Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Բարեփոխված Սահմանադրությունն ու կանանց իրավունքները. մեկնաբանում են քաղաքական գործիչները

Անցյալ տարվա  դեկտեմբերի 22-ից ուժի մեջ մտած  ՀՀ Սահմանադրության փոփոխություններով կանանց իրավունքներին վերաբերող նոր հոդվածներ են ավելացել,որոնք ներառված են բարեփոխված Սահմանադրության երկրորդ` Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները գլխում:

 

 Հոդված 28. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Բոլորը հավասար են օրենքի առջև:

 

Հոդված 29. Խտրականության արգելքը

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

 

Հոդված 30. Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:

 

Ուշագրավ էնաեւ  հոդված 86-րդ –ում զետեղված նպատակներից մեկը.

 

Հոդված 86. Պետության քաղաքականության հիմնական նպատակները

Տնտեսական,  սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են`

4) կանանց եւ տղամարդկանց միջեւ փաստացի հավասարության խթանումը.

 

 ***

 

WomenNet.am-ի  խնդրանքով կատարված փոփոխությունները պարզաբանում են ԱԺ պատգամավորները: Մեր հիմնական հարցադրումն է.

 

– Անդարադառնում է  արդյո՞ք  երկրի հիմնական օրենքը   կանանց ու տղամարդկանց  հավասար իրավունքների դե-ֆակտո իրացմանը, այսինքն  հավասար հնարավորությունների ապահովմանը:    

 

 

 Արծվիկ Մինասյան.

«Սամանադրական փոփոխություններով նաեւ    հավասար իրավունքների  փաստացի իրականացման  գաղափարն է ամրագրված»:

 

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության արդեն նախկին պատգամավոր, այժմ արդեն Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը /հարցազրույցի պահին Արծվիկ Մինասյանը դեռ չէր ստանձնել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը,-խմբ./ ասում է, որ հավասար իրավունքների եւ հնարավորությունների ամրագրումը մարդու եւ քաղաքացու  իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն  է եւ չէր կարող չարտացոլվել բարեփոխված Սահմանադրության մեջ:

 

 

Նրա խոսքով, եթե  հոդված 30-ոով  ամրագրվում է  կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը , ապա   հնարավորությունների հավասարության անհրաժեշտությունը  ի հայտ է  գալիս  86-րդ հոդվածով,  երբ պետության քաղաքականության որպես հիմնական նպատակ է հայտարարվում. «կանանց եւ տղամարդկանց միջեւ փաստացի հավասարության խթանումը»:
Նրա  խոսքով , սահմանադրական փոփոխությունների հիմքում ընկած է ոչ միայն կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության ամրագրման այլեւ  հավասար իրավունքների իրականացման մեխանիզմների ստեղծման գաղափարը:

 

 

«Այսինքն`  պետք է այնպիսի գործիքակազմ օգտագործել, որպեսզի իրավունքների հավասարությունը նաև վերացնի հնարավորությունների նվազագույն ապահովումը: Օրինակ, եթե ասում ենք, որ կինն ու տղամարդը երկուսն էլ աշխատելու, եկամուտ վաստակելու իրավունք ունեն, ապա կանանց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու որոշակի սահմանափակումը պետք է լրացվի պետական աջակցության սխեմաներով, որպեսզի կինը կարողանա ներգրավվել այդ աշխատանքների մեջ»,- ասաց նա:

 

 

Այս առումով կարեւորվում է  Սահմանսդրության մեջ ամրագրված  այն դրույթը, ըստ որի կառավարությունը պարտավոր  է  յուրաքանչյուր տարի Ազգային Ժողովին հաշվետվություն ներկայացնել եւ անդրադառնալ  այն մեխանիզմներին, որոնք ստեղծել է հիմնարար իրավունքներիի դե-ֆակտո  ապահովման համար:

 

 

«Կառավարությունը պետք է անդրադառնա կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության այն աստիճանին, որին հասել է պետությունը հաշվետու  ժամանակահատվածում : Սահմանադրության 86-րդ հոդվածի չորրորդ մասը հենց այդ մասին է. այնտեղ  խոսվում է պետության պարտավորության մասին եւ նշվում, որ  տնտեսական,  սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը պետք է լինի կանանց եւ տղամարդկանց իրավունքների փաստացի խթանումը: Այս  ուղղությամբ գործադրվող քայլերի մասին յուրաքանչյուր կառավարություն իր տարեկան զեկույցում պետք է ներկայացնի, թե ինչ  գործողություններ է ձեռնարկել փաստացի հավասարության ապահովման համար», – նշում է Արծվիկ Մինասյանը:

 

 

Նրա խոսքով, խնդիրը կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ապահովմանն ուղղված պետության քաղաքականությունն առավել նպատակային դարձնելու մեջ է:  «Սահմանադրության այս դրույթը պարտավորեցնում է պետությանը փաստացի հավասարության ազգային մեխանիզմը կատարելագործել, ի տարբերություն ներկայիս կիսատ-պռատ համակարգի, երբ հայտարարվում է, որ կինը , օրինակ, տնտեսական գործունեության մեջ պետք է ունենա հավասար հնարավորություն, բայց փաստացի կյանքում չունի: Այս սահմանադրական կարգավորումը  նաախտեսում է դե յուրե  օրենսդրական ձեւակերպման եւ  դե ֆակտո ելքային արդյունքի համապատասխանեցում», –  եզրափակում է Արծվիկ Մինասյանը:

 

 

 Էդմոն Մարուքյան. 

«Մեր խնդիրների 99 տոկոսը իրավակիրառ պրակտիկայում են»

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր  Էդմոն Մարուքյանի  կարծիքով , թե նախկին, թե բարեփոխված Սահմանադրության մեջ հավասարության եւ խտրականության երաշխիքները սահմանադրական մակարդակով ամրագրված են: Պատգամավորը խնդիրն ամենեւեին օրենսդրական մակարդակում չի տեսնում:

 

«Սահմանադրական մակարդակում ոչինչ չի պակասում, բայց իրավակիրառ պրակտիկայում տարբեր իրավունքների, այդ թվում կանանց եւ տղամարդկանց հավասարության պաշտպանության առումով, խնդիր իսկապես  ունենք: Ավելին, ընդունված պրակտիկա է, ամեն ինչ բարդել օրենսդրության վրա, ասել, որ Սահմանադրությունը չէր կարգավորում, հիմա կկարգավորի: Մեր խնդիրների 99 տոկոսը իրավակիրառ պրակտիկայում են, մեր քաղաքացիների եւ պաշտոնատար անձնանց ընկալուների մեջ են` ինչպես են նրանք ընկալում այդ երաշխիքները»,- WomenNet.am-ին ասում է Էդմոն Մարուքյանը:

 

Պատգամավորի խոսքով, ժամանակին`  տասը տարի առաջ,  կար պրակտիկա, երբ օրինակ, կինը բռնության դեպքով ոստիկանություն էր դիմում,  նրա բողոքը լուրջ չէր ընկալվում եւ ընթացք չէր ստանում, որովհետեւ մոտեցումն այսպիսին էր` ամուսինները վիճել են, կհաշտվեն: Այսօր, ըստ պատգամավորի, նման բողոքները ոստիկանությունում գրանցում եւ ընթացք են ստանում, թեեւ երեւույթի հնարավորությունն այսօր էլ չի կարելի բացառել : Սա, Էդմոն Մարուքյանի խոսքով, վկայում է այն մասին, որ հասարակության մեջ ընկալումները ժամանակի ընթացքում են փոխվում:

 

Էդմոն Մարուքյանը Հայաստանում խնդիր է տեսնում  կանանց քաղաքական մասնակցության առումով: «Խնդիր կար Ընտրական օրենսգրքի հետ կապված: Ես ժամանակին առաջարկներ էի ներկայացրել, որոնք, սակայն, մերժվեցին: Ես առաջարկում էի, որ եթե կին պատգամավորը մանդատը վայր է դնում, նրա փոխարեն մանդատը պետք է նորից կին պատգամավորի անցնի, որպեսզի քվոտավորման բալանսը պահպանվի, բայց դա մերժվեց: Նոր ԸՕ քննարկմանը ես նորից պնդելու եմ այդ առաջարկը: Մնացած մասով օրենդսդրական դաշտում խնդիր չեմ տեսնում,  խնդիրը քաղաքական համակարգի մեջ է, այն իմաստով, որ կանանց մասնակցությունը չի խրախուսվում, մյուս կողմից  փորձ է արվում արհեստականորեն դա խրախուսել, ինչը ցանկալի արդյունքը չի տալիս»,-նշում է Էդմոն Մարուքյանը:

 

Նշենք, որ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ առաջիկայում բավականին մեծածավալ օրենսդրական աշխատանք պետք է կատարվի:  Սահմանադրության փոփոխությունների եզրափակիչ դրույթներում սահմանված են հատկապես կարևորագույն նշանակություն ունեցող և սահմանադրական համարվող օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետները: Առաջինը դա Ընտրական օրենսգիրքն է, որը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը և ուժի մեջ մտնի 2016 թվականի հունիսի 1-ից:

 

«Կանայք  ոչ թե  պարտադրված պետք է ներգրավվեն ցուցաներում, այլ արժեքային մոտեցում պետք է լինի,  ոչ թե ձեւական: Այսինքն, կանանց  քաղաքական մասնակցությունը  պետք է գնահատվի, ինչը իրապես շատ կարեւոր է եւ կարող է նոր գաղափարներ բերել քաղաքական համակարգ եւ թարմացնել այն: Մյուս կողմից էլ, որպես նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչ եմ ասում, խնդիր  կա, որ կանայք ու երիտասարդ աղջիկներն այնքան էլ հակված չեն քաղաքականությամբ զբաղվելու, մենք էլ ենք այդ խնդրին բախվում: Պատճառն այն է, որ Հայաստանում ընդհանուր մոտեցում է ձեւավորված, որ քաղաքականությունը կեղտոտ բան է, կարիք չկա դրա մեջ մտնել , կեղտոտված հատուկ մարդիկ կան, որոնք քաղաքականությամբ կզբաղվեն ձեր փոխարեն»,-նշում է Էդմոն Մարուքյանը:  «Լուսավոր Հայաստան» -ը, նր խոսքով, կարեւորում է այս խնդիրը եւ քաղաքական սերնդափոխության օրակարգ է մշակում, որտեղ կանանց քաղաքական մասնակցությանը, նրանց դերի գնահատմանն ու կանանց ներուժի օգտագործմանը առաջնային նշանակություն է տրվում:

 

Թեւան Պողոսյան.

«Մենք մեկուսացած չենք աշխարհից  եւ վաղ, թե ուշ  միջազգային բոլոր զարգացումները Հայաստան են գալու»

ԱԺ մեկ այլ անկախ պատգամավոր` Թեւան Պողոսյանը, նույնպես կարծում է, որ Սահմանադրության  մեջ կանանց եւ տղամարդկանց հավասարության գաղափարի ամրագրումը, առանց գործուն մեխանիզմների ստեղծման, իրական կյանքում լուրջ փոփոխության չի կարող հանգեցնել: Ըստ նրա, բարեփոխված Սահմանադրության մեջ մարդու իրավունքների  պաշտպանության հոդվածներին, այդ թվում կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությանն առնչվող հոդվածներին,  իսկապես մեծ ուշադրություն է դարձվել, այս բնագավառում  էջերի քանակն ավելացել է, որոշ դրույթներ, նախկին Սահմանադրության համեմատ, առավել մանրամասնված են, բայց  Սահմանադրության մեջ նշված այս կամ այն  դրույթը, պատգամավորի խոսքով,  պետք է ամրագրվի օրենքներով: Խնդիրները, Թեւան Պողոսյանի համոզմամբ,  հենց այստեղից են գալիս, որովհետեւ, եթե Սահմանադրության մեջ նշված դրույթներն ապահովող օրենքները համապատասխան մեխանիզմներ չստեղծեն, միայն Սահմանադրության մեջ գրված գեղեցիկ բառերը բավարար չեն լինի:

 

«Թղթի վրա մենք սիրում ենք գրել բոլոր հնարավորությունները, նշում ենք, որ ոչ սեռային խտրականություն պետք է լինի, ոչ տարիքային, ոչ ազգային պատկանելության, բայց երբ խնդիրը մեխանիզմների կյանքի կոչելուն է հասնում, շատ ժամանակ տեսնում ենք, որ ամեն ինչ այնքան էլ այդպես չէ: Օրինակ, եթե վաղը Սահմանադրության մեջ, գրվի, որ նվազագույն աշխատավարձը չպետք է տասներկու հազար դոլարից ցածր լինի, մենք արդյոք դա կարող ենք ապահովել, բնականաբար` ոչ »,-ասում է Թեւան Պողոսյանը:

 

Այսուհանդերձ, Թեւան Պողոսյանն արձանագրում է, որ այսօր կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության տեսանկյունից չունենք այն իրավիճակը, ինչ ունեինք 90-ականներին: Փոփոխություններ, ըստ պատգամավրի, եղել են: «Եթե նայում ենք, այսօր անգամ ռազմական ոլորտում պաշտոններ ունենք, որոնք կանայք են զբաղեցնում, ոլորտները փոխվում են, բիզնես ոլորտում, պետական համակարգում են կանայք ավելանում: Օրենսդրական մեխանիզմներ իհարկե , մշակվում են, բայց գլխավորը հասարակակական մշակույթն է, այն պետք է վերջնականապես ձեւավորվի,  մեր գիտակցության մեջ քիչ-քիչ փոփոխությունները գալու են, սերնդափոխության հետ միասին, մենք բնականաբար մեր ընկալումներն ենք փոխում, որոնք դրական ազդեցություն անշուշտ ունենալու են »,-կարծում է Թեւան Պողոսյանը: Պատգամավորի խոսքով, պետք է հասկանալ մի բան, որ մենք մեկուսացած չենք աշխարհից, մենք փակ հասարակություն չենք եւ վաղ, թե ուշ  միջազգային բոլոր զարգացումները Հայաստան են գալու:

 

Զրուցեց Մարիաննա Ղահրամանյանը

 

Դիտումների քանակը` 3437

Վերադառնալ վերև