Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Աշխարհի և Հայաստանի բնակչության հեռանկարներն ու մարտահրավերները

 

  • Այսօր աշխարհի բնակչությունը կազմում է 7.7 միլիարդ մարդ, բայց ընդամենը 10 տարի հետո կհասնի 8.5 միլիարդի, 2050թ. ՝ 10 միլիարդի, իսկ 2100-ին՝  մոտ 11 միլիարդի։ 
  • Ծնելիության մակարդակը տարբեր երկրներում շատ տարբեր է՝ Նիգերիայում մեկ կնոջ հաշվով այդ ցուցանիշը 7-ն է, Սինգապուրում՝ 0.9։
  • Աֆրիկայում բնակչությունը մինչև 2050 թվականը կրկնապատկվելու է՝ գրանցվելով մոտ 99 տոկոս աճ, սակայն Եվրոպայում բնակչության ընդամենը 2 տոկոս աճ է գրանցվելու։
  • 2018-ին առաջին անգամ 65-ից բարձր տարիքի բնակչության թիվը գերազանցեց մինչև 5 տարեկան երեխաների թվին

 

 

Կահիրեի համաժողովից 25 տարի անց

 

Հուլիսի 11-ը նշվում է որպես Բնակչության համաշխարհային օր։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցչի պաշտոնակատար Ծովինար Հարությունյանն օրվան ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանը փաստեց՝ այն առիթ է խոսելու ժողովրդագրական հիմնախնդիրների մասին, վերլուծել  միտումները, ներկայացնել կանխատեսումները և առկա մարտահրավերները:  

«Առաջին անգամ ամբողջ աշխարհը սկսեց այս հիմնախնդիրներին շատ լուրջ վերաբերվել 25 տարի առաջ, երբ Կահիրեիում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման միջազգային համաժողովը (ICPD)։ 179 երկրների ղեկավարներ կարևորեցին խնդիրը և գործողությունների ծրագիր մշակվեց, թե ինչ պետք է արվի, որպեսզի իրավիճակը բարելավվի»,-պատմական փոքրիկ ակնարկ ներկայացրեց հիմնադրամի ներկայացուցիչը, ապա հիշեցրեց, որ համաժողովի 25-ամյակի առթիվ աշնանը Նայրոբիում անցկացվելու է բարձր մակարդակի համաժողով:

Նրա խոսքով, Քենիայի մայրաքաղաքում անցկացվելիք համաժողովում մասնակից երկրները քննարկելու են, թե ինչ առաջընթաց են գրանցել անցած տարիների ընթացքում, ինչպես պետք է համատեղ ջանքերով հասնեն խնդիրների լուծմանը։ Հայաստանից ևս մեծ պատվիրակություն է մասնակցելու։

 

«Շատ կարևոր է գիտակցել, որ միայն կառավարություններն ու պետությունները չեն կարող հասնել խնդիրների լուծմանը։ Յուրաքանչյուրն անելիք ունի»,-ընդգծեց բանախոսը։

 

Կանխատեսումներ

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել է «Աշխարհի բնակչության հեռանկարները» ուսումնասիրության արդյունքները։ Դրանք իրականացվում են 1950 թվականից, թարմացվում երկու տարին մեկ անգամ, վերաբերում են 235 երկրների։ Ինչպես նշեց Ծ. Հարությունյանը հաշվարկներն իրականացվում են առկա վստահելի աղբյուրների հիման վրա, վերաբերում են ժողովրդագրական հիմնական բաղադրիչներին՝ ծնելիություն, մահացություն, միգրացիա։ Կանխատեսումներն այսօր ներկայացվեցին նաև լրագրողներին, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ կանխատեսումները մնում են կանխատեսումներ ու հնարավոր է  որոշ գործոնների փոփոխության արդյունքում ակնկալվող արդյունքներն էլ փոխվեն։

 

 

Աշխարհի բնակչությունը կաճի՝ հասնելով  11 միլիարդի

 

 Ներկայացված կանխատեսումների համաձայն, աշխարհի բնակչությունը կշարունակի աճել։ Ներկայում բնակչությունը կազմում է 7.7 միլիարդ մարդ, բայց ընդամենը 10 տարի հետո կհասնի 8.5 միլիարդի՝ գրանցելով 10 տոկոս աճ, իսկ 2050թ. Երկրագնդի բնակչության թիվը կհասնի 10 միլիարդի, այսինքն աճը կկազմի 26 տոկոս։ 2100-ին արդեն բնակչության թիվը կհասնի մոտ 11 միլիարդի։ 

 

Ծ. Հարությունյանի խոսքով, տարբեր երկրներում աճի տեմպերը տարբեր են. Աֆրիկայում բնակչությունը մինչև 2050 թվականը կրկնապատկվելու է՝ գրանցվելով մոտ 99 տոկոս աճ, սակայն Եվրոպայում ընդամենը բնակչության 2 տոկոս աճ է գրանցվելու։

 

Աշխարհի բնակչության աճի 50 տոկոսից ավելին բաժին է ընկնելու 9 երկրի՝ Հնդկաստան, Նիգերիա, Պակիստան, Կոնգո, Եթովպիա, Տանզանիա, Ինդոնեզիա,  Եգիպտոս, ԱՄՆ։

 

«Ինչպես նկատեցիք, բնակչությունն առավել արագ է աճում աղքատ երկրներում։ 2027 թվականին Հնդկաստանը կդառնա աշխարհի ամենագերբնակեցված երկիրը՝ գերազանցելով Չինաստանին»,-ասաց նա։

Սակայն սրան զուգահեռ կան երկրներ, որտեղ բնակչությունը շարունակաբար կրճատում է գրանցում։ 2010 թվականից ի վեր 27 երկրում գրանցվել է բնակչության 1 տոկոսից ավելի կրճատում, ինչը հիմնավորվում է  ցածր ծնելիությամբ, մահացության բարձրացումով, արտագաղթով։ Օրինակ, մինչև 2050 Չինաստանի բնակչությունը կրճատվելու  է 31.4 միլիոնով կամ 2.2 տոկոսով։ Մինչև 2050 թվականը այդ երկրների ցանկը 27-ից հասնելու է 55-ի, ընդ որում 26 երկրներում նվազումը կազմելու է 10 և ավելի տոկոս։

Քիչ երեխաներ են ծնվում

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչի խոսքով, համաշխարհային մակարդակում կանայք սկսել են  ավելի քիչ թվով երեխաներ ունենալ, ծնելիության մակարդակը տարբեր երկրներում շատ տարբեր է։ Նիգերիայում մեկ կնոջ հաշվով այդ ցուցանիշը 7-ն է, Սինգապուրում՝ 0.9։

 

«1990 թվականին աշխարհում ծնելիության մակարդակը միջինում եղել է 3.2, հիմա ունեն       2.5, այս ցուցանիշը գնալով նվազելու է՝ հասնելով 2.2-ի»,-ասաց նա։

 

Աշխարհի բնակչության  մոտ կեսի բնակության վայրում  ծնելիությունը պարզ վերարտադրությունից ցածր է։  Հիշեցնենք, որ պարզ վերարտադրությանը համապատասխամնում է  2.1 շեմը։ Հայաստանը դասվում է  հենց այս երկրների շարքին. տարիներին շարունակ  մեր երկրում  պահպանվում է 1.6  ծնելիության գումարային գործակիցը։

 

Բնակչությունը ծերանում է

 

Աշխարհի բնակչությունը շարունակում է ծերանալ, քանի որ կյանքի սպասվելիք միջին տևողությունը շարունակաբար աճում է, միաժամանակ ծնելիությունը շարունակաբար նվազում է։ Կյանքի միջին տևողությունը՝ 73 տարեկանից հասնելու է 77 տարեկան։ 

 

 

«Կյանքի տևողությունն աճում է, քանի որ բարելավում են առողջապահական համակարգերը, դեղորայքային նոր գյուտեր են տեղի ունենում։  Այս պահին աշխարհում 65+ տարիքային խումբն ամենարագ աճողն է, 11 բնակչից մեկը 65+ է, սա կազմում է 9 տոկոսը, իսկ 2050-ին այն կլինի 6-ից մեկը՝ կազմելով 16 տոկոսը, Եվրոպայում յուրաքանչյուր 4-ից 1-ն է լինելու 63 տարեկան և ավելի բարձր տարիքի։ Հայաստանի ցուցանիշը շատ մոտ է լինելու Եվրոպայի ցուցանիշին։ Մեր կանխատեսումների համաձայն, 80+ տարիքային խմբի մարդկանց թիվը եռապատկվելու է՝ 2050-ին հասնելով 426 մլն-ի։ 2018-ին առաջին անգամ 65-ից բարձր տարիքի բնակչության թիվը գերազացեց մինչև 5 տարեկան երեխաների թվին»,-մանրամասնեց նա։

 

Միգրացիան՝ բնակչության թվի փոփոխման հիմնական պատճառ

 

Տվյալների համաձայն, որոշ երկրներում միգրացիան գնալով դառնում է  բնակչության թվաքանակի փոփոխման հիմնական  պատճառը, մինչդեռ նախկինում ավելի մեծ գործոն էին ծնելիությունն ու մահացությունը։ Օրինակ, վերջին 28 տարում Հայաստանից ավելի քան 1 միլիոն մարդ է արտագաղթել։ Այս առումով երկրները բաժանվում են երկու տիպի՝ միգրանտներ ընդունող և միգրանտներ ուղարկող։ Կանխատեսումների համաձայն, միգրանտ ընդունելու են   Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան,  Հյուսիսային Աֆրիկան, Արևմտյան Ասիան, Ավստրալիան։ 

 

Հայաստանի մասին


Ներկայումս ՀՀ  բնակչությունը կազմում է 2 միլիոն  962 հազար 100 մարդ: Ներկայացված կանխատեսումների համաձայն, մինչև 2025 թվականը Հայաստանի բնակչությունը կավելանա 15.000-ով, այնուհետև շարունակաբար կնվազի՝ հասնելով 2 միլիոն 816 հազարի, այսինքն` մոտ 150 հազարով բնակչության թվաքանակը կնվազի։

 

Ասուլիսի մասնակից ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանում այժմ ծնելիության գումարային գործակիցը 1.6 է, այսինքն մեկ կինն իր  ամբողջ վերարտադրողական  կյանքի ընթացքում ունենում է 1.6 երեխա։ Մինչև 2050 թվականն այն կշարունակի աճել՝ կազմելով 1.77 երեխա։

 

Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանի  բնակչությունը ներկայումս գրեթե 10 միլիոն է, այն շարունակելու է աճել՝ 2050-ին հասնելով 11 միլիոնից մի քիչ ավելիի։

Վրաստանում մոտակա 30 տարվա ընթացքում բնակչության թվաքանակը  գերթե կես միլիոնով նվազելու է, քանի որ ժողովրդագրական միտումները նման են Հայաստանի ցուցանիշներին՝ ծնելիության գումարային  գործակիցը ցածր է պարզ վերարտադրությունից։ Թուրքիայի և Իրանի բնակչությունը  շեշտակի աճելու է, որովհետև այդ երկրներում ծնելիության  գումարային գործակիցը շատ ավելի բարձր է պարզ վերարտադրությունից։

 

Հայաստանում մայրանալու միջին տարիքը 25 տարեկան է, կինն առաջին անգամ երեխա է ունենում 25 տարեկանում, սակայն, Ա. Հովհաննիսյանի խոսքով, ամբողջ աշխարհին համընթաց, Հայաստանում մայրանալու միջին տարիքը գնալով բարձրանալու է՝ հասնելով մոտ  30 տարեկանի, ինչը  բավականին բարձր թիվ է։ 

«Եթե կինն իր վերարտադրողական տարիք ուշ է մտնում, ուրեմն քիչ երեխաներ կկարողանա ունենալ։ Հիշեցնեմ, որ կանանց մոտ վերատադրողական տարիքը սկսվում է 15 տարեկանից, ավարտվում 49 տարեկանում»,-ասաց Աննա Հովհաննիսյանը։

 

Հայաստանում մոտակա 30 տարվա ընացքում նորածնային մահացության գործակիցը  շարունակաբար նվազել է՝ գրեթե 2 անգամ, ինչը լուրջ նվաճում է, նման տեմպով ընթանալու դեպքում գրեթե հասնելու են  եվրոպական միջին մակարդակին։

Հայաստանում հիմա 100 աղջկա հաշվով ծնվում է 111 տղա երեխա, բայց մինչև 2050 թվականն այն գնալով կնվազի, կհասնի բնական թվին։

 

Հայաստանի բնակչությունը շարունակում է ծերանալ, ինչի հիմնական պատճառը կյանքի սպասվելիք միջին տևողությունն է, որը ներկայումս կազմում է 75.3 տարի, սակայն մինչև 2050 թվականը հայաստանաբնակ քաղաքացիների կյանքի միջին տևողությունը կհասնի  80 տարվա։ Ինչպես աշխարհում, Հայաստանում էլ տղամարդիկ ապրում են 7 տարով ավելի պակաս, քան կանայք։

 

Արդեն 2050 թվականին կլինեն այնպիսի երկրներ, որտեղ տարեցների թիվը կկրկնապատկվի,  դրանց թվին է պատկանում նաև Հայաստանը։ Հիմա Հայաստանի բնակչության կազմում տարցների տեսակարար կշիռը կազմում է 11.6 տոկոս։  2050 թվականին հասնելու է մոտ 22 տոկոսի։ Սա նշանակում է, որ Հայաստանի  բնակչության 5-ից 1-ը լինելու է 65 և  բարձր տարիքի։

 

Հայաստանում կախյալության գործակիցը  հետևյալ տեսքն ունի. 5 աշխատունակ տարիքի բնակիչ հոգ է տանում 1 տարեցի մասին, առաջիկայում այդ թիվը կրկնակի նվազելու է՝ 2.9 աշխատունակ տարիքի բնակիչ հոգ է տանելու 1 տարեցի մասին։

Ա. Հովհաննիսյանի խոսքով, այն դառնալու է սոցիալական լուրջ բեռ պետության և աշխատունակ տարիքի բնակչության համար։

 

Ծովինար Հարությունյանն էլ նկատեց, որ Հայաստանի կառավարությունը սերտ համագործակցում է  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ, վերջերս վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային կոմիտե, մի քանի նիստ գումարվել է։

 

«Կա քաղաքական կամք, որպեսզի ֆինանսական միջոցներ դրվեն ժողովրդագրության իրավիճակի բարելավման ծրագրերի իրականացման համար»,- կարծիք հայտնեց նա։

 

Ծ. Հարությունյանի խոսքով, պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ ավելի շատ թվով երեխաներ ունենան, աշխատատեղեր ստեղծվեն,  բնակարանների ձեռքբերման պայմանները բարելավեն, ընտանիքներին այնպիսի աջակցություն ցուցաբերեն, որ կարողանան համատեղել ընտանիքը, ուսումն ու աշխատանքը։

 

 

Հ. Կարապետյան

 

Ասուլիսի տեսագրությունն ամբողջությամբ.

 

 

Դիտումների քանակը` 413

Վերադառնալ վերև