Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՏԻՄ ընտրություններ. առաջադրված կանանց թվում նաև «ոչ իրական» թեկնածուներ են նկատվում

Ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց Ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի 36 համայնքներում: Դրանցից 33-ում համայնքապետ են ընտրելու:

 

Համայնքապետի ընտրություններ

 

 Նախ նկատենք, որ այս ընտրությունների արդյունքում Հայաստանում կին քաղաքապետների թիվը փոփոխության չի ենթարկվի: Թալինը, Սպիտակն ու Հրազդանը հետագայում ղեկավարելու հայտ ներկայացրել են միայն տղամարդիկ:

 

Գյուղապետների թեկնածուների վերաբերյալ ԿԸՀ հրապարակած տեղեկատվությունը վերլուծելիս նկատում ենք, որ համայնքապետի ընտրություններում առավել «ակտիվ» են լոռեցի կանայք:

 

Լոռու մարզի Դաշտադեմ համայնքը 2012-ից ղեկավարող Մարինե Խռոյանն կրկին առաջադրվել է: Նրան սատարում է հարազատ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն: Երկրորդ թեկնածուն անկուսակցական Վահան Աղայանն է, նա ինքնաառաջադրված է:

 

Լոռու մարզի Խնկոյան համայնքում ևս երկու թեկնածու է առաջադրված: Գործող գյուղապետ ՀՀԿ-ական  Վարուժան Համբարձումյանի հետ մրցելու է եղբոր աղջիկը՝ Ռուզաննա Համբարձումյանը: Գյուղապետը WomenNet.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ առաջադրումը կատարվել է զուտ օրենքի պահանջն ապահովելու համար:

 

Արմավիրում համայնքապետ են ընտրելու ինը գյուղերում, միայն մեկում՝ Այգեկում է կին թեկնածու առաջադրվել: Այստեղ էլ ՀՀԿ-ական գործող գյուղապետի հետ առաջադրվել է գյուղապետարանում որպես օպերատոր աշխատող, ՀՀԿ-ական Քնարիկ Եղիազարյանը:

 

Կարող ենք ենթադրել, որ Լոռու մարզի Սարչապետ համայնքում ևս կնոջ առաջադրումը ձևական է, և իրական պայքար չի ընթանալու:   Գործող ՀՀԿ-ական գյուղապետ Բորիս Բարոյանի հետ առաջադրվել է անկուսակցական Անժելա Մարտիրոսյանը, ով աշխատում է գյուղապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղար:

 

Արագածոտնում ՏԻՄ ընտրություններ են նշանակված երկու համայնքում՝ Թալին, Վերին Սասնաշեն: Առաջադրվածների թվում կանայք չկան: Արարատում հինգ համայնքում գյուղապետ են ընտրելու: Այստեղ էլ կանայք բացակայում են:

 

Գեղարքունիքի երկու համայնքներից որևէ մեկում կին թեկնածու չի առաջադրվել: Կոտայքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու հինգ համայնքներում, կին թեկնածուներ չկան: Սյունիքի երեք գյուղերում համայնքապետի կին թեկնածուներ չեն առաջադրվել:

 

Վայոց Ձորում համայնքապետ են ընտրելու Գետափում: Բոլոր չորս թեկնածուներն արական սեռի ներկայացուցիչներ են:

 

Ավագանու ընտրություններ

 

Նույն օրը՝ ապրիլի 7-ին  վեց համայնքներում անացկացվելու են նաև ավագանու անդամի ընտրություններ: Թալինում ավագանու անդամի ընտրության  համար առաջադրվել է 32 թեկնածու: Նրանցից երեքն են կանայք: Նկատենք, որ Թալինի գործող ավագանին ունի 11 անդամ, որից մեկն է կին:

 

Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում ավագանու անդամի ընտրությունների համար առաջադրվել է 8 թեկնածու, որից միայն մեկն է կին: Լոռու մարզի Սարամեջ գյուղում նույն պատկերն է:

 

Լոռու մարզի Սարչապետ համայնքում ավագանու 8 թեկնածու կա, կին չկա: Սյունիքի Կուրիս համայնքում 6 թեկնածուներից մեկը կին է, իսկ Չափնի գյուղում վեց թեկնածուից երկուսն են կանայք:

 

Նշված բոլոր  համայնքներում նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մարտի 30-ին և կշարունակվի մինչև ապրիլի 15-ը: Թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 18:00-ն: Հենց այդ ժամանակ էլ, ամենայն հավանականությամբ, ի հայտ կգան ոչ իրական թեկնածուները՝ լինեն դրանք կին թե տղամարդ:

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

ԿԱՆԱՅՔ ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Արտահերթ ՏԻՄ ընտրություններ. կանայք միայն ավագանու անդամի թեկնածուներ են

ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք

Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված

2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել

ՏԻՄ ընտրություններ. կանայք մեծ թվով ձայներ են հավաքել

Կանայք ՏԻՄ ընտրություններում. դիտարկումներ առաջադրումներից

ՏԻՄ ընտրություններն ու կանայք. համայնքապետի պաշտոնը կանանց չի հրապուրում

ՏԻՄ ընտրություններ. կանայք կրկին ավելի քան պասիվ են

Ի՞նչն է խոչընդոտում կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում

Դիտումների քանակը` 2412

Վերադառնալ վերև