Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՏԻՄ հերթական ընտրություններ. ռեկորդակիր է Դիտակ համայնքը

Հունիսի  9-ին կայանալիք յոթ համայնքներում ղեկավարի հերթական ընտրություններին կին թեկնածուներ  չեն մասնակցում։  Ավագանու ընտրություններում  11 կին է առաջադրվել, ընդ որում   ռեկորդակիրը Դիտակ համայնքն է, որտեղ  առաջադրված  6 թեկնածուներից հինգը կին են։

 

 

Գեղարքունիքի Գեղհովիտ, Ծովասար, Լոռու մարզի Ղուրսալ, Կոտայքի Աբովյան, Գետարգել, Շիրակի Անուշավան, Սպանդարյան համայնքներում ընդհանուր առմամբ կա գրանցված 21 թեկնածու, և ինչպես արդեն նշվեց, նրանք բոլորը տղամարդիկ են։ Գործողների թվում էլ կանայք չկան։

 

Նույն օրը  8 համայնքներում  ավագանու անդամի հերթական ընտրություններ են անցնելու:  ԿԸՀ կայքում թեկնածուների վերաբերյալ հրապարակած տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ առաջադրվել է 62 թեկնածու, որոնցից ընդամենը 11-ն են կանայք։

 

Կանայք առաջադրված չեն Արագածոտնի Նոր Արթիկ,  Շիրակի Հայկավան, Փանիկ համայնքներում։  Ուշագրավ է, որ Փանիկում առաջադրված է 13 թեկնածու։ Գործող ավագանին ունի 9 անդամ, նրանց թվում որևէ կին չկա։ Մյուս երկու համայնքների գործող ավագանիներում էլ կանայք ներկայացված չեն։

 

Արագածոտնի Սորիկում ավագանու անդամի վեց թեկնածու կա, նրանցից երկուսը կանայք են՝ Գյուլիզար Թամոյանն ու Գյուլիզար Սմոյանը։ Գործող ավագանին հինգ անդամ ունի, նրանց թվում կանայք չկան։ Գյուղապետ Վազիր Բաքոյանը WomenNet.am-ի հետ զրույցում ասաց, որ եզդիաբնակ գյուղում առաջին անգամ է, որ կանայք են առաջադրում  իրենց թեկնածությունը։ «Գյուղում տղամարդ չի մնացել, բոլորը մեկնել են Ռուսաստան։ 15 տուն է մնացել, ի՞նչ պիտի անենք։ Համ էլ թող աշխարհը իմանա, որ եզդի կանայք արդեն սկսել են ակտիվանալ»,-ասաց նա։

 

 

Առավել մեծ թվով  թեկնածուներ մասնակցում են Դվին գյուղի ավագանու ընտրություններին։ Գրանցված 14 թեկնածուներից մեկն է  կին։ Սրբուհի Եդիգարյանն անկուսակցական է, ինքնաառաջադրված։  Նկատենք, որ գործող ավագանին ունի 9 անդամ, այստեղ էլ կին չկա։

 

Կին թեկնածուների թվով  հերթական ընտրութուններում ռեկորդակիր է Արարատ մարզի Դիտակ համայնքը։ Գրանցված 6 թեկնածուներից հինգը կանայք են։

 

Ազգանուշ Խաչատրյանը  գյուղի բուժկետի բուժքույրն է, Մարիամ Նիկոլյանը մանկապարտեզի դաստիարակներից է, Գայանե Պետրոսյանը  դպրոցի գրադարանավարուհին է, մյուս երկու թեկնածուների՝ Մարիամ Հովհաննիսյանի ու Շուշանիկ Հովհաննիսյանի անունների դիմաց որևէ բան նշված չէ։ Գյուղի գործող ավագանու հինգ անդամներից երկուսն են կանայք՝ Գայանե Պետրոսյանն ու Ազգանուշ Խաչատրյանը։ Առաջադրված միակ տղամարդ թեկնածուն գյուղի դպրոցի տնօրենն է՝  Սարգիս Հովհաննիսյանը։

 

Լոռու մարզի Խնկոյան համայնքում գրանցված վեց թեկնածուներից 2-ն են կանայք՝  անկուսակցան Վարդուհի Ավագյանն ու Սիրանուշ Հարությունյանը։  Ըստ Մարզպետարանի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, ավագանին երեք անդամ ունի,  նրանցից մեկը կին է։

 

Նույն մարզի Ղուրսալ գյուղում 6 թեկնածու է գրանցված, մեկը կին է։ Անկուսակցական Վերգինե Կարապետյանը գործող ավագանու անդամ է։ Ավագանին կազմված է չորս անդամից։

 

Ըստ էության աս ընտրություններում թերևս միակ անակնկալը կանանց մասնակցության տեսակետից   Դիտակ համայնքում նրանց ակտիվությունն է։ Մյուս համայնքներում  կին թեկնածուների սակավության  ավանդույթները շարունակվում են։

 

Հիշեցնենք, որ թեկնածուների առաջադրումն իրականացվել է մայիսի 5-10-ը, գրանցումը կատարվել է մայիսի 10-15-ը։ Թեկնածուներն ինքնաբացարկ կարող են հայտնել մինչև հունիսի 30-ը ժամը 18։00 ներառյալ։  Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մայիսի 22-ին, կշարունակվի մինչև հունիսի 7-ը։

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .

 

ՏԻՄ հերթական ընտրություններ. ռեկորդակիր է Դիտակ համայնքը

Առաջիկայում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են լինելու 9 համայնքներում

Հերթական ՏԻՄ ընտրությունների նախաշեմին. կին ավագանիներից քանի՞սն են առաջադրվելու

Ավագանու կին թեկնածուներից երեքն առավելագույն ձայներ ստացան իրենց համայնքներում

ՏԻՄ ընտրություններ-2019. Ո՞ւր են կանայք

ՏԻՄ-երում կանանց ներկայացվածությունը հասել է նվազագույնի/ ինֆոգրաֆիկա

 

 

 

 

Դիտումների քանակը` 306

Վերադառնալ վերև