Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Մենք ունենք  բազմաթիվ կանայք, ում,  այո՛, պետք է հիշեցնել, որ իրենք իրավատեր են»

 

 

 

Ազգային ժողովում երկրորդ օրն է քննարկվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը: Ուշագրավն այն է, որ Արման Թաթոյանի ԱԺ-ում ելույթի ժամանակ հնչեցրած այն միտքը, թե կանայք ինքնուրույն և իրավատեր են՝ տարատեսակ մեկնաբանությունների ալիք բարձրացրեց պատգամավորների շրջանում:

 

 

Թեման բացեց  «Իմ քայլը» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանն, ով   Արման Թաթոյանին մեղադրեց  ներկայացված զեկույցում կանանց իրավունքներին ընդամենը երկու տողով, այն էլ, իր կարծիքով, անընդունելի երկու տողով անդրադառնալու համար. «ՄԻՊ զեկույցում նշված միտքը, թե կինն ինքնուրույն, իրավատեր և արժանապատիվ մարդ է, մեղմ ասած, ոչ տեղին է: Եթե Դուք այս ձևակերպմամբ կարդայիք զեկույց 20-րդ դարի 1920-30-ական թթ․ որևէ խորհրդարանում, սա կլիներ ընկալելի, բայց 21-րդ դարում, հեղափոխությունից հետո, ՄԻ պաշտպանի զեկույցում կանանց մասին խոսել ընդամենը 2 տողով անթույլատրելի է: Կարծում եմ, ՄԻՊ-ը կարող էր իր միտքը այլ թեմաների շուրջ կրճատել, բայց կանանց իրավունքների մասին պետք էր ավելի համապարփակ խոսել»,-  հայտարարեց պատգամավոր Հակոբյանը, ով  մինչ այդ երբևիցե աչքի չէր ընկել որպես կանանց իրավուքների ջատագով: Իր հետագա ելույթից նաև պարզ դարձավ, որ նա այդ բնագավառում մեծ  ձեռքբերումներ է տեսնում և բացի  «անհասկանելի քվոտաներ կիրառելուց»  և իշխանության ներկայացուցիչ կանանց սոցցանցերում  թիրախավորելուց,  այլ խնդիրներ չի տեսնում:

 

 

Արման Թաթոյանն պատգամավորի այս ելույթին բավականին կոշտ արձագանքնեց՝ անընդունելի համարելով  նրա ամբարտավան տոնն ու  խոսքում հնչեցված սպառնալիքները,  և, ի թիվս այլ հարցերի, ափսոսանք հայտնեց, որ պատգամավորի աչքից վրիպել է, որ կանանց իրավունքներին զեկույցում նվիրված է մի ամբողջ բաժին ( մի քանի տասնյակ էջ – խմբ. ) և նաև առանձին անդրադարձ կա  Զինված ուժերում կանանց խնդիրներին: Նշենք, որ բացի այդ, կանանց իրավունքներին անդրադարձ է կատարվում նաև փաստաթղթի այլ գլուխներում, այդ թվում առողջապահության բածնում, աշխատանքային իրավունքների գլխում և այլն:  Զեկույցին կարելի է  ծանոթանալ այստեղ

 

 

Ինչ վերաբերում է կանանց իրավունքներին   համապարփակ անդրադարձին , ապա առաջարկում ենք ևս մեկ անգամ դիտել  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պատրաստված  տեսահոլովակը.

 

 

 

 

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով  խնդրին, նշեց, որ իր համար անհասկանալի  են Օմբուդսմենին ուղղված մեղադրանքները առ այն, որ 21-րդ դարում և հատկապես հեղափոխությունից հետո  կարիք չկա  կանանց հիշեցնել, որ իրենք իրավատեր են.

 

 

«Կարծում եմ, հարցը՝ կա՞ն այնպիսի կանայք Հայաստանում, ովքեր դեռ չգիտեն, որ իրենք իրավատեր են, ունի մեկ պատասխան՝ իհարկե կան: Ցավոք,  այդպիսի կանայք կան և եթե չլինեին, մենք չէին ընդունի «Ընտանիքում բռնության կարխարգելման մասին օրենքը», որովհետև բազմաթիվ կանայք, այո՛, չգիտեն իրենց իրավունքները», – իր ելույթում նշեց Նաիրա Զոհրաբյանը:

 

 

Նրա խոսքով, իրեն դիմել էր մի կին, ում  վրա ամուսինը «ամենօրյա ռեժիմով ծխախոտ էր հանգցնում», բայց այդ կինը չգիտեր իր իրավունքների մասին, վախենում էր  դիմել ոստիկանություն՝ ասելով, թե «մեր մենթալիտետն այնպիսին է, որ հարևաններն ինձ կպատժեն»: Պատգամավորը շեշտեց՝ այս ու նմանատիպ շատ կանանց պետք է բացատրել, որ, այո՛, իրենք իրավատեր են, պահանջատեր են, որ իրենք նույնքան քաղաքացի են ու իրավունք ունեն, դեռ մի բան էլ ավելի, քան այդ սադիստները, և դրանց նմանները պետք է լինեն այնտեղ, որտեղ իրենց իրական տեղն է:

 


 

Զոհրաբյանը ևս մեկ օրինակ բերեց. «Երբ ընդամենը երեք շաբաթ առաջ ինձ դիմել էր մի կին, որի ամուսինը նրան դաժանաբար ծեծում էր, մենք կարողացանք թաքուն, գրեթե օպերացիա կազմակերպելով կնոջը բառացի առևանգել տանից ու տանել: Եվ գիտե՞ք, թե ինձ ով զանգեց և փորձեց ահաբեկել, ոչ թե այդ կնոջ ամուսինը, այլ այդ կնոջ մայրը՝ ասելով՝ բայց դա ձեր ի՞նչ գործն է, ձեր քիթը ինչո՞ւ եք խոթում իմ աղջկա ընտանիք: Իրենց գործն է, ինչ կուզենա կանի…Այնպես որ մենք չգիտենք, թե լատենտ բռնությունը ընտանիքներում կանանց և երեխաների հանդեպ այսօր ինչ չափերի է հասնում: Մենք չգիտենք, թե նույն եզդիական համայնքում ինչ է կատարվում և չի կարելի այս ամենի մասին չարձանագրել զեկույցում: Այո, մենք նաև խնդիր ունենք մտածելակերպը փոխելու, կանայք պետք է փոխեն իրենց մտածելակերպը»:

 

 

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունումից հետո, շարունակեց պատգամավորը, նա փորձել է ՀՀ ոստիկանությունից ստանալ տեղեկատվությունից, թե քանիսո՞վ է աճել այն կանանց թիվը, ովքեր ունեցել են իրապես խիզախություն դիմելու իրավապահ համակարգին: Ըստ պատասխանի՝ աճն աննշան է, մինչդեռ օրենսդիրներն, ասաց նա, ավելին էին ակնկալում, որովհետև բռնությունը ՝ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական,  և՛ տնտեսական, ցավոք, առկա է մեր բազմաթիվ ընտանիքներում: Եվ սա այն խնդիրն է, որի մասին անընդհատ պետք է խոսել բաց, որովհետև եթե չլինի այդ բաց երկխոսությունը, ապա կշարունակենք պարտակել այդ խնդիրները և կշարունակենք ունենալ կեղծ վիճակագրություն:

 

 

Նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ օգնականը նրան բերեց մի ծրար, որից պատգամավորը հանեց ծեծված կանանց լուսանկարներ և ցույց տվեց գործընկերներին.

 

 

«Եթե չխոսենք, ապա մենք կշարունակենք ունենալ այսպիսի կանայք, որոնցից շատերն իրենց իրավունքները ուղղակի չգիտեն, որոնք վախենում են դիմել իրավապահներին: Մենք շատ անելիք ունենք և ես կողմ եմ նաև, որպեսզի մենք որոշակի բարելավենք, փոփոխենք «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը»,- հավելեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

 

 

WomenNet.am-ը հիշեցնում է, որ վիճակագրական տվյալները վկայում են, որ ընտանիքում բռնությունն անհամամասնորեն ազդում է հատկապես կանանց վրա: Այսպես, ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում քննվել է ընտանիքում բռնության 485 դեպք, որից՝ կենակցի կողմից՝ 2, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ՝ 329, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 10: 2019 թվականի ընթացքում, որը զեկույցի հաշվետու ժամանակահատվածն է,  ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում է գտնվել ընտանեկան բռնության վերաբերյալ 635 քրեական գործ, որից 8-ը՝ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: 635 քրեական գործերից 14-ը հարուցված են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանություն), 2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով (անզգուշությամբ մահ պատճառելը):

 

 

Լիա Խոջոյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը կանանց նկատմամբ բռնության մասին

 

ՄԻՊ տարեկան զեկույց. Ինչո՞ւ կանայք ներկայացված չեն Զինված ուժերի բարձր պաշտոններում

 

Դիտումների քանակը` 590

Վերադառնալ վերև