Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Բազմազավակ մոր՝  Ուրսուլա ֆոն դեր Լայենի կարիերան. ՏԻՄ-ից մինչև Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրահանձնաժողովի առաջին կին ղեկավարը 

 

2019 թվականի հուլիսի 16-ին Եվրախորհրդարանի պատգամավորներն Եվրահանձնաժողովի նոր նախագահի պաշտոնում ընտրեցին   Գերմանիայի պաշտպանության արդեն նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենին:  Նրա օգտին կողմ քվեարկեց 383 պատգամավոր, դեմ էին 327-ը, ևս 22 պատգամավոր ձեռնպահ էին: Ընտրվելու համար անհրաժեշտ էր ձայների բացարձակ  մեծամասնություն՝ 374 կողմ: Նոյեմբերի 1-ին Ուրսուլա ֆոն դեր Լայենն այդ պաշտոնում կփոխարինի Ժան-Կլոդ Յունկերին:

 

Ֆոն դեր Լայենը Եվրամիության գործադիր իշխանության կենտրոնական մարմնի առաջին կին ղեկավարն է: Նա 60 տարեկան է, յոթ երեխաների մայր: Բացի գերմաներենից, նա ազատ տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին: Հանդիսանում է մի շարք գիտական հոդվածների հեղինակ:

 

Կրթությունը

 

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ծնվել է Բրյուսելում, բայց 13 տարեկան հասակում տեղափոխվել Գերմանիա: Սովորել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում, այնուհետ վերաորակավորվել է բժիշկ-գինեկոլոգի ՝ ավարտելով Հանովերի բժշկական ինստիտուտը: Հետագայում ստացել է բժշկության դոկտորի գիտական աստիճան:1993 թվականին ավարտել է ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի  Բարձրագույն բիզնեսի դպրոցը: 1997-2001 թվականներին ստացել է երկրորդ բարձրագույն կրթությունը Հանովերի բժշկական ինստիտուտում՝ այս անգամ առողջապահության կազմակերպման բնագավառում:

 

Քաղաքական կարիերայի սկիզբը. Լանդթագից մինչև Բունդեսթագ

 

Ակտիվ քաղաքականություն Ուրսուլա ֆոն դեր  Լայենը մտավ , երբ արդեն 40-անց էր: Նրա  կարիերան  բավականին արագ վերելք ապրեց՝ սկսած 2000 թվականներից:  Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությանը նա անդամագրվել է 1990 թվականին,  իսկ 2004 թվականից սկսած նա  ՔԴՄ-ի նախագահության անդամ է, 2010 թ.-ից` կուսակցության փոխնախագահ:

 

Քաղաքական կարիերան սկսել է ամենաներքևի օղակից՝ տեղական ինքնակառավարման համակարգից: 2001-2004 թվականներին նա Հանովերի տեղական ինքնակառավարման մարմնի անդամ է, 2003-2005 թվականներին արդեն իսկ Լանդթագի (տարածքային խորհրդարան) պատգամավոր է Ներքին Սաքսոնիայից, իսկ 2009-ին ընտրվում  է Բունդեսթագի պատգամավոր: 

 

Կարիերան կառավարությունում

 

2005 թ.-ին նա գլխավորել է Ընտանիքի, կանանց, երիտասարդության եւ տարեցների նախարարությունը Անգելա Մերկելի առաջին կառավարությունում, և դրանից հետո մշտապես աջակցել է Մերկելին բոլոր հարցերում: Նախարարի շաժտոնում  հանդես է եկել մի շարք անվճար սոցիալական ծառայությունների ներդրման օգտին, այդ թվում `տարեցների տնային խնամքի, ինչպես նաեւ մսուրներում ու մանկապարտեզներում տեղերի ավելացման օգտին: Չնայած այն հագնամանքին, որ նրա ոչ բոլոր առաջարկներն են կյանքի կոչվել, նա շատ արագ ընդգրկվել է Գերմանիայի  ամենահայտնի քաղաքական գործիչների  տասնյակում:

 

Մերկելի հաջորդ կառավարությունում (2009-2013թթ.) նրան բաժին է հասել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Այս պաշտոնում նա պնդել է խոշոր ընկերությունների տնօրենների խորհուրդներում կանանց համար քվոտաներ սահմանելու հարցը (2015 թվականին Բունդեսթագն ընդունեց 30% քվոտավորման մասին օրենքը):

 

2014 թվականին Ուրսուլա ֆոն դեր Լայենը դարձավ Գերմանիայի առաջին կին պաշտպանության նախարարը: Նա ջանքեր էր գործադրում կին զինվորականների թվի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով մշակվել էին միջոցառումներ` ծառայության եւ ընտանիքի համատեղելիության ապահովման, երեխաների խնամքի համար ավելի մեծ հնարավորություններ ապահովելու համար և այլն: Զինվորական միջավայրը պահպանողական է և Ուրսուլա ֆոն դեր Լայենն այդ պաշտոնում  դժվար ժամանակներ է ունեցել, և ըստ որոշ գնահատականների՝ նրան այդպես էլ չի հաջողվել ընդհանուր լեզու գտնել համազգեստով մարդկանց հետ… Նրան բազմիցս քննադատել են ռազմական տեխնիկայի ոչ պատշաճ վիճակի համար: Նախարարությանը քննադատել են նաև մասնավոր հատվածի հետ կասկածելի պայմանագրեր կնքելու համար… 

 

2019 թվականի հուլիսի 15-ին նա հայտարարեց, որ մտադիր է հրաժարական տալ ՊՆ պաշտոնից, իսկ արդեն հուլիսի 16-ին ընտրվեց Եվրամիության բարձրագույն՝ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում:

 

 

Անձնական կյանքը

 

 

1986 թվականին Ուրսուլա ֆոն դեր Լայենն ամուսնացել է բժշկության պրոֆեսոր և բժշկական տեխնիկայի վաճառքի ընկերության տնօրեն Հայկո ֆոն դեր Լայենի հետ: Զույգն ունի 5 դուստր և երկու որդի (ծնվել են 1987-1999 թթ.):

 

Պատրաստեց՝ Լիա Խոջոյանը

Դիտումների քանակը` 559

Վերադառնալ վերև