Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՏԻՄ 2019. կանայք պայքարելու են միայն ավագանու ընտրություններում

Սպառվել է սեպտեմբերի 29-ին նախատեսված ՏԻՄ հերթական ընտրություններում թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետը։ Համայնքապետի թեկնածուների թվում որևէ կին չկա։ Ավագանու անդամի համար  ընդհանուր առմամբ առաջադրվել է 33 թեկնածու, որից 5-ը կանայք են։

 

 

Նշենք, որ համայնքերը, որտեղ ՏԻՄ հերթական ընտրություններ էին նախատեսված, նվազել են։ Եթե ավելի վաղ Կենտրոնական ընտրական  հանձնաժողովը  հայտարարել էր, որ ընտրություններ են լինելու 17 համայնքում, ապա այսօր ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված է 13 թիվը։ WomenNet.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ընտրական հանձնաժողովից հաստատեցին՝ համայնքների թվում տեղի է ունեցել փոփոխություն։  Այն, ինչպես պարզաբանեցին  ԿԸՀ-ից, մարզպետների կողմից իրենց ավելի վաղ կայացրած որոշումների չեղարկման արդյունքում է փոխվել։ «Գեղարքունիքի մարզպետի 08.08.2019թ. N487-Ա, Լոռու մարզպետի 08.08.2019թ. N495-Ա, Շիրակի մարզպետի 07.08.2019թ. N373-Ա, Կոտայքի մարզպետի 01.08.2019թ. N160-Ա որոշումներով կատարված փոփոխությունների հաշվառմամբ ԿԸՀ-ի  պաշտոնական կայքում հրապարակված թվով 17 համայնքների ցանկից հանվել են թվով 4 այն համայնքների անվանումները, որոնցում չեն անցկացվի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ 2019 թվականի սեպտեմբերի 29-ին»,-մանրամասնեցին հանձնաժողովից։

 

 

Այսպիսով, սեպտեմբերի 29-ին միայն համայնքապետ կընտրեն 9 համայնքում, մեկում՝ և համայնքապետ և ավագանի, 3-ում՝ միայն ավագանի։ Մարզպետների որոշումներով  ՏԻՄ ընտրություններ չեն լինի Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Շիրակի մարզի Անուշավան,  Կոտայքի մարզ Ողջաբերդ, Լոռու մարզի Անտառամուտ համայնքներում։

 

Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի համար նախատեսված հինգ օրերի՝ օգոստոսի 25-30-ի ընթացքում 10 համայնքում գյուղապետի  թեկնածու է առաջադրվել 31 քաղաքացի։ Համայնքապետի թեկնածուների թվում որևէ կին չկա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ  գյուղերից որևէ մեկը կին չի ղեկավարում։

 

Կանայք  մասնակցում են միայն ավագանու ընտրություններում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին հերթական կարգով ավագանի են ընտրելու 4 համայնքում՝ Արագածոտնի մարզի Շղարշիկ, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Լոռու մարզի Չկալով, Տավուշի մարզի Սարւգյուղ, Տավուշի մարզի Խաշթառակ։ Չորս համայնքում ընդհանուր առմամբ առաջադրվել է 33 թեկնածու, որից 5-ը կանայք են։

 

Այսպես՝  Արագածոտնի Շղարշիկ համայնքում գրանցված վեց թեկնածուների թվում կանայք չկան։ Համեմատության համար նշենք, որ գյուղի ավագանու նախկին կազմում էլ կանայք չեն եղել։

 

Տավուշի մարզի  Խաշթառակ գյուղում էլ գրանցված 8 թեկնածուների թվում կանայք չկան։ Գործող ավագանու բոլոր 7 անդամներն էլ տղամարդ են։

 

Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում ավագանու հինգ տեղի համար պայքարում է  11 թեկնածու։ Նրանցից երեքը կանայք են։ Կարինե Ասատրյանը գյուղի բուժմիավորումում բուժքույր է աշխատում, Լուիզա Ռևազյանը նույն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է, Օֆելյա Ռևազյանն Իջևանի զինկոմում տեսուչ է։ Նշենք, որ այս գյուղում էլ գործող ավագանու կազմում կանայք չկան։

 

Լոռու մարզի Չկալով գյուղի ավագանու հինգ տեղի համար գրանցված է 8 թեկնածու, նրանցից երկուսը կանայք են՝ անկուսակցական Հասմիկ Քոչինյանը, ով նույն գյուղի դպրոցում ուսուցչուհի է աշխատում, և անկուսակցական Մանուշակ Քոչարյանը։ Այս գյուղում էլ ավագանու բոլոր անդամները տղամարդիկ են եղել։

 

Գրանցումից հետո թեկնածուներն ինքաբացարկի հնարավորություն ունեն, կարող են դիմել  մինչև սեպտեմբերի 19-ը։ Նախընտրական քարոզչությունը մեկնարկում է սեպտեմբերի 11-ից։

 

 Ի դեպ, այս տարվա ընթացքում ևս մեկ անգամ ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն դեկտեմբերի 8-ին։ ԿԸՀ-ն որոշումը կայացրել է հուլիսի 30-ի նիստում։ Հիշեցնենք, որ 2019 թվականի ՏԻՄ հերթական ընտրությունների քվեարկության օրեր էին սահմանվել` 2019 թվականի փետրվարի 17-ը, հունիսի 9-ը և սեպտեմբերի 29-ը:

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 542

Վերադառնալ վերև