Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սոֆյա Հովսեփյան.  «Քաղաքականությունը կուզեմ ազնիվ մարդկանց տեղ տեսնել»

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում Շիրակի մարզի թիվ 11 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքից առաջադրված  պատգամավորության վարկանիշային թեկնածու Սոֆյա Հովսեփյանն առավել հայտնի դարձավ «Էլեկտրիկ Երևան» շաժման օրերին, երբ այդ շարժման առաջնորդներից էր: Սոֆյան ասում է՝ մոտ 15 տարի է հասարակական տարբեր նախաձեռնությունների հեղինակ  կամ համահեղինակ է  եղել: Այս տարվա ապրիլ-մայիսին թավշյա հեղափոխությունից հետո Սոֆյա Հովսեփյանը նշանակվեց Շիրակի մարզի փոխմարզպետ:

 

 Կարծում է,  որպես փոխմարզպետ գործել և գործում է բավականին արդյունավետ՝  անտեսելով բոլոր դժվարությունները. «Հարգվեցի  և տղամարդկանց, և կանանց կողմից և ամբողջ մարզի կտրվածքով»: Մասնագիտությամբ հոգեբան է. խոստովանում է՝ մասնագիտությունն օգնել է նրան բոլոր այն ոլորտներում, որտեղ աշխատել է որպես կազմակերպիչ. «Եթե չլիներ իմ մասնագիտությունը, շատ հարցերին երևի այլ տեսանկյունից նայեի»:   

 

 

Սոֆյա Հովսեփյանի խոսքով, կանանց համար դժվարություններ լինում են բոլոր ոլորտներում լինի դա  հանրային, քաղաքացիական ակտիվություն կամ կառավարման համակարգում աշխատանքը: «Երբեմն կնոջ դերը, հատկապես եթե նա  հաջողակ է լինում, խանգարող հանգամանք է դիտարկվում տղամարդու կողմից այն առումով, որ վերջինիս  թվում է, որ  կինը ինքնահաստատվում է իր փոխարեն: Սակայն, կարծում եմ՝ խելացի տղամարդը պետք է ոչ թե նեղվի կնոջ գործունեությունից, այլ՝ ոգեշնչվի ու ոգևորվի և ավելի լավ գործի»,-ասում է Սոֆյան:

 

Որպես կին փոխմարզպետ իր ենթակա տղամարդկանց հետ աշխատանքում, ինչպես Սոֆյան է ասում, դժվարություն չի ունեցել. որպես վերադաս միշտ փորձել է գրագետ  մոտենալ իր հետ աշխատողներին: Սակայն պատմում է, որ միշտ դժվարութուն է ունեցել իրենից վերև կամ հավասար կանգնած մարդկանց հետ. «Աշխատել եմ հաղթահարել կարծրատիպային բնույթի դժվարությունները, որ առկա են մեր հասարակությունում»:

 

 

Սոֆյան ասում է՝ դեռ անցյալ տարվանից էր ուզում դառնալ պատգամավոր, որովհետև  այն օրենսդրական բացերն ու խնդիրները, որոնց ինքը բախվել է,  կարծում է, որ որպես պատգամավոր կկարողանա բարձրաձայնել ու լուծել: «Այն մարդիկ, որոնք չեն աշխատել գործադիրում, որքան ուզում ես ասա՝ սա խնդիր է, ինքը նայում է միայն տեսաբանի աչքերով: Ինքնս էլ  ունենալով որպես փոխմարզպետ բավականին մեծ հնարավորություն, շատ փոքր հնարավորություն ունեի օրենսդրության փոփոխության տեսակետից: Մինչդեռ, կան  օրենսդրական բացեր, որոնց պատճառով մարդիկ ժպիտով չեն ապրում, և այդ բացերը փակելու հետևանքով  կարող է նրանց ժպիտը վերականգնվի»:

 

 

Սոֆյան հիշում է՝ երբ գրեթե 15 տարի որպես փորձագետ աշխատել է տարբեր ծրագրերում, այն ժամանակ պահանջատիրոջ դերում էր. «Այսօր խնդրի հետ ճակատ ճակատի եմ տալիս: Հիմա նաև ինքս ինձանից եմ պահանջում և իրականացման  ճանապարհներն եմ գտնում»:

 

 

Այսօր նրա  աչքի առաջ են բազմաթիվ խնդիրներ՝ սահմանամերձ բնակավայրերում դատարկվող գյուղեր, մեռնող գյուղատնտեսություն, կրթություն, ներդրումային ծրագրերի բացակայություն, ջրի խնդիրներ,միգրացիա,  անտարբերություն գյուղաբնակի նկատմամբ. «Այսօր դպրոցներում նավթով կամ դիզելով վառառարան են օգտագործում, ունենք ծննդատուն, որտեղ երեխան աչքը բացում է ու տեսնում դույլի մեջ կաթացող անձրևաջրեր: Այս խնդիրների լուծման համար համապարփակ մոտեցում է պետք», – ասում է նա:

 

 

Սովորաբար ռեյտինգային ընտրապայքարում կին թեկնածուներն ավելի խոցելի են և ավելի շատ դժվարությունների են հանդիպում: Սոֆյան այս առնչությամբ ասում է՝ ի ուրախություն իրեն և շիրակցիների, որպես կին թեկնածու դժվարությունների չի առնչվել. «Որովհետև շիրակցիները իմ գործունեության այս 5-6 ամիսներին տեսան, որ ես, լինելով կին, միշտ որպես առաջամարտիկ եմ գործում: Այս առումով շատ մեծ վստահություն ունեն իմ նկատմամբ, ինչն ինձ ավելի է  ուժեղացնում  ու ավելի  գործունյա  դարձնում: Այսօր երբ որպես  պատգամավորության թեկնածու ամեն տեղ, ամեն համայնք մտնում եմ, գիտեմ, որ շատերը կարող է ինձ չընտրեն, բայց և տեսնում եմ հարգալից վերաբերմունքն իմ անձի  հանդեպ»:

 

 

Երկրում քաղաքական և պետական կառավարման  ոլորտներում կանանց նվազ ներկայացվածության մասին Սոֆյան յուրօրինակ կարծիք ունի: Ասում է՝ կանանց դերը իրապես փոքր է այդ ոլորտներում.«Բայց ոչ էլ կուզենամ այնքան ավելացվի, որ ստվերի տղամարդկանց դերը, քանի որ մենք խոսում ենք կնոջ և տղամարդու հավասար իրավունքների մասին:  Ես ինքս տեսակով այնպիսին եմ, որ պահում եմ իմ իրավունքը և չեմ ստվերելու որևէ մեկի իրավունքը: Բայց և գտնում եմ, յուրաքանչյուր կին իր իրավունքի նկատմամբ պետք է լինի հետևողական և պայքարող, և այդ դեպքում իր  իրավունքի հետ հաշվի կնստեն»:

 

 

Մեր հարցին ՝ ինչպե՞ս եք վերաբերվում քվոտավորմանը, և  արդյոք  հանաձայն եք  50/50  բանաձևին, Սոֆյա Հովսեփյանն ասում է՝ որ այսօր այդ տարբերակի հետ համաձայն չէ: Բայց նաև հույս հայտնեց, որ մի քանի տարի հետո մենք իրապես հասնենք այդ ցուցանիշին. « 50/50-ը  պետք է դառնա հասարակության մտածողություն ու արժեհամակարգ, և ոչ թե մենք ուղղակի ասենք՝ ուզում ենք 50/50 լինի»:

 

 

ՏԻՄ-երում կանանց դերն ու ներգրավվածությունը բարձրացնելու մասին էլ, Սոֆյան ասում է՝ յուրաքանչյուր կին ինքը պետք է դա անի: Թեկնածուն ասում է, որ հաճելիորեն զարմացել է, երբ Շիրակի մարզում տեսել է կին համայնքապետեր, ավագանու անդամներ. «Հասկացա, որ եթե կնոջ մեջ կա այդ տեսակը,  ուրեմն նա անպայման  նախաձեռնողականություն է ցուցաբերելու: Բացի այդ  եթե կինը հանդես գա ոչ թե իշխելու մտադրությամբ, այլ կառուցելու, ապա նրա դեմ պայքարելը բարդ կլինի, ու նրան գիտակցաբար կընտրեն»:  

 

 

«Քաղաքականությունը կնոջ գործը չէ» պնդումներին ի պատասխան ասում է՝ այնտեղ, որտեղ կինը կամ տղամարդը լավագույնն են գործում, ապա իրենց գործն է:  «Եթե անկեղծ լինեմ, պետք է ասեմ՝ շատ դեպքերում հասկանում եմ, որ քաղաքականությունն անգամ իմ նման ուժեղ մադու էլի՛ գործը չէ, որովհետև այսօրվա քաղաքականությունում, որտեղ չկա բացարձակ մաքրություն, դժվարանում եմ գործել,  ես-ս կորցնում եմ: Միևնույն ժամանակ եթե ուզում ես դարձնել այն ավելի մաքուր, պետք է քո տեսակով պայքարես ու ազնիվ մարդկանց տեղերն ավելացնես»:

 

 

Կարծում եք ,  կինը կարո՞ղ  է իր ներկայությամբ մաքրել քաղաքական դաշտը – այս հարցին  Սոֆյան պատասխանում է. «Քաղաքականությունը կուզեմ տեսնել ազնիվ մարդկանց տեղ: Իհարկե, ունենք կանայք, որոնք շատ լուրջ օրինակ ծառայեցին թե՛ կին, և թե՛ տղամարդ գործիչների համար: Ու իհարկե, շատ լավ կլինի, որ խելամիտ կանայք շատ հայտնվեն, և իրապես իրենց դիվանագիտական, կանացի նրբանկատությամբ մաքրեն քաղաքակնությունը»: Պատգամավորի թեկնածուն հույս ունի, որ վաղվա խորհդարանում այդ կանանց թիվն ավելի մեծ կլինի և հաջորդիվ կտեսնենք այդ զուլալությունը, որը մոտիվացիա կլինի մյուս կանանց համար:

 

 

Սոֆյա Հովսեփյանն ասում է՝ իր ընտրողները լինելու են Շիրակի մարզի կանայք ու  տղամարդիկ, որոնք երկար տարիներ տեսել են իր աշխատանքը,  ովքեր տեսել են իր վերաբերմունքը յուրաքանչյուրի նկատմամբ ու իր սրտացավությունը. «Ինձ կընտրեն և՛  կին տեսակիս, և՛ իմ ՝ Սոֆյա տեսակիս համար: Ես վստահ եմ, որ ինձ կընտրեն այն մարդիկ, որոնք սիրում են գործունյա մարդուն, և ոչ թե անբանին»:

 

Մարիամ Հովհաննիսյան

 

 

Դիտումների քանակը` 267

Վերադառնալ վերև