Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Տավուշի մարզում միայն 6 կին է ավագանու թեկնածու առաջադրվել/ տեսանյութ 

Նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմիների ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում,որտեղ համայնքները խոշորացվում է  և ընտրվում է ավագանի: իսկ  Իջևանի տարածաշրջանի Ենոքավան, Այգեհովիտ համայնքներում ավագանու ընտրություններ են:  Աչաջուր համայնքում էլ համայնքի ղեկավարի ընտրություն է:

 

Տավուշում ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերից երկուսն են մասնակցում ՝Հանրապետական և Դաշնակցություն: Ինշպես ամեն ընտրության ընթացքում այնպես էլ այս ընտրության ժամանակ կանանց ներգրավվածությունը ընտրապայքարում սահմանափակվում է ավագանու թեկնածությամբ: Ոչ մի համայնքում՝ համայնքի կին ղեկավարի թեկնածու չի առաջադրվել: Տավուշի մարզի ավագանու ընտրության համար 6 կին   թեկնածու է առաջադրվել:  Ընդհանուր ավագանու թեկնածուների թիվը 58 է: Խոշորացվող Բերդ համայնքի ավագանու ընտրություններին  մասնակցում են 38 թեկնածու ,որոնցից  3-ը կին :

 

Բերդի արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն  Աննա Ավալյանը Բերդի տարածաշրջանի  ավագանու կին թեկնածուէ,ինչպես նաև գործող ավագանի :Շուրջ 24 տարի ղեկավարում է Բերդի պետական ուսումնարանը  իր հետևողական աշխատանքի շնորհիվ արժանացել է Հ.Հ  նախագահի շնորհագրին՝ հանրապետության լավագույն մանկավարժ որակավորմանը: Աննա Ավալյանը Հանրապետական կուսակցության անդամ է ՝ավագանու թեկնածու է ինքնառաջադրմամբ: Ի դեպ, Աննան չի բացառում ,որ մի օր էլ իր թեկնածությունը կառաջադրի համայնքի ղեկավարի:

 

Ունենալով  ղեկավարման փորձ  ավագանու թեկնածուն  ունի ծրագրեր՝ընտրվելու դեպքում փորձելու է վեր բարձրացնել համայնքի տրանսպորտի խնդիրը. «Ամենակարևոր հարցը մեզ համար կլինի, մինչհամայնքային տրանսպորտի հնարավորինս ձեռք բերումը:  Բարվոք ճանապարհների  և տրանսպորտի առկայությունն  է  ինձ ամենից շատ  կարևոր: Հնարավոր չէ գյուղացուն ասել, որ ամեն օր տաքսի ծառայությունից օգտվի 4-ից – 5000 դրամ երկկողմանի վճարում կատարի , եթե շաբաթվա  մեջ  2-3 անգամ մարդուն պետք է գալու, որ հասնի կենտրոն: Իսկ գյուղերից մինչև Բերդ  գնալը 4-ից  -5000 դրամ է: Ամենակարևոր խնդիրը ինձ համար տրանսպորտի խնդիրն է լինելու»:

 

500 բնակիչ ունեցող  Ենոքավան համայնքում նույնպես ավագանու ընտրություններ են ՝ 11թեկնածու որից երկուսը կին է : Արգեն Այվազյանը Ենոքավան համայնքի թեկնածու է:  Երկար տարիներ աշխատել է Ենոքավանի համայնքապետարանում ,ուպես  աշխատակազմի քարտուղար իր թեկնածությունն առաջադրել է ելնելով համայնքի խնդիրներից , հույս ունի  որ կարող է համայնքի խնդիրները վեր բարձրացնել:   «Մեծ ցանկություն ունեի ընտրվելու համայնքի ավագանի: Քանի որ աշխատել ու շփվել եմ համայնքի բնակիչների հետ: Հույս ունեմ, որ  կարող եմ նրանց հոգսերը հոգալ, կամ նրանց խնդիրները  ներկայացնել համապատասխան վայր»:

 

Ասում է,  ընտրարշավ  որպես այդպիսին չկա, որովհետև փոքր համայնք է. «Չես կարող մեծ համայնքների նման դու քո թիմով առաջ շարժվել լոզունգներով կամ պաստառներով  ներկայանաս համայնքին: Պարզապես  փոքր գյուղ է, կարծես ամեն րոպե  դեմ առ դեմ հանդիպում ենք իրար:Եվ երբ հավաքվում ենք մի քանի հոգով սկսում եմ   ծրագրերիս մասին խոսել  իրենց հետ»:

 

Ավագանու թեկնածուն աջակցության պակաս չունի, չնայած , իր խոսքով, որդին մի փոքր դեմ է. « Ամուսինս ասում է, դու գիտես, երկար տարիներ  աշխատել ես համայնքում, դու կարող ես: Իսկ տղաս ասում է.«Կնիկարմատ ես քո հալով  կաց»: Երևի թե,  գյուղի մտածելակերպն է, կողքի շշուկներն են :Երևի դա ի նկատի ունի  որդիս, չնայած ինձ թվում է տղաս  նույնպես ուրախ կլինի, որ իր մայրը ընտրվի ու ինչ-որ բան անի իր  համայնքի համար»:

 

Մանկավարժ Անժելա Սարդարյանը նույնպես Ենոքավան համայնքի ավագանու թեկնածու է Ենոքավան համայնքի դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Քաջ ծանոթ լինելով գյուղի խնդիրներին  որոշել է իր թեկնածությունն առաջադրել ,որպես ավագանի: 

 

«Ծանոթ եմ համայնքի խնդիրներին, բացի այդ  պայքարող մարդու տեսակ եմ,  դա ինձ թույլ է տալիս  իմ թեկնածությունն առաջադրելու», – ասում է նա, նշելով, որ   կանայք շատ  քիչ են  ավագանիների կազմում,   և  ընդհանրապես քաղաքականության մեջ: «Կարծում եմ որ պետք է շատ լինենք  այդ ոլորտներում», –  համոզված է նա:

 

 

Սահմանամերձ Այգեհովիտ համայնքում ավագանու 9 տեղի համար առաջադրվել է հենց 9 թեկնածու ,որից 1 կին է:Այս համայնքում 15 տարի շարունակ ավագանի է եղել Սվետլանա Ղուլարյանը  :Այսօր ավագանու թեկնածու  և գործող ավագանի Սվետլանա Ղուլարյանը Հանրապետական կուսակցության անդամ է ՝կուսակցությանն  էլ առաջադրվել է նրա թեկնածությունը:  Պատմում է, որ 2006-ին ստացել է պատվոգիր ՏԻՄ-երի ձևավորման 10-ամյակի կապակցությամբ, որպես կին ավագանի և դրա կազմավորմանը և գործունեությանը մեծ ներդրում կատարելու համար:

 

Ծանոթ լինելով ավագանու դերին  ավագանու թեկնածուն կարևորում է թիմային աշխատանքը: «Այժմ ավագանու ինստիտուտի  իրազեկվածությունը բարձր է, ես այդպես եմ կարծում:Շուրջ 14 տարի աշխատում ենք համայնքի ղեկավարի հետ :Ավագանու մեր թիմը շատ գիտակից, շատ գիտակ  թիմ է: Գրեթե մեծամասնությունն ունեն բարձրագույն կրթություն:Նրանք գիտեն, որն է հիմնախնդիրը:Միշտ վեր ենք հանում ավագանու նիստերի ժամանակ առաջնային կարիքները»:

 

Մանկավարժ հոգեբանի համար կանանց ներգրավվածությունը ՏԻՄ ոլորտում կարևոր նշանակություն ունի: «Այգեհովիտում կան բազմաթիվ հիմնարկներ, որտեղ հիմնականում ղեկավարները,տնօրենները կանայք են:Դա իրենց թույլ է տալիս , որպեսզի նրանք  ակտիվ գործունեություն ծավալեն քաղաքականության մեջ, ինչպես նաև ակտիվ գործունեություն՝ համայնքի կյանքում», – ասում է նա:

 

Հաջողություն մաղթելով  բոլոր թեկնածուներին, նկատենք, որ  կանայք դժվարությամբ են պայքարում տղամարդկանց  հետ ՝ մրցապայքարը հաճախ կոշտ է լինում: Այն   սկսվում է հենց առաջադրման պահից, իսկ թե այս 6 կանացից քանիսը կընտրվեն  դա էլ ցույց կտա ընտրապայքարի կոշտության չափը:

 

Նաիրա Խաչիկյան

 

Մանրամասները տեսանյութում.

 

 

Դիտումների քանակը` 330

Վերադառնալ վերև