Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հունիսի 14 -ին խոշորացման ընտրություններ են անցկացվելու Լոռու և Տավուշի մարզի մի շարք համայնքներում

Այսօրվա ՀՀ կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի ընդունման արդյունքում կապահովվի Լոռու և Տավուշի մարզում  հունիսի 14-ին  անցկացվող համայնքների միավորման գործընթացի իրավական բազան:

 

Մասնավորապես, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 2 ծրագիր՝ ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո, Տավուշի մարզի Իջևան համայնքային փնջերում: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու արդյունքում՝ նախատեսվում է այդ համայնքներում 2020 թ. հունիսի 14-ին անցկացնել համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ:

 

Հիմնավորման համաձայն՝ 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 52 ծրագիր, ինչի արդյունքում 465 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 52 համայնք: Օրինագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը. ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո՝ Լերմոնտովո, Անտառաշեն (թվով 2), ՀՀ Տավուշի մարզի Իջևան՝ Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.), Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն (թվով 19): Առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 21 համայնք, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 2 համայնք: Տավուշի մարզում համայնքների միավորման գործընթացը կավարտվի:

 

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ճիշտ կառավարման և վարչատարածքային ճիշտ բարեփոխում իրականացնելու պարագայում խոշորացված համայնքները մի քանի անգամ ավելի արդյունավետ են. «Նրանց իրավասության տիրույթում գտնվող ֆինանսական միջոցներն օգտագործվում են շատ ավելի արդյունավետ և բնականաբար դրանից շահում է համայնքը և համայքնի բնակիչը»:

 

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև այն գործընթացը, որը տեղի է ունենում այն դեպքում, երբ համայնքը չի ցանկանում միավորվել: «Ձևավորվում է նախաձեռնող խումբ, որն իրականացնում է ստորագրահավաք: Համայնքի ընտրողների 20 տոկոսի ստորագրությունն ունենալու պարագայում դիմում է համայնքապետարան: Համայնքապետարանը, եթե ի վիճակի է ֆինանսապես իրականացելու հանրաքվե, ապա դիմում է համապատասխան մարմիններին և անցկացվում է հանրաքվե: Եթե հանրաքվեի արդյունքում ընտրողների 50 տոկոսից ավելին կողմ է արտահայտվում առաջադրված հարցմանը, ապա այդ պարագայում մեզ համար ակնհայտ է դառնում տվյալ համայնքի դիրքորոշումը: Սա է այն հնարավորությունը, որը մենք ստեղծել ենք և որը համապատասխանում է քաղաքական այն հայտարարություններին, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք: Միևույն ժամանակ ես կոչ եմ անում հանրությանն այս գործընթացին վերաբերվել ինչպես ՀՀ պատասխանատու, իր համայնքի համար պատասխանատու քաղաքացի, չառաջնորդվել նեղ, անձնական, ազգակցական, կլանային շահերով, այլ առաջնորդվել համայնքի և պետության շահերով»,-ընդգծել է նախարարը :

 

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համայնքների խոշորացման հարցին, նշել է. «Այս գործընթացը կանգնել էր ոչ միայն ուսումնասիրությունների, այլև այն պատճառով, որ մենք հստակ հայտարարել էինք՝ առանց համայնքի բնակիչների համաձայնության, խոշորացումը տեղի չի ունենալու: Եվ մենք խոսել էինք տեղական հանրաքվեի ինստիտուտի ուժեղացման մասին: Քաղաքական այս թեզն իրագործելուն նվիրված քննարկումների արդյունքում, առաջացավ այսպիսի մի հարց. քանի որ հանրաքվե անցկացնելը որոշակի բեռ է համայնքային բյուջեի վրա, հարց առաջացավ, իսկ ինչո՞ւ ենք մենք պարտադրում հանրաքվե, եթե կարող է լինել դեպք, երբ առարկություն չկա խոշորացման վերաբերյալ: Այսինքն՝ կստացվեր, որ նույնիսկ այն դեպքերում, երբ առարկություն չկա, մենք, համայնքին պարտադրում ենք սեփական միջոցները ծախսել հարցի ակնհայտ պատասխան ստանալու վրա: Եվ հետևաբար մենք որոշեցինք չգնալ այս ճանապարհով, այլ գնալ մի փոքր այլ ճանապարհով: Երբ մենք հայտարարում ենք խոշորացման վերաբերյալ կառավարության մտադրության մասին, հայտարարում ենք համայնքների փունջը և այն համայնքում՝ նախկին համայնքում, ապագա բնակավայրում, որտեղ կա առարկություն, այդ համայնքում կարող են քաղաքացիներն իրենք նախաձեռնել հանրաքվե: Եվ երբ հանրաքվեն նախաձեռնվում է և դե յուրե արձանագրվում է, որ համայնքը, համայնքի մեծամասնությունը դեմ է խոշորացմանը, այդ պարագայում արդեն մենք այդ կարծիքը հաշվի ենք առնում, և ինչպես ասել ենք՝ նման պարագայում ձեռնպահ կմնանք խոշորացումից»,-ասել է վարչապետը:

 

Կառավարության ղեկավարի դիտարկմամբ խոշորացման արդյունքում գյուղը, համայնքը չի վերանում։ «Ինչպես կա մարզ, քաղաք, գյուղ, այնպես էլ խոշորացվածի պարագայում կա համայնք և կա բնակավայր: Եվ խոշորացվող գյուղերն արդյունքում դառնում են բնակավայր: Իսկ փոխարենը մենք տեսնում ենք, որ նաև համայնքի զարգացման տրամաբանության տեսակետից խոշորացված համայքներն ունեն բյուջե և հետևաբար այդ բյուջեն ունենալու բերումով ավելի մեծ աջակցություն են ստանում կառավարությունից: Միայն 2019թ. ընթացքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով 24 միավորված համայնքներին տրամադրվել է գյուղատնտեսական և այլ տեխնիկա՝ 1.2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:

 

Այս տարի մենք մոտավորապես 16 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացնում: Սուբվենցիոն ծրագիրն ի՞նչ է: Սուբվենցիոն ծրագիրը կառուցվող ճանապարհ է, լուսավորություն է, ջրագիծ է, մանկապարտեզ է, մշակույթի տուն է և այլն: Եվ այդ ծրագրերի ճնշող, գերակշիռ մեծամասնությունն իրականացվում է խոշորացված համայնքներում, որովհետև սուբվենցիոն ծրագիրը, մեր պատկերացմամբ, տարածքային զարգացման հիմնական գործիքն է: Ինչո՞ւ, որովհետև այդտեղ ջանք պետք է գործադրի նաև համայնքը, ջանք պետք է գործադրի նաև կառավարությունը: Մենք ասում ենք՝ սիրելի համայնք, բերեք ձեր զարգացման բովանդակային ծրագրերը, ապահովեք դրա ֆինանսավորման 40 տոկոսը, և մենք կապահովենք այդ ծրագրի ֆինանսավորման 60 տոկոսը, որոշ դեպքերում նույնիսկ ավելի մեծ տոկոս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ դա զարգացման շատ կոնկրետ մոդել է, շատ կոնկրետ տեսլական:

 

«Այն դեպքերում, երբ համայնքը դեմ է խոշորացմանը, թող նախաձեռնեն հանրաքվե, օրենքով սահմանված կարգով դե յուրե արձանագրեն բնակչության մեծամասնության դեմ լինելը, ընտրողների մեծամասնության դեմ լինելը, և համայնքի խոշորացումը տեղի չի ունենա: Սա է մեր մոտեցումը, ինչը, կարծում եմ, արդար է, համապատասխանում է մեր ստանձնած պարտավորություններին, համապատասխանում է համայնքների և Հայաստանի Հանրապետության շահերին: Բայց մեր կոչն այն է, որ այդ տեղային հայրենասիրության տրամաբանությունից դուրս գանք, որովհետև ժամանակակից չափանիշներով, ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունում այսօր միջինից մի քիչ մեծ քաղաքի թվով բնակչություն է ապրում: Եվ եթե մենք այսպես մարզ-մարզ, գյուղ-գյուղ առանձին ինքնություն ձևակերպելու պրոցես սկսենք, մեզ ոչ մի լավ բան ապագայում չի սպասվում»-ասել է վարչապետը:

 

Ըստ ՀՀ կառավարության  հաղորադագրության

 

 

Կարդացեք   թեմայի շուրջ մեր կայքում.

 

 Կանայք խոշորացված համայնքների ընտրություններում/տեսահոլովակ

 

Համայնքների խոշորացում. Նոր «ապակյա առաստաղ» կանանց համար/ ինֆոգրաֆիկա   

 

Տավուշ. Կանայք խոշորացված համայնքների ավագանիներում/ տեսանյութ

 

Խոշորացված համայնքներում կին ավագանիների թիվը երեք անգամ պակասել է

 

 

Դիտումների քանակը` 498

Վերադառնալ վերև