Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Անահիտ Աղիկյան. «Եթե այսօր իրենց ամենաթանկը՝ երեխաներին են վստահում , հույս ունեմ, որ վաղը կվստահեն նաև համայնքը»

Մեր զրուցակիցն է  Օձունի թիվ 1 դպրոցի տնօրեն Անահիտ Աղիկյանը, ով առաջիկա ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է որպես խոշորացող Օձուն համայնքի ավագանու թեկնածու: Ամուսնացած է, ունի երկու երեխա: Մինչ այժմ կայացած ընտրություններին ակտիվորեն որպես դիտորդ մասնակցած Անահիտ  Աղիկյանն  այս անգամ որոշել է իր ուժերը փորձել ավագանու անդամության համար ընթացող մրցապայքարում:Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, կուսակցության կողմից էլ առաջադրվել է:

 

-Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:

-Առաջարկը եղել է ՀՀԿ-ի կողմից, ես ու ընտանիքս էլ այդ առաջարկին դրական ենք արձագանքել:  Ուզում եմ ավելի մոտ կանգնել համայնքի խնդիրների ներկայացմանն ու լուծմանն ուղղված հարցերին:   

 

-Խոշորացող Օձուն համայնքում ավագանու թեկնածուները հիմնականում տղամարդիկ եք: Երկու կին թեկնածու մրցակցում են 26 տղամարդու հետ: Ի՞նչ դժվարություններ կան այս առումով:

 

– Շրջապատում տղամարդկանց ավելի գործունյա են համարում մինչև հիմա: Միգուցե աստիճանաբար այդ մոտեցումը փոխվի, կարծատիպերը վերանան: Եթե մի տեղ  28 առաջադրված թեկնածուներ կան, պարզ է, որ ուժեղ մրցակցություն կլինի: Կողքի գյուղերն իրենց թեկնածուին կնախընտրեն:Թեկնածուների ամենամեծ թիվը Օձունում է: Պարզ է, որ մարդիկ ընտրություն կատարելիս  հաշվի կառնեն հարազատությունը,  մտերմությունը: Անձերին ու նրանց մարդկային որակները գնահատելով հանդերձ, շատերը, միևնույնն է,  կնախընտրեն իրենց հարազատին ընտրել:  Բացի այդ , տղամարդիկ իրենց ընտրարշավներն են իրականացնում, ավելի շատ են շփվում մարդկանց հետ, իսկ կանայք մի տեսակ հետ են քաշվում դրանից: Չգիտեմ որն է պատճառը: Միգուցե մեր մարդկային տեսակն է  այդպիսին. նախընտրում ենք ավելի քիչ դիմել մարդկանց աջակցության հարցով:

 

–  Դա՞ է նաեւ  պատճառը,  որ քիչ թվով կանայք են մասնակցում ՏԻՄ ընտրություններին:

-Ես կասեի կանայք ավելի զբաղված են իրենց ընտանեկան գործերով:

 

-Կուսակցությունից զատ ովքեր են Ձեզ սատարողները:

– Ինձ աջակցում են ուսուցիչները, իմ ծնողները, դպրոցն ավարտած իմ աշակերտները: Դպրոցի տնօրեն լինելով հանդերձ ինձ հետաքրքիր է, թե հասարակությունը որքանո՞վ կանգնած կլինի կանանց կողքին:

 

-Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

-Իմ գյուղի համար ամեն ինչ կանեմ:Ճիշտ է, որպես էդպիսին նախընտրական ծրագիր չունեմ, բայց ընտրվելու դեպքում ես իմ համայնքի կողքին կանգնած կլինեմ ու կփորձեմ ակտիվություն ցուցաբերել խնդրահարույց հարցերի բարձրաձայնման առումով:

 

-Որքանո՞վ է կարևոր կանանց ներգրավվածությունը ՏԻՄ-ում:

 

-Շատ կարևոր է: Կանայք ավելի ջանացավ են, իսկ որտեղ սրտացավություն ու անշահախնդրություն կա, այնտեղ արդյունավետ աշխատանք կլինի: Ես կողմ եմ 50/50 հարաբերակցությանը:Պետք է հավասարություն լինի, որպեսզի տղամարդն իր տեսանկյունից նայի հարցերին, կինն՝ իր:Տղամարդն իր գործողությունների մեջ ավելի ռիսկային է, կինն՝ ավելի զգուշավոր, ավելի  տնտեսող է, ինչպես ընտանիքում: Ընտանիքում ճիշտ է, գործողը տղամարդն է, բայց առաջարկողը, առաջադրողը, տնտեսողն ու ամեն հարցում ավելի գործունյան կինն է:

 

-Թեկնածուները շատ են: Ինչո՞ւ մարդիկ պետք է ընտրեն հենց Ձեզ:

-Երևի կվստահեն ինձ: Եթե այսօր իրենց ամենաթանկը՝ երեխաներին են վստահում , հույս ունեմ, որ վաղը կվստահեն նաև համայնքը: Ինձ թվում է, ես հիմա իմ խոսքերով չէ, որ պետք է նրանց համոզեմ ինձ ընտրեն: Նրանք տեսել են իմ 30 տարվա աշխատանքը կրթության ոլորտում: Հույս ունեմ, որ ժողովուրդը կգնահատի իմ աշխատանքը: Ամեն ինչ թողնում եմ   նրանց գնահատանքին:

 

Գայանե Սարգսյան

Դիտումների քանակը` 420

Վերադառնալ վերև