Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սորիկի ապագան՝ երկու Գյուլիզարների խիզախությունը

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Սորիկ համայնքում հունիսի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախատեսված: Առաջադրված հինգ թեկնածուներից 2-ը կանայք են՝ Գյուլիզար Թամոյան և Գյուլիզար Ասոյան:

 

Ազգային սովորույթներին ու կենսակերպի համաձայն՝ եզդի կանայք քչախոս են, շփման մեջ զուսպ ու խոհեմ, ամուսինների ու ընտանիքների նկատմամբ ակնհայտ սիրով ու մեծարանքով:

 

Այս երկու կանայք, երկու եզդի կանայք, կոտրել են բոլոր կարծրատիպերը՝ ցանկանալով և որոշելով մասնակցել իրենց համայնքում տեղի ունեցող ընտրություններին՝ լիովին գիտակցելով համայնքի խնդիրներն ու պատկերացնելով դրանց լուծման ճանապարհները:

 

Չունենալով բազային կրթություն, իրենց կյանքն ապրելով տարատեսակ շփումներից գրեթե մեկուսացած՝ հստակ պատկերացնում են գյուղի առաջնային ու կենսական խնդիրները. գիշերային լուսավորություն, ճանապարհի բարեկարգում, խմելու ջրի առկայություն, գազամատակարարում, տրանսպորտ, նախակրթարանի և բուժկետի ստեղծում:

 

«Ես ծնվել եմ Գետաշեն գյուղում, Սորիկ եկել եմ հարս, ունեմ 3 զավակ, զբաղվում եմ տնային գործերով: Կրթություն չեմ ստացել ամբողջությամբ, բայց ամուսինս և սկեսրայրս կրթված մարդիկ են: Ընտրություններին մասնակցելու որոշումն ընդունել եմ՝ ամուսնուս հետ խորհրդակցելով: Իմ ընտանիքը պատրաստ է օգնելու և աջակցելու հետագա գործերում: Ես շատ եմ սիրում մեր գյուղը և ուզում եմ, որ այն զարգանա»,- պատմում է Գյուլիզար Ասոյանը:

Նույն խնդիրների և ցանկությունների մասին է խոսում նաև մյուս թեկնածուն՝  Գյուլիզար Թամոյանը. «Ես նույնպես այս գյուղ հարս եմ եկել, ծնվել եմ Խոդալուր գյուղում, ունեմ երեքամյա կրթություն: Մեր ընտանիքներում գլխավորը ամուսնու խոսքն է, սակայն նրանք հաշվի են առնում նաև մեր կարծիքը: Այս ընտրություններին մասնակցելու որոշումն ընդունել եմ՝ ամուսնուս հետ խորհրդակցելով: Որպեսզի մեր գյուղի բնակիչները չհեռանան ու մշտական բնակություն հաստատեն այստեղ, անհապաղ պետք է լուծենք մեր խնդիրները: Ես ուզում եմ իմ գյուղը տեսնել շենացած ու բարեկարգված»:

 

 

Երկու կին թեկնածուների պատկերացումներն այն մասին, թե ինչպես են աշխատելու, ինչ ծրագրեր են կազմելու և իրագործելու՝ համայնքը զարգացնելու համար, սահմանափակվում էին կենսական պահանջների բավարարմամբ: Գողտրիկ ժպիտների ներքո հավելում էին, որ ամուսինները կօգնեն իրենց:

 

Գյուղապետի որակմամբ՝ գյուղի համար մեծ առաջընթաց է ունենալ երկու կին թեկնածու, ովքեր վայելում են ոչ միայն իրենց ընտանիքների, այլև ամբողջ համայնքի աջակցությունն ու պատրաստակամությունը:

 

Սորիկ համայնքը ժամանակին 150, այս պահին 16  ընտանիք ունի, այն սահմանամերձ է, զբաղվում են, հիմնականում, անասնապահությամբ:

 

 

Գայանե  Մանուկյան

Դիտումների քանակը` 280

Վերադառնալ վերև