Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Անհնար է մոռանալ այդ ամենը»

Ցանկացած զինված հակամարտության հետեւանքներն ավելի երկար են կյանք են ունենում, քան բուն պատերազմը: Արցախյան պատերազմն այդ առումով բացառություն չէ: Նույնիսկ պատերազմ չտեսած սերունդը կրում է այդ պատերազմի հետեւանքները: Ծովինար Առստամյանը մեկն է այն բազմաթիվ քաղաքացիներից, որոնք տուժել են պատերազմից հետո մնացած ռումբերից եւ ականներից:

 

«Մեր կովերը կորել էին, ես ու եղբայրս գնացել էինք դաշտ կովերին գտնելու համար: Թթենիների այգի կար, այդտեղ թփերի տակից ռումբ գտանք… Ես փոքր էի՝ 9 տարեկան, ախպերս երկու տարի մեծ էր ինձնից»,- Մարտունու շրջանի Գիշի գյուղում ծնված Ծովինար Առստամյանը մանրամասնորեն վերհիշում է 10 տարի առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարը: 19-ամյա աղջիկն ասում է, որ երբեք չի կարող մոռանալ այդ դժբախտ պատահարը: «Դա տպված է հիշողությանս մեջ»:

 

Ծովինարի եղբայրը ռումբը հարվածել է քարին: Առաջին հարվածից այն չի պայթել: Փոքրիկ աղջիկը կանխել է եղբոր երկրորդ հարվածը: Սակայն երրորդ հարվածը ճակատագրական է եղել երկուսի համար էլ:

 

«Ես չհասկացա, թե ինքը ոնց երրորդ անգամ խփեց, ու ռումբը պայթեց: Պայթյունի պահը չեմ հիշում, միայն հիշում եմ, որ երբ ուշքի եկա, տեսա, որ եղբայրս ընկած է գետնին, իսկ ես ոչինչ չէի զգում, միայն հասկանում էի, որ չեմ կարողանում քայլել»,- «WomenNet.am»-ի հետ զրույցում պատմեց Ծովինարը:

 

Նրա եղբայրը՝ Ալբերտը, պայթյունից անմիջապես հետո մահացել է, իսկ աղջկան փրկել են մոտակա ճանապարհով անցնող գյուղացիները, որոնք նրան անմիջապես հիվանդանոց են հասցրել: «Երբ ինձ տարան հիվանդանոց, մեջս էլ արյուն չէր մնացել,ամբողջովին արյունահոսել էի, բոլորին թվում էր, թե մահացել եմ, բայց ես փրկվեցի»:

 

Վիրահատությունից հետո 9-ամյա Ծովինարը 4 օր ուշքի չի եկել, իսկ ուշքի գալուց հետո պարզվել է, որ պետք է վիրահատեն նաեւ նրա աչքը: Սակայն այդքանով բժշկական միջամտությունը չի ավարտվել: Պայթյունից վնասվել էր նաեւ Ծովինարի ոտքը: Աղջկա աջ ոտքի աճը կանգ է առել եւ տարիների ընթացքում ոտքերի երկարությունը տարբերվում է իրարից:

 

«Հիմա 18 միլիմետրի տարբերություն կա, եթե տարբերությունը անցնի 2 սանտիմետրը, նորից պետք է վիրահատեն, թե չէ ողնաշարիս հետ խնդիրներ էլ կունենամ: Արդեն երկու անգամ վիրահատվել եմ»,- ասում է Ծովինարը:

 

Բարերարները օգնել են ընտանիքին վիրահատական ծախսերը հոգալու համար: Առաջիկա վիրահատության համար եւս Ծովինարն աջակցության կարիք ունի, քանի որ ընտանիքը չի կարող հայթայթել վիրահատության համար անհրաժեշտ գումարը:

 

Երիտասարդ աղջիկը, ներկայումս, փորձում է ապրել ինչպես իր բոլոր հասակակիցները. սովորում է Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց » համալսարանում Օտար լեզուների բաժնում, ցանկանում է դառնալ անգլերենի մասնագետ:

 

Ծովինարի ծնողները շարունակում են ապրել այն գյուղում, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը. Ստեփանակերտում սովորող դուստրն այցելում է ծնողներին շաբաթ-կիրակի օրերին: «Ամեն անգամ երբ գնում եմ գյուղ, չեմ կարողանում չհիշել այդ դեպքը: Անհնար է մոռանալ այդ ամենը…Ես ու եղբայրս շատ կապված էինք իրար հետ: Այնքան խենթություններ ենք արել միասին…Ես նրան շատ եմ կարոտում»:

 

Արման Ղարիբյան

 

Դիտումների քանակը` 1737

Վերադառնալ վերև