Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Աշխարհում 5 դպրոցներից 2-ում լվացարաններ չկան, իսկ ինչպիսին է իրավիճակը Հայաստանում …

 

Մինչ աշխարհը պատրաստվում է դպրոցների վերաբացմանը, ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ մշտադիտարկման տվյալները վկայում են, որ 2019 թ․ աշխարհում դպրոցների 43 տոկոսը ձեռքերը օճառով լվանալու տարրական հարմարություններ չի ունեցել։ Մինչդեռ, սա՝ շարունակվող կորոնավիրուսային համավարակի օրերին,  դպրոցների անվտանգ գործունեության կարևորագույն նախապայմանն է։  Նշենք, որ Հայաստանի  73 դպրոցում  ջրամատակարարում գոյություն չունի,  140 դպրոցներում կոյուղի չկա… 

 

 

«Ջուրը, սանիտարահիգիենիկ պայմանները խիստ կարևոր են վարակի կանխարգելման համար»

 

«Աշխարհում, կորնավիրուսային համավարակով պայմանավորված, դպրոցների փակումը երեխաների կրթության և բարեկեցության համար աննախադեպ մարտահրավերներ է ստեղծել»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենտրիետա Ֆորը։ «Մենք պետք է առաջնահերթություն տանք երեխաների կրթությանը։ Սա նշանակում է անել հնարավորը դպրոցների անվտանգ վերաբացման համար, ապահովելով դպրոցներում սանիտարահիգիենիկ պայմաններ՝  ձեռքերի պատշաճ հիգիենա, մաքուր և խմելու ջուր»:

 

 

Ըստ զեկույցի, շուրջ 818 միլիոն երեխաների դպրոցներում լվացարաններ չկան, ինչը նրանց կորոնավիրուսով և այլ փոխանցվող հիվանդություններով վարակվելու հավելյալ ռիսկի է ենթարկում։ Այս երեխաների մեկ երրորդից ավելին (295 միլիոն) բնակվում են Սահարայի հատվածի աֆրիկյան երկրներում: Զարգացման ցածր ցուցանիշով երկրներում 10 դպրոցներից 7-ում չկան ձեռքերը լվանալու տարրական հարմարություններ:  Դպրոցների կեսը չունի սանհանգույց և խմելու ջուր։

 

 

Զեկույցն ընդգծում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ  ջանքեր գործադրող պետությունները, պետք է  հավասարակշռեն հանրային առողջապահական միջոցառումների  անհրաժեշտությունն ու դրանց հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքները: Լավագույնս փաստարկված է երեխաների անվտանգության, բարեկեցության և կրթության վրա դպրոցների երկարատև փակման բացասական ազդեցությունը:

 

 

 «Ջուրը, սանիտարահիգիենիկ պայմանները խիստ կարևոր են վարակի կանխարգելման և վերահսկման արդյունավետության համար ամենուր, այդ թվում՝ դպրոցներում», – նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը: «Դպրոցների վերաբացումն ու անվտանգ գործունեությունը շարունակվող կորոնավիրուսային համավարակի պայմաններում, պետք է առաջնային լինի կառավարությունների ռազմավարությունում»:
 

 

 

Զեկույցում տեղ գտած այլ կարևոր բացահայտումներից են՝

  •  818 միլիոն աշակերտներից 355 միլիոնը հաճախել է (այնպիսի) դպրոցներ, որտեղ ջուր եղել է, բայց չի եղել օճառ,  462 միլիոնը՝  (այնպիսի) դպրոցներ, որտեղ չի եղել ոչ լվացարան, ոչ ջուր՝  ձեռքերը լվանալու համար։
  • Կորոնավիրուսով պայմանավորված առողջապահական և մարդասիրական ճգնաժամի ենթակա ամենաբարձր ռիսկային գոտում գտնվող 60 երկրում 4 երեխայից 3-ը դպրոցում ձեռքերը լվանալու հնարավորություն չի ունեցել դեռ համավարակի սկզբում:  Երեխաների կեսին ջուրը հասանելի չի եղել, իսկ կեսից ավելիին՝ սանիտարահիգիենիկ պայմանները։ Հիգիենայի հետ կապված այլ կարևոր նկատառումներից են անհատական պաշտպանիչ պարագաների ճիշտ օգտագործման, մաքրության և ախտահանման, մաքուր ջրի հասանելիության, լվացարանների և օճառի առկայության, և (անվտանգ) սանհանգույցների խնդիրները.
  • Աշխարհի 3 դպրոցներից 1-ում խմելու ջուրը կամ սահմանափակ է եղել կամ ընհանրապես չի եղել։
  •  698 միլիոն երեխա տարրական սանիտարահիգիենիկ պայմաններից օգտվելու հնարավորություն չի ունեցել։
     

 

Զեկույցը ներկայացնում է դպրոցներում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և վերահսկելու անհրաժեշտ աղբյուրներ, ինչպես նաև 10 անհապաղ գործողություններ և անվտանգության վերաբերյալ ստուգաթերթեր: Այն հիմնված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ- ի, Պարենի համաշխարհային կազմակերպության (ՊՀԿ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) մշակած դպրոցների անվտանգ վերաբացման վերաբերյալ ուղեցույցի վրա: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին  ուղղված ուղեցույցը պարունակում է դպրոցներն անվտանգ վերաբացելու, դպրոց վերադառնալուց հետո երեխաների անվտանգությունն ապահովվելու գործնական խորհուրդներ:

 

 

 

Ինչպիսին է իրավիճակը Հայաստանում

 

«Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը 2018 թվականի» վիճակագրական ժողովածուի տվյալներով՝ 2018-2019 թվականների ուսումնական տարում Հայաստանում գործող 1409 դպրոցներից միայն 564-ն ունեն բավարար շենքային պայմաններ։ 459 դպրոցներ կարիք ունեն հիմնանորոգման, իսկ 386 դպրոց՝ ընթացիկ նորոգման: Ավելին, ըստ առկա տվյալների՝ Հայաստանի 425 դպրոցներ սեյսմիկ անվտանգության բարելավման կարիք ունեն։ Այդ դպրոցներից շուրջ 60-ը 3-րդ, 4-րդ կարգի վթարային են։

 

 

Հանրապետության  73 դպրոցում անգամ ջրամատակարարում գոյություն չունի: 140 դպրոցներում կոյուղի չկա, 440 դպրոցում կենտրոնացված կամ անհատական ջեռուցման համակարգեր չկան: Հանրապետության ընդամենը  243 դպրոց  ունի տաք ջրամատակարարում:

 

 

 «Ուսումնական հաստատությունների մշտադիտարկման արդյունքների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կառավարության կողմից  ձեռնարկված քայլերը բավարար չեն, քանի որ հանրապետության հատկապես համայնքային մի շարք պետական ուսումնական հաստատությունների շենքային և գույքային պայմանները բավարար չեն դասընթացի բնականոն կարգի իրականացման համար, ինչը հանգեցնում է երեխայի կրթության իրավունքի իրականացման սահմանափակման», – փաստում է Մարդու իրավունքների պաշտպանն իր 2019 թվականի տարեկան զեկույցում:

 

 

Զեկույցում նշվում է, որ չնայած, որ հանրակրթական դպրոցների շենքային և գույքային պայմաններում խնդիրներ առկա են թե՛ քաղաքային, և թե՛ մարզային ու գյուղական դպրոցներում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առավել խոցելի են այս առումով գյուղական դպրոցներն ու մանկապարտեզները:  Օրինակ, ՄԻՊ-ի մշտադիտարկման տվյալներով,  Արմավիրի մարզի մանկապարտեզների 65%-ն 2019-ի ձմռան ամիսներին չեն գործում: Դրանց զգալի մասը գյուղական համայնքների մանկապարտեզներն են: Պատճառն այն է, որ մանկապարտեզները չունեն լոկալ ջեռուցման համակարգեր կամ թեև ունեն, սակայն ֆինանսական միջոցները բավարար չեն դրանք գործարկելու համար։

 

 

Այս բոլոր խնդիրներով հանդերձ , հանրապետության դպրոցներն ու նախադպրոցական հիմնարկները պետք է կարողանան ապահովեն  երեխաների անվտանգությունը համավարակի պայմաններում: Հարց է ծագում , ինչպե՞ս դա անել ջրամատակարարման կամ կոյուղու բացակայության պայմաններում… ԿԳՄՍ նախարարության կողմից հրապարակված Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցն այդ հարցին չի անդրադառնում:

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը Հայաստանում դպրոցների անվտանգ վերաբացման ուղղությամբ

 

 

– Ալավերդու 9-ը մանկապարտեզների և Ալավերդու և Ամասիայի չորս այլընտրանքային մանկապարտեզներին տրամադրել է խմբասենյակների համար նախատեսված  26 հիգիենայի և երեխաների գործածության համար նախատեսվըած 29 հավաքածու:

 

–   Թարգմանել և տարածել է ՅՈՒՆԻԵՍԿՕ-յի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀԲ-ի ՊՀԿ և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից մշակած Դպրոցների վերաբացման հայեցակարգը:

 

– Կորոնավիրուսի մասին նյութեր է մշակել նախակրթարանների ուսուցիչների համար։

 

–  Դպրոցների և նախակրթարանների համար ստեղծել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման և նախազգուշական միջոցների, ինչպես նաև դիմակները ճիշտ կրելու և հեռացնելու մասին պաստառներ։

 

– Սեպտեմբերին Եվրամիության ֆինանսական աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիգիենայի հավաքածուներ  կտրամադրի  Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի 370 դպրոցներին և նախակրթարաններին։

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Դպրոցների վերաբացմանն ընդառաջ. հարցեր, որոնց պատասխաններն անորոշ են

Աշխարհում 5 դպրոցներից 2-ում լվացարաններ չկան, իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանու՞մ …

ՄԻՊ-ը  դիմել է նախարարին՝ դպրոցներում երեխաների դիմակ կրելու և այլ պահանջների առնչությամբ

Առաջնագծում նաև ուսուցիչներ են…

Դիտումների քանակը` 409

Վերադառնալ վերև