Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սոֆյա Այվազյան. «Կինն անփոխարինելի է յուրաքանչյուր աշխատանքում»

Սոֆյա Այվազյանը խոշորացող Ախթալա համայնքի ավագանու միակ կին  թեկնածուն է: Նոյեմբերի 5-ին  այստեղ կայացող  ընտրություններին նրա հետ մրցակցում է 21տղամարդ:  Սոֆյա Այվազյանը Ախթալայի կազմում ընդգրկվող Մեծ Այրում համայնքի բնակիչ է,  մի քանի անգամ ընտրվել է ավագանու անդամ: Ամուսնացած է, ունի երկու դուստր: 2007-ից Մեծ Այրումի դպրոցի տնօրենն է:

 

 -Ո՞րն է պատճառը, որ որոշեցիք այս անգամ էլ  առաջադրվել  ՏԻՄ ընտրություններին:

-Առաջին պատճառն այն է, որ մտահոգված եմ մեր գյուղի պայմաններով, մեր դպրոցի կարիքներով: Գտնում եմ, որ կինը պետք է անպայման ակտիվ լինի և կարողանա իր շուրջը կատարվող բոլոր իրադարձություններին և՛ մասնակից լինի, և՛ աջակից: Ես արդեն 4 անգամ ընտրվել եմ ավագանու անդամ և ակնկալում եմ, որ այս անգամ էլ մեր բնակիչները կսատարեն ինձ: Եթե ընտրվեմ, փորձելու եմ զբաղվել ամբողջ խոշորացված համայնքի հոգսերով ու աջակցել ընտրված համայնքապետին, որպեսզի միասին փորձենք բարեկեցիկ պայմաններ ստեղծել ոչ միայն խոշորացված համայնքի կենտրոնում՝ Ախթալայում, այլև կազմում ընդգրկված բոլոր համայնքներում:  Ամեն ինչ չէ, որ ավագանին կարող է անել, բայց ավագանին կարող է ուղղորդել  դեպի  այն հրատապ հարցերը, որոնք ծագում են ցանկացած պահի:

 

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում տղամարդկանց հետ մրցապայքարում:

-Տղամարդիկ ավելի ազատ են իրենց ժամանակի մեջ: Ես ամեն օր գտնվում եմ իմ աշխավայրում: Նաև ի տարբերություն տղամարդկանց, տրանսպորտային միջոց չունեմ, որ կարողանամ ամեն տեղ հասնել ու ամեն տեղ շփվել մարդկանց հետ: Իսկ ընդհանուր առմամբ, ես չեմ գտնում, որ որևէ տղամարդ կարող է ինձնից պակաս կամ առավել լինի:  

 

 – Ինչու՞  ՏԻՄ ընտրություններին մասնակցող կանայք սակավաթիվ են:

-Առաջին հերթին երևի համարձակությունն է պակասում: Կանայք ընտանիքներում ենթակա են իրենց ամուսիններին: Ես չեմ ասում, որ ենթակա չեմ, բայց իմ բնավորությանը համապատասխան սովոր եմ,  որ կյանքում ինքս հարցեր դնեմ իմ առաջ ու ինքնուրույն լուծումներ տամ: Դա փոքրուց է իմ մեջ: Ինձ թվում է,  դա առաջին հերթին մարդկային որակ է: Նաև ընտանիքների աջակցությունն ու ըմբռնումն է բացակայում: Եվ երկրորդ,  ինչ-ինչ հանգամանքներ կանանց թույլ չեն տալիս, որ ակտիվ լինեն:

 

-Որքանո՞վ եք կարևորում  կանանց ներգրավվածությունը ՏԻՄ աշխատանքներում:

 -Մենք մի քիչ այլ, ուրիշ տեսնակյունից ենք դիտում յուրաքանչյուր հարց: Մի քիչ ավելի մեղմ ենք, ավելի բարի: Ճիշտ հարցադրումներով, ճիշտ մոտեցմամբ  կարողանում ենք հարթել յուրաքանչյուր հարց ու մարդիկ շնորհակալ են լինում:Ինձ թվում է, կինն ամեն տեղ բարություն է սփռում ու կինն անփոխարինելի է յուրաքանչյուր աշխատանքում:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր ներքին ցանկություն ունեն, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով չեն մասնակցում քաղաքական գործընթացներին:

-Ես խորհուրդ եմ տալիս, որ նրանք լինեն ավելի համարձակ ու գիտակցեն, որ եթե իրենք չանեն, ապա ո՞վ պետք է  անի: Ասում են՝ պառկած քարի տակ ջուր չի հոսի:  Դու մի բան պետք է անես, որ ինչ-որ բան ստացվի: Եթե զգում են, որ այդ պոտենցիալը, այդ ներուժն իրենք ունեն, թող փորձեն: Թող փորձեն լինել առաջին գծերում ու իրենց հետևից տանեն տասնյակ, հարյուրավոր մարդկանց:

  -Որո՞նք են լինելու առաջնահերթ երեք հարցերը, որոնց  անդրադառնալու եք ընտրվելու դեպքում:

-Առաջինը դա խմելու ջրի խնդիրն է, որը յուրաքանյուրիս համար շատ հրատապ ու կարևոր է: Հաջորդը դպրոցի անմխիթար վիճակն է. մեր երեխաները ոչնչով չեն տարբերվում մյուս երեխաներից, ինչո՞ւ պետք է վատ պայմաններով դպրոցում իրենց ուսումն ստանան: Ու նաև մեր գյուղի գազաֆիկացման հարցի մասին պետք է մտածենք: Եթե այս երեք խնդիրները լուծվեն, մեր ժողովուրդը աշխատասեր է,  կկարողանա  պատշաճ պայմաններ ստեղծել իրենց ընտանիքների համար:  Նաև հույս ունեմ, որ խոշորացված համայնքում ավելի հզոր բյուջե ունենալով մենք կարող ենք այս հարցերը հերթականությամբ լուծել:

 

Գայանե Սարգսյան

Դիտումների քանակը` 131

Վերադառնալ վերև