Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ամենամտահոգիչն այն է, որ սերիալների հեղինակները դրական կերպարներին են օժտում բռնարարի հատկանիշներով»

 

WomenNet.am -ն առիթ ունեցել է  անդրադառնալ  Երևանի պետական համալսարանի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի փոքր դրամաշնորհային  ծրագրի հետազոտական խմբի կողմից իրականացված  «Առնականությունն ու գենդերային  բռնությունը հայկական հեռուստասերիալներում» հետազոտությանը : Այժմ ներկայացնում ենք հարցազրույց հետազոտության հեղինակների՝ ԵՊՀ դասախոս Անի Կոջոյանի եւ նույն համալսարանի գիտաշխատող Աննա Գեւորգյանի հետ:

 

 

–         Ինչո՞ւ եք ցանկացել կատարել նման հետազոտություն եւ ինչպիսի՞ արդյունք էիք ակնկալում:

 

Աննա Գեւորգյան – Երբ Արիզոնայի պետական համալսարանում վերապատրաստվելիս մասնակցում էինք Մեդիայի և բռնության մասին դասընթացին, որտեղ քննարկում էինք, թե ինչպես են մեդիայում արտացոլված գենդերային դերերն ու նաև գենդերային բռնությունը  հասարակության ընկալումների վրա, ցանկություն առաջացավ թեման քննել հայաստանյան համատեքստում և հասկանալ, թե այդ առումով ինչ իրավիճակում է մեր մեդիան: Հայկական մեդիայում արտացոլված առնականության հետազոտությունը որոշեցինք կատարել հեռուստասերիալների ուսումնասիրությամբ, քանի որ բազմաթիվ հարցումներ վկայում էին, որ այդ հեռուստաժանրը մենամեծ դիտողականոությունն ունի հայաստանյան հեռուստադիտողի շրջանում: Իհարկե, մինչ հետազոտությունը սկսելն էլ տեղյակ էինք, որ հայկական հեռուստասերիալները լի են բռնության տեսարաններով ու բռնարար հերոսներով.: Բայց մենք հետազոտությունից ակնկալում էինք պատասխան այն հարցին, թե արդյոք կնոջ նկատմամբ բռնություն կիրառող տղամարդը արդարացվում է սերիալային կերպարների և հեռուստադիտողների կողմից:

 

 

Անի Կոջոյան – Իրականում, հեռուստասերիալների կողմից ցուցադրվող բռնությունը հետազոտության է ենթարկվում գրեթե ողջ աշխարհում, որտեղ նմանատիպ հեռուստաարտադրանքներն առկա են: Արդյունքները մտահոգիչ են բոլոր տեղերում: Այս առումով բացառություն չեն նաև հայկական հեռուստասերիալները: Ու թեև Հայաստանում տարբեր կառույցների կողմից նախկինում իրականցվել են մի շարք միջոցառումներ ընդդեմ սերիալներում կիրառվող կանանց հանդեպ բռնության, այնուամենայնիվ, ոչ սերիալների թիվն է կրճատվել, ոչ էլ դրանցում ցուցադրով բռնության քանակը, ինչպես նաև հեռուստադիտողների թիվը: Հաշվի առնելով հեռուստասերիալների իմիտացիոն բնույթ ստեղծելու հատկանիշը, նման ուսումնասիրություն կատարելը պարզապես անհրաժեշտ էր և կարևոր:

 

 

–         Ինչպե՞ս եք գնահատում նման զեկույցների ազդեցությունը մեր հասարակության վրա:

 

Անի ԿոջոյանՏարբեր են ընկալումներն ու մեկնաբանությունները միևնույն երևույթի նկատմամբ, իսկ երևույթների վիզուալացումն էլ ավելի է բարդացնում իրավիճակը: Այս առումով բացառություն չէ նաև բռնությունը (հատկապես՝ գենդերային բռնությունը) և առնականությունը և դրա պատկերումը հայկական հեռուստասերիալներում: Նմանատիպ հետազոտությունները փորձում վերլուծության ենթարկել  նմանատիպ մի շարք երևույթներ, պարզել դրանց հետ առնչվող խնդիրները և քննել դրանցից բխող հնարավոր արդյունքները: Ավելին,  դրանց հաջորդող գիտակարծիքները պետք  է ահազանգ լինեն հասարկության համար: Իսկ եթե կան նաև որոշ առաջարկներ հետազոտությունից հետո, ապա, այդ խնդիրները  պետք է դրվեն քննարկան և երկարատև հետազոտության:

 

Աննա ԳեւորգյանՑանկացած երևույթի մասին բարձրաձայնումը, որևէ թեմայի հրապարակային քննարկումը նոր դիսկուրսների առաջացման խթան է հանդիսանում և չի կարող իր ազդեցությունը չունենալ հասարակության վրա: Զեկույցի հրապարակումից  հետո սոցցանցերում ոչ միայն զեկույցի, այլև զեկույցի արծարծած թեմայի քննարկման ականատեսը դարձանք: Ու թեև շատերը, բուռն արձագանքելով մեր կողմից արծարծված թեմաներին, վրդովված ու մեղադրական մեկնաբանություններ էին գրում, սակայն քննարկման փաստն արդեն իսկ ես դրական արդյունք եմ համարում:

 

 

–         Արդյո՞ք զեկույցներն ուղարկել եք տվյալ սերիալների հեղինակներին եւ այն հեռարձակող հեռուստաալիքներին:

 

Աննա Գեւորգյան – Զեկույցի արդյունքներն ու առաջարկները անպայման ուղարկելու ենք և՛ սերիալների հեղինակներին, և՛ հեռարձակող հեռուստաալիքներին, և՛ այն բոլոր կառույցներին ու հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են կանանց հիմնախնդիրներով: Զեկույցի արդյունքները կտրամադրենք նաև միջգերատեսչական այն հանձնաժողովներին, որ զբաղվում են գենդերային հարցերով:

 

 

–         Ձեր կատարած հարցման արդյունքներով` սերիալ դիտող հասարակությունը համաձայն է, որ եթերում արտացոլվում է մեր իրականությունը: Արդյո՞ք հենց սերիալներն են նպաստել, որ մարդիկ կարծեն, թե սա է մեր իրականությունը: Այսինքն` սերիալն է ստեղծում իրականության պատրա՞նք, թե՞ իրապես արտացոլում է արդեն գոյություն ունեցող իրականությունը:

 

Աննա Գեւորգյան– Հեռուստասերիալները, համոզված եմ, մեծ բաժին ունեն այդ կարծիքի ձևավորման գործում: Իհարկե, ընտանեկան բռնությունը մեր հասարակության համար, ցավոք, արտառոց երևույթ չի եղել նաև մինչև հեռուստասերիալները: Բայց հեռուստասերիալներում պատկերված բռնությունը դրական հերոսների կատարմամբ նորմատիվացնում, հետևաբար նաև ավելի հանրայնացնում է առնականության այդ տեսակը՝ բռնարար տեսակը: Այս իմաստով, սերիալներն, իհարկե, շատ մեծ ազդեցություն ունեն հասարակական կարծիքի ձևավորման գործում:

 

Անի Կոջոյան– Բռնությունը բռնություն է ծնում, իսկ էկրանին ցուցադրող բռնությունը սերմանում է հանդորժողականություն ցուցադրվող երևույթների նկատմամբ և հանրայնացնում- նորմալիզացնում որոշ գաղափարներ: Եվ ինչպես հետազոտությունը ցույց տվեց, նպաստում է որոշ հասկացությունների թյուրընկալման և թյուր-մեկնաբանման: Օրինակ՝ առնականությունը, ըստ հարցվածների մեծամասնության,  «հենց տղամարդու կոպտությունն է իր սիրած էակի հանդեպ»: Մինչդեռ, ըստ գիտական մոտեցման, կոպտության կամ բռնության կիրառումը ուժի հաստատումն է մեկ այլ անձի նկատմամբ, և ոչ ամենևին սիրո դրսևորման ձև:

 

 

–         Չե՞ք կարծում, որ սերիալի հեղինակներն են բռնարար տղամարդկանց դարձնում դրական կերպարներ եւ դարձնում նրանց հեռուստադիտողի սիրելին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սերիալների հեղինակների այս միտումը:

 

Աննա Գեւորգյան– Իհարկե, սերիալների հեղինակներն են բռնարար տղամարդկանց դրական կերպարներ դարձնում կամ ավելի ճիշտ դրական կերպարներին օժտում նաև բռնարարի հատկանիշներով: Ու այս հանգամանքը ամենավտանգավորն ու ամենամտահոգիչն է: Հեղինակների այս միտումը բացատրելու համար խորքային հարցազրույցներ էինք նախատեսել նրանց հետ, որոնցից նրանք, ցավոք, հրաժարվեցին: Բայց «911» հեռուստասերիալի սցենարիստի հետ զրույցից պարզ դարձավ, որ հեղինակները բացի սեփական աշխարհայացքով ու անձնական ճաշակով կերպարներ կերտելուց, ջանում են նաև հուզիչ ու էմոցիոնալ տեսարաններով հեռուստադիտողին էկրանին գամված պահել: Ու բռնությունը՝ իր տարատեսակ դրսևորումներով շատերի կողմից կիրառվում է որպես այդ նպատակին հասնելու համար ամենազդու գործիք: Ու դրական հերոսի մասնակցությամբ տեսարաններն էլ նրանք, փաստորեն, համեմում են էմոցիաներով, դժբախտաբար միայն չար, ագրեսիվ էմոցիաներով:

 

Անի Կոջոյան – Այս հարցին կարելի է այլ կերպ էլ նայել. հաճախ գլխավոր հերոսներին աստիճանաբար սկսում են օժտել բացասական և բռնարարի հատկանիշներով: Եվ այս «աստիճանաբարը» դառնում է այնքան հասուն ու հագեցած, որ գլխավոր հերոսներից դրական մի քանի գիծ է մնում միայն: Վերջինս ամենևին էլ չի խանգարում այն բանին, որ նրանք մնան հեռուստադիտողների կողմից համակրելի և ֆավորիտային կերպարներ: Ու թեև այդպես էլ չհաջողվեց խորքային հարցազրույց իրականացնել հեռուսասերիալների սցենարիստների հետ (նրանցից մեկը հրաժարվեց, իսկ մյուսը քաղաքում այլևս չէր գտնվում), հեռախոսազրույցի ժամանակ նրանցից մեկը նշեց, որ գլխավոր հերոսներն արդեն իսկ ունեն բացասական գծեր, և նպատակ կա աստիճանաբար այդ գծերը վերացնելու և հեռուստադիտողին ցույց տալու, թե ինչպես կարող է կերպարնափոխվել հերոսը (վատից դեպի լավը): Ցավոք, մեր հետազոտության բովանդակային վերլուծությունը ցույց տվեց, որ միտումն ամենևին էլ այդպիսին չէ: Սցենարիստը նաև նշեց, որ եթե անգամ բռնարար հերոսները մնում են հեռուստադիտողի համար ֆավորիտային կերպարներ, իրենք ամենևին էլ մեղավոր չեն կամ պատասխանատվություն չեն կարող կրել այն բանի համար, թե ինչպիսի ընկալում կունենա հեռուստադիտողը նման կերպարների վերաբերյալ:

 

 

Արման Ղարիբյան

Լուսանկարում` Անի Կոջոյան եւ Աննա Գեւորգյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հեռուստադիտողը սիրո՞ւմ է կին ծեծող տղամարդկանց

 

Հայկական սերիալների խեղված արժեքները / տեսահոլովակ

 

Կնոջ կերպարը մեդիայում / վիդեո

 

 

«Կնոջ կերպարը հայ մամուլում»

 

 

Կնոջ կերպարը հայկական գովազդում – ինչպիսի՞ն է այն

 

 

Փրկեք ձեր դուստրերին/ վիդեո

 

 

«Սերիալում՝ կինը որպես երկրորդ սորտի մարդ է ներկայացվում»…/վիդեո

 

 

Հայկական սերիալներում տոտալ ագրեսիա է քարոզվում

 

 

«64 կանանց կերպար եւ միայն մեկ կին, ում ոչ ոք չի ծեծում, նվաստացնում…»

 

 

«Որոշեք, որ կատեգորիային եք պատկանում»…

 

 

 

Դիտումների քանակը` 3609

Վերադառնալ վերև