Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սևան Պետրոսյան.«Ինձ մտահոգում է կույր պաշտամունքի հասնող գնահատանքը»  

 

 

WomenNet.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններին «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակում առաջադրված Սևան Պետրոսյանը:

 

 

Ծնվել է 1978 թվականին Ֆրանսիայում: Ապրում ու աշխատում է Երևանում: Հայաստանի ամերիկյան համալսարանի Համեմատական իրավունքի մագիստրոս է: Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի ղեկավարն է: Սևան Պետրոսյանը տարիներ շարունակ, աշխատել է մարդու իրավունքների և զարգացման ոլորտում: Նաև քաղաքական և դիվանագիտական գրասենյակներում պաշտպանության և քաղաքականությունների մշակման փորձ ունի Եվրոպայում, Միջին Արևելքում և Հարավային Կովկասում: 1997 -ից ՀՅԴ անդամ է:

 

 

Թեպետ մեր զրուցակիցը հաճախ շատ հետաքրքիր դիտարկումներով է հանդես գալիս հասարակությունում կնոջ տեղի և դերի, կանանց քաղաքական  մասնակցության վերաբերյալ, սակայն որոշեցինք այդ հարցերի վերլուծությունը  հետագայի վրա թողնել:  Այս պահին,  Սևան Պետրոսյանի խոսքով, իրեն ավելի շատ մտահոգում է ընտրությունների ընդհանուր  մթնոլորտը, այստեղից էլ մեր առաջին հարցը.

 

 

 –Տարբեր գնահատականներով, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն անսապասելիորեն տեղափոխվեց փոխադարձ մեղադրանքների դաշտ: Թեկնածուները շեղվեցին իրենց բուն նպատակից, նյարդային և լարված մթնոլորտ  ստեղծվեց, ի՞նչ մտահոգություններ ունեք այս առիթով:

 

-Իրականում, բնական եմ համարում, որ ընտրարշավի ժամանակ կողմերը, եթե նույնիսկ փորձում են միառժամանակ դիմադրել իրար մասին արտահայտվելու ցանկությանը, սակայն ինչ-որ մի պահից հետո, փոքրիկ խայծից սկսում են «փոխհրաձգությունը», այդ ամենը նորմալ է: Մեծ հաշվով բնական է նաև, որ այդ ընթացքում կարող են արտահայտություններ լինել, որոնք ինձ դուր չգան, տգեղ հնչեն և այլն, բայց ինձ համար մեկ բան է կարևոր.  շատերս սկսել ենք իրավիճակը դատել սոցիալական մեդիայից: Սկզբում մեզ համոզում էինք, որ դա կյանքը չի, որ հասարակությունը դա չի, բայց վերջին քաղաքական փոփոխությունները ցույց տվեցին, որ հենց այդ տիրույթում է ավելի շատ արտահայտվում այն, թե ինչ է կատարվում երկրում: Ինձ մտահոգում է հատկապես՝ հեղափոխության կամ իշխանափոխության արդյունքում այդ շարժումն առաջնորդնողների նկատմամբ կույր պաշտամունքի հասնող գնահատանքը: Ինչ խոսք, նրանք բավական կարևոր թիմ են, բավական  կարևոր մարդիկ են, հանձինս վարչապետի, բայց ամենին  այդքան կուրորեն հետևելը և ամենն այդքան պատրաստ ընդունելը, երբևէ հարցադրումներ չանելը և չքննադատելը, վտանգավոր է: Հնարավոր է, որ քաղտեխնոլոգներն ասեն՝ դա սովորական գործընթաց է, կանցնի, բայց դա ինձ մտահոգում է:

 

Այդչափ մոլի հետևելը և մոլի պաշտպանելը, ինձ հուշում է ոչ միայն հայոց, այլ՝ մարդկության պատմության ընթացքում եղած շատ սարսափելի հետևանքներ ունեցող իրադարձություներ, երբ դու անհընդհատ փորձում ես գտնել մեկին, մի գաղափար, որպեսզի կուրորեն ու մոլեգին հետևես դրան: Դա երբևիցե լավ արդյունքների չի բերել: Հիմա կարող է թվալ, թե դա ինչ-որ քաղաքական ուժի կարող է օգուտ բերել, քվե բերել, հանրային պաշտպանություն ապահովել, բայց դա լավ բան չէ: Ես, որպես քաղաքացի և նաև որպես կուսակցական, կարծում եմ, որ բոլոր քաղաքական կուսակցությունները, բոլոր ուժերը, ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտություն են: Հենց հիմա իշխող թիմին ձեռնտու պետք է լինի տարբեր ձայներին լսելը, հակառակ դեպքում նրանք շատ ավելի շուտ կարող է հայտնվեն քաղաքական մենաշնորհյալի վիճակում, դրա բոլոր բացասական հետևանքներով, որոնք մենք արդեն ունեցել ոչ վաղ անցյալում: Ավելին, առաջին հերթին հենց իրենք պետք է ողջունեն քաղաքական դաշտի բազմազանությունը, դա բխում է իրենց շահերից: Նույնչափ կարևոր է ընդդիմախոսներ ունենալը, որքան՝ հետևորդներ ունենալը: Ընդդիմախոսներ չունենալը քաղաքական ինքնասպանություն կլինի ցանակացած ուժի համար…

 

 

– Այս ընտրարշավի ժամանակ գրեթե բացակայում են ծրագրերի քննարկումներ, բանավեճեր, որոնցից Երևանի բնակիչները կարող են եզրակացություններ անել, հետևություններ ու ի, վերջո որոշել՝ ում ընտրել: Թեկնածուներն ու քաղաքական ուժերն ավելի շատ միմյանց միջև հարաբերություններ են պարզում, անհասցե նախազգուշացումներ անում, չե՞ք կարծում, որ հեղափոխությունը շարունակվում է, չի ավարտվել:

  

-Փոփոխություններն անշուշտ  շարունակվում են: Հիմա, տեսե՜ք ինչ անելանելի վիճակ է՝ խորհրդարանում մեկ այլ ուժ է մեծամասնություն, կառավարությունում տարբեր այլ ուժեր կան և այլն: Այսինքն՝ մեր պատկերացմամբ դասական համակարգը չի աշխատում: Բայց, ինչ  վերաբերում է Երևանի ընտրություններին, ապա Երևանի խնդիրները պարզ են, դրանց լուծումներն էլ , կարծես թե,  ուրվագծված են: Մի կողմից կան՝ ավելի համակարգային, հիմնական խնդիրներ՝ կոռուպցիայի բացակայությունը, թափանցիկությունը, ուղիղ ժողովրդավարությունը և այլն, մյուս կողմից կան քաղաքի տնտեսության հետ կապված կոնկրետ հիմնախնդիրներ՝ աղբահանությունը, վերելակները, հին շենքերը, սոցիալական ծրագրերը, տրանսպորտը և այլն: Լուծումները դրանց միասնության մեջ պետք է դիտարկել…

 

 

-Ի՞նչ է առաջարկում Դաշնակցությունը…

 

– Երբ մասնակցում էի Դաշնակցության ծրագրի կազմանը, բոլորս աչքի տակ չունեինք, որ մյուսների ծրագրերից տարբերությունը շատ մեծ է լինելու: Բայց ինձ համար Դաշնակցության դեպքում պետք է առանձնացնել  սփյուռքի գործոնը: Դաշնակցությունը պատրաստակամ է սփյուռքին ներգրավելու է և՛ Հայաստանի, և՛ Երևանի գործընթացներում, քանի որ Դաշնակցությունն է այն ուժը, այն կուսակցությունը, որ որ գիտի սփյուռքը, ազդեցություն  և հեղինակություն ունի սփյուռքում, հսկայական ավանդ ունի դրա ձևավորման հարցում, և, ըստ այդմ, սփյուռքի հետ կապն ամբողջովին յուրովի է ընկալում: Մյուս կարևոր առանձնահատկությունն ինձ համար դա  Դաշնակցության սոցիալիստական բնույթն է. այսինքն՝ զարգացման ծրագրերի, կառավաման փոփոխությունների հիմքում սոցիալական արդարության սկզբունքներն են դրված, ինչը  նշանակում է, որ դրանք լինելու են մարդակենտրոն, ամեն ինչը  չի բխելու բիզնեսի շահերից, այսինքն՝ ամբողջ քաղաքը, բնակչությունը չի հարմարեցվելու բիզնեսին կամ «քաղաքի գերակա շահ» կոչվող ֆենոմենին: Դրա մեջ են մտնում հանրային տարածքների օտարման արգելքը, մարդկանց, հանուն հանրային շահի, տներից տեղափոխելու արգելքը և այլն: Մեկ այլ առանձնահատկություն Դաշնակցության հնարավորություններն են՝  կուռ կառույց լինելն ու  ցանցային գոյությունը ամբողջ աշխարհում: Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ չկա հայկական որևէ կազմակերպություն,որևէ կառույց, նախաձեռնություն, հանրային խումբ, որն  ունի Դաշնակցության ցանցային բազմազանությունը:

 

 

Դուք անձամբ, որպես նաև ավագանու անդամի թեկնածու ինչպիսի՞ խնդիրներ եք տեսնում մայրաքաղքում: Եվ արդյո՞ք դրանք տարբերվում են տղամարդկանց  կողմից առաջ քաշվող հարցերից …

 

 –Մայրաքաղաքաի խնդիրներն անշուշտ  բոլոր նրա բնակիչներին են վերաբերում, բայց առանձնահատկություններ կանանց ու տղամարդկանց պատկերացումներում և մոտեցումներում   այնումենայնիվ կան: Էսթետիկ հարցերը, մաքրության մասին մեր պատկերացումները, փողոցների, ավտոկայանատեղիների լուսավորումը, անվտանգության հետ կապված կանանց ակնկալիքները և պահանջները այլ են: Օրինակ՝ տեղեր կան, որ միջավայրի պատճառով մենակ չեմ գնում: Երևանում ես գիտեմ մի քանի շենքեր, որոնք կանայք են նախագծել և դրանք տարբերվում են տղամարդկանց նախագծած շենքերից: Օրինակ՝ Տիկնիկային թատրոնի հետևի բարձրահարկ շենքը, որը պղպջակներով է: Մենք տեսնում ու շնչում ենք այլ կերպ: Կամ օրինակ՝ բուժհաստատություններում, որտեղ կանայք ավելի հաճախ են այցելում, կա գաղտնիության խնդիրը, մեր ցավի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի և բազմաթիվ այլ խնդիրներ…

 

 

Լուսինե Կարապետյան

Դիտումների քանակը` 2555

Վերադառնալ վերև