Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Տաթևիկ Մինասյան. «Պարտավոր ենք  նպաստել  մեր  համայնքի  զարգացմանը» / տեսանյութ

Փետրվարի 17-ի  ընտրություններում Իջևան  համայնքում առաջադրված ավագանու թեկնածուները 32-ն են:  Նրանց  շարքում միակ  կին թեկնածուն  Տաթևիկ Մինասյանն է:   Ասում  է,  առայժմ հաղթելու հարցում հույսեր  չեմ փայփայում,  բայց  չեմ էլ հուսահատվում, ես եմ  ընտրել այս  ուղին, ուստի պարտավոր եմ  արդարացնել ինձ  սատարողների ու  հավատացողների  սպասելիքները… 

 

 

Տաթևիկ Մինասյանը ծնվել է 1990 թ. հոկտեմբերի 21-ին, Տավուշի մարզի ք. Իջևանում
2007
թ. –ին Իջևանի Գ. Էդիլյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցն ավարտելուց  հետո  սովորում է Եվրոպական  տարածաշրջանային քոլեջի Իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտում է 2016 թ-ին:Մասնագիտությամբ  իրավագետ է: Տաթևիկ Մինասյանը  «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության սաներից է։ Ունի կամավորության ավելի քան 10  տարվա փորձ: Մասնակցել է բազմաթիվ  սեմինարների, համագործակցել տարբեր ՀԿ-ների  հետ: Աշխատել է նույն կազմակերպության մեդիաթիմում, ներկայումս ՀԿ-ում  սոցիալական աշխատող է։ Անկուսակցական է: Ավագանու անդամ առաջադրվել է առաջին անգամ:

 

 

-Նախապես ասեմ, որ ավագանու թեկնածու առաջադրվելու հարցում ինձ ոչ ոք  խորհուրդ  չի  տվել, ես  ինքս  որոշեցի  մասնակցել ընտրություններին: Թավշյա հեղափոխությունից հետո իմ մեջ համարձակություն առաջացավ, որոշեցի՝ իսկ ինչու ոչ , որոշեցի ես էլ քայլ անել… Ծնողներս սկզբից  լուրջ չընդունեցին, քանի որ  նախկինում էլ պատահել է, որ  ինչ-որ  բան եմ  ձեռնարկել, սակայն չեմ  իրականացրել, ուստի  նրանք այս  անգամ էլ  լուրջ չընդունեցին  որոշումս: Դե, Տաթևիկն է,  հերթական անգամ  երազում է, որոշում ու  թողնում անավարտ, կարծում եմ, այսպես  մտածեցին: Սակայն տեսան, որ քայլ արեցի: Ասեմ, որ իմ  ներսում  երկու Տաթևիկներ էին  պայքարում,  պայքար էր  գնում երկուսի  միջև,  մեկն ասում էր  չես  կարող,  մյուսը պնդում էր հակառակը: Երկրորդ Տաթևիկը  հաղթեց և առաջադրվեց: Ծնողներս դեմ էին, ասում էին, թե  երիատասարդ եմ, անփորձ, որ դա աղջկա  գործ չի, չեմ  կարող: Հետո տեսան,  որ  վճռական եմ  տրամադրված, որ  թեկնածությունս  հենց այնպես  չեմ դրել, այլ հստակ որոշել եմ , այդ ժամանակ  համոզվեցին  ու  քաջալերեցին թե  ծնողներս,  թե  քույրերես ու  նրանց  ամուսինները և թե  բարեկամներս: Դա ինձ ուժ տվեց,  շատերը  ոգևորեցին ու ասացին որ ճիշտ եմ  որոշել,- WomenNet.am-ի  հետ զրույցում  պատմում է Տաթևիկը:

 

 

Տաթևիկն իրեն  ծանոթ նախկին ավագանիներից  տեղեկացել է ավագանու աշխատանքի  մանրամասներին ու  վստահ է, որ անգործ չի  նստելու, կմասնակցի  ավագանու  նիստերին և  հետամուտ կլինի  իր առաջադրած  ծրագրերի  իրագործմանը: Իսկ  ծրագրերը  բազմաշերտ են: Լինելով սոցիալական աշխատող և  շփվելով անապահով  ընտանիքների  հետ Տաթևիկը ծրագրել է  բարձրաձայնել խոցելի  շերտի,  հաշմանդամություն ունեցող մարդկանց  խնդիրները: Այդքանով  հանդերձ Տաթևիկը  ցանկանում է ապացուցել, որ հաշմանդամ  լինել չի  նշանակում համակերպվել  ճակատագրին, կամքի ու համառության  շնորհիվ  հաշմանդամություն ունեցող  մարդը  նույնպես  ունակ է «սարեր շրջել», զբաղվել անգամ  քաղաքականությամբ:

 

 

-Ես  սթափության կոչ եմ անում  մարդկանց, ուզում եմ  իմ  օրինակով  ապացուցել, որ հաշմանդամություն ունեցող  մարդը  կարող է  պիտանի  լինել հասարակությանը,  նպաստել  իր  ծննդավայրի զարգացմանը, չպետք է  նստել ու սպասել, թե պետությունն  ինչ է անելու  մեզ  համար, մեզանից  յուրաքանչյուրն  ինքը  պետք է  տեղից շարժվի,  մենք էլ  պետք է որոշակի  չափով աջակցենք պետությանը: Մենք միշտ կրկնում ենք, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձ հասարակության լիիրավ անդամ է, ունի իրավունքներ։ Այո՛, նաև պարտավոր է նպաստել իր համայնքի զարգացմանը,- ասում է Տաթևիկը:

 

 

Քաղաքի աղբահանության, փողոցների լուսավորության, բազմաբնակարան  շենքերի  տանիքների և սոցիալական  չլուծված  բազմաթիվ խնդիրները Տաթևիկի ծրագրային  գլխավոր դրույթներից են , որոնց  լուծման  համար պետք է  մասնակից  լինի  նաև  քաղաքի  յուրաքանչյուր  բնակիչ: Ուստի զարմանալի  չէ, որ Տաթևիկ Մինասյանի նախընտրական բուկլետը սկսվում է «Ձեր ձայնը կարևոր է» կարգախոսով:

 

 

Պակաս  կարևոր  չէ  նաև  զբաղվածության  հարցը: Աշխատատեղերի  բացակայության  պատճառով համայնքի տղամարդիկ մեկնում են արտագնա  աշխատանքի,  կանանց  ուսերին  թողնելով  ընտանիքի  գոյատևման  ծանր  հոգսը: Շրջանում  դեռևս  պահպանված ավանդական  մտածելակերպը, թե կնոջ տեղը  ընտանիքն ու խոհանոցն է,  թերևս քիչ  կանանց է  հաջողվում  կոտրել այդ  կարծրատիպը: Սակայն այն, որ այսօր ՏԻՄ  ընտրություններում  ավագանու թեկնածու առաջադրվողների  շարքում  դարձյալ  մեծամասնություն են  կազմում  տղամարդիկ, փաստում է, որ  ավանդական  մտածելակերպը դեռևս գերիշխող է:

 

Անուշ Ներսիսյան

 

 

 

Տեսանյութը՝ Նարինե Մաթևոսյանի

 

 

Դիտումների քանակը` 1052

Վերադառնալ վերև