Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Պատերազմ տեսած կանայք. «Անսովոր ճակատագրով սովորական կին եմ»…

Այս տարի Մայրության եւ գեղեցկության օրվա հիմնական բանախոսներն էին Արցախի հերոսամարտին մասնակցած կին վետերանները : Տոնի մասին չէին խոսում, ասում էին «ինչ տոն, որ այսքան կորուստ ենք ունեցել» , հիշում էին Արցախյան պատերազմում հերոսացած մայրերի եւ աղջիկների անունները….  «Օմարի լեռնանցքում զոհված Նունե Աբրահամյանի անունով կոչվեց Նետաձիգների դպրոցը, Զոլաքարի թիվ 2 դպրոցը կոչվեց Ալվարդ Վարդանյանի անունով, ով զոհվել էր Լաչինում…»

 

Այսօր էլ ռազմական գործողությունների լուրն առնելուն պես տղամարդկանց հետ սահման մեկնելու ցանկություն ու պատրաստակամություն հայտնեցին շատ կանայք: Նրանք շատ արագ այդ ցանկությունն իրականություն դարձրեցին՝ Երկրապահ կամավորական միության մյուս կամավորների հետ Արցախ մեկնելով:

 

Հիշողություններ ռազմի դաշտից

 

«Անահիտ» ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը հպարտությամբ նշեց, որ մեր ազգը կարողանում է հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում բռունցք դառնալ: Նրա խոսքով, այսօրվա սերունդն ապացուցեց, արժանի սերունդ է իր նախնիներին, իր պապերին. «Իրենք մեզնից լավն են»:

 

Արցախում հակառակորդի սանձազերծածա ռազմական գործողությունների մասին Անահիտին հայտնել են Մարտակերտում ապրող մարտական ընկերուհիները: Միանգամից Կոմանդոսի մոտ է հասել…

 

Մարտիրոսյանի  ղեկավարած ջոկատում 28 տղամարդ է կռվել. «Ես սովորական հայուհի եմ, որ տան մեջ զակատ է անում ու մնացած բոլոր գործերը, որ մյուս կանայք են անում: Անսովոր ճակատագրով սովորական կին եմ, անցել եմ էդ դժվար ճանապարհը, վիրավորվել եմ, բազմաթիվ վիրահատություններ տարել… Բայց այսօր ես ու բոլոր ընկերներս մեր խնդիրները դրել ենք մի կողմ ու էլի միացել»:

 

 

Ազատամարտիկ, փոխգնդապետ, «Կին ազատամարտիկների միության» նախագահ Աիդա Սերոբյանը մասնակցել է 90-ականների պատերազմին՝ որպես բուժաշխատող:

 

Առանց ծնողների իմացության կամավոր մեկնեց Ղարաբաղ՝զենքն ու բժշկական դեղերը ձեռքին կանգնեց հայ զինվորի կողքին, իր իսկ խոսքով՝ անգամ վախ ունեցող զինվորին կնոջ ներկայությունը կրկնակի խիզախություն է հաղորդում: Մարտակերտում չորս անգամ վիրավորվել է, երկու անգամ նահանջել են, հետո՝ առաջ գնացել: Իր տեսած պատերազմից հետո շատ բան է փոխվել:

 

 

«Ես մարտնչում էի Մարտակերտի շրջանի Հաթեր գյուղի ազատագրական ջոկատում: Մեր ջոկատում կռվում էր 12 տարեկան երեխա, 78 տարեկան պապիկ: Այն ժամանակ մենք բանակ չունեինք, կամավորներն իրենք էին գնում: Երբ ազատագրում էինք Մարտակերտի շրջանի Լուլազաս գյուղը, մենք առաջ էինք գնում դաշտով, պետք է գրավեինք լերկ բարձունքը, որտեղ վաղուց դիրքավորված էին ադրբեջանցիները: Ես այդ ընթացքում մտովի հրաժեշտ էի տալիս իմ երեխաներին, որովհետև մտածեցի, որ մեզանից որևէ մեկին չի հաջողվի հասնել բարձունքին: Մտովի տուն գնացի, մորս մոտ, ու հանկարծ երեխայի ձայն լսեցի: Մտածեցի հալյուցինացիա է, սթափվեցի, նայում եմ երկու երեխա՝ մոտ 12-13 տարեկան ավտոմատները ձեռքին խոսում են՝ արի գնանք, բարձունքը գրավենք: Ես հրամանատարին, որին Մորուք Ռաֆո էինք ասում, ասեցի, մենք գնում ենք, էս երեխեքին ինչի՞ ենք տանում»,-պատմեց կին ազատամարտիկը: Հրամանատարը երեխաներին արգելում է իրենց հետևել, նրանք սկսում են լացել ոտքերը գետնին խփել… Երեխաներից մեկն էլ , հեռացող խմբի հետեւից  ձայն է տալիս, որ գնաք կոտորվեք, միեւնույն է մենք ենք գալու…

 

 

WօmenNet.am-ի հետ զրույցում  նա եւս մի դրվագ պատմեց   արցախցի երեխաների հետ  կապված: Ասում է,  Արցախյան պատերազմի առաջին օրերին կանայք քիչ էին: «Երեխաները սովոր էին միայն տղամարդ ֆիդայիների տեսնել, կին ազատամարտիկ չէին տեսել: Մի անգամ Ստեփանակերտի փողոցներից մեկում վեց տարեկան երեխան նայում է աչքերիս և ասում՝ ձյաձյա, ձյաձյա, մի հատ պատրոն կտա՞ս»,- հիշում է ազատամարտիկը և ավելացնում՝ կինը պետք է և պատերազմում, և բանակում:

 

 

Աիդա Սերոբյանին այսօրվա երիտասարդների հայրենասիրությունն էլ է ոգևորում: Ասում է, իրեն մոտենում են 14-15 տարեկան աղջիկ  ուսանողները, խնդրում են Արցախ գնալ, իրենց էլ հետը տանել. «Ասում են, այնտեղ թեկուզ կարտոշկա կմաքրենք: Դժբախտաբար առողջական խնդիրներ ունեմ, չկարողացա այս անգամ գնալ: Բարեբախտաբար, ռազմական գործողությունները քիչ տևեցին»:

 

 

Ազատամարտիկ կինը մշտապես կապի մեջ է կին կռվողների՝ մասնավորապես Ժաննա Գալստյանի հետ, խոսել է Արկադի Տեր Թադևոսյանի հետ վստահ է, մենք միշտ հաղթանակ ենք տոնելու, քանի որ մենք  մեր հողերն ենք ազատագրում:

 

 

Նա դեռ այն օրերին մի բան էր հասկացել, անգամ վախկոտ տղամարդը, պատերազմի դաշտում կնոջ կողքին՝ առյուծ է կտրում. «Կինը բանակում տղամարդու համար կարծես զսպաշապիկ լինի: Ես գտնում եմ, որ հայ աղջիկներն էլ պետք է ծառայեն բանակում:

 

 

Մայրության տոնի առթիվ պատերազմը սեփական մաշկի վրա զգացած կինը վերջին օրերին զոհված ու անհետ կորած համարվող զինծառայողների մայրերին մաղթում է համբերություն ու խաղաղություն:

 

Հայ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի քույրը՝ Ռուզան Կրպեյանը  մեզ  հետ զրույցում  ոգևորված պատմում էր այսօրվա հայ երիտասարդների ու պատանիների մասին, ովքեր պատրաստակամ օգնում են Երևանի և մարզերի հիվանդանցներում գտնվող վիրավոր զինվորներին, այցելում նահատակած հերոսների մայրերին և հայ ժողովրդի անունից սփոփում: Ի դեպ, հուզմունքը խանգարում էր բոլոր մեր  զրուցակիցներին՝ մտքերը շարադրել, բայց ազգային հերոսի քույրը խորհրդանշական այս օրը՝ մայրության օրը շնորհավորեց այսօրվա հերոսների մայրերին: «Շնորհավորեմ և ոգեկոչեմ այն մայրերին, ովքեր զավակներ կորցրեցին: Ինչ սփոփանքի խոսքեր էլ՝ասենք չենք կարողանա սփոփել ձեր վիշտը: Դուք հայրենքին տվել եք ձեր սիրտը: Խոսքս ուղղեմ, այն մայրերին, ովքեր չգիտեն իրենց զավակաների ճակատագրի մասին, դուք պետք է հպարտանաք, մենք չպետք է ընկճվենք»:

 

Հիացմունք ու կոչ

 

Պատգամավոր Ռուզան Մուրադյանին զարմացրել է հայ երիտասարդների մեծ սերը հայրենիքի նկատմամբ, որին ականատես եղանք հատկապես վերջին օրերին. «Ես դասավանդելով դպրոցում, համալսարանում շփվում եմ երիտասարդների հետ, ու միշտ զարմանում, թե որտեղից նրանց մեջ այդքան մեծ հայրենասիրություն, արիության ոգի: Ես ուրախանում եմ, որ մեր կրթական ու դաստիարակչական ծրագրերով դա ներդնել երիտասարդների մեջ»:

 

 

Նա ասաց ԱԺ կին պատգամավորները կոչ են պատրաստել՝  ուղղված համայն հայությանը, միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր կանանց՝ ոչ ասելու այն բռնություններին, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին:

 

 

«Խորհրդարանական կանայք այդ կոչը կհնչեցնեն Ազգային Ժողովի ամբիոնից, որպեսզի տրվի ռեալ ու հստակ գնահատական այն ոճրագործություններին, որ հրահրում է Ադրբեջանը»,-ասաց օրենսդիր մարմնի կին անդամը:

 

 

Խորհուրդ

 

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն առողջություն մաղթեց բոլոր կանանց. «Հայ կնոջ ցուցաբերած խիզախությամբ ոգևորվում ենք: Նա օջախի սյունն է: Բոլորս գիտենք, որ հայ կինն առանձնահատուկ է ընտանիքի, ամուսնու, երեխաների նկատմամբ վերաբերմունքով: Բայց այս ամենը չենք կարող անել, եթե առողջ չլինենք»:

 

 

Հ. Կարապետյան

Ա Գեւորգյան

Դիտումների քանակը` 4018

Վերադառնալ վերև