Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայ կանանց քաղաքական առաջընթացն արտերկրում, բայց դեռևս ոչ Հայաստանում …

 

Անցնող  շաբաթվա մեջ հպարտությամբ տեղեկացանք,  որ մեր հայրենակցուհիներից երկուսը  հաղթանակ տարան  Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Մասնավորապես ,  Ստրասբուրգի նոր քաղաքապետ  ընտրվեց  «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը գլխավորող Ժաննա  Բարսեղյանը, իսկ Ֆրանսիայում Հայ բարեգործական ընդհանուր միության  գրասենյակի տնօրեն, Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի քաղաքական ուժը ներկայացնող Անուշ Թորանյանն ընտրվեց  Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար:

 

Այս իրադարձությունների  մանրամասներին  է անդրադառնում  «Անկախ» պարբերականի   մեկնաբան, «Երևելի կանանց դարը»  գրքի  հեղինակ  Անահիտ Հարությունյանը  իր  «Առայժմ հայ կանայք առաջընթաց քայլեր կանեն արտերկրում, իսկ Հայաստանում «հանգիստ կնստեն տեղները» հոդվածում ՝ զուգահեռներ  անցկացնելով արտերկրում  հայ կանանց հաջողությունների և Հայաստանում  ՏԻՄ-երի ղեկավար դառնալու կանանց հնարավորությունների  միջև… 

 

 

…Հայերիս հպարտանալու ծարավը հագեցրեց մանավանդ այն հանգամանքը, որ Ժաննան դաշնակցական գործիչ Սարգիս Բարսեղյանի և մեր առաջին հանրապետության խորհրադարանի երեք կին պատգամավորներից մեկի՝ Պերճուհի Պարտիզպանյանի ծոռն է, ինչը ևս մեկ անգամ վկայեց, որ ժառանգականությունը հզոր ուժ է, որի դեմ անզոր են ժամանակն ու տարածությունը: Ծոռան հաջողությունը առիթ դարձավ, որ ևս մեկ անգամ ոգեկոչեինք նրա երախտավոր մեծ պապին ու մեծ տատին: Շատ սրտառուչ երևույթ է, ավելի լավ պատվանդան նախնիների հիշատակին հավանաբար հնարավոր չէ պատկերացնել:

 

 

Բայց մինչ հանրության մեծ մասը համարյա անգիր արեց Պերճուհու կենսագրությունը և հիացավ Ժաննայի հաղթական ժպիտով, կարծես ուշադրությունից դուրս թողեց այն հանգամանքը, որ ֆրանսիացիների այս ընտրությունները կարևոր հաղթանակ էին մեզ համար նաև  հայ-թուրք/ադրբեջանական հարաբերությունների, հայ և թուրք/ադրբեջանցի լոբբիների հակամարտության առումով: Մինչ ֆրանսիական կուսակցությունները պայքար էին մղում քաղաքապետների աթոռների համար, մրցակցություն էր ընթանում հայերի և թուրքերի միջև: Բանն այն է, որ թուրքերը, ինչպես որ հայտարարել էր Էրդողանը, մտադիր էին քաղաքների խուրհուրդների մաս կազմել, որպեսզի տարածեին իրենց քարոզչությունը, ժխտեին Հայոց ցեղասպանությունը և թուլացնեին ֆրանսահայերի դիրքերը քաղաքապետարաններում և առհասարակ Ֆրանսիայի քաղաքականության մեջ:

 

 

Այս տեսանկյունից Ստրասբուրգից պակաս կարևոր չէին Փարիզի ընտրությունները: Այստեղ  հավանական հաղթողներից մեկը հայամետ, հայանպաստ ձեռնարկումներով աչքի ընկած, Փարիզի գործող քաղաքապետ Անն Հիդալգոն էր և Ֆրանսիայի նախկին արդարադատության նախարար, Եվրախորհրդարանի պատգամավոր, ներկայումս Փարիզի 7-րդ շրջանի քաղաքապետ Ռաշիդա Դաթին, որ հայտնի է որպես բացահայտ ադրբեջանամետ գործիչ,  Ադրբեջանի բարեկամների ասոցիացիայի անդամ, Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ հարաբերություններով, հակահայ  հայտարարություններով ու  քվեարկություններով: Ուստի մեզ համար մեծ հաջողություն էր Անն Հիդալգոյի վերընտրվելը, որի համար պարտական ենք նախ ֆրանսահայ համայնքին ջանադիր քարոզչության համար և Անն Հիդալգոյի հեռատեսությանը, որ ժամանակին կանխատեսելով «կանաչների» կուսակցության հաղթարշավը (հունիսի 28-ի ընտրությունների արդյունքներով «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցությունը հաղթանակ տարավ գրեթե 3 տասնյակ քաղաքներում)՝ դաշինք կազմեց նրանց հետ (ֆրանսիացի կատակասերները, ի դեպ, այդ դաշինքն անվանեցին «ձմերուկային»՝ նկատի ունենալով ձմերուկի ներսի վարդագույնը՝ սոցիալիստների գույնը և բնապահպաններին խորհրդանշող արտաքին կանաչ գույնը):

 

 

 

Թեժ էր պայքարը նաև Փարիզի ամենահոծ  բնակչություն ունեցող 15-րդ վարչական շրջանում, որտեղ հիմնական մրցակիցներն էին Անն Հիդալգոյի գլխավորած «Մեզ միավորում է Փարիզը» (Paris en commun) դաշինքից երիտասարդ քաղաքական գործիչ,  Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն Անուշ Թորանյանը և Ռաշիդա Դաթիի գլխավորած «Հանուն Փարիզի փրկության» (Engages pour sauver Paris) դաշինքից ազգությամբ թուրք, փորձառու քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ագնես Էվրենը: Այնպես որ այստեղ էլ Անուշ Թորանյանի հաղթանակը պակաս նշանակալի չէր, եթե հաշվի առնենք, օրինակ, տվյալ թաղամասի բնակչության թիվը, որ բավական մոտ է Ստրասբուրգի բնակչության թվին (համապատասխանաբար՝ ավելի քան 250 հազար և 277 հազար):

 

 

Մեր հայրենակից տիկնանց հաջողությունը, սակայն, նաև տխուր մտորումներ է հարուցում այն առումով, որ այս ասպարեզում չենք կարող հպարտանալ մեր կանանց հաջողություններով այստեղ՝ Հայաստանում:

 

 

Առհասարակ քաղաքապետների ընտրությունները ցավոտ թեմա է մեզանում, քանի որ Հայաստանի երրորդ Հանրապետության ողջ պատմության ընթացքում  ընդամենը մեկ կին քաղաքապետի օրինակ ունենք՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, որը, սակայն, չի ընտրվել բնականոն ընտրապայքարի պայմաններում (նկատի ունենք այն, որ նա հեղափոխության ալիքի վրա նշանակվեց քաղաքապետի պաշտոնակատար վարչապետ Փաշինյանի հրամանով, ապա մի քանի ամիս անց նույն հեղափոխության էյֆորիայի պայմաններում ընտրվեց որպես Փաշինյանի «ընտրած» թեկնածու, ինչպես շատ այլ համայնքներում և Երևան քաղաքում):

 

 

Երկու տարի առաջ Երևանի կառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ, ի դեպ, մենք անդրադարձել ենք այս հարցին՝ աշխարհի և Հայաստանի հակադրությանը՝ նշելով, որ ողջ աշխարհում վերջին մեկ-երկու տասնամյակներում կանայք նվաճում են մեծ ու փոքր քաղաքները (Հռոմ, Փարիզ, Մադրիդ, Բարսելոնա, Աթենք, Սթոկհոլմ, Վարշավա, Պրահա, Բաղդադ, Տոկիո ևն):  Փաստորեն քաղաքները համատարած «կանացի» դեմք են ստանում: Ավելին, բանը հասել է նրան, որ երբեմն տղամարդիկ չեն էլ մասնակցում ընտրապայքարին: Այս տարի Փարիզում, օրինակ, երեք ֆավորիտներն էլ կանայք էին՝ Անն Հիդալգոն, Ռաշիդա Դաթին և Անիես Բյուզենը,  մինչդեռ 90-ականների առաջին մեկ-երկու ձախողված փորձերից հետո մեր կանայք նույնիսկ չէին համարձակվում թեկնածություն առաջադրել (բացառություն էին Երևանի նախորդ՝ 2017 թ. ընտրությունները, երբ առաջին անգամ քաղաքապետի կին թեկնածու էր առաջադրվել՝ Զարուհի Փոստանջյանը): Եվ քանի որ այս տեսանկյունից 2018 թ. ընտրությունները բացառիկ էին, միանգամից երեք կնոջ թեկնածություն կար (Զարուհի Փոստանջյան, Նաիրա Զոհրաբյան և Անահիտ Թարխանյան), հույս էինք հայտնել, որ գուցե մեզանում էլ ընտրողները կնախընտրեն կանանց, որոնք աշխարհում արդեն բազմիցս են ապացուցել՝ քաղաքների կենցաղն ու տնտեսությունը վարում են նույնքան հմտորեն, որքան իրենց ընտանիքները, և մենք էլ, ինչպես Հռոմի քաղաքացիները, առիթ կունենանք արձանագրելու, որ Երևանը 2800-ամյա պատմության մեջ առաջին անգամ կին քաղաքապետ է ընտրել: Թե ինչ տեղի ունեցավ, բոլորիս է հայտնի, հույսերը չարդարացան:

 

 

Ուստի հռետորական հարց է ծագում. Ժաննա Բարսեղյանը և Անուշ Թորանյանն արդյոք կկարողանայի՞ն հաղթանակ տանել մեր հողում, եթե իշխող քաղաքական ուժի հովանավորությունը չվայելեին: Ֆրանսիայի վերոնշյալ ընտրություններում, ի դեպ, գրեթե ամենուրեք «Առաջ, Հանրապետություն» իշխող ուժի թեկնածուները պարտություն կրեցին։ Բայց մենք մեզ «ժողովրդավարության բաստիոն» ենք հորջորջում, նրանք՝ ոչ:

 

 

Եվ մի հարց էլ: Արդյոք Երևանի քաղաքապետի այն երեք կին թեկնածուները (Զարուհի Փոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Անահիտ Թարխանյանը) լավ քաղաքապետ կլինեի՞ն: Իհարկե, այսօր դժվար է ասել, բայց … 

 

 

Հոդվածն ամբողջությամբ  կարելի  է կարդալ այստեղ

 

 

Դիտումների քանակը` 511

Վերադառնալ վերև