Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Մենք կանանցով պաշտպանում էինք իրար»…

 Վերջին տարիներին արձանագրված ընտանեկան բռնության դեպքերում հաճախ ենք հանդիպում, երբ երիտասարդ կինը ճնշման կամ ծեծի  է  նթարկվում ոչ միայն ամուսնու, այլեւ նրա ծնողների, հատկապես մոր կողմից: 21-ամյա Ալինայի պատմությունն առաջին հայացքից ընտանեկան  հերթական ողբերգություններից մեկն է, սակայն այն առանձնանում է մի յուրահատկությամբ, որի մասին պատմում է հենց ինքը` բռնության զոհը…

 

«Սուրենը երկրորդ ամուսինս է, առաջին ամուսնությունս անհաջող էր, մեկ տարի անց բաժանվեցի: Առաջին ամուսնությանս ժամանակ շատ ջահել էի, բան չէի հասկանում…սխալվեցի: Սուրենի հետ շատ պատահական եմ ծանոթացել, բայց կարելի է ասել, ռոմանտիկ էր մեր հանդիպումը: Սկզբում ինքը շատ լավն էր, շատ հոգատար, բայց ամուսնությունից հետո դեռ մի ամիս էլ չէր անցել, երբ ամեն ինչ փոխվեց:

 

Մենք ապրում էինք ամուսնուս ծնողների հետ: Նրա մայրը շատ լավ ինձ ընդունեց: Սկսեսրայրս էլ վատ մարդ չի, հիմնականում ոչ մի բանի չի խառնվում, ասում ա`Ալինա ջան, դու էս տան ծաղիկն ես, ոնց կուզես, քո ուզածով արա:

 

Բայց Սուրենի հետ հարաբերություններս փչացել էին արդեն: Ինքը սկսեց խմել, շատ խմել: Մինչեւ ամուսնանալն էլ էր խմում,բայց չափավոր, էնքան որ տրամադրությունը բարձրանար: Ես էլ էի հետը մեկ-մեկ խմում, շատ չէ, մի 3-4 բաժակ: Բայց ինքը ընկերների հետ սկսեց խմել ու չափից շատ: Խմում ու իրան կորցնում էր, գալիս էր տուն ու ռեժիմով ինձ ծեծում էր: Չեմ չափազանցնում, հավատա, երեւի տենց օր չի եղել, որ ինքը խմած լինի ու ինձ չծեծի: Ահավոր էր: Ես տնից դուրս չէի գալիս, սաղ ջանս կապտած էր: Եթե սկեսուրս չլիներ,ինձ կսպաներ երեւի:

 

Սկեսուրս միշտ փորձում էր ինձ պաշտպանել, բայց ի՞նչ կարար աներ էդ խեղճ կինը, որ շատ էր միջամտում,սկսում էր մորը խփել: Էդ ժամանակ էլ ես էի իրեն պաշտպանում: Սկեսրայրս չէր խառնվում, մենք կանանցով պաշտպանում էինք իրար: Բայց Սուրոն մեզանից ուժեղ ա,մենք երկուսով էլ չէինք կարողանում իրա դեմ…Սկեսուրս հետո ինձ պատմեց, որ իրա ամուսինն էլ ա իրան ջահել վախտ ծեծել: Ասում ա` էէէ, գիտես ինչեր եմ քաշել, բալա ջան: Սուրոյի պապան էնքան ա ծեծել սկեսրոջս ձեռքը ջահել ժամանակ կոտրվել ա: Հիմա սկեսրարս շատ ա խելոքացել, էլ առողջություն էլ չունի: Սկեսուրս ա իրան պահում, զարմանում եմ, որ էդքանից հետո էլի հոգ ա տանում իրա մասին:

 

Սկեսուրս ոսկի անձնավորություն է: Ինձ շատ ա ասել` տես հա,իմ սխալը չկրկնես,կյանքդ չխորտակես, ջահել աղջիկ ես, տեսքդ տեղը, դու դեռ կարող ես կյանքդ դասավորել: Բայց ես էլի վախում էի, ռիսկ չէի անում բաժանվել: Մտածում էի` երկրորդ անգամն եմ ամուսնացել,լավ ա, վատ ա` էս ա, էլ չպիտի բաժանվեմ: Ոստիկանություն էլ երբեք չեմ դիմել, սկեսուրիս խաթր չեմ անի տենց բան,իրա էրեխեն ա, չեմ ուզի, որ նստի: Սկեսրոջս հետ էլ անկեղծ խոսեցի, ասեցի ինչ եմ մտածում:

 

Մի օր էլ Սուրոն տուն եկավ խմած, սկեսուրս չթողեց դուռը բացեմ: Էդ գիշեր դուրսը թողեցինք: Հաջորդ օրն էկավ, սկեսուրս ասեց` էլ չգաս էս տուն,դու էլ իմ տղեն չես: Ասեց` ես Ալինային կպահեմ, ինչքան կուզի, բայց դու էլ ստեղ չես ապրելու:

 

Սկեսուրս ինձ ընտրության առաջ դրեց, ասեց` կամ Սուրենի հետ ես գնում կամ մնում ես մեզ հետ ապրելու: Ես էլ որոշեցի մնալ ու արդեն 3 ամիս սկեսուրիս ու սկեսրայրիս հետ եմ ապրում: Իրենք ինձ իրենց էրեխու պես սիրում են: Սուրենն էլ Ռուսաստան ա գնացել, իրա հոպարի տղերքը էնտեղ ինչ-որ գործ են անում, գնացել ա հետները աշխատի: Անկեղծ ասած` չգիտեմ ինչքան կապրեմ իրանց հետ, սկեսուրս ասում ա` փող ունենամ, քո համար տուն կառնեմ, որ մենակ ապրես, քո կյանքը դասավորես: Երեւի բախտս բերել ա էնքանով, որ ծնողներս էդքան հոգատար չեն եղել,գոնե սկեսուրս ա լավը…»:

 

Ալինայի պատմությունը գրի առավ

Արման Ղարիբյանը

Դիտումների քանակը` 2701

Վերադառնալ վերև