Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Երիտասարդ մասնագետներն ահազանգում են անարդարության մասին

«Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուները՝ երիտասարդ մասնագետները վրդովված են. փոփոխվել են մատչելի հիփոթեքային պայմաններով բնակարան ձեռք բերելու նախապայմանները: Երիտասարդ մասնագետներն ահազանգում են՝ Կենտրոնական բանկի առաջակվող նոր պահանջները  արդար չեն: WomenNet.am-ն անդրադառնում է  խնդրի մանրամասներին, նկատելով, որ պայմանների փոփոխությունից  հատկապես տուժվում են 35 տարեկան անց  երիտասարդ կանայք  ու միայնակ մայրերը:

 

Այս տարվա մարտին հայտարարվեց «Վերածնունդ» ավանի բնակարանների հիփոթեքային նախնական պայմանները` 20% կանխավճար, մինչեւ 20 տարի մարման ժամկետ, տարեկան  մինչեւ 8.5% տոկոսադրույք: Հետո՝ նույն ծրագրի շրջանակներում «Զեյթուն 3»-ի հիփոթեքային վարկավորման պայմանները հայտարարվեցին՝ տարեկան տոկոսադրույք՝ 6.9%, մարման ժամկետը՝ 30 տարի, վարկի առավելագույն չափը՝ 25 միլիոն ՀՀ դրամ, կանխավճարի չափը՝ 3%։

 

Երիտասարդ  մասնագետները տարեսկզբից, նույնիսկ անցյալ տարվանից սպասում էին բնակարանների համար նախատեսված վիճակահանությանը, ապա՝ կառուցմանը, որն արդեն պետք է, որ մեկնարկած լիներ, եւ հանկած կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ՝ ծրագրի համար ավելի վատ եւ ոչ մատչելի պայմաններ թելադրեց: Ինչպես ԿԲ-ն է վստահեցնում, առեւտրային բանկերի հետ բանակցություններից հետո, երիտասարդ մասնագետներին առաջարկում են օգտվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրից, ըստ որի, հիփոթեքային վարկը տրամադրվում է 10 տարի մարման ժամկետով՝ երկրորդ գույքի գրավադրմամբ, 20 տարի մարման ժամկետով, առաջնային շուկայում առավելագույնը 7.5% տոկոսադրույքով, առանց սուբսիդավորման, իսկ երկրորդային շուկայում՝ առավելագույնը 9.5%-ով, որից պետությունը սուբսիդավորում է Երեւանում 2 տոկոսային կետի չափով: Այս ծրագրի շահառու կարող են լինել այն երիտասարդ ընտանիքները, որոնց ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը, եւ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 70-ը, կամ երիտասարդ միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 35-ը: ԿԲ-ի առաջարկած մյուս պայմանը չամուսնացած երիտասարդ մասնագետին՝ ազգային հիփոթեքային հիմնադրամից օգտվելն է: Այս պարագայում կանխավճարը 30% է, լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում՝ 10%, տարեկան տոկոսադրույքը՝ 11-13%:

 

«Այս ծրագրերից որեւէ մեկն ինձ ձեռնտու չէ: Նախ՝ ամուսնացած չեմ, իսկ որպեսզի օգտվեմ ազգային հիփոթեքային հիմնադրամի վարկավորումից, 2-րդ գույք պետք է գրավադրեմ: Ես գրանցված եմ իմ հայրական տանը, եթե բաշխում արվի՝ 18քմ ունեմ, բայց արդյոք դա արդար է՝ հայրական տունը գրավ դնել: Սա հավելյալ ռիսկ է: Ինչո՞ւ պետք է ծնողներիս տունը դնեմ ռիսկի տակ, որովհետեւ ես ուզում եմ առանձին տուն ունենալ»,-ասում է «Վերածնունդի» շահառուներից՝ Կարեն Բալումյանը: Նա 30 տարեկան է, աշխատում է ՏՏ ոլորտում: Ասում է՝ «Երիտասարդ ընտանիքնին՝ մատչելի բնակարան» ծրագիրը տարիներ ի վեր գործում է, եթե նպաստավոր լիներ, հենց դրանով էլ ձեռք կբերեին.«Ուրեմն՝ այնքան շատ են անբարենպաստ պայմանները, որ չեն գնացել դրան»:

 

Բալումյանը գտնում է, որ խափանելով «Վերածնունդ ավանի» ծրագիրը՝ խոչընդոտում են հազարավոր երիտասարդ մասնագետներին  կառուցել իրենց ապագան.«Մարդն ուզում է բարեկեցիկ, արժանապատիվ կյանք ու պայմաններ ապահովել ապագայում ստեղծվելիք ընտանիքի համար կամ եթե չի էլ ամուսնանում՝ իր համար. դրա իրավուքնն ունի: Ինչո՞ւ եք մարդկանց մղում կրիտերաների՝ եթե տուն ես ուզում՝ գնա ամուսնացի: Մեր շահառուների մեջ կա մարդ, որը դիմել էր «Վերածնունդի» ծրագրին եւ նրանց  գումարային տարիքը 70 չի եղել: Հիմա անցել է մեկ տարի, 70-ն էլ հատել է զույգերի: Որքանո՞վ է արդար այս վերաբերմունքը»:

 

«Վերածնունդի» շահառուները գտնում են, որ  ամուսնական զույգերի գումարային  տարիքը 70-ը եւ զույգերից մեկին 35 տարեկան շեմ սահմանելն անարդար է, քանի որ մեր երկրում բավականին հասուն տարիքում են կարողանում կայուն ու բարձր եկամուտ ունենալ: Շահառուները վրդովված են՝ ինչպե՞ս են որոշել, որ 35 տարեկանից բարձրը երիտասարդ չէ.  «Հիմա ես 35-ն անց եմ,  խա՞չ քաշեմ իմ վրա: 35-ում ես այնքան վստահ ու կայուն չէի, ինչպես հիմա»:  

 

 «Վերածնունդ ավանի» ծրագրի խափանումն,  ըստ երիտասարդ մասնագետների՝ անուղղակի կարող է ազդել ընտանիք կազմելու, ծնելիության եւ շատ այլ հարցերի վրա: Մինչդեռ այս ծրագրի շահառուներն իրենց ապագայի համար մեծ ծրագրեր ունեին, որոշ ընտանիքներ, ծրագրել էին հաջորդ երեխան ունենալ եւ մի փոքր ավելի մեծ բնակարան ձեռք բերել: Որոշ ընտանքիներ էլ իրենց եղած բնակարանն էին վաճառել եւ հիմա խնդրի առաջ են՝ վարձով են բնակվում, պահանջվող մեծ չափի կանխավճարը չունեն այլ ծրագրերից օգտվելու համար, բազմաթիվ շահառուներ էլ ծրագրի խափանման արդյունքում կամ հրաժարվում կամ էլ հետաձգում են ամուսնությունը, երեխա ունենալը եւ վերջապես սեփական երկրում ապագա կառուցելը:  

 

Շահառուներից ոմանք  ԿԲ-ի առաջարկած ՝ «երիտասարդ միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 35-ը» նախապայմանը անմարդկային են որակում, քանի որ քիչ չեն  միայնակ կանայք, ովքեր հենց  35-ից հետո են երեխա ունենում:  Ավելին, տուն ունենալու  հանգամանքը կարող է որոշիչ դեր խաղալ նրանց համար երեխա ունենալու հարցում:  Այսպես, անցած տարիներին այս ծրագրից օգտված որոշ կանայք պատմում են՝ մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելուց հետո  են երեխա  ունեցել, և նույնիսկ չեն մտահոգվել, թե հասարակությունը  «միայնակ մայր» է   պիտակավորելու իրենց:  Ասում են՝ այդորոշումն ընդունելու հարցում  կարևոր  դեր է խաղացել սեփական անկյուն ունենալը.«Կարևոր էր նաև երեխայի համար անկյունը: Մի բան է, երբ դու հայրական տանն ես, մեկ այլ բան է, երբ քո սեփական տանն ես ապրում: Դա համարձակություն է տալիս՝ որոշել առանց ամուսին երեխա ունենալ: Եթե չլիներ այդ ծրագիրը, հաստատ չէի համարձակվի փոքրիկիս ունենալ,  –  ասում է մեր զրուցակիցներից մեկը:

 

Կանանցից մեկն էլ նկատում է՝ որպեսզի օգտվի ԿԲ-ի առաջարկներից եւ երկրորդ գույքը, ասենք՝ հայրական տունը (այլ երկրորդ գույք չունի) գրավ դնի՝  ցածր կանխավճարի համար, հիմնականում անհնար է.«Մեր հայրական տանը բնակվում են եղբայրներս, մեկն՝ ամուսնացած է, երեխա ունի: Ես ինչպես կարող եմ ռիսկի ենթարկել նրանց» , – ասում է նա, նկատելով, որ մեր  հայրիշխանական հասարակությունում աղջիկները սովորաբար հորական տնից բաժին չեն ստանում, եւ հետեւաբար որեւէ գույք  գրավ դնելու նրանց հնարավորությունները խիստ սահմանափակ են…     

 

«Սա սոցիալական խնդիր է: Եվ քանի որ մեր երկրում աղջիկների խնդիրը սուր է դրված, մի օրինակ բերեմ՝ ԿԲ-ի առաջարկած ծրագրից կարող է օգտվել երիտասարդ միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 35-ը: Լավ, ուրեմն 35 տարեկանն անց աղջիկը կամ միայնակ մայրը   դատապարտված են  վարձով ապրել կամ հայրական տնից դուրս չգգա՞»,- նկատում է մեր զրուցակից Կարեն Բալումյանը:

 

Մինչդեռ  «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հ/կ-ի՝  «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շնորհիվ վերջին 10 տարում 2300 մասնագետներ կարողացել են մատչելի հիփոթեքային պայմաններով բնակարաններ ձեռք բերել: 

 

ԿԲ-ի առաջարկած պայմաններով հնարավորություն կա բնակարան ձեռք բերել նաեւ երկրորդային  շուկայից, բայց այս դեպքում աշխատողի եկամտային հարկը չի ուղղվում տոկոսադրույքի մարմանը: «Սա շահավետ չէ»,-գտնում է Բալումյանը: Նրա կարծիքով՝  երիտասարդ մասնագետն աշխատում է, այս երկրում հարկեր է վճարում, հիմա փորձում է օգտվել կառավարությունից տրվող արտոնությունից, սակայն նրան զրկում են դրանից: Բոլորն ուզում են առաջնային շուկայից գնել, իսկ կառուցապոտողները միշտ չէ, որ պատրաստի բնակարան ունեն, կամ մատչելի են: Կան կիսատ բնակարանները, բանկերը ռիսկ են գնահատում դա, նոր կառուցվող շենքերում հիփոթեքը լավ պայմաններով չեն տալիս: Այսինքն՝ էլի նույն խնդիրն է՝ բարձր կանխավճար ու բարձր տոկոս»:

 

«ԵՊՀ միավորում» հ/կ-ն 10-րդ ծրագիրն էր նախատեսել իրականացնել, այս ընաթացքում, ինչպես Բալումյանն է ասում, շահառուներն իմացել են ինչի են գնում.«Մարդիկ պատրաստվել են, իմացել են ինչ բեռի տակ են ընկնում, կանխավճարը ունենալու համար որոշակիորոն ֆինանսապես պատրաստվել են՝ այս ընթացքում՝ մեկը գույք է վաճառել, մի մասը՝ նեղվելով գումար է հավաքել: 1 տարի է անցել, շուկայում գները բարձրացել են: ԿԲ-ի այդ բանակցությունների  պատճառով «Վերածնունդը» դուրս է մնում, չի կարողանում վարկավորել ծրագիրը, մարդիկ հիմա ֆինանսական կորուստներ կկրեն, որովհետեւ շուկայում «Վերածնունդի» նման առաջարկ չկա»:

 

Նունե Բադալյան

Դիտումների քանակը` 161

Վերադառնալ վերև