Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Աշխատում ենք օն-լայն և օֆ-լայն հարթակներում՝ ժամանակի պահանջով». Վանաձորի ավագանու անդամներ

 

«Կորոնավարակի օրերին բոլորս էլ փորձում ենք հետևել պարետի ցուցումներին, մնալ տանը, բայց անելիքներ շատ կան և աշխատում ենք թե´ օն-լայն, թե´ օֆ-լայն հարթակներում: Մենք չենք կարող քաղաքացուն այս դժվարին պահին մենակ թողնել և ինքնամեկուսանալ»,-ասում են մեր զրուցակիցները՝ Վանաձորի համայնքի ավագանու անդամներ անկուսակցական Գայանե Քալանթարյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ Կարինե Ղուկասյանը և Անահիտ Կարապետյանը:

 

Ավագանու անդամները նշում են, որ այս օրերին իրենք մշտապես կապի մեջ են ոչ միայն քաղաքացիների, այլև Վանաձորի քաղաքապետի հետ՝ հարկ եղած դեպքում որևէ միջոցառման աջակցելու, դրա մասնակիցը դառնալու, տարբեր սոցիալական, առողջապահական և կանխարգելիչ ծրագրեր իրականացնելու համար:

 

-Մենք հիմնականում հռաոսային կամ օն-լայն կապ ենք պահում քաղաքապետարանի հետ, որպեսզի անհարկի տանից ինքներս էլ դուրս չգանք, պետք է մեր իսկ պահվածքով էլ օրինակ ծառայենք քաղաքացիներին,- ասում է Գ. Քալանթարյանը:

 

Պատմում են,  որ արտակարգ դրության առաջին իսկ օրերին  ավագանին որոշում կայացրեց՝ մանկապարտեզներում հավաքված սննդի պաշարը բաժանել սոցիալապես անապահով ընտանիքներին: Սա Վանաձորում իրականացված առաջին սոցիալական ծրագրերից էր: Միասին տեսակավորել են, խմբավորել՝ սնունդը հասցեատերերին հասցնելու համար: Մեր զրուցակիցները համակարծիք են, որ սոցիալական խնդիրների հետ առաջնագծում ախտահանման աշխատանքներն են ու հիգիենայի պահպանումը:

 

-Վանաձոր քաղաքի հնարավորություններն այս առումով չեն փայլում, մարդկային և տեխնիկական ռեսուրսների պակաս ունենք, այդուհանդերձ, տարբեր միջոցառումներ են իրականացվել՝ շքամուտքերի, տրանսպորտային միջոցների, որոշ բակերի ախտահանման առումով, հիգիենիկ միջոցներ են տրամադրվել համատիրություններին ու այն բնակիչներին, ովքեր դիմել են և պատրաստակամություն հայտնել իրենց ուժերով շենքերում ախտահանում իրականացնելու համար,-նշում են նրանք:

 

  Խանութների և ընդհանրապես սպասարկման ոլորտի մասին խոսելիս՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Կարինե Ղուկասյանը նշում է, որ ինքը կողմ չէ նրանց բացթողումների համար տարբեր, հատկապես խիստ տույժեր ու տուգանքներ կիրառելուն.

 

-Գիտեք, մարդիկ միանգամից սկսեցին նկարել խանութները, բանկոմատների տարածքները, ապա ակտիվորեն սկսեցին տարածել, խոսել բացերի մասին, բայց ես դեմ եմ խիստ պատիժներին, այսօր ավելի կարևոր է մշտական  բացատրական աշխատանքը: Անընդհատ պետք է ասել, բացատրել, որ մարդկանց ինքնագիտակցության մեջ դա նստվածք տա, դրա հետ մեկտեղ , այո, նաև ժամանակ առ ժամանակ պետք է այցելել խանութներ, դեղատներ, սպասարկման կետեր, որովհետև  մշտական հետևողականությունն էլ է մարդկանց զգոն պահում: Եվ հետո, միայն պահանջել չենք կարող, մենք լուրջ ռեսուրսների խնդիր ունենք նաև, օրինակ մեծ խանութներում զամբյուղները տեխնիկական աշխատողներն օրը քանի անգամ են մաքրել նախկինում, իսկ այսօր դրանք մի քանի անգամ ավելի շատ պետք է ախտահանվեն, իսկ խանութներն այդպիսի ռեսուրսներ չունեն: Սրանք խնդիրներ են, որոնք լուծելի են հենց նրանով, որ յուրաքանչյուր ոք հարակից միջոցառումներին զուգահեռ՝ ինքն իր հանդեպ ուշադիր լինի: Այս առումով, կարևորում եմ համակարգային իրազեկումը, տեղեկատվության  տարածումը տարբեր միջոցներով,-ասում է Կ. Ղուկասյանը:

 

-Շատ էինք անպատրաստ, վարակի սկզբնական շրջանում ամեն ինչ այլ էր, բայց ժամանակի ընթացքում տարբեր միջոցառումների արդյունքում որոշակիություն մտավ,  կարգավորվեց, մարդիկ շատ արագ սկսեցին նաև ինքնակազմակերպվել: Միջանձնային շփումների մակարդակում լուրջ փոփոխություններ ունենք, հիգիենան այսօր համեմատաբար ավելի բարձր մակարդակում է, ինչը ես, որպես բժիշկ, շատ եմ կարևորում,-ասում է Գայանե Քալանթարյանը: 

 

 Քաղաքացիների կողմից զանգերի ու խնդրանքների մասին խոսելիս, ավագանու անդամները նշում են, որ այս օրերին էլ դրանք չեն պակասել, ավելացել են նույնիսկ, բայց փոխվել է դրանց բնույթը:

 

-Մենք չենք կարող քաղաքացուն այս դժվարին պահին մենակ թողնել և ինքնամեկուսանալ, բայց հաշվի առնելով իրավիճակը, ստեղծել ենք կամավորական խումբ, որն ընդունում է քաղաքացիների հեռախոսազանգերը, հնարավորության դեպքում միանգամից են պատասխան ստանում, կան նաև հարցեր, որ հատուկ քննարկում ենք, լուծման ուղիներ և  տարբերակներ մշակում,-արտակարգ դրության պարագայում իրենց գործունեությունն է ներկայացնում Կ. Ղուկասյանը:

 

-Քաղաքացիներն այսօր ավելի շատ դիմում են սոցիալական այս կամ այն աջակցության փաթեթին դիմելու, քայլերն ավելի հստակեցնելու համար: Մենք օգնում ենք հայտ լրացնել, իրավիճակն ուսումնասիրելով ուղղորդում ենք, թե հատկապես աջակցության որ ծրագրին կարող են դիմել և այլն,- քաղաքացիների զանգ-խնդրանքներին  անդրադառնալով ասում է  Անահիտ Կարապետյանը:

 

Կարինե  Ղուկասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առանց տնից դուրս գալու իր գործունեությունը չի պատկերացնում:

 

-Գիտեք, ես կաթնամթերքի արտադրություն ունեմ: Պետք է կազմակերպել աշխատանքները, ճի´շտ կազմակերպել, հիգիենան և նորմատիվներն ավելի խստացված ու կանոնակարգված  պահպանել: Մարդկանց օգնել: Ինչպես եք պատկերացնում, այսօր կաթնամթերք արտադրել և ասենք դրանից բաժին չհանել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցին, հիվանդներին, բուժաշխատողներին, սոցիալապես անապահով ընտանիքներին: Իհարկե, սա կաթիլ է օվկիանոսի մեջ, բայց յուրաքանչյուրս մեր կաթիլը պիտի ունենանք: Ինֆեկցիոն հիվանդանոց մեր թիմով նաև բժշկական արտահագուստ ենք տարել, հիվանդների համար՝ ծածկոցներ, հիգիենիկ պարագաներ ու միջոցներ: Սրանք դրված չեն, որ գնանք վերցնենք, հայթայթում ենք, կազմակերպում, մարդկանց ու տարբեր ռեսուրսներ միավորում, համակարգում: Գիտեք, այս օրերին նաև այս օգնություններն էին չհամակարգված և ստացվում է, որ մի քանի կազմակերպություններ միանգամից միայն դիմակ, ձեռնոց ու ալկոգել են տանում հիվանդանոց: Կարծում եմ,  պետք է  բոլոր ոլորտներում այն ինչ իրականացվում է,   համակարգված դաշտ բերել, որ ամեն ինչ նպատակային լինի: Դա բավականին  ժամանակատար և ծանրաբեռնված աշխատանք է: Ահա, այսպիսի և բազմաթիվ այլ գործերով ենք զբաղված,-ասում է Կ. Ղուկասյանը:

 

Մեր զրուցակիցներից Անահիտ Կարապետյանն ավագանու ամենաերիտասարդն է և մշտապես մասնակցել է քաղաքի ակտիվ երիտասարդական խմբերի տարբեր նախաձեռնություններին, հաճախ՝ ինքը նախաձեռնել: Մեզ հետ զրույցում նշեց, որ հիմա այդ ակտիվ երիտասարդները՝  «դասական կարանտինային ռեժիմի» մեջ մնալով, հանդես են գալիս «Մնա տանը» կոչերով և օն-լայն ակտիվություն են ցուցաբերում: Անահիտ Կարապետյանի դիտարկմամբ,  ինքնամեկուսացման պայամաններում  կարևոր են ոչ միայն մարդկանց սոցիալական, առողջական և բազմաթիվ այլ հարցերը, այլև մարդկանց հոգեբանական վիճակը.

 

 

-Շատ կարևոր է, որ մարդիկ ոչ թե տանը ձանձրանան, այլ կարողանան ավելի նպաստավոր  կազմակերպել իրենց առօրյան: Օրինակ, մեր քաղաքի ակտիվ երիտասարդներն այս օրերին ակտիվ են նաև օն-լայն հարթակում: Հենց նրանց նախաձեռնությամբ համացանցում սկիզբ առավ և սկսվեց տարածվել «Մաֆիա» խաղը: Մերոնք կարողացան տեխնիկական լուծումներ գտնել և կազմակերպել այն: Կազմակերպում ենք նաև մշակույթի, պարարվեստի, կինոյի, թատրոնի և այլ թեմաներով մասին օն-լայն քննարկումներ: Ե´վ հետաքրքիր է, և´ գիտելիքի, և´ ճաշակի, և´աշխարհայացքի առումով կարևոր, և, իհարկե, ժամանակն է հաճելի անցնում: Այսպես ենք փորձում լրացնել ակումբներում հավաքվելու պակասը, սա օգնում է և մարդկանց տանը պահել, և երիտասարդների ակտիվությունը չկորցնել,- պատմում է  Ա. Կարապետյանը:

 

Մտահոգված է, որ կյանքը պանդեմիայից հետո էլ լուրջ փոփոխություններ ու նոր մարտահրավերներ է առջարկելու մեզ: Ասում է , որ մեկուսացման  այս ժամանակահատվածը կարելի է օգտագործել մարդկանց ՏՏ ոլորտում ակտիվացնելու, գիտելիքներով զինելու, վերամասնագիտացման հեռավար դասընթացներ կազմակերպելու առումով.

 

-Նույնիսկ ՖԲ խումբ ունենք, որտեղ ներկայացնում ենք տարբեր գործատուների կողմից աշխատանքի առաջարկներ: Սա ևս օգնություն է, որ քաղաքացին տանը մնալով՝ կարողանա իրեն համապատասխան աշխատանք  կատարել և ինչ-որ բանով զբաղվել, ինչու չէ, նաև մտածել վերամասնագիտանալու մասին,-ասում է Ա. Կարապետյանը: 

 

 

Օն-լայն գործունեության մասին խոսելիս՝ ավագանու անդամ Գ. Քալանթարյանը, որ շատ ակտիվ է համացանցում և միշտ հասանելի, նշում է.

 

 

– Որպես բժիշկ, նաև ինձ պարտավորված եմ համարում այս օրերին ավելի շատ խոսել հիգիենայի, դրա պահպանման կանոնների, ավելի ճիշտ և գրագետ ինքնամեկուսանալու մասին: Հիմնականում այս մասին գրում եմ իմ ՖԲ էջում, որտեղ բավականին հետևորդներ ունեմ: Մասնակցում եմ համացանցում ծավալվող քննարկումներին:

 

 

Գայանե Քալանթարյանը մտահոգված է նաև ընտանիքներում ճիշտ հարաբերություններ պահպանելու և այս առումով կնոջ դերի կարևորությամբ.

 

 

-Ուզում եմ խոսել նաև այս օրերին կանանց ծանրաբեռնվածության մասին: Մենք գիտենք բազմաթիվ չբարձրաձայնվող կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք, սակայն, գոյություն ունեն ընտանիքներում: Գիտե՞ք, այլ է, երբ մարդիկ դուրս են գալիս, շփվում աշխատանքային կամ ընկերական միջավայրում և երեկոյան վերադառնում ընտանիք. և բոլորովին այլ է, երբ ամբողջ օրը տանն են, ինքնամեկուսացված ու դեռ այս լարվածությունն էլ ավելացել է: Այո, այս պարագայում ընտանիքներում, հատկապես մինչ այդ էլ կոնֆլիկտային ընտանիքներում, ցավով եմ ասում, բայց  բախումներն անխուսափելի են: Սա լուրջ խնդիր է այս դժվարին իրավիճակում, մանավանդ որ ընտանիքի հոգսը մեծ մասամբ դարձյալ կնոջ ուսերին է՝ սկսած սննդակարգից, ընտանիքի անդամների խնամքից  մինչև հարաբերություններ պահպանելն և այլն: Անշուշտ  ունենք նաև ընտանիքներ, որտեղ սերն ու ջերմությունը գտել են իրար և այո, այս կյանքի մրցավազքում սա նաև ուրույն ընտանեկան արձակուրդ է, իրար հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու հնարավորություն: Մենք իհարկե, ոչ թե վախենում ենք մեզ համար, որ մենք կվարակվենք, կհիվանդանանք, այլ մեր հիվանդանալու հետևանքներից, որից կարող են տուժել մեր հարազատները: Կարծում եմ, որ կանցնի ժամանակ և մենք ավելին կիմանանք այս վարակի մասին, բուժման տարբերակներն ավելի արդյունավետ կլինեն, բայց այսօր յուրաքանչյուրիցս պահանջվում է զգոնություն և կարգապահություն,-ամփոփեց իր խոսքը Գ. Քալանթարյանը:

 

Նարինե Մաթևոսյան

 

 

 

Դիտումների քանակը` 946

Վերադառնալ վերև