Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Տեսնող ձեռքեր» կամ ինչպես հայ կնոջ գաղափարը համաշխարհային նորարարություն դարձավ

Մարիամ Դիլբանդյանի «Տեսնող ձեռքերի» մասին գիտեն շատերը՝ անգամ Սիլիկոնյան հովտում: Սա, սակայն, նրա առաջին համարձակ ձեռնարկը չէր: Չորս տարի առաջ Մարիամն այլ գործով էր տարված. աուդիոգրքերի ձայնագրման ստուդիա ուներ, որտեղ թվայնացնում էր հայ դասականների ստեղծագործությունները.

 

«Այս մարդիկ, ասես, փակ շղթայի մեջ են»

 

«Հենց աուդիոգրքերի վրա աշխատելու ընթացքում հասկացա, որ դրանք պետք է հասցնել հատկապես տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց, քանի որ սա ոչ միայն որոշակի առումով կլուծեր նրանց ժամանցի, ինքնազարգացման հարցը, այլև շատ կոնկրետ կրթական նշանակություն կունենար նրանց համար, քանի որ տեսողության խնդիր ունեցող շատ մարդիկ հիմնական կրթության խնդիր ունեն, դպրոց չեն հաճախում, եղած դասագրքերը հարմարեցված չեն նրանց, իսկ բրալյան գրերով գրքերը, հիմնականում, հին են ու ժամանակավրեպ»,- ասում է Մարիամը:

 

Այսպես, աուդիոգրքերը ձեռքին, Մարիամը թակեց բազմաթիվ դռներ՝ կազմակերպություններ և միություններ, որոնց անդամները տեսողական խնդիրներ ունեն: Այսպես՝ գործնական հարաբերությունները վերաճեցին ընկերականի: Մարիամը մտերմացավ հաշմանդամություն ունեցող անձանց հետ, ներսից հասկացավ նրանց ամենօրյա խնդիրները: Սրտացավությունն ու նորարարության անվերջ ձգտումը երիտասարդ աղջկան բոլորովին նոր գաղափար հղանալու և այն իրագործելու վճռականություն տվեցին.

 

«Ծայրահեղ, անասելի վատ վիճակ է: Այս մարդիկ, ասես, փակ շղթայի մեջ են. նորմալ կրթություն չեն ստանում, մասնագիտություն՝ ևս: Միակ բանը, որ սպասվում է նրանց հետագայում, գործազրկությունն է ու մեկուսացումը: Այսպես նրանք զրկվում են հասարակությանն ինտեգրվելու, ադապտացվելու հնարավորությունից: Իսկ այս մարդիկ ուզում են լիարժեք կյանքով ապրել՝ ստանալ որակյալ կրթություն,   կայանալ՝ որպես մասնագետներ, ունենալ աշխատանք, ինքնուրույն լուծել իրենց սոցիալական խնդիրները: Երկար ժամանակ մտածում էի՝ ի՞նչ կոնցեպտ կարելի է մտածել, որն ունակ կլինի լուծել այս բոլոր խնդիրները՝ միաժամանակ լինելով շարունակական»,- պատմում է Մարիամը:

 

Ահա այսպես ստեղծվեց տեսողության խնդիրներ ունեցող անձանց՝ «Տեսնող ձեռքեր» մերսման կենտրոնի հիմնման գաղափարը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսողության խնդիր ունեցողները գերզարգացած շոշափելիք ունեն, մերսումը կարող էր շատ լավ լուծում դառնալ.

 

«Այսպես, պարզ դարձավ, որ սկզբում այս մարդկանց պատրաստել է պետք. կազմվեց առաջին խումբը, որի մասնակիցները համապատասխան ուսուցում անցան, կրթվեցին: Սկզբում շատ բարդ էր: Հարցը միայն համապատասխան հմտություններ սովորեցնելը չէր: Ինձ համար դժվար էր, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի փորձ չունեի, մենեջմենթն ամբողջությամբ ինձ վրա էր: Նրանց համար էլ բարդ էր, որովհետև կյանքի ինստիտուտները չէին անցել, շփման առաջնային փորձ չունեին, կրթության հետ կապված շատ մեծ բացեր կային, այնպես որ՝ ստիպված էին շատ խոչընդոտներ հաղթահարել»,- պատմում է Մարիամը:

 

Առաջին ուսումնական փուլի ավարտին Մարիամը հասկացավ՝ պետք է լուծել նաև այս մարդկանց զբաղվածության հարցը: Մշակեց բավականին կոշտ չափորոշիչներ, որոնց համապատասխանող մարդիկ պետք է շարունակեին աշխատանքը «Տեսնող ձեռքեր» նախագծի շրջանակներում.

 

«Ես շատ բարդ չափորոշիչներ էի առաջադրել, այլապես կտուժեր որակը, հետագայում՝ նաև մեր վարկանիշը: Շատ լավ պատրաստված աղջիկներ կային խմբում, սակայն նրանցից շատերը չկարողացան հաղթահարել կարծրատիպային մտածելակերպը. շատերը հրաժարվում էին մերսել տղամարդ հաճախորդներին, ոմանց արգելեցին հարազատները: Այսպիսով, մեր թիմը հիմնականում տղաներից է կազմված»,- ասում է Մ. Դիլբանդյանը:

 

«Գործատուները միանգամից հրաժարվում էին»…

 

Երբ առաջին թիմն արդեն համալրված էր, Մարիամը սկսեց զբավել նրանց աշխատանքի տեղավորման գործընթացով: Հերթով զանգեց բոլոր մերսման սրահներ, առաջարկեց իրենց ծառայությունները, բայց ապարդյուն.

 

«Գործատուները միանգամից հրաժարվում էին՝ իմանալով մեր տղաների խնդրի մասին: Խոսքը մասնագիտական հմտություններին, կարողություններին չէր էլ հասնում: Շատ գործատուներ այնքան հասուն չեն, որպեսզի կարողանան նման որոշում կայացնել: Շատերի մոտ արմատավորված կարծրատիպ կա, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ խնդիրներ են առաջացնելու գործատուների համար: Գաղտնիք չէ, որ նրանց համար խնդիր է նույնիսկ քաղաքում տեղաշարժվելը, տրանսպորտը: Այս ու մի շարք այլ մտավախություններ գործատուներին հետ էին պահում նման որոշումից»:

 

Այդ ժամանակ Մարիամը հասկացավ՝ առաջինն ինքը պետք է լինի: 2014 թվականին արդեն Մ. Դիլբանդյանը հիմնեց «Տեսնող ձեռքեր» մերսման կենտրոնը, որի աշխատակիցները տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ են: Այս 4 տարիների ընթացքում Մարիամի կազմակերպած վերապատրաստման և ուսուցման դասընթացներին մասնակցել է 4 սերունդ՝ ամեն խմբում 6-8 հոգի: Այս խմբերից յուրաքանչյուրից 2-3-ական մասնագետ այսօր արդեն «Տեսնող ձեռքերի» թիմում է:

 

Այս նորարարությամբ Մարիամը հասավ մինչև Սիլիկոնյան հովիտ, հանդիպեց 100-ավոր մարդկանց, մասնակցեց Համաշխարհային ձեռներեցության գագաթաժողովին: Մարիամով հիացած էին բոլորը. այն, ինչ անում էր երիտասարդը կինը Հայաստանում, համաշխարհային մակարդակի նորարարություն էր: Այս գագաթաժողովը Մարիամին շատ բան տվեց. հանդիպեց բարձրակարգ մասնագետների, որոնց հետ քննարկեց իր նախաձեռնությունը, հասկացավ, թե ինչ է մենթորությունը: Ասում է՝ մենթորությունը մարդկանց գաղափարները քննադատելը չէ, այլ ճիշտ հարցեր տալը և ճիշտ պատասխանների մղելը: Ճիշտ պատասխաններով ու բազում նոր գաղափարներով Մարիամը վերադարձավ հայրենիք.

 

«Այս գագաթաժողովին մասնակցելու համար հայտը լրացնելիս՝ ես գրել էի, որ 21-րդ դարի մարդը նստակյաց մարդն է, նա, ով օրական 8 ժամից ավելի գամված է գրասենյակային աթոռին, և հաճախ ժամանակ անգամ չունի մի քանի րոպե քայլելու, առավել ևս՝ մերսման սրահ այցելելու և իր առողջությամբ զբաղվելու համար: Այս կենսակերպով ապրող մարդիկ 4-5 տարի հետո ողնաշարային բավականին լուրջ խնդիրներ են ունենում, մինչդեռ դրանք կանխարգելելու համար բավական է շաբաթական 2-3 անգամ 15-20 րոպե մերսում ստանալ: «Տեսնող ձեռքերի» անդամները համագործակցում են մի շարք կառույցների հետ, ովքեր գնահատում են իրենց աշխատակիցների առողջությունը: Նրանք այլևս ստիպված չեն կտրվել աշխատանքից, այցելել մերսման սրահ, կորցնել այդքան թանկ ժամանակը: Մեր մասնագետները որոշակի օրերի ինքնուրույն այցելում են այս կամ այն կառույց, տեղում հաշված րոպեների ընթացքում փոքրիկ մերսման սրահ են կազմակերպում և մի այցի ընթացքում ծառայություն են մատուցում միանգամից մի քանի հոգու՝ այդպիսով խնայելով թե՛ նրանց ժամանակը, թե՛ միջոցները»,- պատմում է Մ. Դիլբանդյանը:

 

Համաշխարհային գիգանտ կազմակերպություններում ոգևորված էին Մարիամի այս գաղափարով: Որոշ կազմակերպություններում՝ հատկապես ՏՏ ոլորտի, կան նման մասնագետներ, սակայն այն, որ այս գործով կարող են զբաղվել նաև չտեսնող մարդիկ, զարմացրել էր բոլորին:

«Գաղափարներ շատ կան, պետք է իրագործել»

 

Առաջին մասնագիտությամբ լեզվաբան, երկրորդով՝ սոցիալական հոգեբան Մարիամի համար կարևոր է, որ իր նախաձեռնությունը հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար մեկանգամյա օգնության ակցիա չլինի: Նա համոզված է՝ հասարակությունն առողջ է միայն այն ժամանակ, երբ նրա բոլոր անդամներն ինտեգրված են: Այսօր, սակայն, հաշմանդամություն ունեցող մարդիկ մեկուսացված են հասարակությունից. ո՛չ գործատուները, ո՛չ պետությունն այս առումով ռազմավարական, գործուն քայլեր չեն ձեռնարկում.

 

««Տեսնող ձեռքերի» հիմնական նպատակներից մեկն էլ այն էր, որ մեր դասընթացներն անցնող մարդիկ հմտություն ստանային իրենց ողջ հետագա կյանքի համար: Սովորեին անել մի բան, որը մասնագիտություն կդառնար նրանց համար, հացի և սոցիալիզացիայի խնդիր կլուծեր: Այսքանով, բնականաբար, սահմանափակվել չենք պատրաստվում: Գաղափարներ  շատ կան, պետք է իրագործել»,- ասում է նա:

 

Մարիամը համոզված է՝ Հայաստանում գաղափարների պակաս չկա, կա խիզախության պակաս. խիզախության՝ տեր կանգնել սեփական գաղափարներին, նպատակներին, չվախենալ առաջին իսկ քննադատությունից կամ անհաջողությունից, ու առաջ գնալ: Այս հարցում Մարիամը շատ է կարևորում մենթորության դերը:

 

«Հաջորդ գաղափարը, որը կփորձենք իրոգործել, ճիշտ մենթորական ինստիտուտի ներդրումն ու զարգացումն է Հայաստանում: Ցավոք, մեր երկրում մենթորությունը վերածվել է բոլոր նոր գաղափարները քննադատելու միջոցի, մինչդեռ քաջալերել ու առաջ մղել է պետք՝ սեփական փորձով, ճիշտ խորհուրդներով, երբեմն ուղղակի մարդկանց հետ խոսելով: Մեր այս նախաձեռնության թիրախային խումբը լինելու են կին ձեռներեցները, քանի որ սեփական փորձով եմ համոզվել՝ կանայք ավելի խիզախ են, ավելի նուրբ են զգում վտանգներն ու զարգացման հնարավորությունները, ավելի նպատակասլաց են. նրանց ուղղակի մի քիչ աջակցություն է պետք: Մենք պատրաստվում ենք ստանձնել այդ գործը»,- ասում է Մ. Դիլբանդյանը:

 

Այս գաղափարները, սակայն, Մարիամը կիրագործի մի քանի ամիս անց. Այսօր ավելի լուրջ առաքելություն ունի. հաշված օրերից մայրանալու է: Երեխայի ծնունդից հետո նոր գաղափարներով ու նոր ուժերով Մարիամը պատրաստվում է գործի անցնել:

 

Սոնա Մարտիրոսյան

Դիտումների քանակը` 3711

Վերադառնալ վերև