Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Վերգինե Կարապետյան. «Ուզում եմ շատ բան իմանամ, որ իմ իմացածով էլ մարդկանց օգնեմ»

Լոռու մարզի Արջահովիտ, նախկինում Ղուրսալ,  համայնքի բնակչուհի Վերգինե Կարապետյանը ութ տարի եղել է համայնքի ավագանու կազմում: Առաջիկա ՏԻՄ  ընտրություններին երրորդ  անգամ է առաջադրել  իր թեկնածությունը:

 

-Չգիտեմ ինչն է պատճառը, բայց վերջին երկու տարիներին ավելի ակտիվ եմ աշխատում և ուզում եմ աշխատել, էլի մի լավ բան անել  համայնքիս համար, հենց դա է պատճառը, որ որոշեցի երրորդ անգամ առաջադրել թեկնածությունս,-պատմում է Վերգինեն:-Սկզբում ես այնքան էլ չէի ուզում ավագանի դառնալ, սկեսրայրս էր աջակցում, օգնում իր խորհուրդներով, ասում էր, որ համարձակ լինեմ, ինչ մտածում եմ, համարձակորեն արտահայտեմ մտքերս, հիմա էլ է ասում ՝ մի´ քաշվի, մի´ ամաչի:
 

Վերգինեի սկեսրայրը նախկինում համայնքի ավագանու անդամ է եղել, ապա մտածել, որ ասպարեզը պետք է հանձնել երիտասարդներին, խրախուսել է հարսի առաջադրումը ավագանու կազմում և իր փորձն էլ փոխանցում է նրան, օգնում, որ ավելի համարձակ և հաստատուն լինի համայնքային որոշումներ կայացնելու գործընթացում:

 

Արջահովիտ համայնքը բազմաթիվ խնդիրներ ունի, այնպիսիք, որ նաև անմիջապես Վերգինեի  ու նրա նման երիտասարդ գյուղաբնակ ընտանիքների հետ են առնչվում. օրինակ, համայնքը մանկապարտեզ չունի: Եթե մանկապարտեզ լիներ, գյուղում երիտասարդ մայրերը գոնե մի քիչ ազատ ժամանակ կունենային, երեխաներն էլ  նախադպրոցական կրթությունից  չէին զրկվի :

 

-Մեր գյուղում շատ երեխաներ կան, որոնց ծնողները չեն կարողանում տանել Սպիտակ քաղաքի մանկապարտեզ, տրանսպորտ էլ չունեն, օրինակ, իմ տղային, ամեն օր մենք մեր տրանսպորտով ենք տանում: Մարդ կա, դրա հնարավորությունը չունի, որ գնա-գա: Կարևոր է, որ երեխաներն էլ, մանկապարտեզ գնան, մի բան սովորեն:

 

Վերգինեին, իր գործունեության մեջ, ընտանիքը միշտ օգնում է. սկեսուրը, ամուսինը, արդեն նույնիսկ երեխաները… Վերջիններս  մի քիչ մեծացել են և Վերգինեի գործը, համեմատաբար, ավելի է հեշտացել: Հավանաբար նաև դրանով է պայմանավորված հատկապես վերջին տարիներին նրա ակտիվությունը ՏԻՄ գործունեության մեջ:

 

Վերգինեն 3 երեխաների մայր է, ընտանիքի հարս, գյուղական գործերով ծանրաբեռնված, դրան էլ, իր կամքով, ավելացրել է հասարակական-քաղաքական գործունեությունը:

-Դժվար ա, շատ դժվար ա, բայց համատեղում ենք,-դժվարություններին այսպես է  նայում Վերգինեն:

 

Համայնքում կնոջ հանդեպ խտրական վերաբերմունք չկա, առանձնապես մատնացույց չեն անում իր կին լինելը, ավագանու 5 անդամներից միայն ինքն է կին, բայց կնոջ ներկայությունն ավագանու կազմում, ինքը՝ Վերգինեն, շատ է կարևորում:

 

-Կարևոր ա, որովհետև կինն ավելի խելացի ա մտածում, ավելի լավ մտածելակերպ ունի, կնոջ խոսքն ավելի են գնահատում, բայց տղամարդու հետ համախմբված, մեկը մեկին հասկանալով, խորհրդակցելով, համագործակցելով, համատեղ հաջողության են հասնում …

 

Երեխաների մանկահասակ լինելը խանգարել է, որ Վերգինեն ակտիվորեն մասնակցի տարբեր դասընթացների, մի անգամ է մասնակից եղել նման հանդիպման, տպավորված է վերադարձել և կարևորում է հատկապես իրազեկող դասընթացների  դերը:

 

-Շատ հաճելի է, հետաքրքիր, շատ բան ես իմանում, ծանոթություններ ձեռք բերում, շատ լավ է, որ հաճախ լինեն նման հանդիպումներ,-դասընթացների մասին խոսելիս ասում է նա:

 

Արջահովիտը փոքր գյուղ է, մոտ 500 բնակիչ ունի: Համայնքի բյուջեն սուղ է, շատ սահմանափակ, բայց համայնքապետն ու ավագանին հնարավորինս փորձել են աշխատել, առկա խնդիրներին գոնե մասնակի լուծում տալ, օրինակ, ջրագիծ են անցկացրել մի քանի ընտանիքների համար:
 

-15-20 ընտանիք ապահովված են ջրով, բայց ոռոգման ջրի խնդիր կա, ոռոգման ջուր չունենք, լուսավորությունն է շատ քիչ, աղբարկղերը՝ 6 հատ ունենք, արդեն պատվիրել ենք, տասն էլ՝ բերելու են: Մեր գյուղը տեխնիկա չունի, հիմնականում ճանապարհները և ոռոգման ջուրը մեզ համար ավելի կարևոր ա:

 

Գյուղից արտագաղթը մեծ է, գյուղացին իր տքնաջան աշխատանքից գրեթե շահույթ չի ստանում, Արջահովիտը տրանսպորտ էլ չունի, որն էլ իր հերթին բազմաթիվ այլ խնդիրներ է առաջացնում: Վերգինե Կարապետյանը երիտասարդներին գյուղում պահելու տարբերակ է առաջարկում.
 

-Աշխատանք լինի, որ աշխատեն: Անասուն պահում են գյուղացիները, մի լիտր ջուրն ավելի թանկ ա, քան մի լիտր կաթը: Պահում են, օգուտ չունեն, դժվար ա գյուղացիների համար: Ջուրն ավելի թանկ են առնում, քան կաթը:
 

Վերգինեն վստահ է իր որոշման մեջ, նշում է, որ նախկինում լուրջ աշխատանք ունի արած գյուղի և գյուղացիների համար, առաջիկայում էլ շատ անելիքներ կան, կիսատ մնացած գործեր: Այս անգամ էլ առաջադրվել է՝ դրանք ավարտին հասցնելու համար: Քարոզարշավ չի իրականացնում, 8 տարի աշխատել է, բոլորը տեսել են ու ծանոթ են իր աշխատանքին:

 

-Ես պայքարելու բան չունեմ, ես վստահ եմ, որ անցնելու եմ, ինձ շատ են հարգում մեր գյուղի բնակիչները: Ուզում եմ շատ բան իմանամ, որ իմ իմացածով էլ մարդկանց օգնեմ, ինչքան շատ իմանամ, այնքան շատ կկարողանամ մեր գյուղի բնակիչներին օգնել,-եզրափակում է իր խոսքը Վերգինե Կարապետյանը:

 

 

 

Նարինե Մաթևոսյան

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 322

Վերադառնալ վերև