Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սեքսիզմը կուսակցություն չի ճանաչում

Ընդամենը երեք օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, տեսաուղերձով դիմեց հանրությանը՝  բաց տեքստով խոսելով կանանց թիրախավորելու, կանանց դեմ ուղղված բռնության, մասկուլինության ու հարակից այլ թեմաների շուրջ։ Դրա մասին ավելի վաղ  հրապարակված  իմ հոդվածում նշել էի, որ կարևոր քայլ է արվել, սակայն եթե այս տեսաուղերձին չհաջորդեն կանանց իրավունքներին նվիրված, բռնությունը դատապարտող, բացառող համակարգային լուրջ քայլեր, քննարկումներ, ուրեմն դա ուղղակի տեսաուղերձ էր, որը  քաղաքական կամք չի պարունակում։ Անմիջապես հաջորդ օրը, սակայն, տեսանք բռնության մի տեսարան այն էլ, ոչ ավել-ոչ պակաս խորհրդարանում, և  դարձյալ ֆեյսբուքյան  մակարդակում մարդկանց մեծ մասը զվարճացավ,  ուրախացավ, անմիջապես ձևավորվեցին  կողմ և դեմ ֆեյսբուքյան իրավաբաններ, դիտորդներ,  ծեծկռտուքը վերածվեց ուրախ մեմերի, և ըստ էության հանրությունն առանձնապես ծանր չտարավ այս փաստը, որից կարող ենք ենթադրել, որ խորքային առումով  բռնությունն այլևս նորմալացված է մեր հասարակությունում, մեզնում։ Սա արձանագրենք պարզապես…

 

 

Գալով խորհրդարանական միջադեպին։  Հայտնի ծեծկռտուքից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, և նաև  ասաց  հետևյալը․

 

 

«․․․Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության պատգամավորներին՝ կին պատգամավորներին, սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ»։  

 

 

Ոչ մի սխալ բան չի ասում վարչապետը, սակայն եկեք օբկեյտիվ լինենք․ եթե խոսում ենք կանանց թիրախավորելու մասին, ապա սոսկալիորեն թիրախավորվել ու պիտակավորվել են ոչ միայն ՔՊ կին պատգամավորները, այլև աննախադեպ քանակով մահվան, բռնության սպառնալիքներ են ստացել և ստանում նաև ընդդիմադիր  կին քաղաքական գործիչները, կին ակտիվիստները,  կին իրավապաշտպանները, լրագրողները, նրանց երեխաները, ընտանիքները, հարազատները։ Մի՞թե վարչապետը չգիտի, չի տեսնում, չի կարդում այդ ամենը, և մի՞թե միայն ՔՊ կին պատգամավորների թիրախավորումն է տեսանելի։

 

 

Ու եթե սոցիալական ցանցերում դա դեռ կարելի է հասկանալ կնատյաց մեկնաբանությունների քանակը՝ հաշվի առնելով, որ օգտատերերից շատերը կարող են ուղղորդված լինել, կեղծ պրոֆիլներից ներկայանալ և այլն, ապա կանանց թիրախավորումը իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից թերևս անհասկանալի է։

 

 

Հիշենք, օրինակ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտնի արտահայտությունն Արփինե Հովհաննիսյանի մասին, որը ոչ մի դեպքում հանրային կերպով որևէ տղամարդու նկատմամբ թերևս թույլ  չէր տա, և որի կապակցությամբ իր կուսակիցների կողմից  որևէ կոշտ, իրապես կոշտ գնահատականի չարժանացավ… Հիշենք  նաև միջադեպը, երբ դարձյալ կնոջ՝ բացառապես սեռով պայմանավորված, քաղաքական բովանդակությունից զերծ մի ռեպլիկով  ընդդիմադիր պատգամավոր Անի Սամսոնյանի քննադատությանն արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նշում եմ հատկապես ՔՊ-ական պատգամավոներին, քանի որ այսօր նրանք են քաղաքական մեծամասնությունը, և հատկապես նրանք պետք է լինեն մեր իրավունքների երաշխավորները։ Մինչդեռ նշվածներն, արդյոք, դասական օրինակներ չե՞ն կին քաղաքական գործիչներին թիրախավորելու, և, արդյոք, երկակի ստանդարտներ չե՞ն միայն ՔՊ կին պատգամավորների թիրախավորման հիշատակումը՝ անկախ նրանից, թե ինչ համատեքստում է խոսվում այդ մասին։

 

 

Այո, ընդդիմադիր պատգամավորներն էլ սեքսիստական արտահայտություններով հետ չեն մնում,  այո, իշխանական թևի կին քաղաքական գործիչները  լրջորեն թիրախավորվում են, և այստեղ է, որ  բոլոր կանայք, անկախ իրենց քաղաքական պայքարից, ունենում են մեկ ընդհանրություն․ բոլորը պիտակավորվում ու թիրախավորվում են՝ որպես կին։ Իրենց հերթին կին պատգամավորներն առնվազն կարող են գոնե խստորեն քննադատել սեքսիստական ցանկացած արտահայտություն՝ անկախ նրանից, թե ում կուսակիցն է արտահայտության հեղինակը։

 

 

Հիմնականում չեն անում, և այդ՝ միմյանց չաջակցելը, պիտակավորման, թիրախավորման, հոգեբանական բռնության ու ատելության խոսքի դեմ հավասարակշիռ, համակարգված պայքարի բացակայությունը բումերանգի պես հետ է վերադառնում՝ չխնայելով որևէ մեկին։ Այսինքն չխոսելով սեքսիզմի մասին դրա առկայության դեպքում՝ նույն խորհրդարանը նորմալացնում է սեքսիզմը։

 

 

Իրականում սեքսիստական հայտարարությունները լուրջ քննադատության չեն ենթարկվել ոչ նախկին, ոչ էլ ներկա իշխանությունների օրոք, և սա  շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ սեքսիզմի դրսևորումներին պաշտոնանկություններ չեն հաջորդել։ Սրանք են այն հարցերը, որ պետք է այսօր քննարկման դրվեն, և նպատակը քանդելը չէ, նպատակն առողջացնելն է, բարելավելը, բոլորիս համար արդար երկիր ունենալը։

 

 

Նկատենք, սակայն, որ կին քաղաքական գործիչներին թիրախավորելը բավականին ընդունված երևույթ է ամբողջ աշխարհում,  ու սրա համար կարելի է գտնել բազում հոգեբանական, պատմական պատճառաբանություններ, սակայն առայժմ որպես հետևանք կարելի է արձանագրել հետևյալը․

 

 

2018 թվականին հրապարակված «Սեքսիզմը, սեռական ոտնձգությունն ու բռնությունը՝ կին-խորհրդարանականների նկատմամբ»   ուսումնասիրության տվյալներով, եվրոպական 45 երկրների խորհրդարաններում  կին պատգամավորների ավելի քան 85 տոկոսն  աշխատանքային գործունեության ընթացքում հոգեբանական բռնության են ենթարկվել, 68 տոկոսը լսել ու նկատել՝  իրենց արտաքին տեսքին վերաբերող կամ գենդերային կարծրատիպերի շրջանակում արված դիտողություններ, 46.9 տոկոսը  ակնհայտ սպառնալիքներ  ստացել, 58,2 տոկոսը սոցիալական ցանցերում դարձել է առցանց սեքսիստական գրոհների թիրախ, իսկ  կանանց գրեթե մեկ քառորդը սեռական ոտնձգության զոհ է եղել:

 

 

Ո՞ւմ համար է գաղտնիք, որ կին քաղաքական գործիչները Հայաստանում  շատ ավելի են թիրախավորվում, պիտակավորվում, քան տղամարդ քաղաքական գործիչները։ Իսկ կին քաղաքական գործիչներին թիրախավորում են որովհետև նրանք կին են,  և  հետևանք լինում է այն, որ կանայք պակաս ակտիվ են լինում քաղաքականության մեջ։  Տեսե՞լ եք որևէ տղամարդու թիրախավորեն մազերի, աչքերի գույնի, ամուսնացած լինել-չլինելու համար, անդրադառնան անձնական կյանքին,  աչքերի մեծ կամ փոքր լինելուն, գեղեցիկ կամ տգեղ լինելուն և այլն։

 

 

Մենք չենք կարող խոսել կանանց հզորացման, հասարակության միջից բռնության մշակույթը արմատախիլ անելու, սեքսիզմը վերացնելու, մասկուլինության ցուցադրական դրսևորումների վերացման ու այլ հասարակական նորմերը փոխելու քաղաքական կամքի մասին, եթե Աննա Հակոբյանի տեսաուղերձին, որը նվիրված էր հենց այս թեմաներին,  հաջորդում է խորհրդարանի միջադեպը, հնչող տեքստերը։

 

 

Երբ մենք մեր մարմիններով փողոցներն էինք փակում հեղափոխության ժամանակ,և մեզ ցավեցնում էին՝ հրելով, բերման ենթարկելով, հարվածելով, հայհոյելով՝ հաճախ մեզ վիրավորելով ընդամենը նրա համար, որ մենք կանայք ու աղջիկներ ենք,  մենք շատ ակնկալիքներ ունեինք, և դրանցից ամենակարևորներից էր խտրականության բացառումը, այդ թվում՝ սեռով պայմանավորված,  երկակի ստանդարտների բաառումը, հետևաբար՝  մտածողության,  արժեքների հեղափոխությունը։ Այս բոլոր պահանջների ուղիղ հասցեատերն այլևս  լեգիտիմ իշխանոթյունն է, և  դա՛ է հեղափոխության տրամաբանությունը։  

 

 

Հ․ Գ․ «Սեքսիստ» եզրույթը կոմպլիմենտ չէ։ Կարճ՝ սեքսիզմը սեռով պայմանավորված խտրականությունն է։

 

 

Մարիամ Մուղդուսյան

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Ատելության խոսքն անընդունելի է. երկակի ստանդարտները չեն աշխատելու

 

Կնամեծարությունից մինչև կնատյացություն մի քայլ է …

 

«Մենք բոլորս այլևս մտել ենք թշնամանքի և ատելության  ականապատ տարածք»…

 

Սեքսիզմը կուսակցություն չի ճանաչում

 

Ինչու՞ ենք միշտ կանանց մեղադրում. մտորումներ մի տեսաուղերձի շուրջ

 

 

Դիտումների քանակը` 929

Վերադառնալ վերև