Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ուժեղ կին՝ ուժեղ աշխարհ» . Աշոտավանի կանայք միավորվում են նոր գաղափարների շուրջ

«Վիկտորյա» –  այս հաղթական անունով կոչվեց  Աշոտավանում ստեղծված ազնվամորու արտադրությամբ զբաղվող կանանց նախաձեռնող խումբը, դրանով իսկ կանխատեսելով հետագա հաջողությունները:  Համախմբվելով   նոր գաղափարի շուրջ  կանայք կարողացան կյանքի կոչել այն եւ  իրենց    գործունեությամբ  շրջադարձորեն փոխել  ոչ միայն Աշոտավանի, այլեւ հարակից համայնքների բնակիչների կենսակերպը

 

 Աշոտավանի կանանց մասին մեզ պատմեց  Վորլդ Վիժն Հայաստանի Սյունիքի մարզի տնտեսական ծրագրերի համակարգող Իրենա Բալայանը:  Ասում է, որ տեղական արժեշղթաների զարգացման ծրագրի շրջանակներում պետք է ուսումնասիրեր Սիսիանի տարածքում առկա զարգացման հեռանկարներ ունեցող արժեշղթաներից մեկ-երկուսը: Բոլոր համայնքներով շրջագայելով՝ հասել է Աշոտավան: Համայնքապետարանում զրույցել է համայնքի բնակիչների հետ, հետաքրքրվել, թե առավելապես ինչով են զբաղվում եւ հեռանկարային ինչ արտադրություն կարելի է հիմնել: Զրույցներից տեղեկացել է, որ գրեթե բոլորի տնամերձերում ազնվամորի կա, եւ շատերը իրենց ընտանիքի հոգսերը հոգում են ազնվամորու մշակությամբ: «Նրանց հարցաթերթիկներ տվեցի եւ խնդրեցի լրացնել ու ներկայացնել,-ասում է Իրենան: -Տասը կին հետաքրքրվել էր ծրագրով, լրացրել հարցաթերթիկները եւ ներկայացրել Վորլդ Վիժնի Սիսիանի տարածքային գրասենյակ:

Նախաձեռնող կանանց ոգեւորությունից խանդավառված՝ Իրենան կրկին Աշոտավան է գնացել՝ մոտիկից ծանոթանալու ազնվամորու այգիներին: «Դա շատ հեռու էր արտադրություն կոչվելուց,- ասում է Իրենան:- Յուրաքանչյուրն իր տան բակում մի քանի տնկի ուներ, որոնք անխնամ թփուտներ էին: Բայց այդ կանանց ոգեւորությունն այնպես համակեց ինձ, որ սկսեցի ուսումնասիրել ազնվամորու՝ կուլտուրական մշակությունը, ծանոթացա դրա լավագույն մասնագետի՝ «Կանաչ արահետ»-ի Նունե Սարուխանյանի հետ, ու Աշոտավանում ազնվամորու մշակությամբ զբաղվելու որոշումն այլեւս կայացվեց»…

2014 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին ստեղծվեց խումբը, սկսեցին դասընթացները, 2015-ից շեշտը դրեցին նրանց կարողությունների զարգացմանը: Նունե Սարուխանյանին հրավիրեցին Աշոտավան եւ խմբի անդամներին ուղղորդեցին ազնվամուրու ճիշտ՝ լարա-սյունային համակարգով մշակմանը, որը բարձրացնում է բերքատվությունը, հեշտացնում բերքահավաքը, ավելի արդյունավետ է դարձնում մշակումը:

 

«Զգացի, որ գործընթացը շատ արագ մեծ հետաքրքություն առաջացրեց կանանց շրջանում, սկզբում օգտագործում էին իրենց տներում եղած լարերը, սյուները: Շատ ոգեւորիչ էր: Ինչը սովորում էին դասընթացների ժամանակ, կիրառում էին իրենց այգիներում: Ինձանից պահանջում էին ավելին: Բացի մասնագիտական կարողություններից, սովորում էին նաեւ մարկետինգ, խմբային կառավարում, ֆինանսների հմտություններ, ու խմբով այդ ճանապարհն անցնելով՝ նրանք ավելի մտերմացան միմյանց, ավելի համախմբվեցին, ավելի կապվեցին: Խմբում ընդգրկված կանանց աշխատանքը տեսնելով՝ հարեւանները նույնպես աշխատում էին իրենց այգիներում, զգում, որ համայնքում ինչ-որ մի լավ բան է կատարվում, մի լավ բան է փոխվում: Խմբի անդամները կամաց-կամաց անձից վերածվեցին ֆերմերի»,-ասում է Իրենան:

 

«Վիկտորյայի» փորձն ու հաջողությունները շատերի համար են օրինակ դարձել

 

Երբ այդ ահռելի աշխատանքն արդեն արված էր, խումբը մասնակցեց  Ավստրիական զարգացման գործակալության դրամաշնորհային մրցույթին եւ շահեց 30 հազար եվրո արժողությամբ ծրագիր, ինչն էլ  բեկում  մտցրեց խմբի գործունեության մեջ: Դրամաշնորհը հնարավորություն է ընձեռել անցնել ազնվամորու՝ օրգանական մշակությանը: Խմբի անդամներից յուրքանչյուրը հնարավորություն է ստացել 1000 մետր քառ տարածքում կաթիլային եւ լարա-սյունային ոռոգման համակարոգով այգիներ հիմնել: Այս տարի մարտից արդեն սկսում են աշխատանքները, խումբը դրամաշնորհով ձեռք է բերել մինի տրակտոր, այն դառնում է համախմբված կոլեկտիվ, ունեն իրենց արտադրական միջոցները, ունեն բարելավված այգիներ, մյուս տարի գարնանը կունենան հիմնական այգիները:

Ամենաուրախացնողն այն է, որ «Վիկտորյայի» փորձն ու հաջողությունները շատերի համար են օրինակ դարձել, եւ հենց այդ խմբի օրինակով են նոր խմբեր ստեղծվում ոչ միայն Աշոտավանում, այլեւ հարակից՝ Թասիկ, Տոլորս, Բնունիս համայնքներում: Այժմ գործում է եւս 5 խումբ: Բոլոր խմբերում ընդգրկված է 45 կին:

 

«Մեր նպատակն այն է, որ ոչ թե Աշոտավանը դարձնենք ազնվամորու համայնք, այլ՝ տարածաշրջանը: Եվ դրա հավանականությունը շատ մեծ է: Դրան նպաստեց նաեւ անցյալ տարի անցկացված ազնվամորու փառատոնը, որի նպատակն էր ամբողջ տարածաշրջանի ինտեգրումը»:

Երբ ցանկացած արտադրանքի, առավել եւս՝ գյուղատնտեսական, հիմնական խնդիրը իրացումն է, Իրենա Բալայանն ասում է, որ այդ հարցն էլ  էլուծվում.  արտադրանքի հիմնական շուկան Արցախն է, գնորդները հենց արտադրողի դռնից են գնում ազնվամորին, եւ արտադրողը շուկա գտնելու ու արտադրանքն իրացնելու կարեւորագույն հոգսից ազատված է: Սեզոնին արտարդրվում է մեկ տոննա ազնվամորի: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ բարձրացել է բերքատվությունը:

 

Ինչ խնդիրներ լուծեց ծրագիրը համայնքում մեր հարցմանն ի պատասխան Իրենան ասում է, որ մեկ-երկու խնդիր չի լուծել: Բազմաթիվ խնդիրներ են լուծվել, որ մինչ այդ անհավանական էին համարվում: Ու կարեւորում է զբաղվածության խնդիրը, ընտանիքի՝ եկամտի բարձրացման խնդիրը, չնայած հայ ընտանիքում կինը միշտ իր հարգն ու պատիվն ունի, բայց այդ  դերը նույնպես բարձրացել է, ի վերջո, խմբի անդամներից բացի՝ նաեւ մյուսները սովորեցին արտադրանքը բիզնես դարձնել:

 

«Իսկ եթե էմոցիոնալ առումով ասեմ, ապա մարդիկ ավելի ակտիվ են դարձել, ավելի եռանդուն, ուզում են իրենց կարողությունները իրացնել: Եթե նախկինում չէին հավատում խմբի հաջողություններին, հիմա ամեն օր գալիս են-դիմում, որ խումբ ձեւովորեն, աշխատեն»,- ասում է Իրենան:

 

«Նոր գաղափարներ,  նոր մտածողություն, բիզնես մտածողություն եւ նոր ապրելաձեւ»

 

Մեր զրույցին միացավ խմբի հիմնադիր անդամներից մեկը՝ Անահիտ Սերոբյանը: «Ապրելով գյուղում՝  նյութական ոչ մի դժվարություն չեմ ունեցել,ամուսինս աշխատում է, աշխատել-ստեղծել ենք, մեր ընտանիքը պահել: Բայց ես համարյա խեղդվում էի, ծանր հոգեվիճակ էր, անորոշություն էրԱմեն ինչ կարող էի, քաղաքի աղջիկ էի, կթություն ունեի, ձեռքի շնորհք, գործել, ասեղնագործել, ազգային ասեղնագործություն, ու այդ ամենը կարող էի օգտագործել, իրացնել, բայց դաշտը չկար, ունեի բոլոր տվյալները, բայց ճանապարհը չգիտեի, ես մոլորված էի եւ հոգեբանորեն, եւ տրամադրությամբ, եւ ինձ նման շատերը, ու ահա գալիս է Իրենը՝ փրկության պես… բերում է նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր մտածողություն, բիզնես մտածողություն, նոր ապրելաձեւ, որ գյուղաբնակ կինն էլ կարող է բիզնեսով զբաղվել»:

Հարցին՝ ինչին ձգտեցին եւ հասան, Անահիտ Սերոբյանն ասում է՝ «Մեր խմբի կարգախոսն է՝ ուժեղ կին, ուժեղ աշխարհ, եւ դա պատահական չէ: Մենք ոչ թե ուժեղ էինք, այլ ցանկացանք ուժեղ լինել, մենք դրա կարիքը ունեինք, եւ արժանի էինք դրան: Մենք հասանք այդ գիտակցությանը, փոխվեցինք, կրթվեցինք, ինքս գյուղատնտես չեմ, եւ գյուղում ապրելու տարիներին էլ շատ չեմ շփվել հողի հետ, բայց հիմա ավելին գիտեմ, քան գյուղատնտեսական կրթություն ունեցողները: Իմ իմացածը փոխանցում եմ իմ շրջապատին: Ինձ համար այդ աշխատանքը խթանում է ապրել եւ աշխատել հանուն ընտանիքի, հանուն երեխաների, հանուն հայրենիքի, հանուն հայ զինվորի եւ Հայաստանի»: Ապա ավելացնում է, որ որդիները սովորում են Երեւանում, եւ մտարդրություն չունեն ուսումն ավարտելուց հետո գյուղ վերադառնալ: «Բայց կանեմ ամեն ինչ, որ նրանք շահագրգռված լինեն վերադառնալ ծննդավայր՝ շարունակելու այն գեղեցիկ գործը, ընդլայնելու այն բիզնեսը, որ ինքս եմ ստեղծել սիրով, նպատակներով ու լուրջ հեռանկարներով»:

 

Խմբերում ընդգրկված են 45-60 տարեկան կանայք, սակայն հիմնական նպատակներից է  երիտասարդների ինտեգրումը: Իսկ ի պատասխան տղամարդիկ չե՞ն խանդում իրենց կանանց մեր հարցին՝ Իրենան լայն ժպտում է եւ ասում, որ սկզբում նրանց համար էլ էր անսովոր, մի տեսակ, գուցե եւ՝ անընդունելի, բայց երբ տեսան, համոզվեցին, որ իրենց կանայք էլ են կարողանում հոգալ ընտանիքի խնդիրները, հիմա նույնիսկ իրենք են օգնում, աջակցում: Կանանց ինքնավստահությունն է բարձրացել, հիմա նրանց ամուսինները ոչ թե ասում են՝ լավ, գնա քեզ համար զբաղվիր, արդեն իրենք են այդ ամենին լուրջ վերաբերվում:

Ինչ հեռանկարներ ունի ծրագիրը հարցին էլ Իրենան պատասխանում է ասելով. «Մեր ծրագիրը հարատեւ չէ, եւ մեր նպատակն է, որ Վորլդ Վիժնի՝ տարածաշրջանում այլեւս գործունեություն չիրականացնելու դեպքում Աշոտավանի «Վիկտորյա» խմբի անդամները դառնան դեպի տեղական շուկա տանող կապը ոչ միայն համայնքում, այլեւ՝ տարածաշրջանում, եւ մեզանից հետո կարողանան իրենք կոորդինացնել համայնքներին, խմբերին, արտադրողներին, շուկայի դերակատարների, մատակարարների, գնորդների հետ կարողանան անմիջական կապ ուենանալ: Հետագայում կոոպերատիվ կդառնան, ասոցիացիա, թե հիմնադրամ, ենթադրում ենք, որ ոչ ֆորմալ համակարգից կդառնան ֆորմալ համակարգ ու կկարողանա ամբողջ տարածաշրջանի արտադրությունը համակարգել»:

Կարո՞ղ ենք ասել, որ գյուղմթերքի արտադրության նոր մշակույթ է ձեւավորվում մեզանում, հարցնում ենք Իրենային:

– Առաջ արտադրում էինք այնքան, որքան պետք է ընտանիքի կարիքների համար, ու գյուղմթերքի մասին երբեք չենք մտածել որպես լուրջ բիզնեսի: Հիմա այդ մտածելակերպը փոխվում է, այդ կարծրատիպը կոտրվում է: Երբ մարդիկ սկսում են գումար աշխատել, հավատում են իրենք իրենց ու սկսում են մշակության տարածքները ընդլայնել, դրան վերաբերում որպես բիզնեսի: Դա է փոխվում մեզ մոտ: Հիմա մենք ուզում ենք նորարարական փորձ անել, քանի որ Աշոտավանի ազնվամորին տարեկան 2 անգամ է բերք տալիս, բայց ցրտերի պատճառով չի հասցնում աշնան վերջին հասունանալ, դրամաշնորհի շնորհիվ ուզում ենք թունելային տնտեսության միջոցով փորձարկում անել: Հնարավոր է երկարացնել ազնվամորու կյանքը Սյունիքում, եւ այն մրցակցային առավելություն կունենա ամբողջ Հայաստանում:

Ի դեպ,  Աշոտավանի կանայք  ազնվամորու նոր տեսակ են ցանկանում ստեղծել ու ի պատիվ եւ ի սեր ծրագրի համակարգող Իրենա Բալայանի՝ կոչել նրա անունով՝ «Իրենա»…

 

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Դիտումների քանակը` 3103

Վերադառնալ վերև