Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Թեհմինե Ենոքյան.  «Մեր  նպատակը՝  քաղաքացուն  որոշումների  կայացման մասնակից  դարձնելն է» 

«Քաղաքացու որոշում» սոցիալդեմոկրատական կուսակցության անդամ Թեհմինե Ենոքյանն առաջադրվել է Վայոց ՁորՍյունիքի  թիվ 12 ընտրատարածքում: Քանի որ ծնունդով Վայոց ձորի Գնդեվազ  գյուղից է, ուստի որոշել է  զբաղվել հարազատ  մարզի  խնդիրներով, անդրադառնալ հանքարդյունաբերության վնասակար ազդեցությանը, մարդկանց խախտված իրավունքների վերականգմանը, խնդիրներ, որոնց  մասին  պատրաստվում է  բարձրաձայնել նախընտրական պայքարի ժամանակ:

 

Մասնագիտությամբ լրագրող Թեհմինե Ենոքյանը միշտ աչքի է ընկել իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ: Տարիներ շարունակ փորձել է վեր հանել հանրությանը հուզող իրավական, քաղաքական և սոցիալական խնդիրները: Լրագրության  հետ  մեկտեղ ստեղծել է քաղաքական վավերագրական ֆիլմեր, որոնք բացահայտել են ոստիկանության ապօրինությունները, բանակում տեղի ունեցող հանցագործությունները, անդրադարձել է բնապահպանական խնդիրներին՝ մասնավորապես Թեղուտին, Քաջարանին և Ամուլսարին: Վերջին ֆիլմը  եղել է 2017 թ. ընտրությունների մասին, այն կոչվել է «Մարիոնետների թատրոն»: Թեհմինեն    թավշյա  հեղափոխությունն ակտիվ  լուսաբանող  լրագրողներից է եղելհամագործակցել է մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների հետ:

 

Իր անդամակցությունը «Քաղաքացու որոշում»  կուսակցությանը Թեհմինեն բացատրում է քաղաքական  դաշտում գաղափարակից  մեկ այլ  կուսակցության բացակայությամբ: «Դաշտում չեմ տեսնում այլ ուժ, որի անդամ կցանկանայի լինել, քան այն ուժը, որը ստեղծել ենք մենք:  Քաղաքական  կուսակցությունների  պարագայում չեմ տեսնում գաղափարական ընդգծվածություն և հստակություն: Խաղի կանոնները «Քաղաքացու որոշում» կուսակցությունում պարզ են և հստակ»:

 

Թեհմինեն նշում է, որ տարիների  ընթացքում ընկերների  հետ  քննադատել է կուսակցությունների հաճախ անսկզբունքային գործելաոճը, ինչն էլ բացասական  վերաբերմունք է ձևավորել իր մոտ կուսակցական գործունեության հանդեպ: Վերլուծելով  այս  ամենը,  իր թիմը մշակել է կուսակցության  մասին պատկերացումների իր  տեսլականը:

 

-«Քաղաքացու որոշում»  կուսակցության   անունն  ինքնին  ասում է, որ մեր  նպատակը քաղաքականության  մեջ  նոր մշակույթի  ձևավորումն է,  այն է .   քաղաքացուն  որոշումների  կայացման մասնակից  դարձնելն է ՝  նրա համար անհրաժեշտ քաղաքական հարթակ ստեղծելու միջոցով: Սա է  եղել  նոր կուսակցություն ստեղծելու դրդապատճառը: Կուսակցության անդամները տարիներ  շարունակ մասնակցել են  քաղաքացիական  ակցիաներին՝ կարևորելով հանրային տարածքների պաշտպանությունը, հանրային տրանսպորտի խնդիրները, լույսի, գազի սակագնի,  ինչպես  նաև բնապահպանական խնդիրները։ Մեզանից  յուրաքանչյուրն աչքի է  ընկել  ազնիվ, թափանցիկ գործելաոճով, հասարակությանն  ինքնակազմակերպելու կարողությունով  , ինչը  բնորոշ  չի եղել  մյուս  կուսակցություններին,- պարզաբանում է Թեհմինեն:

 

Պատգամավորի  թեկնածուի փոխանցմամբ նորաստեղծ  կուսակցության  գաղափարական հենքը ազատությունը, արդարությունն ու  հավասարությունն են: Ըստ  նրա  ԱԺ-ում մանդատ ունենալու պարագայում թիմը պատրաստվում է փոխել կուսակցությունների մասին օրենքը, որով  կուսակցությունների համար կսահմանվեն  հստակ  չափորոշիչներ, փոխել նաև ընտրական օրենսգիրքը և վերացնել բազմաթիվ թերություններով առկա ռեյտինգային ընտրակարգի ներկա մոդելը: Կուսակցության  ծրագրում  առանցքային  տեղ է  զբաղեցնում  նաև աշխատողների  իրավունքների  պաշտպանությունը,  այնպիսի  օրենքների  մշակումը, որոնք էականորեն  կփոխեն  մարդկանց  ոչ միայն  սոցիալական կարգավիճակն, այլ մտածելակերպը: Թեհմինեի  համոզմամբ հատկապես Վայոց ձորի  և Սյունիքի  մարզերի  բնակիչները տարիներ  շարունակ աշխատանքը  կորցնելու  վախից  դրդված չեն ցուցաբերել քաղաքացիական  ակտիվություն, սակայն  հեղափոխությունից հետո իրավիճակը փոխվել է:

 

-Այս  ընթացքում իրավիճակ է  փոխվել  նաև  կանանց  շրջանում: Ես  շատ  եմ  կարևորում  քաղաքականության  մեջ  կանանց  ներգրավվածությունը, որոշումների  կայացման  հարցում  նրանց  մոտեցումները,  հաստատակամությունը: Թեև  մեր  կուսակցության  մեջ  շատ  կանայք են  ընդգրկված, սակայն որպես  պատգամավորի թեկնածու քչերն են  առաջադրվել, չգիտեմ  ինչու: Մեկ այլ  հարց է, թե  պատասխանատու պաշտոններում  և աշխատանքում ինչո՞ւ են  կանայք  քիչ ներգրաված,  հավանաբար  մտածում են, թե  դրանք  վերապահված են  միայն  տղամարդկանց: Օրինակ, Վայոց ձորի  մարզում մշտապես ակտիվ  գործունեություն եմ  իրականացրել,  համարել եմ, որ մեր  մարզը վաղուց  պետք է  լիներ  կանանց մասնակցության առումով շատ ավելի  լուրջ  քաղաքական  հայտ  ներկայացնող մարզ, սակայն  այդպես  չի եղել,  թեև  մեր  և Սյունիքի  մարզում ակտիվ են  եղել  ՀՀԿ և ԲՀԿ  կուսակցությունների  կանայք: Վերջին  շրջանում  պատկերն այլ է,  Ամուլսարի  համար պայքարում  քիչ  չէ  կանանց  և աղջիկների  թիվը,  վառ  օրինակ է Ամուլսարի  պահապանների  պայքարը,  նույնը  Եղեգիս  համայնքում, որտեղ  տղամարդկանց  հետ  միասին կանայք  մասնակցում են ոչ  միայն տեղի  գյուղապետի  հրաժարականի, այլև  համայնքների խոշորացման դեմ տարվող բողոքի  ցույցերին,-ասում է Թեհմինեն և  հավելում, որ  մարզերում  ակտիվ  կանանց  հաջողվել է հաղթահարել  կարծրատիպերը ու նրանց  կարծիքներն ու որոշումները վճռորոշ դեր ունեն   համայնքային  կյանքի բոլոր ոլորտներում:

 

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 159

Վերադառնալ վերև