Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սիլվա Ադամյան.«Կանաչ տարածքների վերականգնման գործընթացը պետք է մեկնարկի անհապաղ»

Հայտնի բնապահպան  Սիլվա Ադամյանը մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին «Երեւանի հանրություն» դաշինքի ցուցակով: WomenNet.am-ի հետ զրույցում  նա նկատեց, որ  այն կարծիքը, թե մայրաքաղաքը բնապահպանական աղետի շեմին է թյուր է՝ բնապահպանական աղետն արդեն իրականություն է և իրավիճակի փոփոխության հարցում մենք իրավունք չունենք հապաղելու:

 

 

Կանաչ Երևանի սկիզբը

 

1950-ական թվականներին Երևանն իրենից դեռ ներկայացնում էր կիսաանապատացված լանդշաֆտային գոտի, որտեղ Խորհրդային միության կառավարությունը փորձեց քաղաքը դարձնել ավելի կանաչ և այդ լանդշաֆտը վերափոխել ավելի մեղմ կլիմայական գոտու: Այդ նպատակով ստեղծվեցին  կանաչ պաշտպանիչ գոտիներ՝ մի մասը Դալմայի այգիներում ավելացվեց, վերականգնվեցին Նորքի անտառները և ամենակարևոր պաշտպանիչ գոտիները Մոնումենտի այգիներն էին: Այս գոտիները միշտ եղել են ուշադրության կենտրոնում: Այն ժամանակ բնապահպանները, գիտնականները  մշակում էին գործողությունների պլան, մշտադիտարկում անում և որոշում, թե ինչպիսին պետք է լինի Երևանը հետագայում: Նրանք որոշումներ էին կայացնում, թե ինչպիսի բուսատեսակներ պետք է լինեն Երևանում, որ կարողանան համակերպվել այս կլիմայական պայմաններին, և ըստ այդմ տնկվում էին այգիներ: Այդ գործընթացը թափ է առել անցյալ դարի 50-ականներից և տարիների ընթացքում մենք ստացանք պաշտպանիչ կանաչ գոտիներ Երևանի համար, ինչը բավականին մեղմեց մայրաքաղաքի կլիման:

 

 

Էկոլոգիական աղետի սկիզբը

 

1990-ականներին, երբ մենք խնդիրներ ունեցանք վառելիքի հետ և սկսեցին հատվել ծառերը, դա առաջին քայլն էր դեպի էկոլոգիական աղետ: Անտառային գոտիներից, Բուսաբանական այգուց սկսեցին հատվել ծառեր, այնուհետ սկսեց ծաղկել մոնոպոլ բիզնեսը, երբ անտեսվում էր բնապահպանությունը, հատվում էին ծառեր և դրանց փոխարեն կառուցապատվում քաղաքը: Այն ժամանակվանից արդեն Երևանը վտանգված էր. առաջին քայլը, որ արվեց, դա Մոնումենտի այգիների վերացումն էր: Դրա դեմ մեծ բողոքի ալիք բարձրացավ, բնապահպաններն ասում էին, որ սա կարող է անդրադառնալ մայրաքաղաքի կլիմայի վրա, բայց ոչ ոք դրան չէր հավատում՝ հատվեցին ծառերը, կառուցվեցին հյուրանոցներ, շքեղ առանձնատներ, ռեստորաններ և այլն: Եվ եկանք հասանք մի կետի, երբ բոլոր պաշտպանիչ կանաչ գոտիները, բոլոր պուրակները (օրինակ, Օղակաձև այգին) մասնատվեցին ու դարձան տափաստանային՝ այսօր այդ այգիներից գրեթե ոչինչ չի մնացել: Ամենից ուժեղ հարվածի տակ ընկած Դալմայի այգիներն ու Մոնումենտը, որոնք անխնա հատվեցին:

 

 

Վերադարձ այնտեղ, որտեղից սկսել ենք

 

Որոշ մեծահարուստների սեփական ամբիցիաները քաղաքը վերածեցին կիսատափաստանային գոտու, այսինքն՝ նորից վերադարձանք նրան, որտեղից սկսել էինք: Բայց հիմա մեկ այլ խնդիր էլ է գումարվել՝ գլոբալ կլիմայական փոփոխություններ, որոնք առկա են ամբողջ աշխարհում: Բնական է, որ դրանք առկա են նաև Հայաստանում, և առաջին հերթին կլիմայական փոփոխությունները անպայման զգացվում են այն տարածքներում, որտեղ ուրբանիզացիան մեծ թափ է ստանում և որտեղ լանդշաֆտային գոտիներն արդեն ոչ այնքան նպաստավոր են: Իսկ Երևան քաղաքի բնական լանդշաֆտային գոտին կարելի է որակել իբրև ոչ նպաստավոր: Անտառների ու կանաչ պաշտպանիչ գոտիների վերացումը + կլիմայական փոփոխությունները տարիների ընթացքում բերեցին ջերմաստիճանի կտրուկ բարփրացումների, քամիների մեծ քանակության, փոշու, և սա ամենալուրջ խնդիրն է Երևանի համար, որովհետև վերացնելով պաշտպանիչ գոտիները և ունենալով կլիմայական խնդիրներ ամբողջ աշխարհում մենք վտանգել ենք քաղաքը: Եվ այդ գործընթացը մեկնարկել է 90-ականներից: Եվ ասել, թե էկոլոգիական աղետը դեռ չի սկսվել Երևանում մեծագույն սխալ է և եթե մենք միջոցներ ձեռք չառնենք, ապա շուտով կհասնենք դրա ապոգեին:

 

 

Ի՞նչ  անել իրավիճակը փրկելու համար

 

Որպես կենսաբան կարծում եմ, որ առաջին քայլը, որ պետք է արվի, դա պաշտպանիչ կանաչ գոտիների վերականգնումն է և այդ գործընթացում պետք է ներգրավվեն կենսաբաններ, գիտնականներ, քանի որ խոսքը ուղղակի ծառատունկի մասին չէ: Այս գործընթացին պետք է շատ լուրջ մոտենալ և առաջին քայլը, որ պետք է արվի, հենց դա է: Եվ այստեղ և՛ քաղաքային իշխանություններն անելիք ունեն, և՛ կառավարությունը, որովհետև այդ գործընթացում  պետք է ներգրաված  լինեն  բոլոր կառույցները, որոնք կարող են օգնել այս հարցում: Մեր դաշինքը իր նախընտրական ծրագրում նախատեսել  է, որ պետք է ստեղծվի գիտա-տեխնիկական խորհուրդ, որը պետք է զբաղվի այդ խնդիրներով, առաջարկները ներկայացնի գիտական հիմնավորումներով: Բացի կանաչ գոտիներից Երևանը պետք է ունենա նաև ջրային ռեսուրսներ, որպեսզի փորձենք պաշտպանել այն կանաչ գոտիները, որոնք՝ տա Աստված, կհաջողվի վերականգնել:

 

 

Ջրային պաշարներ՝ Երևանի տակ

 

Ի դեպ, ոռոգման խնդիրը Երևանում ևս շատ ակտուալ է, բայց կան մասնագետներ, որ պնդում են, որ մայրաքաղաքի տակ կան ջրային ռեսուրսներ: Եվ նույնիսկ կան շենքեր, որոնք կառուցված են այդ պաշարների վրա, ինչը վտանգում է դրանց հիմքը, քանի որ ջրային փխրուն գրունտի վրա են դրանք: Իհարկե, մենք ոչինչ չենք կարող անել այն շենքերի հետ, որոնք կառուցված են նման տարածքներում, բայց կարող ենք բնապահպանական խնդիր լուծել: Առաջարկը հետևյալն է.  Դուրս բերել Երևան քաղաքի գրունտային ջրերը, ստեղծել օազիսներ՝ արհեստական լճակներ, ոռոգման համակարգ, այդ ջրերը դուրս մղել դեպի դուրս: Դրա հետ միասին մենք կարող ենք լուծել նաև այլընտրանքային էներգետիկ խնդիրներ՝ փոքր ՀԷԿ-եր կառուցելով: Սա անպայման պետք է արվի, առավել ևս, որ դա անհնար չէ, դա մեր առաջարկներից մեկն է:

 

 

Էկոլոգիական բանաձև

 

Մեկ քաղաքացու հաշվարկով քաղաքում պետք է լինի 18 և ավելի քմ կանաչապատ տարածք: Ցավոք, մենք այսօր ունենք իրավիճակ, երբ այդ ցուցանիշը 12քմ-ն չի հատում, թեև կան կարծիքներ, թե անհրաժեշտ 18քմ-ն պահպանվում է: Բայց անզեն աչքով էլ, մասնագետ չլինելով էլ հասկանալի է, որ դա այդպես չէ: Ընդ որում ես կարծում եմ, որ, հաշվի առնելով Երևանի լանդշաֆտային գոտին, այդ ցուցանիշը պետք է լինի ավելի, քան 18քմ-ն, քանի որ այս իրավիճակը շատ լուրջ անդրադառնում է մարդկանց առողջության վրա և պետք չէ սա դիտարկել որպես միայն բնապահպանական խնդիր, ոչ. սա նաև առողջապահական լուրջ խնդիր է:

 

 

Ինչպե՞ս վերադարձնել կանաչը մայրաքաղաքին

 

Երևանը կանաչապատելուն կամ գոնե վերադարձնելուն այն վիճակին, որ կար մինչև 90-ականները, տասնամյակներ են հարկավոր: Դա շատ երկար ու բարդ գործընթաց է, բայց որի մեկնարկը չի կարելի ձգել և ոչ մի րոպե: Բուսաբանները շատ անելիք ունեն, կարծում եմ, նրանք պետք է նոր ծառատեսակներ առաջարկեն, որոնք ավելի արագ են աճում, որոնց խնամքը ավելի հեշտ է ու էժան: Եթե այս հարցին մոտենալ լուրջ, մասնագետների ներգրավմամբ, ապա այս խնդիրը ոչ թե տաս, այլ գոնե 7-8 տարում կարելի է մասամբ լուծել: Բայց կանաչ տարածքների վերականգնման գործընթացը պետք է մեկնարկի անհապաղ:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 485

Վերադառնալ վերև