Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանայք ՏՏ ոլորտում. հաջողություններ  և խնդիրներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը   վերջին տարիներին մեծ դերակատարություն ունի տարբեր երկրների ազգային տնտեսությունների զարգացման գործում։ Սակայն կարծրատիպ կա, որ  այդ ոլորտը տղամարդկանց համար է, և այնտեղ  լուրջ բարձունքների  միայն նրանք կարող են հասնել։  Այնուամենայնիվ, ինչպես փաստում է փորձը,   կանայք   հաղթահարում են այդ կարծրատիպը և հաջողությունների հասնում ոլորտում: Այս և ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության հետ կապված  այլ խնդիրներին էր  նվիրված   «Կանայք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում. խնդիրներ և մարտահրավերներ» խորագրով քննարկումը,   որը կազմակերպել էր ՕքսԵՋեն հիմնադրամը Girls in Tech (GIT)  կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ:

 

Վիճակագրության համաձայն՝  աշխարհում կանանց ներգրավվածությունը ՏՏ ոլորտում  ցածր  է` միջինում մինչև 20 տոկոս է:  Girls in Tech Armenia կազմակերպության գործադիր տնօրեն Սեդա Պապոյանի ներկայացմամբ , Հայաստանում կանանց ներգրավվածությունն այդ ոլորտում  աշխարհի միջին ցուցանիշից ավելի է՝ շուրջ 30 տոկոս: «Մեր երկրում կանանց մասնաբաժինը ՏՏ ոլորտում ամենաբարձրներից  է աշխարհում: Հատկապես վերջին երկու տարիներին ՏՏ ոլորտի նկատմամբ կանանց հետաքրքրությունը զգալի աճել է»,- ասաց Սեդա Պապոյանը:

Այդուհանդերձ, ինչպես այլ ոլորտներում, ՏՏ ոլորտում էլ  բարձր վարձատրվող և ղեկավար դիրքերում քիչ թվով կանայք կան, ինչի հետևանքով այս ոլորտում նույնպես  առկա է կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի զգալի տարբերություն:  «Օրեր առաջ ՀՀ վարչապետը հանդիպել է ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներ հետ:  Այդ հանդիպմանը մասնակցող չորս տասնայկից ավելի տղամարդկանց շարքում ընդամենը մեկ կին կար, և դա խոսուն փաստ է: Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար մեծանում է: Բացարձակ  անհիմն  մի պատկերացում կա, որ աղջիկների ուղեղի  կառուցվածքն իբր թե թույլ չի տալիս զբաղվել  գիտությունով  և տեխնոլոգիաներով: Բարեբախտաբար, աղջիկները հաղթահարում են այդ անմիտ կարծրատիպը  և համարձակություն ունեն  մուտք գործելու գիտություն, տեխնոլոգիաների ոլորտ»,- ընդգծեց Սեդա Պապոյանը:

 

Անդրադառնալով  աշխատավարձերի հարցին՝ նշեց, որ  այդ  խնդիրը կա ամբողջ աշխարհում: «Տղամարդակենտրոն ոլորտում, որտեղ 70 տոկոսը տղամարդիկ են, ավելի շատ են գնահատում ու վստահում տղամարդկանց, քան կանանց»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում, ցավոք սրտի, այդ ուղղությամբ   վիճակագրություն գրեթե չկա: Նա հայտնեց նաև, որ մտադիր  են ավելի խորությամբ  ուսումնասիրել այդ հարցը՝ բացահայտելով  ՏՏ ոլորտում  անհավասար վարձատրության իրական պատկերն ու պատճառները:

 

Սեդա Պապոյանի խոսքով՝ իրենց կազմակերպության՝  Girls in Tech-ի նպատակն է մեծացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը տեխնոլոգիական ոլորտում, բացահայտել սկսնակ և արդեն գործող կին գործարարներին, օգնել նրանց ձեռք բերել նոր հմտություններ և ունակություններ, որոնք կարող են հանգեցնել դրական փոփոխությունների իրենց համայնքներում:

Հանդիպման հատուկ հյուրն էր Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Տյուրկը, ով եռօրյա այցով գտնվում էր Երևանում՝ գլխավորելով Համաշխարհային առաջնորդական դաշինք Մադրիդի ակումբի բարձրաստիճան պատվիրակությունը։ 

 

 

Խոսելով Հայստան իր այցի նպատակների մասին Դանիլո Տյուրկն ասաց, որ ուզում են հասկանալ, թե Հայաստանում  ինչպիսին է աշխատանքային իրավունքների վիճակը  և ինչ կարող ենք ակնկալել կառավարությունից հատկապես երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո:  « Մենք հետաքրքրվում ենք աշխատանքային իրավունքների ոլորտով: Հայաստանը բազմաթիվ միջազգային կոնվենցիաների անդամ երկիր է, և հասկանում ենք, որ այս ոլորտում ամեն ինչ չէ, որ ճիշտ ձևով է իրականացվում: Մենք ուզում ենք ծանոթանալ այդ խնդիրներին և, եթե հնարավոր է՝ կիսվենք մեր փորձով»,- ասաց Դանիլո Տյուրկը:

 

 

Զուգահեռներ անցկացնելով Սլովենիայի հետ , նա  նշեց,  որ իր երկրում կանայք և տղամարդիկ աշխատանքի շուկայում  գրեթե հավասար մասնակցություն ունեն, մինչդեռ ղեկավար պաշտոններում պատկերն այլ է: Խոսելով  կանանց և տղամարդկանց վարձատրության տարբերությունից նա նշեց, որ ԵՄ երկրներից  Սլովենիայում  այդ  տարբերությունն  ամենացածրն է : «Սա տեղի է ունեցել երկարատև զարգացումների արդյունքում: Մեր երկրում նորմալ է ընկալվում և տարածված է այն փաստը, որ ընտանիքում կինն ավելի է վաստակում, քան տղամարդը և բոլորն էլ դրան նորմալ են վերաբերվում: Դեռևս իմ ծնողների ժամանակ կարևոր էր, որ և ամուսինը, և կինն աշխատեին, իսկ վարձրատրությունների տարբերությունը այն ժամանակ չէր կարևորվում: Սակայն հետագայում բացահայտվեց   «ապակյա առաստաղի» խնդիրը, որ կանայք որոշակի պաշտոններից վերև չէին բարձրանում, այսինքն՝ նրանք դառնում էին պրոֆեսոր, սակայն  ոչ դեկան կամ ռեկտոր: Օրինակ, իմ համալսարանը, որտեղ դասավանդում եմ, 100 տարվա պատմության ընթացքում ընդամենը մեկ կին ռեկտոր է ունեցել: Այսինքն՝ ղեկավար պաշտոններում ավելի շատ տղամարդիկ են: Խնդիրը հենց այստեղ է»,- ասաց Սլովենիայի նախկին ղեկավարը, նշելով նաև, որ Սլովենիայի անկախությունից ի վեր, ընդամենը մեկ կին վարչապետ են ունեցել:  

 

 

 Անդրադառնալով բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ նա նշեց, որ այդ ոլորտը ամենուրեք միշտ իր հետ հույս է բերում, այդ թվում՝ Սլովենիայում:  Նաև  նկատեց, որ որևէ մեկը չի մտածում, որ կանայք ավելի քիչ են ունակ ձեռք բերել տեխնիկական գիտելիքներ, բոլորն էլ ընդունում են՝ մասնագիտության ընտրության հարցում կա հավասարություն:  «Բարձր տեխնոլոգիաների, գիտելիքների առումով որևէ տարբերություն չկար, բայց բիզնես կառավարման առումով իհարկե կար տարբերություն, քանի որ տղամարդիկ էին ավելի շատ հակված բիզնես անել, ռիսկերը գնահատել: Այդ իսկ պատճառով ղեկավար պաշտոններում հայտնվում էին տղամարդիկ»,- ասաց նա:

 

 

Դանիլո Տյուրկը օրինակներ բերեց, թե ինչպես այդ խնդրահարույց վիճակից անցում են կատարել ավելի լավ վիճակի: Նա նշեց, որ իրենց երկրում առաջին հերթին կարևոր դերակատարություն ունի հեռաուստատեսությունը: «Մենք ունենք մի ծրագիր, որը կոչվում է «Ճիշտ գաղափար»: Այդ ծրագրի խմբագիրը հայտնի լրագրող է, որը միտումնավոր այդ հաղորդումների ժամանակ մասսայականացնում է կանանց  շրջանում հաջողված պատմությունները՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, բիզնեսում»,- ընդգծեց նա:

 

 

Կանանց առաջխաղացման հարցում, իր խոսքով,   կարևոր  նշանակություն ունեն նաև մրցանակաբաշխությունները: «Ես վստահ եմ, որ ինչպես մեր երկրում, այնպես էլ Հայաստանում կան մրցանակաբաշխություններ՝ ինժեներության ոլորտում հաջողության հասած մարդկանց համար: Սլովենիայում կա «Տարվա ինժեներ» մրցանակաբաշխություն: Վերջերս այս ոլորտում կանանց համամասնությունը բավական աճել է և այս տարի այդ մրցանակաբաշխության ժամանակ հաղթեց քիմիկոս-ինժեներ մի կին: Սակայն մարդկանց հետաքրքրեց ոչ թե այն փաստը, որ նա կին էր, այլ նրա պատասխանը, որ չի պատրաստվում արդյոք  հեռանալ երկրից: Նշեմ՝ Սլովենիայի խնդիրներից մեկն այն է, որ բարձր որակավորում ունեցող մարդիկ հեռանում են երկրից, ինչը նաև բնորոշ է Հայաստանին: Եվ երբ  մրցանակաբաշխության ժամանակ մրցանակ ստացած կնոջն այդ հարցը տվեցին՝ նա ասաց, որ չի պատրաստվում հեռանալ երկրից, քանի որ կյանքի իմաստը միայն լավ ինժեներ լինելը, լավ լաբորատորիայում աշխատելը չէ: Եվ սա դարձավ հանրային լայն քննարկումների թեմա: Մի խոսքով, նման մրցանակաբաշխությունների նպատակն է միտումնավոր խրախուսել բարձր տեխնոլոգիաների ոլորտում հաջողության հասած կանանց և ցույց տալ, թե ինչ հաջողությունների կարող են կանայք հասնել այդ ոլորտում»,- եզրափակեց  Դանիլո Տյուրկը:

 

 

Խոսելով  ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներից, Դանիլո Տյուրկը նկատեց, որ Սլովենիայում  վիճակագրության համաձայն՝ ամենահաջողված ՏՏ ոլորտի ձեռնարկությունները գործում են  երկրի  այն մասում, որտեղ նախկինում զարգացած է եղել հանքարդյունաբերությունը: «20 տարի առաջ հանքերը փակվել են և մեծ գործազրկություն կար, այլընտրանք էլ, կարծես թե, չկար: Հիմա նոր սերունդն այդտեղ ստեղծում է բազմաթիվ ընկերություններ, բայց միևնույն է պետք է փաստեմ, որ անկախ կանանց ներգրավվածությունից  լիդերները՝ տղամարդիկ են: Վստահ եմ, որ ապագայում ինչպես մեր մոտ, այնպես էլ Հայաստանում իրավիճակը կփոխվի»,- ասաց Դանիլո Տյուրկը:

 

 

Նշենք, որ քննարկումը նախաձեռնվել  էր  «Inspired+Հայաստան» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և «Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության» եվրոպական կազմակերպությունների միության, Համաշխարհային առաջնորդական դաշինք Մադրիդի ակումբի և Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի հետ համատեղ՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:

 

Մ. Մարգարյան

 

Դիտումների քանակը` 797

Վերադառնալ վերև