Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Բացարձակ մերժելի երևույթի» հետքերով. կանանց համերաշխությունն ընդդեմ սեքսիզմի

Ազգային ժողովում  պատգամավոր Անի Սամսոնյանի հասցեին խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից հնչեցրած սեքսիստական հայտարարությունը, չնայած նույն օրվա ընթացքում եղած այլ սկանդալային իրադարձությունների  մեծ թվին, դարձավ ամենաքննարկվողը, իսկ դրա հեղինակը՝ ամենաքննադատվածը… Եվ դա պատահականություն չէր… 

 

 

Քննադատությանը հաջորդեց փոխխոսնակի  ներողությունը, սակայն համոզված չենք, որ այս դեպքը դաս կլինի բոլոր նրանց համար, ովքեր փորձում են լռեցնել կին քաղաքական գործիչներին՝ սեռական պատկանելիության,  ամուսնա-ընտանեկան կարգավիճակի, արտաքին տեսքի  մասին անհարկի հիշատակումների, կնոջ ստորադաս կարգավիճակի շեշտադրման,  կանացիության կամ տղամարդ-կին կոնցեպտների շահարկման և կնոջ արժանապատվությանն ուղղված ակնհայտ վիրավորանքների միջոցով…

 

 

Այս միջադեպի ընթացքի վերլուծությունն ի հայտ բերեց երեք կարևոր հանգամանք:  Նախ,  իրենց գործընկեր կնոջ  հասցեին հնչեցված սեքսիստական բնույթի վիրավորանքին  առաջին անգամ  արձագանքեցին տարբեր խմբակցությունների  կին պատգամավորները, գուցե ոչ բոլոր, սակայն անկախ կուսակցական  պատկանելիությունից,  դրանով իսկ ցույց տալով, որքան կարևոր է կանանց համերաշխությունը խորհրդարանում սեքսիզմին վերջ տալու հարցում:

 

 

Երկրորդը,  թեև Անի Սամսոնյանի հետ միջադեպն ավարտվեց ներողությամբ, սակայն դեպքն   առաջինը  չէ    Ազգային ժողովի 7-րդ գումարման  գործունեության ընթացքում: Առնվազն երեք սեքսիզմի հետ կապված աղմկահարույց դեպք  կարելի է վերհիշել խորհրդարանական կյանքի վերջին տարում:  Խնդիրն այն է, որ նման դեպքերը երբեք չեն դարձել Էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա: Ոչ մեկի մտքով չի էլ անցել նման  հարցով  հանձնաժողով ստեղծել, չնայած ԱԺ կանոնակարգ օրենքը  լայն հնարավորություն է ընձեռնում էթիկայի հարցերով ժամանակավոր  հանձնաժողով հրավիրելու  համար:    

 

 

Երրորդ հանգամանքը ընդհանուր բնույթի է, քանի որ կապված է  մեզանում  այդպես էլ  չձևավորված քաղաքական բանավեճի մշակույթի հետ, որի  պակասն էլ  հանգեցնում է  քննարկվող թեմայի հետ ոչ մի կապ չունեցող  անձնավորված վիրավորանքներին, այդ թվում սեքսիստական  հայտարարություններին:  Թեև դա չի նշանակում, որ պառլամենտարիզմի կայացումը մեխանիկորեն  կվերացնի սեքսիզմը, որի հիմքում ավելի խորքային պատճառներ կան, քան դաստիարակության թերացումները…   

 

 

Ինչևիցե, սակայն սայլը , կարծես թե, տեղից շարժվում է,  գոնե սեքսիզմը  այլ տիպի վիրավորանքներից տարբերակելու հարցում… Այս առումով հետագա դեպքերը կանխելու համար WomenNet.am-ը կարևոր է  համարում  ներկայացնել միջադեպի առնչությամբ  հրապարակված արձագանքների  մանրամասները…

 

 

Միջադեպի նախապատմությունը

 

Ամեն ինչ սկսվեց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթից,  որի ընթացքում նա  անդրադարձավ ստեղծված իրավիճակում հազարավոր քաղաքացիների սոցիալական խնդիրներին՝ նշելով,  որ  աջակցության ծրագրերի հասցեականությունը կաղում է: Առաջարկեց իշխանության ներկայացուցիչներին այցելել սոցիալապես անապահով մարդկանց ու բացատրել աջակցության ծրագրերի հասցեականությունը.

 

«Եվ չմոռանաք ձեզ հետ տանել փոխխոսնակ, մարդկանց 100 հազար դրամ աջակցություն տրամադրելը «էժան պոպուլիզմ» համարող Ալեն Սիմոնյանին, որ նա էլ բացատրի։ Չնայած գիտե՞ք ինչ, կարող եք չտանել, քանի որ նրան սեփական թիմում լուրջ չեն ընդունում, ուր մնաց մենք ու ժողովուրդը լուրջ ընդունենք»,-  ասաց Սամսոնյանը՝ ի նկատի ունենալով նախօրեին Ալեն Սիմոնյանի կողմից արված  հրապարակային մեկնաբանությունը, որի ժամանակ նա  «էժան պոպուլիզմ» որակեց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը ՝  մայիսին շուրջ կես միլիոն ընտանիքներին  100-հազարական դրամ տրամադրելու, ինչպես նաև թոշակները կրկնակի վճարելու մասին: 

 

 

Մինչ ԱԺ փոխնախագահը կհակադարձեր ամբիոնից Անի Սամսոնյանին, գործընկերոջը պաշտպանող ելույթով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Մեր թիմակից Ալեն Սիմոնյանի լրջության գնահատականը «Իմ քայլը» խմբակցությունը տվել է նրան ԱԺ փոխնախագահ առաջադրելով և ընտրելով: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Ալեն Սիմոնյանը դիպուկ, տեղ-տեղ՝ սուր, բայց փաստարկված տեսակետներ է հայտնում, որին հակափաստարկներ չկան, պարզապես պետք է ընդունել, որ հակափաստարկներ չկան»,-ասաց  Լիլիթ Մակունցը:

 

 

Դրան հաջոորդեց Ալեն Սիմոնյանի սկանդալային ելույթը, որի ժամանակ  նա հայտարարեց.  «Տիկին Սամսոնյան, ես ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել, դա  տգեղ է դիտվում, որովհետև իմ մոտ անըդհատ տպավորություն է ստեղծվում, որ ձեզ մոտ ինչ-որ մանիակալ բան է … Բայց ես Ձեզ չեմ պատասխանելու, ես պատասխանելու եմ ձեր փեշի հետևում պախկված Էդմոն Մարուքյանին… »:

 

 

«Կանայք խորհրդարանական երկրի առաջին ամբիոնում անպաշտպա՞ն են»

 

 

Ի պատասխան Անի Սամսոնյանի հասցեին  հնչեցված վիրավորանքին ֆեյբուքյան իր էջում կոշտ գրառում կատարեց նույն խմբակցության անդամ Աննա Կոստանյանը:

 

 

«Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ կանանց (տվյալ պարագայում՝ ընդդիմադիր կնոջ) իրավունքների տարրական ոտնահարում։ Ինչպե՞ս կարելի է կնոջ հանդեպ նման ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ տալ։ Հեչ սիրուն չի՛։ Այս երկրում կանանց իրավապաշտպաններ կա՞ն, թե չէ։ Թե՞ ընտրողականությունն ու խտրականությունը թույլ չեն տալիս պաշտպանելու ընդդիմության կին ներկայացուցչին։ Սա վատ, շատ վատ նախադեպ է ու անընդունելի։
Կանանց հանդեպ հարգանքից ելնելով՝ իշխանական պատգամավորը պետք է հրապարակավ ներողություն խնդրի ԼՀ պատգամավոր Անի Սամսոնյանից , այլապես հակված եմ մտածելու, որ կանայք խորհրդարանական երկրի առաջին ամբիոնում անապաշտպան են ու խոցելի տղամարդ քաղաքական գործիչների կողքին ու դիմաց։ Հարգելի՛ իշխանություն, վերանայե՛ք այս գործելաոճը։ Սա այլևս անհանդուրժելի է», – գրել է Կոստանյանը։

 

 

Աժ փոխխոսնակի ասածը մեկնաբանեցին  խորհրդարանական ընդդիմադիր մյուս ուժի՝ ԲՀԿ-ի կին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը, Իվետա Տոնոյանը, ովքեր ֆեյսբուքյան իրենց էջերում աջակցություն հայտնեցին Անի Սամսոնյանին՝ իրենց գրառումներին կից հրապարակելով նաև նրա լուսանկարը։

 

 

 «Բացարձակ անթույլատրելի է կին քաղաքական գործիչներին սեռով պայմանավորված վիրավորելն ու հեգնախառն ռեպլիկներ նետելը: Իրեն հարգող յուրաքանչյուր ոք երբևէ նման բան չի կարող իրեն թույլ տալ»,-գրել էր Իվետա Տոնոյանը։

 

 

«Պարկեշտությունը և բարեկրթությունը թանկ արժեն, ուստի ամեն պատահածից դա մի ակնկալեք…»,-նշել էր Նաիրա Զոհրաբյանը:

 

 

«Չնայած Անիի հետ հաճախ ունեցած իմ գաղափարական անհամաձայնություններին՝ կին քաղաքական գործիչներին առնչվող հարցում պատրաստ եմ մինչև վերջ կանգնել Անիի կողքին ու պահանջել, որ կանանց պատասխանեն քաղաքական հարթությունում, այլ ոչ թե անձնական», – արձագանքել էր Շաքե Իսայանը:

 

 

Աջակցության խոսքեր հնչեցին նաև Արցախից։  «Քաղաքականության մեջ լինի, թե՝ այլուր, կանանց վիրավորանք հասցնելը՝ առհասարակ, իսկ զուտ սեռով պայմանավորված՝ նամանավանդ, անթույլատրելի է։ Համերաշխությունս եմ հայտնում Անի Սամսոնյանին։ Քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության ընդլայնման և նրանց դերակատարության բարձրացման ուղղությամբ պետական հստակ միջամտություն է պետք՝ ի դեմս քվոտաների սահմանման։ Սահմանադրության մեջ ամրագրված կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքին բովանդակություն է պետք տալ»,-նշել էր  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը։

 

 

Կատարվածը դատապարտող  հայտարություն տարածեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը.

 

«Կնոջ սեռը թիրախավորելով նրան վիրավորելը ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի կնոջ մասնավոր կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երևույթ է: Նույնքան բացարձակ մերժելի է, երբ դա արվում է քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում։ Առավել ևս անընդունելի է, երբ դա տեղի է ունենում խորհրդարանի նիստում ու այն էլ կին պատգամավորի նկատմամբ:

 

 

Կնոջ նկատմամբ հարգանքը, նրա արժանապատվությունը երաշխավորելը և պայքարը կարծրատիպերի դեմ պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը: Նման իրավիճակներ մենք չենք ունենա միայն այն ժամանակ, երբ բանավեճում թիրախավորենք ոչ թե ընդդիմախոսի սեռը, այլ քննարկենք միայն թեման ու առարկայական հարցեր:

 

 

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը մեր կարևոր գործընկերն է և կարևոր ներդրում ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում: Կանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք։ Մենք պետք է խրախուսենք կնոջ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին: Այս կանոնները պետք է ունենան բացարձակ կիրառություն և վերջ»։

 

 

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով  Ալեն Սիմոնյանի խոսքին, նշեց, որ շեշտադրելով ընդդիմախոս պատգամավորի սեռը նա ակնհայտ փորձ է արել սաստել ու նվաստացնել նրան,  պակաս կշիռ հաղորդել իր հանդեպ հնչեցվող քննադատությանը և դա շատ տարածված հնարք է՝  կանանց հետ պահելու ակտիվ քաղաքական գործունեությունից, նվազեցնելու կին քաղաքական գործիչների կշիռն ու ազդեցությունը։ «Պակաս խտրական չէր նաև Ալեն Սիմոնյանի Էդմոն Մարուքյանին ուղղված՝ կնոջ փեշի տակ թաքնվելու վերաբերյալ արտահայտությունը, որով նա փորձում էր հարվածել Անի Սամսոնյանին, ով  իբր միայն տղամարդու դրդմամբ է գործում և սեփական համոզմունքն ու կարծիքը չունի, քանի որ կին է», – նկատել է Հովհաննիսյանը: 

 

 

«Ընդունում եմ սխալը և ներողություն եմ խնդրում»

  

 

Ի վերջո բազմաթիվ քննադատությունների ներքո Ալեն Սիմոնյանը ստիպված էր ներողություն խնդրել։

 

 

Կեսգիշերին ֆեյսբուքյան ուղիղ եթերում Ալեն Սիմոնյանը՝ նկատելով,  որ հարգում է «մեր կանանց, քույրերին, մայրերին», ասաց, որ սխալ է համարում Անի Սամսոնյանին ուղղված իր խոսքերը.  

 

 

 «Այն հայտարարությունը, որ արել եմ տիկին Սամսոնյանի հասցեին, համարում եմ սխալ, ընդունում եմ սխալը։ Ընդունում եմ, որ իմ ելույթի ժամանակ ես պետք է զսպեի իմ ջղայնությունը, թեև շատ վատ բան վերագրող նկատի չեմ ունեցել։ Միգուցե դա եղել է զուտ ջղայնությունից, լարվածությունից դրդված։ Ընդունում եմ քննադատությունները և ներողություն եմ խնդրում»,- նշեց Սիմոնյանը։

 

 

Եղե՞լ են արդյոք քննադատողների թվում  Սիմոնյանի  քաղաքական թիմակիցները, և,  մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության կին պատգամավորները, – այս հարցը   ենթադրությունների մակարդակում է: Համեմայն դեպս,  հրապարակային մեկնաբանություններ կամ  հորդորներ  նրանց կողմից չեն եղել, և կարելի է միայն  հույս ունենալ, որ դա արվել է ներկուսակացական շփումների կամ քննարկումների  ժամանակ: նշենք միայն, որ  Սիմոնյանի  ներողությունից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրեց իր ֆեյսբուքյան էջում. 

 

 

«Անկախ ամեն ինչից, Ալենի ներողություն հայցելը կարևոր նախադեպ է, մինչև ԱԺ Էթիկայի հանձնաժողովի մշտական դառնալը, և օրենքի ուժով նմանատիպ այլ հարցերի կարգավորումը, պետք է ներողություն հայցելը օրինաչափ դառնա Խորհրդարանի բոլոր գործընկերների համար` անկախ նրանց քաղաքական դիրքից ու զբաղեցրած պաշտոնից։ Իմ կողմից ևս մեր հանրությունից ներողություն եմ խնդրում, քաղաքական բանավեճի որակի ու խնդիրները բարձրաձայնելու լեզվի նման դրսեւորումների համար»։

 

 

«Շնորհակալ եմ, որ տեսա և լսեցի ձեր դատապարտող գնահատականները»…

 

 

Անի Սամսոնյանն՝ արձագանքելով միջադեպին հետևած հայտարարություններին, ներողության խոսքերին, շնորհակալություն հայտնելով իրեն աջակցողներին.

 

«Սիրելի ընկերներ և գործընկերներ, ես շնորհակալ եմ, որ երեկ Ազգային ժողովում կատարված միջադեպի կապակցությամբ տեսա և լսեցի ձեր դատապարտող գնահատականները: Ես դա չեմ ընդունել միայն որպես իմ անձին սատարում, այլ առաջին հերթին` որպես մշակույթը փոխելու կամք: Դա ինձ համար կարևոր է: Եվ ես վստահ եմ, որ ով էլ հայտնվի նման միջադեպի կենտրոնում, անկախ այդ անձի քաղաքական, գաղափարական տեսակից, դուք և նաև ես նրան կպաշտպանենք:

 

Ստացածս նամակների ասելիքը հիմնականում հետևալն էր` չհիասթափվես և չնեղվես: Հիասթափվում ես, երբ ունես բարձր սպասելիքներ: Չեմ նեղվում, որովհետև ցանկացած երկար ճանապարհ նեղություն է: Ներողամիտ եմ, բայց կարծում եմ, որ ցանկացած արժեքային երևույթ, որը գիտակցաբար փչացնում են պառլամենտի ամբիոնից, պետք է վերականգնվի հենց պառլամենտի ամբիոնից թեկուզ առանց անձնավորման…»:

 

Եզրափակելով,  հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարվա սկզբին  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակում  կազմակերպվել էր խորհրդարաններում կանանց նկատմամբ սեքսիզմի, ոտնձգության ու բռնությունների դեմ   ակցիա՝ #NotInMyParliament  հեշթեգով, որին մասանկցել են նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները:

 

 

Ակցիան նպատակ ուներ  ցույց տալու տարբեր երկրների  խորհրդարանականների, ընդ որում  և՛ կանանց, և՛ տղամարդկանց միասնությունը  սեքսիզմի դեմ պայքարում: Ընդ որում ԵԽԽՎ ղեկավարությունը հույս էր հայտնել, որ խորհրդարաններում սեքսիստական կարծրատիպերի  դեմ այդ ակցիան կտարածվի նաև աշխատանքային այլ ոլորտների վրա: 

 

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Միասին բացառե՛նք սեքսիզմն ու խտրական խոսքը հանրային տիրույթում

 

«Բացարձակ մերժելի երևույթի» հետքերով. կանանց համերաշխությունն ընդդեմ սեքսիզմի

 

Եվրոպայի խորհուրդն ընդդեմ սեքսիզմի. ակցիա

 

Սեքսիզմը կորոնավիրուսից չի վախենում

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 391

Վերադառնալ վերև