Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՅՈՒՆԻՍԵՖ. Երկուսից  չորս տարեկան երեխաների 75 % -ը  բռնության է ենթարկվում ծնողների կողմից

Աշխարհի 30 երկրներում մեկ տարեկան երեխաների ավելի քան կեսը ենթարկվում է մարմնական պատժի որևէ տեսակի. տասից մեկը ապտակ կամ հարված է ստանում , եւ բոլոր դեպքերի քառորդ մասով ծնողները ուժով թափահարում են երեխային: Այս մասին են փաստում  ՄԱԿ-ի  Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) «Ծանոթ դեմք. բռնությունը երեխաների և դեռահասների կյանքում»  վերջերս հրապարակված զեկույցի տվյալները, որը հիմնված է  հետազոտությունների արդյունքների վրա:  

 

Զեկույցի հեղինակները նշում են, որ աշխարհում տարբեր երկրներում միլիոնավոր երեխաներ բռնության են ենթարկվում: Նրանք դառնում են բռնաբարողների, ահաբեկիչների եւ մաքսանենգների զոհեր: Շատ երեխաներ տառապում են իրենց մտերիմների ֆիզիկական եւ հոգեբանական դաժանություններից, այդ թվում `սեփական տանը եւ դպրոցում:

 

«Վիճակագրության համաձայն, երեխաները բռնության են ենթարկվում բոլոր տարիքներում, տարբեր վայրերում եւ հաճախ այն մարդկանց կողմից, ովքեր պետք է հոգ տանեն եւ պաշտպանեն նրանց», – ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Կլաուդիա Կապպան:

 

Երկուսից չորս տարեկան երեխաների մոտ երեք քառորդը` այսինքն մոլորակի շուրջ 300 միլիոն երեխաներ, ենթարկվում են ծնողների կողմից ֆիզիկական պատժի կամ հոգեբանական ագրեսիայի: Ընդ որում,  շատ երկրներում երեխաների նկատմամբ բռնությունը համարվում է թույլատրելի, այդ թվում, արմատավորված ավանդույթների շնորհիվ:  Մինչ օրս 6-ից 17 տարեկան 732 միլիոն երեխաներ ապրում են այնպիսի երկրներում, որոնք չունեն օրենքներ, որոնք կպաշտպանեն նրանց մարմնական պատիժից դպրոցում:

 

Զեկույցում նշվում է, որ սպանությունը 10-19 տարեկան երեխաների եւ դեռահասների մահվան հիմնական պատճառներից մեկն է: Յուրաքանչյուր յոթ րոպե աշխարհում մեկ դեռահաս է մահանում: ԱՄՆ-ում, օրինակ, սեւամորթ տղաները բռնություններից 19 անգամ ավելի հաճախ են մահանում, քան սպիտակ մաշկի գույն ունեցող իրենց հասակակիցները, ինչը համեմատելի է հակամարտությունների բռնության մակարդակի հետ, օրինակ, Հարավային Սուդանում:

 

2016 -ին դպրոցների վրա մոտ 500 հարձակումներ են իրականացվել: Անցած 25 տարիների ընթացքում դպրոցում կրակոցների դեպքերի երեք քառորդը  տեղի է ունեցել Միացյալ Նահանգներում:

 

Նոր զեկույցում ասվում է, որ միլիոնավոր աղջիկների բռնաբարության զահ են դառնում, եւ նրանցից ընդամենը մի քանիսն է մասնագիտական օգնություն  փնտրում:

 

Միլիոնավոր երեխաներին պարբերաբար ծաղրում են դպրոցում: Լատվիայում դեռահասների մոտ 60 տոկոսը խոստովանեց, որ նրանք երբեմն մասնակցել են իրենց հասակակիցների հետապնդմանը / բուլինգին/ :  Ռուսաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան, այդ ցուցանիշներով առաջատար են  Եվրոպայում:

 

Ինչպիսին է իրավիճակը Հայաստանում

 

Համաձայն Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության (2015-16 թթ.)՝ 1-14 տարեկան 10 երեխայից 7-ը հետազոտությանը նախորդող 30 օրերի ընթացքում ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի: Հոգեբանական ագրեսիան ավելի տարածված է, քան ֆիզիկականը: Երեխաների 2/3 ավելին (65 %) ենթարկվել է հոգեբանական ագրեսիայի, իսկ 38 %ը՝ ֆիզիկական պատժի որևէ տեսակի: Վաղ տարիքի երեխաների նկատմամբ բռնություն կիրառվել է ավելի հազվադեպ, քան 3-14 տարեկան երեխաների նկատմամբ: Այնուամենայնիվ, մեկ և երկու տարեկան երեխաների գրեթե կեսի նկատմամբ կիրառվել է դաստիարակության որևէ բռնի մեթոդ:

 

2015 թվականին «Վորլդ Վիժն Հայաստանի» կողմից անցկացված Երեխաների պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակի նախնական գնահատման արդյունքում պարզվել է, որ ծնողների 74.7%-ը վերջին մեկ ամսվա ընթացքում որպես պատժի ձև երեխաների նկատմամբ կիրառել է ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն: Ֆիզիկական բռնություն կիրառել է 39.7%-ը: Նույն ծնողների 67.4%-ը կարծում է, որ ֆիզիկական բռնության կիրառումը դաստիարակության արդյունավետ մեթոդ չէ, և միայն 8%-ն է կարծում, որ ֆիզիկական պատիժը դաստիարակության արդյունավետ միջոց է: Հետազոտությունը կատարվել էր  շուրջ 10000 ծնողների շրջանում, ընդ որում դեռևս 2010 թվականին կատարված մեկ այլ ուսումնասիրություն արձանագրել էր նույն ցուցանիշը

 

Նշենք, որ  Երեխայի իրավունքների կոնվենցիայով, որին  Հայաստանը միացել է 1992 –ին, պետությունը պարտավորվում է պաշտպանել երեխաներին ծնողների, օրինական խնամակալների կամ երեխայի մասին հոգ տանող ցանկացած այլ անձի կողմից  ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից,  վիրավորանքից կամ չարաշահումից, հոգատարության բացակայությունից կամ անուշադրությունից,  կոպիտ վերաբերմունքից  կամ շահագործումից :

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 «Երեխաների  38 %ը ենթարկվում է ընտանիքում  ֆիզիկական պատժի որևէ տեսակի»

UNICEF. Մեկ տարվա ընթացքում սեքսուալ բռնության զոհ է դարձել 15 մլն աղջիկ

Հայաստանում երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործությունների թիվն ավելացել է

Երեխաների ձայնը

Ընտանեկան բռնությունը և երեխաների պաշտպանությունը. ինչ է նախատեսում օրենքը

 

Դիտումների քանակը` 312

Վերադառնալ վերև