Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Թինա Մարգարյան. « Հանդես գանք նոր  ծրագրերով ու գաղափարներով, սեփական կարծիքը հայտնելու համարձակությամբ»»

 

Արտաշատ  համայնքում սեպտեմբերի 29-ին կայանալիք արտահերթ ՏԻՄ ընտրություններում ինքնաառաջադրված թեկնածու Թինա Մարգարյանը՝  կարևորելով ավագանու կազմում  կանանց  ներգրավվածությունը,  ընդգծում  է, որ ավագանու  նիստերում կանայք պետք է  հանդես գան  նոր  ծրագրերով ու գաղափարներով, աչքի ընկնեն  ակտիվ  գործունեությամբսեփական  կարծիքը  հայտնելու  համարձակությամբ:

 

Ծնվելով  մտավորականի  ընտանիքում Թինան մեդալով ավարտում է Արտաշատի թիվ 4 հիմնական  դպրոցն ու միաժամանակ Մելիք Փաշաևի անվան  երաժշտական դպրոցի դաշնամուրի  բաժինը, որից  հետո ուսումը  շարունակում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական  մանկավարժական համալսարանի բիոքիմայի  բաժնում: Այն ավարտելուց  հետո մանկավարժության  ամբիոնում  ձևակերպվում է որպես հայցորդ ու հանձնում  բոլոր  քննությունները, սակայն  շարունակում է ուսումը միայն  կարճատև  ընդմիջումից հետո:  2000 թվականից աշխատել է Արտաշատի հիմնական դպրոցում որպես կենսաբանության  ուսուցչուհի, 2014 թ. ընտրվել է Գետազատ համայնքի դպրոցի  տնօրեն, իսկ 2018 թ-ից՝ Արտաշատ քաղաքի Արարատ Գոլեցյանի անվան հիմնական դպրոցի տնօրենն է:

 

Թինա Մարգարյանը լինելով երեք  զավակների  մայր ու միաժամանակ  դպրոցի հոգսերով   ծանրաբեռնված տնօրեն, այնուհանդերձ որոշել է իր պարտականությունների բեռն ավելացնել նաև ավագանու դժվար ու պատասխանատու  աշխատանքով:

 

-Լինելով  բազմազբաղ, այնուամենայնիվ որոշել եմ մասնակցել ՏԻՄ   ընտրություններին,  որոշումն ինքս եմ  կայացրել, քանի որ  ցանկանում եմ  օգտակար  լինել իմ քաղաքի  խնդիրների լուծմանը: Ես  չեմ  կարող ասել, որ եթե այսօր խնդիրներ  կան, ուրեմն քաղաքային  իշխանությունները  կամ ավագանին թերացել են  իրենց  աշխատանքում: Քաղաքի զարգացմանը զուգահեռ  խնդիրներ  միշտ էլ  կլինեն,  պարզապես  դրանց պետք է տրվի համակարգված լուծում: Դպրոցում կարևորում եմ  ջերմ ու անկեղծ  շփումը  երեխաների  հետ, ինչպես հայտնի մանկավարժ Մակարենկոն է ասել՝  «Երեխայի  հոգին անգրել տախտակ է», ուստի զգուշավոր,  սիրով ու հոգատարությամբ պետք է  վերաբերվել գրատախտակի  վրա  գրվածի  բովանդակությանը,  երեխաների  դաստիարակությանը: Ճիշտ են ասում, որ ուսուցիչները երբեք  չեն  ծերանում, որովհետև աշխատում են  երեխաների  հետ,  մենք էլ նրանց  հոգու ոսկերիչն ենք,- ասում է Թինա Մարգարյանն ու հավելում, որ  նույն պատասխանատվությամբ է  մոտենում ավագանու թեկնածուի  առաջադրմանը, քանի որ ավագանու կազմում  իր  գործունեությամբ  նպաստելու է  ոչ  միայն  իր աշակերտների, այլ  նրանց  ծնողների,  հարազատ քաղաքի բազմաբնույթ  հարցերի լուծմանը:

 

Թինա Մարգարյանի փոխանցմամբ  նա  կցանկանար  Արտաշատը տեսնել շատ  ավելի  մաքուր,  վերանորոգված ու լուսավորված  փողոցներով, կանաչապատ, կրկնապատկված թվով գեղեցիկ այգիներով, խաղահրապարակներով ու տարեցների  համար կառուցված  տաղավարներով: Թվարկածը այն  անելիքներն են, որոնք  ներառված են թեկնածուի  նախընտրական  ծրագրում և որոնք  պատրաստակամ է  կատարել ավագանու անդամ  դառնալու  դեպքում:

 

Ի  պատասխան երբեմն  շրջանառվող  այն  կարծիքին, թե  ավագանու թեկնածու առաջադրվում են հիմնականում  շահադիտական  նկատառումներից  դրդված, Թինա Մարգարյանը պատասխանում է. «Կարող եմ ասել, որ դա  այնքան էլ այդպես  չէ,  իմ  պարագայում՝ ոչ,  ես ունեմ այն ամենը,  ինչ  հարկավոր է  լիարժեք կյանքով ապրելու համար,  պարզապես  ուզում եմ ավագանու  մյուս անդամների  հետ  լուծել քաղաքում առկա մեծ ու փոքր  խնդիրները»:

 

Ավագանու թեկնածուի  համար  պակաս  կարևոր  չէ  նաև ավագանու անդամի,  բնակչի համար օրենքների,  հանրային  կյանքի   մասին  տեղեկացվածությունը, քանի որ ժամանակակից աշխարհում  արագահոս դեպքերին ու  իրադարձություններին անտեղյակ  մարդը չի  կարող կառավարել իր,  քաղաքի,  պետության գործերը: Այս  հարցում  օգնության է  հասնում  համացանցը, որի  միջոցով ու նաև  բնակիչների հետ  անցկացվող  հանդիպումների  շնորհիվ Թինա Մարգարյանն  փորձում է  իր  ծրագրերը  հասանելի  դարձնել   ընտրողներին:

 

Ինչ վերաբերում է հանրային  կյանքի բարելավման  գործում  կանանց  մասնակցությանը, ապա Թինա Մարգարյանը միանշանակ  կողմ է  ավագանու կազմում  նրանց  ավելացմանը, քանի որ, ըստ  նրա,  կանայք ավելի շրջահայաց են  և գործունյա:

 

-Վերջին  տարիներին  քաղաքականության  մեջ ու հանրային  կյանքում կնոջ դերն   ավելի է  ակտիվացել ու  չեմ  կարծում, թե  դրանից  կնոջ  ընտանիքը  տուժում է: Ես  բոլոր  կանանց  անունից չեմ  կարող  հայտարարել,  սակայն  համոզված եմ, որ  կանանց  ունակություններն ու  կարողությունները   կնպաստեն հանրային  կյանքի  բարելավմանն ուղղված այն  բոլոր խնդիրների լուծմանը, որոնցում շատ հաճախ տղամարդիկ թերանում են, – համոզված է ավագանու թեկնածուն:

 

 

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 622

Վերադառնալ վերև