Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ի՞նչ կարող ենք անել կուսակցությունների ընտրովի մարմիններում կանանց  ներկայացվածությունը բարձրացնելու  ուղղությամբ »

 

ՀՀ Ազգային ժողովում  «Կուսակցությունների մասին» օրենսդրական փաթեթի շուրջ խորհրդարանական լսումներին ընդառաջ  WomenNet.am-ը զրուցել է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ:  Մեր զրուցակցի  խոսքով,  փոփոխություններով  նախատեսվող  կուսակցությունների ֆինանսական աղբյուրների թափանցիկության  ու հաշվետվողականության բարձրացման հետ մեկտեղ, առաջարկվում է նաև նոր կարգավորումներով խթանել կանանց քաղաքական մասնակցությունը:  Ուստի մեր առաջին հարցը հենց այդ կարգավորումներին է վերաբերում…

 

-Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ուսումնասիրել եմ հենց միջազգային փորձը, թե ինչ կարող ենք անել կուսակցությունում և, մասնավորապես, կուսակցության ընտրովի մարմիններում կանանց ներգրավվածությունը մեծացնելու համար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի երկու ընտրովի մարմին՝ Վարչությունն ու Վերահսկող հանձնաժողով և որպես Վերահսկող հանձնաժողովի նախագահ ինքս էլ տեսնում եմ կանանց  քիչ ներգրավվածության խնդիրը:

 

Միջազգային փորձը բազմաթիվ տարբերակն է առաջարկում: Օրինակ, մի շարք եվրոպական երկրներում, որտեղ քվոտա չկա, կուսակցությունների համամասնական ցուցակն ընտրությունների ժամանակ համակարգվում է հանրային ֆինանսավորման միջոցով: Եթե Ֆրանսիայում կամ անգամ մեր հարևան Վրաստանում, կանանց ներգրավվածությունը նախանշված  տոկոսից ցածր է, ապա այդ կուսակցությունները հանրային ֆինանսավորումից որոշ չափով զրկվում են: Կարծում եմ, որ սա միջոցներից մեկն է, որ կարող է իսկապես արդյունավետ լինել:

 

 

Այսինքն, ֆինանասական լծակները նախընտրելի միջոց  եք համարում…

 

-Կարծում եմ՝ այո: Օրինակ, Ֆինլանդիայի«Կուսակցությունների մասին» օրենքն ասում է, որ հանրային  ֆինանսավորման 12 տոկոսը պարտադիր պետք է ուղղված լինի կուսակցության ներսում կանանց զարգացմանը: Ըստ իս, սա շատ լավ կարգավորման միջոց է:

 

Մենք կարող ենք նաև որոշակի կարգավորումներ ստեղծել, որոնք կստիպեն կուսակցության ներսում, ընտրովի մարմիններում քվոտաներ օգտագործել, և օգտակար կլինի  այս ուղղությամբ  միջազգային փորձն ավելի մանրամասն  ուսումնասիրել:

 

Ներկայումս մենք ուսումնասիրում ենք տարբեր խթանման ձևաչափեր, և ես շատ ուրախ եմ, որ այս օրենքում փոփոխությունների շուրջ քննարկումներին մասնակցում են նաև տղամարդիկ, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, որովհետև շատ հաճախ կանանց մասին հավաքվում և խոսում են հենց կանայք: Այս առումով  հերթական անգամ պետք է ֆիքսենք, որ կանանց խնդիրները միայն կանանց խնդիրները չեն, դրանք բոլորին են վերաբերում և ինչքան ներառական լինի այս քննարկումը, որքան շատ կուսակցություններ ներգարվված լինեն թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական այնքան շահելու ենք բոլորս:

 

 

Կուսակցությունների ներսում նշված կարգավորումներն ինչպե՞ս են ազդելու Ընտրական օրենսգրքով ամրագրված  քվոտայի վրա:

 

– Այո, Ընտրական օրենսգիրքը կարգավորում է թեկնածուների սեռերի հարաբերակցությունը կուսակցությունների ընտրական ցուցակներում: Ինչպես հայտնի է,  առկա հարաբերակցությունը 25/75-ից  ոչ պակաս է, իսկ մյուս ընտրությունների համար ամրագրված է  30/70: Այս պահին քննարկումներ են ընթանում այդ տոկոսային թվի փոփոխության շուրջ, և  ես, օրինակ,  կարծում եմ, որ հարաբերակցությունը  պետք է լինի 35/65: Անընդունելի եմ համարում այն փաստարկը, որ շատ հաճախ շահարկվում է, թե իբր կուսակցություններում չկան բավարար թվով կանայք: Դա թյուր կարծիք է, և թավշյա հեղափոխությունն էլ ի ցույց դրեց, որ ակտիվ կանայք կան և եթե խրախուսվի կանանց մասնակցությունը, ապա նրանք տեղ կգտնեն ոչ միայն ընտրական ցուցակներում, այլև կհայտնվեն Ազգային ժողովում:

 

Նշեմ մեկ հարց ևս, որ ինձ համար խնդրահարույց է: Երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը գնաց գործադիր՝ իրեն եկավ փոխարինելու տղամարդ: Մի քանի տարի է այս խնդիրը բարձրաձայնվում է, որ կնոջը պետք է կին փոխարինի, և Ընտրական օրենսգիրքն այս հարցը կարգավորում է, սակայն որոշակի վերապահումներով ( ԸՕ, հոդված 100.3):  Կարծում եմ, որ այդ մոտեցումը պետք է պահպանվի առանց վերապահումների, այսինքն կնոջը կին պետք է փոխարինի,  անկախ նրանից ինչպիսին է կանանց ներկայացվածությունը տվյալ խմբակցությունում:

 

 

-Վերջին շրջանում առաջարկներ են հնչեցվում  քվոտավորման պահանջ դնել նաև գործադիրի համար, քանի որ նույնիսկ  թավշյա հեղափոխությունից հետո գործադիրում կին նախարարների թիվը շարունակում է շատ ցածր մնալ:

 

-«Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների շրջանակում դժվար թե ակյս հարցին անդրադառնանք, բայց ,կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է այլ կերպ լուծվի:  Օրինակ Շվեդիայում ընդհանրապես քվոտա չկա, բայց խորհրդարանում կանանց ներկայացվածությունը 46 տոկոս է: Երբ  իրենց փոխխոսնակի հետ պատիվ ունեցա հանդիպելու,  հարցրեցի, թե ինչպե՞ս են իրենք հասել նման բարձր ցուցանիշի, և նա ասաց, որ եթե կուսակցությունների  ցուցակներում կանանց ներգրավվածությունը 20 տոկոսից բարձր չէր,  ապա դա , այսպես ասած,  հանրային պախարակման առարկա էր դառնում: Ինձ թվում է,  որ գործադիրում կանանց ներկայացվածության հարցը  մեզանում էլ պետք է դառնա հանրային պահանջ ու   հանրային ամոթի խնդիր, եթե կանայք քիչ են կամ չկան: Գոնե այս պահին այս հարցի լուծումն ես այդպես եմ պատկերացնում:

 

Բացի այդ, ես շատ ողջունելի եմ համարում նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի նախաձեռնությունը, որը միտված է ավելացնել կին դեսպանների թիվը մեր դիվանագիտական կորպուսում:  Նախօրեին նաև ուսումնասիրում էի նաև միջազգային և տեղական փորձագետների առաջարկները, ըստ որոնց նպատահարմար է քաղաքային համայնքներում  ՏԻՄ ընտրություններն անցկացնել, ինչպես Երևանում, Գյումրիում և Վանաձորում , այսինքն համամասնական ընտրակարգով և  քվոտավորման սկզբունքի կիրառմամբ…

 

 

-Տեխնիկական հարց՝ ի՞նչ ժամկետներում է ԱԺ-ն նախատեսում ընդունել «Կուսակցությունների մասին» օրենքում  փոփոխությունները:

 

-Հոկտեմբերի 18-ին Ազգային ժողովում տեղի կունենան հանրային քննարկումներ, դրանից հետո ակտիվ աշխատանքները կշարունակվեն: Ես հույս ունեմ, որ օրենքովամրագրված փոփոխությունները մինչև տարեվերջ արդեն իսկ կունենանք:

 

 

Լիա Խոջոյան

 

 

Դիտումների քանակը` 477

Վերադառնալ վերև