Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կանանց օրակարգը՝ հանուն զարգացման». նախընտրական դեբատներ

 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Երևանում տեղի ունեցան «Կանանց օրակարգը՝ հանուն զարգացման» խորագրով քաղաքական դեբատները, որոնց մասնակցեցին պատգամավորության կին թեկնածուները տարբեր քաղաքական ուժերից: Նրանց շարքում կային թե՛ հանրությանն արդեն հայտնի անուններ, թե՛ նոր անուններ, որոնք դեռ իրենց ասելիքը կասեն:

 

Բացելով քննարկումը «ՕքսԵՋեն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ այս դեբատների  հիմնական նպատակը ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ուշադրությունը հրավիրել այն հիմնախնդիրներին, որ վերաբերում են կանանց, առավել ևս, որ ՀՀ ընտրազանգվածի կեսից ավելին կանայք են: Նրա խոսքով, քննարկումը ծավալվելու է  փորձագետների կողմից պատրաստված «Կանանց օրակարգը՝ հանուն զարգացման» վերլուծական փաստաթղթում ներկայացված առանցքային հիմնախնդիրների շուրջ, որոնց Հայաստանի կանայք առնչվում են տարբեր ոլորտներում : Ի դեպ, օրակարգը նախօրոք  ներկայացվել է քաղաքական բոլոր ուժերին և մասնակից թեկնածուները հնարավորություն են ունեցել ծանոթանալ դրանում զետեղված հարցադրումների հետ:

 

Նա նաև նշեց, որ քննարկումը կազմակերպվել է  «Հավասար. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը ազգային մակարդակում» և «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրերի շրջանակներում՝ Շվեդիայի կառավարության և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:

 

Այնուհետ տիկին Հակոբյանը հնչեցրեց առաջին հարցը՝ արդյոք կարևորում են կին թեկնածուները կանանց առնչվող հիմնախնդիրները և պատրա՞ստ են այդ հիմնախնդիրները բարձրաձայնել իրենց քարոզարշավի ընթացքում  և ընտրվելու դեպքում՝  օրենսդրական մարմնում գործունեության շրջանակում:

 

Դահլիճից ևս երկու հարց հնչեցվեց նույն ուղղությամբ ՝ որոնք ենք թեկնածուների համար  կանանց օրակարգի առաջնահերթությունները և ինչու՞ կուսակցությունների ծրագրերում զետեղված չեն կանանց վերաբերող  հիմնախնդիրները: Հարցերի թվում էին քվոտավորման արդյունավետության և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի խնդիրները: 

 

 

 

Աննա Կոստանյան, «Լուսավոր Հայաստան».

«Եթե խոսում ենք կանանց և տղամարդկանց հավասարության մասին, ապա այն պետք է լինի 50/50 համամասնությամբ»

 

-Ես ողջունում եմ այն, որ այս  նախընտրական քարոզարշավի ընթացքում չկա կանանց նկատմաբ սուր արտահայտված խտրականություն, որը կար մի քանի տարի առաջ: Գուցե հասարակությունում դեռ կան մարդիկ, որ հայրիշխանական  մենթալիտետի կրող են, բայց դրական միտումը ես միանշանակ տեսնում եմ: Եվ եթե բոլորը պատրաստ են այս հարցի շուրջ աշխատել, ապա մոտ ապագայում դրա արդյունքները օրենսդրական դաշտում կտեսնենք: Ընդ որում,  եթե խոսում ենք կանանց և տղամարդկանց հավասարության մասին, ապա այն պետք է լինի 50/50 համամսնաությամբ… Կարծում եմ նաև, որ  կանանց քաղաքական կամ տնտեսական  մասնակցության հետ կապված  առաջին խնդիրն այն է, թե որքանով է մոտիվացված տվյալ անձը բուհը ավարտելուց հետո շարունակել ինքնակրթությունը կամ աշխատել: Ես ինքս, հանդիսանալով երկու երեխաների մայր, այդ դժվարությունների միջով անցել եմ, միաժամանակ կարողանալով չկտրվել երեխաների դաստիարակության գործընթացիցց` աշխատել եմ, կրթվել եմ ու նվիրվել ընտանիքին: Բայց մենք սոցիալ-մշակութային բնույթի խոչընդոտներ ունենք մեր հասարակությունում,  ու եթե  ես լինեմ ԱԺ-ում, ապա  կփորձեմ խթանիչ դերակատարում ունենալ այն կանանց համար, ովքեր ընտանեկան միջավայրում լինելուց զատ ցանկություն ունեն ինքնակրթվել ու աշխատել` չկտրվելով ընտանիքից:

 

Զարուհի Բաթոյան, «Իմ քայլ» դաշինք.

«Ամենակարևորը  հավասար հնարավորությունների ստեղծման և ներառականության սկզբունքներն են»

 

-Կանանց իրավունքները, նրանց խրախուսումն ու հզորացումը իմ գործունեության ու նաև այս քարոզարշավի առանցքային հարցերն են հանդիսանում: Ավելին մեր կուսակցությունում հայտնի եմ որպես ֆեմինիստ և կանանց պաշտպան, և այդ ներքին լոբինգը, կարծում եմ, կարևոր է: Ինձ համար առաջնահերթություն են աշխատանքի իրավունքի իրացման, քաղաքական մասնակցության ապահովման, ընտանեկան բռնության կանխարգելման հետ կապված հարցերը, որոնք և իմ հետագա գործունեության ընթացքում առաջ եմ տանելու:  Մեր նախընտրական ծրագրում ամենակարևոր սկզբունքները հավասար հնարավորությունների ստեղծման և ներառականության սկզբունքներն են: Ինձ համար կարևոր է նաև բռնության մերժումը,  ընտանեկան բռնության հետ կապված օրենսդրական ոլորտում խնդիրների լուծումը և բացերի կարգավորումը: Մեր ծրագրում առանձնակի ուշադրություն է դարձված նաև առողջապահությանը, որպեսզի հատկապես մարզաբնակ կանանց համար առողջապահությունը լինի որակյալ և հասանելի:

 

 

Շահանե Նռանյան , ՀՅԴ .

«ՀՅԴ –ն  կարևորում  է կանանց  լիարժեք ներգրավումը տնտեսության զարգացման հարցում»

 

-«Այսօրվա մեր իրականության մեջ կինը, որ ստանում է բարձրագույն կրթություն, ամուսնանալուց հետո ունենում երեխաներ և զբաղվում նրանց դաստիարակությամբ, ժամանակի ընթացքում մոռանում է իր գիտելիքները և ինչ-որ պահի խնդիր է ունենում աշխատաշուկա  վերադառնալու հետ: Կանանց մի մասը այդ հարցը լուծում են տատիկ-պապիկների կամ դայակների միջոցով, որոնց վճարում են: Ես կարծում եմ, կնոջ դերը հասարակությունում բարձրացնելու համար  պետք է նախևառաջ  ապահովել նրա  ներգրավվածությունը  երկրի տնտեսության զարգացման մեջ: ՀՅԴ-ն առաջարկում է երեխաներ ունեցող կանանց համար աշխատանքի դուրս գալու ւ նպաստավոր պայմաններ ստեղծել այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք կապահովեն  երեխաների ներգրավումը  2 տարեկանից սկսած  նախադպրոցական կրթական համակարգում, բացի այդ մանկապարտեզների աշխատաժամերը պետք է երկարացվեն, որպեսզի մայրիկները կարողանան հանգիստ մնալ աշխատավայրում: Մենք նաև առաջարկում ենք օրենսդրորեն սահմանել, որ մանկահասակ երեխաների մայրերը կարող են աշխատանքը վերջացնել կես կամ մեկ ժամ շուտ: Չենք անտեսել նաև դպրոցահասակ երեխաներ ունեցող կանանց, որոնք ևս խնդիր ունեն: ՀՅԴ-ն առաջարկում է արտադասարանական ծրագրեր` մշակույթի, սպորտի և դասապատրաստման ծրագրեր, որոնք կտևեն մինչ 18.00: Այսինքն, հիմնական դասապրոցեսից հետո երեխաները նաև կստատան հավելյալ ուսում: Դաշնակցությունը նաև առաջարկում է ստեղծել մեծահասակների զբաղվածության կենտրոն, որպեսզի նրանք առողջ ծերություն ու հետաքրքիր ժամանց ունենան:

 

Արփի Կարապետյան, «Լուսավոր Հայաստան».

«Խտրականությունը, որ առկա է մեր հասարակությունում կանանց նկատմամբ, պետք է բացառվի ու վերացվի, այդ թվում և օրենսդրական փոփոխությունների միջոցով»

 

-Մեր կուսակցությունը որդեգրել է ազատական, արագ և կոմպետենտ փոփոխություններ հայաստանյան իրականություն բերելու քաղաքականություն: Սա նշանակում է հավասար իրավունքներ կանանց և տղամարդկանց համար բոլոր ասպարեզներում: 25 տարի աշխատելով տարբեր կազմակերպությունների հետ, կարող եմ փաստել, որ Հայաստանում ունենք խտրականության դրսևորումներ՝ սկսած աշխատանքի ընդունման գործընթացից, երբ անգամ գործատուի կողմից տրված հայտարարություններն են խտրական, վերջացրած Աշխատանքային օրենսգրքում առկա խտրական մոտեցումներով, և վստահ եմ, որ օրենսգիրքը շատ արագ պետք է բարեփոխվի:

 

Հեղինե Բիշարյան «Օրինաց երկիր».

«Կանայք կարող են հասցնել լինել ամենուր` ևընտանիքում, ևքաղաքականությունում, և՛ բարձր պաշտոնների»

 

-Համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ երեխային պետք է դաստիարակեն տատիկ-պապիկները կամ դայակները, հակառակը՝ ես կողմնակից եմ, որ հենց մայրը պետք է իր երեխային փոխանցի արժեքները: Վստահ եմ, որ կանայք կարող են հասցնել լինել ամենուր` և’ ընտանիքում, և’ քաղաքականությունում, և՛ բարձր պաշտոնների: Ժամանակին ես հեղինակն եմ հանդիսացել  «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասին» օրենքի, որն ընդունվել է, բայց թե որքանով է իշխանությունն այդ օրենքը կիրառում` սա այլ խնդիր է: Այդ օրենքը պետք է գործի, այն խտրականության դեմ  է, կնոջ առաջընթացի համար հավասար հնարավորությունների մասին է: Ես նաև վստահ եմ, որ պետք չէ անընդհատ խոսել այն մասին, թե կին եմ ու մեզ առանձնահատուկ պայմաններ են պետք, ոչ. քաղաքական գործիչը այդ մասին պարզապես չպետք է հիշի , ուղղակի իր ներուժը ներդնի՝ լինի կին, թե տղամարդ:  Ավելացնեմ նաև, որ կուսակցությունը ԱԺ-ում հայտնվելու դեպքում առաջնային բարձրացնելու է գյուղաբնակ կանանց խնդիրները,  ովքեր  շատ խոցելի խավ են` կլոր տարի հողի հետ պայքար տվող: Գյուղաբնակ կանանց աշխատանքը պետք է պարտադիր ստաժ համարվի և մեր նախընտրական ծրագրում տեղ է գտել այս կետը: Եթե ընտրվեցինք՝ այս խնդիրն անպայման առաջ ենք տանելու…

 

Ռեգինե Ճաղարյան «Մենք» դաշինք.

«Կինը պետք է ժամանակ գտնի իր ներուժը ներդնի երկրի զարգացման գործում»

 

-Մենք բոլորս հավասար ենք, բայց հայկական հասարակության մեջ է որոշակի տարբերություն դրվում, ինչը մեծապես գալիս է ազգային մենթալիտետից: Վերջին տարիներին տեսնում են, որ կանայք ոտքի են ելել, պայքարում են իրենց իրավունքների և հավասար հնարավորությունների համար… Կինը պետք է ղեկավարի տղամարդու հետ մեկտեղ, կինը պետք է աշխատելու հնարավորություն ունենա, բայց չմոռանանք, որ կինը նաև մայր է, որը երեխաներ է դաստիարակում: Այսինքն, կինը պետք է ժամանակ գտնի իր ներուժը երկրի զարգացման գործում ներդնելու համար, բայց չմոռանալով ընտանիքի մասին:

 

Գայանե Աբրահամյան «Իմ քայլը» դաշինք.

«Երեխաների ներգրավումը նախադպրոցական հաստատություններում հնարավորություն կտա կանանց առաջխաղացում ունենալ աշխատանքի շուկայում»

 

Տարիների ընթացքում  իմ գործունեության առանցքում եղել են կանանց իրավունքների պաշտպանության և քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության խթանման հարցերը: Այդ հարցերը  կլինեն նաև իմ առաջնահերթությունները ԱԺ-ում: Դաշինքի ծրագրում լուրջ շեշտադրում է արված կրթական ոլորտի բարեփոխումների վրա, ինչը ենթադրում է հավասարության սկզբունքի ամրապնդում, կնոջ առաջխաղացման հնարավորությունների  ստեղծում: Ծրագրում, որպես առաջիկա 5 տարվա տեսլական  ներդրված է նաև 70 տոկոս երեխաների ներգրավումը նախադպրոցական հաստատություններում, իսկ սա դիտարկվում է նաև կանանց իրավունքների տեսանկյունից, քանի որ հնարավորություն կտա կանանց առաջխաղացում ունենալ աշխատանքի շուկայում:

 

Տաթևիկ Բեժանյան «Սասնա ծռեր»

«Մեր հասարակությունը , ցավոք, դեռ պատրաստ չէ ընկալել կանանց և տղամարդկանց հավասարությունը»

 

-Հասարակությունը պետք է ինքը պատրաստ լինի ընկալելու կանանց և տղամարդկանց հավասարությունը, բայց մեր հասարակությունը, ցավոք, դրան դեռ պատրաստ չէ: Մենք պետք է փորձենք փոխել այդ իրավիճակը: Սկսենք նրանից, որ Հայաստանում դեռևս առկա է սեռով պայմանավորված աբորտների խնդիրը, ունենք չծնվող մայրերի լրջագույն խնդիրը, որը մի քանի տարուց իրեն զգացնել է տալու: Կանայք պետք է նաև ղեկավար պաշտոններ զբաղեցնեն, քանի որ այսօր հայ կնոջ խելքն ու հնարավորությունները, ինչպես նաև ճկուն միտքը չի օգտագործվում, և մենք ամեն ինչ անելու ենք այդ թերությունը շտկելու հմար: Կանանց խնդիրները մեր կուսակցության համար կարևորագույնների թվում են:

 

Յանա Մանթաշևա, «Քաղաքացու որոշում».

«Անչափ կարևոր է, որ հայրը ևս երեխայի խնամքի  գործում ունենա կարևոր դերակատարում»…

 

 

-Մեր կուսակցությունը իր նախընտրական ծրագրում առանձին կետով անդրադառնում է կանանց խնդիրներին: Բայց ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ միայն կինը պետք է զբաղվի երեխայի խնամքով, անչափ կարևոր է, որ հայրը ևս այդ գործում ունենա կարևոր դերակատարում:

 

Լիա Խոջոյան

 

 

 

Քննարկման մանրամասները տեսագրության մեջ.

 

 

Դիտումների քանակը` 1234

Վերադառնալ վերև