Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

2019-ի իրադարձությունների թոփ տասնյակը՝ WomenNet.am-ի ներկայացմամբ

 

WomenNet.am-ը  ներկայացնում  է 2019 թվականի կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող  իրադարձությունների իր թոփ տասնյակը: 

 

 

  1. Մարտի 8-ը նշանավորվեց Ազգային ժողովի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ

 

Մարտի 8-ին ր ԱԺ Ոսկեզօծ դահլիճում Ազգային Ժողովի և կանանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ՝  ստեղծել համագործակցության հարթակ   ՀՀ օրենսդիր իշխանության և քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչների միջև՝  կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրական հավասարությունն  ապահովելու ուղղությամբ  ջանքերը համատեղելու համար: Ստորագրումը տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ «ՕքսԵՋեն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառման ընթացքում:

 

 

2019-ի ընթացքում  հարթակի շրջանակում  տեղի ունեցան  10 հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկված առաջարկներից 5- ը վերածվեցին օրենսդրական նախափեռնությունների , ևս  9 -ը դեռ ընթացքի մեջ են:

 

Կարդալ ավելին.

 

 

 

  1. Տարիքային խտրականությունն աշխատանքի շուկայում արգելվեց օրենքով

 

Գործատուները այլևս իրավունք չեն ունենա տարիքային սահմանափակում նշել աշխատանքի հայտարարություններում, քանի որ դա արգելվելու է օրենքով: Սեպտեմբերի 10-ին Ազգային ժոովը միաձայն  ընդունեց օրենքի նախագիծը,  որով առաջարկվում էր աշխատանքի ընդունվելիս կամ աշխատանքային հարաբերությունների ընթացքում տարիքային սահմանափակումն օրենքով ֆիքսել որպես խտրականություն:  Օրենքի նախագծի քննարկման ընթացքում խտրականության դրսևորումների  շարքին դասվել են նաև մի շարք այլ հատկանիշներ: Արդյունքում  ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը լրացվել է  նոր 3.1. « Խտրականության արգելումը» հոդվածով…  

 

 

Կարդալ ավելին.

 

 

 

  1. «Չկա այնպիսի փաստարկ , որը կարդարացնի կանանց  նվազ մասնակցությունը ՏԻՄ-երում»

 

Փետրվարին  կայացավ «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի պաշտոնական մեկնարկը, որն  իրականացվելու է  2.5 տարվա ընթացքում  Հայաստանի 450 չխոշորացված համայնքներում ՄԱԿ- Զարգացման  ծրագրի և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից  ՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությամբ և Մեծ Բրիտանիայի «Լավ Կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ։

 

Նշենք, որ 2019-ի ընթացքում  ՏԻՄ  ընտրություններ անցկացվեցին չորս անգամ ՝ փետրվարի 17-ին, հունիսի 9-ին, սեպտեմբերի 29-ին, դեկտեմբերի 8-ին։ Ընդհանուր առմամբ, այդ ընտրությունների արդյունքում ընտրված 60 համայնքապետերից միայն մեկն է կին (1.6%) , ավագանու 178 անդամներից 17-ն են (9.5%)  կանայք։

 

Հիշեցնենք, որ 2019 ապրիլի դրությամբ   հանրապետության  502 համայնքներում  կին համայնքի ղեկավարների թիվը  1.6% է եղել, իսկ ավագանիների կազմում  կանայք  9,7% են  կազմել:

 

Կարդալ ավելին.

 

 

 

  1. Հաստատվեց Գենդերային քաղաքականության ռազմավարությունը և ձևավորվեց Կանանց հարցերով խորհուրդը

 

ՀՀ կառավարությունը  սեպտեմբերի 19-ին  որոշում է ընդունել «Գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին»:  

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  նոյեմբերի 21-ին  որոշում  ստորագրեց կանանց հարցերով խորհուրդ ստեղծելու մասին։ Խորհուրդը գլխավորեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Խորհուրդը ստեղծվել է կանանց խնդիրներին վերաբերող աշխատանքները համակարգելու և կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման ազգային մեխանիզմ ձևավորելու նպատակով: Ըստ էության, խորհուրդն է հանդիսանալու  Հայաստանում գենդերային հավասարության ապահովման ազգային մեխանիզմ: Դեկտեմբերի 10-ին տեղի  ունեցավ  Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը:

 

Կարդալ ավելին.

 

 

 

  1. Կուսակցությունները պատասխանատու են կանանց քաղաքական առաջընթացի համար

 

ՀՀ Ազգային ժողովում սկսվեցին   «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների շուրջ քննարկումները, որոնց շրջանակում ի թիվս այլ հարցերի  առաջին անգամ  բարձրաձայնվեցին  կուսակցություններում  կանանց ներգրավման և  նրանց քաղաքական առաջընթացն ապահովելու հարցում կուսակցությունների պատասխանատվությունը: Առաջարկների թվում է՝  կուսակցությունների ղեկավար մարմիններում  կանանց ու տղամարդկանց ներկայացվածության քվոտավորումը, ինչպես նաև կուսակցությունների հիմնադիր փաստաթղթերում և ներքին կանոնակարգերում  գենդերային զգայուն սկզբունքների ներառումը:

 

 

Կարդալ ավելին.

 

 

 

  1. Անհրաժեշտ են փոփոխություններ՝ աջակցելու փոքրիկ երեխաներ ունեցող ընտանիքներին

 

2019 -ի օգոստոսին  ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակեց  ընտանիքամետ քաղաքականությունների վերաբերյալ նոր առաջարկություններ;  «Ընտանիքամետ քաղաքականություն. ձևավորելով ապագայի աշխատավայրը» հայեցակարգում նշվում է, որ վճարվող ծնողական արձակուրդների, կրծքով կերակրման համար նախատեսված ընդմիջումների, երեխայի նպաստների և հասանելի ու որակյալ խնամքին վերաբերող քաղաքականությունները դեռևս աշխարհում հասանելի չեն ծնողների ճնշող մեծամասնությանը:

 

ՀՀ  Կառավարությունը՝ մի կողմից,  հայտարարեց, որ կանանց համար աշխատանքային կարիերայի  և ընտանեկան խնամքի համատեղման հնարավորությունների ապահովումն իր առաջնահերթություններից է, մյուս կողմից՝  ժողովրդագրական իրավիճակի բարելավման շրջանակում,  ազդարարեց, որ բոլոր ծրագրերը պետք է ուղղված լինեն նրան, որ 2021թ.-ից Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական յուրաքանչյուր ընտանիք ունենա ցանկություն և հնարավորություն ունենալու նվազագույնը երեք երեխա: Այդ նպատակով խոստացավ   2020 թվականից՝  վեց անգամ բարձրացնել առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը, երկու անգամ բարձրացնել երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը, 41 տոկոսով բարձրացնել աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը, վերացնել «մանկապարտեզի հերթ» կոչված արատավոր երևույթը ….

 

Ի դեպ,  Երևանի ավագանու նախաձեռնությամբ,  2019 սեպտեմբերից Երևանի մանկապարտեզներում գործում են վճարովի երկարօրյա խմբեր, որոնք հնարավորություն կտան աշխատող ծնողներին այլևս գլուխ չկոտրել այն հարցի վրա, թե ինչպե՞ս երեխային մանկապարտեզից վերցնել ամենաուշը 17։30-ին, եթե քո աշխատանքային օրն ավարտվում է 18։00-ին կամ 19։00-ին:

 

 

Կարդալ ավելին.

 

 

 

  1. «Կանայք  նման են թթվածնի, ինչքան վերև ես բարձրանում, այնքան նրանք քիչ են» 

 

 Որոշումների ընդունման մակարդակում կանանց ներկայացվածության խնդիրը հայտնվեց ուշադրության կենտրոնում,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  ֆեյսսբուքյան էջում արված  գրառումից  հետո, որում ինքը անդրադարձ էր կատարել  կառավարության կազմում կանանց մասնակցության ցուցանիշներին: Գրեթե նույնը նա կրկնեց  ավելի ուշ ,  իր «100 փաստ Նոր Հայաստանի մասին» սեպտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

 

«Մեր կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի երեք տեղակալներից երկուսը կանայք են: ՊԵԿ նախագահի տեղակալներից մեկը կին է, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը կին է: Բացի դա՝ կանայք են ղեկավարում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Սոցիալական ապահովության ծառայությունը, Զբոսաշրջության պետական կոմիտեն: Այս ցանկը կարելի է շարունակել, բայց կարծում եմ՝ մեր կառավարությունը կանանց ներգրավվածությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր նախկին կառավարություններին»,- նշել էր  վարչապետը: Վարչապետի այս անդրադարձն էր ինքնին կարևոր էր,  հատկապես եթե հաշվի առնենք իր իսկ  կողմից նախկինում արված հայտարարությունները, թե որքան են նոր իշխանությունները կարևորում կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում: Սակայն  հետաքրքիր էին արձագանքները  վարչապետի այս գրառմանը , որոնք շատ հակասական էին: Եթե մի կողմ դնենք   գրառման տակ թողած ոչ ադեկվատ ու թեմային չվերաբերող մեկնաբանությունները , ապա ստիպված ենք փաստել, որ  Փաշինյանի գրառումը ոչ թե գովեստի խոսքեր, այլ  քննադատության ալիք  առաջացրեց … Կարծիքների մեծ մասը տեղավորվում էր ԵԽԽՎ-ի  նախագահ Լիլիան Մորի Պասկեյի կողմից  հնչեցված դիպուկ  բանաձևի շրջանակներում՝   «Կանայք նման են թթվածնի, ինչքան վերև ես բարձրանում, այնքան նրանք քիչ են»…

 

 

Կարդալ ավելին .

 

 

 

  1. «Ստամբուլյան կոնվենցիայում չկա որևէ դրույթ, որը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը»

 

 2019-ը նշանավորվեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ մեծ աղմուկով, դրա բովանդակության  մասին  մանիպուլյատիվ բնույթի մեկնաբանություններով և սոցիալական ցանցերում բռնության խնդրով զբաղվող  իրավապաշտպանների վրա հարձակումներով:  ՀՀ Կառավարությունը՝ փորձելով  փարատել հասարակությունում առկա   մտահոգությունները,  դիմեց  Վենետիկի հանձնաժողովին՝  Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման սահմանանադրական հետևանքների մասին  պաշտոնական կարծիք ստանալու խնդրանքով:  Վենետիկի հանձնաժողովը հոկտեմբերի 11-ին հրապարակեց իր  կարծիքը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ ՝ նշելով, որ Ստամբուլյան կոնվենցիայում չկա որևէ  դրույթ, որը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։

 

 

«Կոնվենցիայի հիմնական պարտավորությունն է՝ կանխարգելել և պայքարել կանանց նկատմամբ, ընտանեկան բռնության  դեմ, որը  բխում է ՀՀ Սահմանադրությունից և մարդու իրավունքների  վերաբերյալ այլ պայմանգրերից, որոնց միացել է Հայաստանը», – ասված է  հանձնաժողովի եզրակացություններում:

 

 

Կարդացեք ավելին.

 

 

 

  1. #MeToo շարժումը Հայաստանում

 

Միջազգային #MeToo շարժումն   իր յուրահատուկ շարունակությունը ստացավ Հայաստանում  չեխ աղջիկ Էվայի հրապարակված   պատմությունից հետո, որում նա պատմեց թե ինչպես է  Հայաստանում անցկացրած մեկ տարվա ընթացքում բազմիցս սեռական ոտնձգությունների  ենթարկվել, մեկ անգամ էլ՝ բռնաբարության փորձի: Այդ հրապարկումից հետո   լրագրող Լյուսի Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում  #բռնության_ձայնը հեշթեգով արշավ  սկսեց՝ հրապարակելով իրեն ուղարկված բազմաթիվ նամակներ, որտեղ կանայք և աղջիկները, նաև՝ տղամարդիկ պատմում են իրենց նկատմամբ բռնության դեպքերի մասին։ Սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ ծավալվեցին թեմայի շուրջ, հնչում էին կարծիքներ, որ նամակները հորինված են։ Ի պատասխան այդ կարծիքներին, ՍիվիլՆեթի լրագրող  Գևորգ Թոսունյանն առանձնացրեց  իրական դեպքեր՝ վերցված «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Դրանք բոլորն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով քրեական գործեր են, որոնցով հանցագործությունն ապացուցվել է…

 

 

Կարդալ ավելին

 

 

 

  1. Եվրոպայի խորհուրդն ընդդեմ սեքսիզմի

 

2019-ի հունվարին  մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակում  կազմակերպվեց խորհրադարաններում կանանց նկատմամբ սեքսիզմի, ոտնձգության ու բռնությունների դեմ   ակցիա՝ #NotInMyParliament  հեշթեգով։ Վեհաժողովի նախագահ  Լիլիան Մորի Պասկեն՝ շնորհակալություն հայտնելով  խորհրդարանականներին ակցիային մասնակցելու համար,  հույս հայտնեց, որ խորհրդարաններում սեքսիստական կարծրատիպերի  դեմ այդ ակցիան կտարածվի նաև աշխատանքային այլ ոլորտների վրա: 

 

 

Ուշագրավ է, որ այս պահին ԵԽ ղեկավարների թվում շատ կանայք  կան։ Այսպես՝  ԵԽԽՎ նախագահը Լիլիան Մորի Պասկիյեն է, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն է  Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը,  ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը Գաբրիելա Բատաինի-Դրագոնին է: Մարդու իրավունքների հանձնակատարը Դունյա Միյատովիչն է։, Համաձայն Վեհաժողովի էջում հրապարակված վիճակագրության, ԵԽԽՎ անդամների 34 տոկոսը կանայք են, այն պարագայում, երբ ազգային խորհրդարաններում ներկայացվածությունը միջինում  25.92 տոկոս է։

 

 

Կարդալ ավելին.

 

Դիտումների քանակը` 417

Վերադառնալ վերև