Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Շատ բարդ է միայնակ մայրերի վիճակը, նրանց վրա առավել ծանր են անդրադառնում համավարակի սահմանափակումները»․ Սրբուհի Գրիգորյան

Համավարակի հետ կապված կառավարության իրականացրած ծրագրերի, քաղաքացիներից  ստացվող ահազանգերի և պատգամավորի փոխված առօրյայի մասին WomenNet.am-ը  զրուցում է  Սյունիքից «Լուսավոր Հայաստան» խմբակցության  համապետական ցուցակով պատգամավոր ընտրված Սրբուհի Գրիգորյանի հետ:

 

 

-Ինչպե՞ս է  փոխվել ձեր առօրյան  վարակի տարածման հետևանքով:

 

 

-Փոխվել է ամենից առաջ նրանով, որ ԱԺ-ն շատ լարված ռեժիմով է աշխատում։ Արտահերթ նիստերի թիվն է մեծացել՝ գրեթե ամեն շաբաթ, բայց դա նորմալ է, երբ երկրում արտակարգ դրություն է, և հրատապ որոշումներ կայացնելու և ընդունելու անհրաժեշտություն կա։ Քաղաքացիների հետ անմիջական շփումների առումով էլ կա տարբերություն։ Բնականաբար շփումն ավելի մեծ է օնյալն հարթակներում։ Անցած տարի հունվար-ապրիլին հասցրել եմ լինել 13 համայնքներում, այս տարի նույն ժամանակահատվածում ընդամենը  3 համայնքում եմ հանդիպման մասնակցել։  Ճիշտ է՝ ռիսկային խմբում չեմ, բայց միշտ պետք է մտածել մյուսների մասին: ԱԺ-ում  որքան հնարավոր է հետևում եմ անվտանգության կանոններին,իսկ Աժ-ից դուրս էլ կանոնները նույնն են.  շաբաթը մեկ անգամ եմ գնումներ անում: Առաջին հերթին պետք է ամեն ինչ անել չվարակվելու համար,  որպեսզի վարակի տարածմանը չնպաստենք։ Սա բոլորիս խնդիրն է։

 

 

-Պարետատունը աստիճանաբար թուլացնում է սահմանափակումները: Ի՞նչ ռիսկեր եք տեսնում դրանում: 

 

 

– Ժամանակին պարետին առաջարկել եմ վերանայել երթուղային տաքսիների և մեկ տաքսիով՝ մեկ մարդ երթևեկության անհրաժեշտությունը։ Տեղեկատվություն կար, որ գազելները երթևեկում էին լեփ-լեցուն, ինչը վարակի տարածման առումով անթույլատրելի էր, և այդ փոփոխությունը եղավ։ Առաջարկել եմ նաև հասարակական տրանսպորտի գործարկումն ապահովել։ Մարդիկ  չեն կարող անընդմեջ տաքսիով տեղաշարժվել։ Դա հանգեցնում է սոցիալական նոր խնդիրների։ Կարծում եմ, այո, թուլացումներ անհրաժեշտ են։ Ամիսներ շարունակ  մարդկանց ասել՝ մնացեք տանը ճիշտ չէ: Տնտեսության վիճակը գնալով ավելի է վատանում։ Սոցիալական ծրագրերն էլ ճշգրիտ բազաներ չունենալու պատճառով բոլոր կարիքավորներին չեն, որ հասնում են։ Թուլացումների պետք է գնալ, որ քաղաքացիները հնարավորություն ունենան  աշխատելու և իրենց հացի, բնակարանի և կոմունալ վարձավճարների խնդիրները հոգան։ Կառավարությունը մի կողմից ասում է՝ մնա տանը, մյուս կողմից թե՝ բա մենք Ամերիկան չենք, որ կարողանանք մարդկանց նվազագույն ծախսերի համար փող տալ։ Ու ստացվեց, որ շատ քաղաքացիների լույսն անջատեցին։ Այս ամենի պատասխանատուն կառավարությունն է, նաև ընդդիմությունը, եթե չխոսի այս ամենի մասին։ Միջմարզային տրանսպորտի երթևեկելու թույլտվության մասով էլ էի առաջարկել։ Բացվել է, և լավ է, որ բացվել է։ Գիտենք, որ երկրի համաչափ զարգացման մասով ինչքան հետ ենք։ Հազարավոր քաղաքացիների առողջություն կախված է երևանյան բուժկենտրոններից:  Քիմիաթերապիա ընդունող քաղաքացին մեկ տաքսի վարձել և Երևան հասնել ու վերադառնալ պարզապես չի կարողանում, հեմոդիալիզ ընդունողների մասին էլ չասեմ, որ օր ու մեջ պիտի բուժկենտրոն  գնան։

 

 

Համավարակը կարող է երկար տևել, պետք է անվտանգության կանոնները պահելով առաջ գնալ։ Այս վիճակը նշանակում է ամեն ժամ հետ գնալ՝ տնտեսական, սոցիալական առումներով։ Իսկ մեր երկիրն իրեն դա երկար ժամանակ թույլ տալ չի կարող։

 

 

 -Ըստ ձեզ, COVID-19 –ը ի՞նչ տնտեսական հետևանքեր կառաջացնի  կանանց համար:

 

 

– Շատ բարդ է միայնակ մայրերի վիճակը։ Նրանց վրա առավել ծանր են անդրադառնում համավարակի սահմանափակումները: Ճիշտ է, նրանք սովորել են ընտանիքի ողջ հոգսը միայնակ հոգալ, բայց շատերը պատրաստ չէին ու չէին էլ կարող պատրաստ լինել այս իրավիճակին։ Նրանց մեծ մասն ինքնազբաղված է, և դուրս է մնացել նաև սոցիալական ծրագրերից։ Կին կա, գրել է,  որ նպաստառու է, այս ծրագրերից ստացել է ևս 100.000 դրամ և հիմա ողջ գումարը՝ նպաստն էլ հետը տվել են տան վարձը և կոմունալ վարձավճարը փակելուն։ Ասում եմ, բա մինչ այդ ո՞նց եք յոլա գնացել, ասում է՝ դպրոցի երեխաների համար կարկանդակ եմ թխել-վաճառել։ Նման մի քանի ընտանիքների սննդի ծանրոցներով օգնել ենք, բայց դա ժամանակավոր, այն էլ՝ կարճաժամկետ լուծում է։ Այդ խնդիրն էլ եմ բարձրացրել։ Տեսնենք՝ ինչ է անելու կառավարությունը։

 

 

Իհարկե  Կառավարությունը հանրապետությունում  համավարակի հետևանքով  ստեղծված սոցիալական իրավիճակը մեղմելու համար տարաբնույթ ծրագրեր է իրականացնում, սակայն  այնպիսի տպավորություն ունեմ, որ այդ ծրագրերի սարդոստայնում  խճճվել են ոչ միայն քաղաքացիները, այլ նաև կառավարությունը։ Ես հիմա ամեն օր համոզվում եմ, որ պետք է ապահով խավի ներկայացուցիչներին, պետական ոչ պետական աշխատողներին հանեին ցուցակներից, իսկ մյուսներին դրամական աջակցություն տրամադրեին։ Այդ դեպքում այդքան հուզական նամակները երեխաների քաղցած մնալու և լուսանջատումների չէինք ունենա։

 

 

-Ի՞նչ  քայլեր եք ձեռնարկում, ձեր ընտրողների շահերը պաշտպանելու և հարցերին լուծում տալու համար։

 

 

-Ընթացիկ օրենսդրական նախագծերս երկրորդ պլան եմ մղել։ Երևի փորձագետներին նեղացնում եմ այդ առումով, սակայն, այո, հիմա համավարակի խնդիրներն են կարևոր։ Գրավոր դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի աջակցեն նաև հեմոդիալիզ ընդունող քաղաքացիներին։ Ի դեպ, այդ հարցը նաև բազմիցս բանավոր եմ բարձրացրել ԱԺ-ում, բայց մինչ այժմ նախարարություններն իրար վրա են գցում։ Ես էլ դիմեցի վարչապետին, որ գոնե համավարակի ժամանակ դա հաշվի առնեն։ Պարետ Ավինյանն իմ հարցին ի պատասխան ակնարկեց, որ սոցծրագրերում կընդգրկեն նաև հեմոդիալիզ ընդունողներին։ Բայց մինչ այժմ չկա նաև քիմիաթերապիա ընդունող մեր քաղաքացիների հարցի պատասխանը, որը նույնպես հնչեցրել եմ։

 

 

-Ինչպիսի՞ն է, ըստ ձեզ, կանանց դերակատարումը կորոնավիրուսի դեմ պայքարում:

 

 

-Ակնհայտ է, որ հենց կանանց ուսերին է ընտանիքի անդամների հիգիենայի ապահովման կրկնապատկված խնդիրները։ Հաճախ օդափոխել, տուն մտնելուց առաջ բոլորին ոտքից գլուխ ախտահանել, խանութից բերված սննդի տոպրակները, տարրաները ախտահանել և այլն։ Բացի այդ առողջապահության համակարգի աշխատողների գերակշիռ  մասը կանայք են, շատ հիմնարկներում այդ թվում նաև ԱԺ-ում, մաքրությունն ու ախտահանումը կանանց ձեռքերով է իրականացվում: Հեռավար ուսուցումը կազմակերպող  ուսուցիչների մեծ մասը նույնպես կանայք են: Այնպես որ,   կանայք շատ մեծ դերակատարում ունեն այս օրերին համավարակի տարածումը կանխարգելելու առումով։ Բոլորը հատուկ շնորհակալության են արժանի։ Այս դժվարությունների մասին վաղը անցյալ ժամանակով ենք խոսելու, սակայն կարևոր է , որ հիմա նվազագույն սխալներով հաղթահարենք դժվարությունները, ինչի համար ամեն օր աշխատում է մեր խմբակցությունը, այդ թվում նրա չորս կին անդամները։ Առողջություն եմ մաղթում մեր բոլոր քաղաքացիներին՝ կին թե տղամարդ…

 

 

Նելլի Միրզախանյան

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 1023

Վերադառնալ վերև