու: Իսկ քույրս պատասխանեց, թե հենա` աղջկաս դասարանում կեսը երեխեքի բաժանված ընտանիքներից են, ոչ ոք էլ չի խայտառակվում, իսկ եթե ամուսինը իրենից աղջիկ ունենալու պատճառով պետք է բաժանվի – թող անի: Համ տան մասը ձեռքից կվերցնեմ, համ ալիմենտ կտա…»:

 

 

Արման Ղարիբյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ով տղա է բերել ուրախացել են, ով աղջիկ է բերել ասել են՝ տարեք երեսի վրա շուռ տվեք…»

 

Ֆեյսբուքյան ֆլեշմոբ` ընդդեմ սելեկտիվ աբորտների / ֆոտոշարք

 

«Իմ ուղեղում չի տեղավորվում, թե ինչու են մարդիկ պտուղը վերացնում սեռի հիմքով»

 

«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…

 

Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց

 

Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ եւ դեմ

 

 Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում

 

«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում

 

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

 

 

Դիտումների քանակը` 2509

Վերադառնալ վերև