Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՏԻՄ համամասնական ընտրություններ. քայլ առաջ թե՞ վերադարձ անցումային դրույթներին

ՀՀ Ազգային ժողովում մայիսի  26 -ից սկսվել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: 

 

 

Ինչու՞ են անտեսվել ՀԿ-ների առաջարկները 

 

 

Նախագծերի  փաթեթով նախատեսվում է  4000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում անցում  կատարել  համամասնական ընտրակարգով ընտրություններին և ուժի մեջ դնել  նաև գործող ՀՀ Ընտրական օրենսգրքով ամրագրված քվոտան, ըստ որի կուսակցությունների ցուցակներում սեռերից մեկի ներկայացվածությունը չի կարող գերազանցել 70%-ը: Այսինքն, կարծես թե,  կարող ենք հույս ունենալ, որ առաջիկա ընտրություններում այդ փոփոխությունը կնպաստի  ավագանիներում կանանց թվի ավելացմանն առնվազն մինչև 30%: Սակայն պարզվեց, որ  մոտակա ընտրություններում  այս քվոտայի փոխարեն  կգործի հինը՝ 25%-ը,  քանի որ  առաջարկվող նախագծում չգիտես ինչու պահպանվել են գործող Ընտրական օրենսգրքի անցումային դրույթները ՝144 հոդվածի  14-րդ և 16-րդ կետերը, ըստ որոնց մինչև 2021 թվականը գործելու է 25%-անոց քվոտան:  Ըստ էության,  դա նշանակում է, որ ևս մեկ տարի ՏԻՄ համակարգում կանանց մասնակցության առումով շատ քիչ բան է փոխվելու…

 

 

 

Նշենք, որ մի շարք ՀԿ-ների կողմից  այս  նախագծի քննարկման բոլոր փուլերում՝ սկսած Կառավարության  e-draft կայքում հրապարակման պահից,  առաջարկ էր ներկայացվել  բարձրացնել քվոտան՝ ապահովելով կուսակցությունների ցուցակներում   թեկնածուների սեռերի առնվազն  40/60  համամասնություն:  Սակայն այդ առաջարկը չի ընդունվել այնպես, ինչպես  մերժվել էր նույնաբովանդակ նախաձեռնությունը 2018-ին արտահերթ ընտրությունների նախաշեմին, թեև այն ժամանակ քաղաքական ուժերը գոնե  պատրաստ էին  հետ կանգնել անցումային դրույթներից, որոնցով սեռերի համամասնությունը կուսակցությունների ցուցակներում  25/75 էր :  Հիշեցնենք, որ այն ժամանակ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը չընդունվեց, և արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցան 25%-անոց քվոտան սահմանող  անցումային դրույթների ներքո:

 

 

 

Այսօր  գործող օրենսդրության մեջ առաջվա պես մնացել է դեռևս 2016 թվականին որպես  հեռանկար ամրագրված կուսակցությունների ընտրական ցուցակներում   30/70 համամասնությունը և պահպանվել են  վերը նշված  մինչև 2021 թվականը  25/75 համամասնությունը սահմանող  անցումային դրույթները , որոնցից  կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողանում հրաժարվել:  Անհասկանալի է , ինչու են այդ   անցումային դրույթները կրկին վերածնունդ ապրում 2020 թվականին, այն էլ երկրում կատարված հեղափոխությունից հետո: Նկատենք նաև, որ  անցումային դրույթներին  վերադարձը  ակնհայտորեն հակասում է պետության կողմից  կանանց քաղաքական մասնակցության ընդլայնման  մասին  հռչակվող կոչերին և  նպատակներին: Այդ նպատակներին չի համապատասխանում  նույնիսկ  30/70 համամասնությունը , և առնվազն տարօրինակ է, երբ  օրենսգրքում  մինչ այդ էլ առկա նորմայի ամրագրումը, այն էլ միայն  2021 -ին ուժի մեջ մտնելու հեռանկարով,  ներկայացվում է հանրությանը  որպես նորամուծություն: 

 

 

Դիտարկելով  ՏԻՄ-երում կանանց ներկայացվածության  շարժընթացը վերջին քսան տարվա կտրվաշքով, կարելի է փաստել, որ  իրավիճակը փոխելու համար կտրուկ քայլեր են պետք: Դրա մասին են վկայում նաև վիճակագրական տվյալներն ըստ հանրապետության մարզերի. 

 

 

 

 

Վերադառնալով խորհրդարանում քննարկվող  օրինագծերին, նշենք, որ բացի  քվոտայի բարձրացման մասին  առաջարկի, չի ընդունվել նաև առաջարկը  քաղաքացիական նախաձեռնությունների առաջադրման հնարավորության մասին: Ընդ որում  առաջարկվում էր տարածել քաղաքացիական  նախաձեռնությունների ցուցակների վրա կուսակցությունների ցուցակներին  օրինագծով ներկայացվող պահանջները,  այդ թվում գենդերային քվոտան:  Առաջարկը հիմնված էր    ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքի, ՏԻՄ-երում կանանց նվազ առաջադրման  պատճառների վերլուծությունների և տեղական մակարդակում գործունեություն ծավալող մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից արված հայտարարությունների վրա : Սակայն դեռևս նախնական քննարկումների փուլում պարզ դարձավ, որ կուսակցությունները դեմ են այս առաջարկին, քանի որ դիտարկում են   համամասնական ընտրակարգի անցումը ՏԻՄ ընտրություններում, որպես իրենց տեղական կառույցների կայացման  համար լավ հնարավորություն: 

 

 

 

Հեղինակները նաև անտեսել են առաջարկները    ՏԻՄ ընտրությունների  անցկացման  մասին   համայնքի բնակիչների պատշաճ իրազեկությունն ապահովելու վերաբերյալ,  ինչպես նաև  հրաժարվել են  Ընտրական օրենսգրքում   Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ուղղված  պահանջ ամրագրել՝  ընտրական գործընթացների բոլոր մասնակիցների մասին  սեռի սկզբունքով տարանջատված տվյալների հավաքագրման և հրապարակման մասին:

 

 

 

 

Առաջին ընթերցմամբ քննարկման մանրամասները 

 

 

Փոփոխությունների փաթեթի հեղինակներն են    ՀՀ կառավարությունը  և ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Վահե Ղալումյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը, Համազասպ Դանիելյանը, Գևորգ Գորգիսյանը:  Մայիսի 26-ին կայացած Ազգային ժողովի լիագումար նիստում  նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ    ներկայացնում էր հիմնական զեկուցող   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որի դիտարկմամբ առաջարկվող փոփոխությունները  պայմանավորված են  2018 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով: 

 

 

 

Ըստ ԱԺ լրատվական ծառայության  հաղորդագրության,   Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախագծերով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգում, և համապատասխանեցնելով  այն խորհրդարանական մոդելին` ունենալ համայնքի ավագանու իրական լիազորություններն ընդգծող և դրանց իրականացումն ապահովող իրավական նորմեր: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում կանցկացվեն ՏԻՄ-ի մեծամասնական կարգով ընտրություններ, ինչպես գործող ընտրակարգն է, իսկ 4000 և ավելի ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում կանցկացվեն ՏԻՄ-ի համամասնական ընտրություններ: Համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների քվեարկության օրը պետք է լինի ԿԸՀ-ի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը:

 

 

 

Փոփոխություններ են նախատեսվում համայնքների ավագանիների անդամների թվաքանակի, ընտրական գրավի չափի, ինչպես նաև նախընտրական հիմնադրամների ձևավորման վերաբերյալ կարգավորումներում: Փոփոխություններ են նախատեսվում նաև շեմերում: Այսպես` առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանել 4 տոկոս` գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար` 6 տոկոս` գործող 8-ի փոխարեն, և եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 (6) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները (եթե ընտրությանը մասնակցել է 3 կուսակցություն (կուսակցությունների դաշինք) և այլն:

 

 

 

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը հարակից զեկույցում ընդգծել է, որ ներկայացված է ոլորտում առանցքային բարեփոխումներից մեկը, ամիսներ շարունակ այս մոդելը քննարկվել է շահագրգիռ տարբեր կողմերի հետ:

 

 

 

«Համայնքներում ընտրությունը պետք է դարձնենք քաղաքական, որ մարդիկ կարողանան քաղաքական պատասխանատվություն կրեն, և մենք անձնական պատասխանատվությունից գանք քաղաքական պատասխանատվության դաշտ»,-ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

 

 

 

Իրենց ելույթներում և հարցադրումներում պատգամավորները խոսել են համամասնական ընտրական համակարգին անցնելու, նախագծով առաջարկվող դրական լուծումների մասին, ընդգծել կուսակցական համակարգի աշխուժացմանը նպաստող դրույթները, բոնուսային համակարգի վերացման կարևորությունը: Նրանք արժևորել են նախագծի փոխհամաձայնեցված տարբերակի ներկայացումը, նշել, որ այս նախաձեռնությամբ մեծանում է քաղաքական ուժերի պատասխանատվությունը: Ընդգծվել է, որ կոլեկտիվ կառավարումն առավել արդյունավետ մեթոդ է, քան համայնքում մեկ անձի կառավարումը և նախաձեռնության ընդունումը կբերի կառավարման որակի էական բարելավման, ՏԻՄ մակարդակում կմեծանա կանանց ներգրավվածությունը:

 

 

 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Անի Սամսոնյանը: Նա նշել է, որ քաղհասարակության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել, որ նախագիծը կարող է տանել համայնքների կուսակցականացման և խնդիրներ կարող է առաջացնել այն մարդկանց համար, որոնք կամավոր ներգրավված են ՏԻՄ համակարգի աշխատանքներում: Այս համատեքստում նա պարզաբանումներ է ներկայացրել: Անի Սամսոնյանի գնահատմամբ` ընտրական համակարգը փոփոխելով` բարձրացվում է նաև քաղաքական պատասխանատվության մակարդակը: Խմբակցության ներկայացուցիչը խոսել է համայնքներում համամասնական ընտրակարգի կիրառման օրինակների մասին:

 

 

 

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել Համազասպ Դանիելյանը: Նա ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունների նպատակը ոչ թե կուսակցական համակարգի կայացումն է, այլև հենց տեղական ինքնակառավարման համակարգին հնարավորություն տալը` վերացնելու անհամապատասխանությունները: Ըստ պատգամավորի` փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի տեղական ինքնակառավարման մակարդակում ունենալ շատ ավելի ներկայացուցչական, ներառական ու բաց ինստիտուտներ:

 

 

 

Եզրափակիչ ելույթում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել կառուցողական քննարկման համար և նշել, որ առաջինից երկրորդ ընթերցում կընդունվեն այն առաջարկները, որոնք էականորեն կբարելավեն նախագիծը: Նախարարը կարևորել է նախաձեռնության ընդունումը` հորդորելով պատգամավորներին կողմ քվեարկել:

 

 

 

Դիտումների քանակը` 563

Վերադառնալ վերև