Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Բարձր վարձատրվող կանայք այսուհետ կդառնան անցանկալի՞ աշխատողներ

Նման  եզրակացության կարելի է հանգել`  նախօրեին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացված այն փոփոխություններից, որոնք կառավարությունը մտադիր է ներառել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» աղմկահարույց օրինագծում`ի պատասխան դրա շուրջ բարձրացված դժգոհության ալիքին: Ըստ նոր տարբերակի, հղիության և ծննդաբերության փոխհատուցման կարգը, բացառությամբ  մեկ միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացող մայրերի, չի փոխվի:

 

Հիշեցնենք, որ ըստ նախարարի, հղի կանայք փոխհատուցվելու  են միջին ամսական աշխատավարձի չափով: Այն հաշվարկվելու  է, ինչպես նշեց Արտեմ Ասատրյանը,  “ նախորդող տասներկու ամիսների համար ողջ եկամուտը բաժանելով  տասներկուսի”:

 

Ինչ վերաբերում է  1 մլն. ավել եկամուտ ունեցող կանանց, ապա  Հայաստանում, ըստ նախարարի, ընդամենը 400 աշխատող կին կա, որ  մեկ միլիոն դրամից ավելի գումար է ստանում: Նրա խոսքով, 1974 թվականից հետո ծնված 110 հազար կանայք դրանից պակաս եկամուտ ունեն:

 

Ըստ էության,  այդ 400 կնոջը կառավարությունը փոխհատուցելու է եկամտի միայն մի մասը, մնացածը  թողնելով  գործատուի բարի կամքին:  «Դա կլինի գործատուի՝ աշխատողների հետ կոլեկտիվ կամ անհատական պայմանագրերի շրջանակներում», – ասաց նախարարը:

 

Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ  այս կապակցությամբ  հավելեց` դիմելով գործատուներին.    «Հարգելի գործատուներ, մինչև 4.6 մլն շեմը վճարում է պետական բյուջեն: Դրանից ավելը՝ եթե դուք այդքան շատ եք սիրում ձեր աշխատողներին, պրեմիաներ եք տալիս, բարի եղեք ծննդաբերության համար վճարել: Օրենքի նախագծում մենք թողել ենք կամավոր հիմունքներով: Ես կարծում եմ՝ եթե մենք այստեղ սահմանադրական որևէ պրոբլեմ չունենանք, այս դրույթը մենք կդարձնենք պարտադիր: Ինչո՞ւ, երբ դրույթը չկար, բոլոր գործատուները հաճույքով վճարում էին տասնյակ միլիոնավոր դրամանոց պրեմիաներ, որպեսզի նպաստնի գումարը մեծ լինի: Երբ որ գալիս է ժամանակը, որ պետք է իրենք վճարեն, տեսնենք մեր գործատուները ի՞նչ կասեն»:

 

Իրականում, թե ինչ կասեն ու կանեն  գործատուները դժվար չէ կռահել: Աշխատաշուկան ուղղակի կսկսի ազատվել որակյալ մասնագետ կանանցից, քանի որ նրանք ձեռնտու չեն լինի գործատուների համար: Բարձր վարձատրվող  երիտասարդ կանայք անհավասար պայմաններում կհայտնվեն իրենց տղամարդ կոլեգաների հետ:  Այսինքն, կառավարությունը փորձելով կիսել մայրության նպաստի բեռը գործատուի հետ պարարտ հող  կստեղծի  բարձր  վարձատրվող կանանց խտրականության ենթարկելու համար:

 

 

Նախագիծը դեռ հրապարակված չէ, այսինքն լրամշակված տարբերակի մասին կարելի է խոսել միայն հիմնվելով բացառապես նախարարի բանավոր խոսքի վրա:  Եվ հենց դա է պատճառը, որ խնդրով զբաղվող ու նախագծի նախկին տեսքի դեմ բողոքի ձայն բարձրացնող քաղաքացիական ակտիվիստները և մասնագետները չեն  շտապում վերջնական իրենց կարծիքը հայտնել:

 

WomenNet.am-ը զրուցեց նրանցից մի քանիսի հետ ու փորձեց հասկանալ նախնական տրամադրությունները` թեև մեր զրուցակիցները հենց այդպես էլ շեշտացրեցին.  մինչ նախագիծն իրենց աչքով չտեսնեն, չծանոթանան, դրանում առկա դրույթների հետ ավելի հստակ մեկնաբանություններից զերծ կմնան: Մյուս կողմից,  անտեսել այն փաստը, որ կառավարությունը որոշակի քայլեր արել է խնդրահարույց դրույթներից ազատվելու ուղղությամբ, իրենց խոսքով,  նույնպես չի կարելի…

 

Տաթևիկ Դավթյան,  «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության  հասարակական նախաձեռնության» անդամ  

 

«Եթե մեկնաբանեմ այն հայտարարությունը, որ արվել է նախարարի կողմից, ապա կարծում ենք, որ  մեր պահանջները մասամբ են բավարարված, որովհետև մենք պահանջում էինք 100 տոկոս փոխհատուցում ` առանց որևէ վերին շեմի սահմանման: Մինչդեռ նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրածից պարզ է դառնում, որ նախագիծը վերին շեմ է սահմանում, շրջանառվում է տեսականորեն 1 մլն դրամը, որից  բարձր լինելու  դեպքում ակնկալվում է, որ պետք է փոխհատուցի գործատուն: Ընդ որում դեռ պարզ չի` կոնսոլիդացված եկամուտը, հարկվող թե  մաքուր աշխատավարձը նկատի ունեն: Մենք  կարծում ենք, որ սա խտրականության ինստիտուտի ներդրում է բարձր վարձատրվող կանանց նկատմամբ, որովհետև, փաստորեն, այդ  կանայք  գործատուների համար այսուհետ կդառնան  անցանկալի աշխատողներ, քանի որ գործատուի վրա հավելյալ բեռ կավելացնեն: Իսկ սա նշանակում է, որ կանայք ` թեկուզ  լինելով  որակյալ մասնագետներ,  կարող են այլևս իրենց կարիերայի առաջխաղացման  բարձր վարձատրվելու հետ կապված հավակնություններ այլևս չունենալ.  պետությունն ինքն է  տարբերակում  մտցնում կանանց և տղամարդկանց միջև միևնույն պաշտոնին հավակնելու դեպքում: Սա, կարծում եմ,  ուղղակի անընդունելի է, երբ օրենքի մակարդակով կնոջը փորձում են դարձնել ծանր բեռ գործատուի համար: Բայց իհարկե  ավելի վստահ որևէ մեկնաբանություն հնարավոր կլինի անել միայն  այն բանից հետո, երբ նախագծին ծանոթանանք»:

 

 

Աննա Նիկողոսյան, «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության  հասարակական նախաձեռնության» անդամ  

 

«Անկեղծ ասած վերաբերմունքս նոր տարբերակի վերաբերյալ  բացասական է: Իհարկե, ես դեռ չեմ տեսել հրապարակված նախագիծը և կարող եմ մեկնաբանել միայն հնչածի առումով, բայց այն փոփոխությունները, որ արվել են` նպաստի եւ ստաժի փոխկապակցվածությունը եւ տոկոսային հարաբերակցությունները հանելու առումով, սպասելի էին, քանի որ Սահմանադրության ու իրավունքների ուղղակի  ոտնահարում էին: Այժմ մեզ  անհանգստացնում է, որ կանայք, որոնք 1 մլն դրամից ավելի եկամուտ ունեն, այսուհետ պետք է նպաստի մի մասը  ստանան իրենց գործատուից: Մեր կարծիքով` դա դարձյալ աշխատող կանանց իրավունքների ոտնահարում է, որովհետև այդ 1 մլն և ավելի դրամ ստացող կանայք պետական բյուջե հարկեր են մուծում, այնպես որ տրամաբանական է, որ նրանց փոխհատուցումը ևս պետք է պետբյուջեից լինի: Գործատուների վրա  դնելով այդ գումարային բեռը կառավարությունը` մի կողմից բացահայտ խտրականության է ենթարկում բարձր վարձատրվող կանանց, մյուս կողմից   չարաշահումների, անհամաձայնությունների դաշտ է ստեղծում  գործատու-աշխատող փոխհարաբերություններում:  Կարծում ենք, որ եթե օրինագիծն այս տեսքով ընդունվի, կխոչընդոտի այդ կանանց կարիերայի առաջընթացը և ջրի երես կհանի կանանց և տղամարդկանց  միջև անհավասարության խնդիրը: Չէ որ  1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող տղամարդիկ որևէ սահմանափակման չեն հանդիպում, ինչո՞ւ կանայք պետք է դրա միջով անցնեն: Բոլոր դեպքերում,  այս դիտարկումները նախնական են: Երբ հրապարակվի նախագիծը կհայտնենք թե մեր վերջնական տեսակետը , թե մեր հետագա անելիքները»:

 

Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արձագանքին, որը, հիշեցնենք, առաջարկներով էր  հանդես եկել նախագծի նախկին տարբերակում փոփոխություններ կատարելու մասին, ապա WomenNet.am-ին ՄԻՊ-ից տեղեկացրեցին, որ այս պահին  ձեռնպահ կմնան կարծիք հայտնելուց, կսպասեն նախագծի հետ ծանոթանան և դրանից հետո միայն կհայտնեն Պաշտպանի դիրքորոշումը այս հարցի շուրջ:

 

Հիշեցնենք, որ նախարարի ներկայացմամբ  նախագծի լրամշակված տարբերակի առանցքային դրույթներն են՝

 

1. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանել, որ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար մայրության նպաստ է նշանակվում նաև չաշխատող կնոջը: Արդյունքում՝ շուրջ 30 000 չաշխատող մայրերի 2016 թվականի հունվարի 1-ից կտրվի 138 000 դրամ մայրության նպաստ (60 000 դրամ նվազագույն ամսական աշխատավարձի հաշվարկով):
2.  Հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանվում է մայրության նպաստի:

 

3.  Մայրության նպաստը հաշվարկել միջին ամսական աշխատավարձի 100 տոկոսից՝ սահմանելով միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկի չափով (շուրջ 1 մլն դրամ` 2015 թվականին, որի դեպքում նպաստի չափը 140 օրվա համար կկազմի 4.6 մլն դրամ և շուրջ 1.2 մլն դրամ՝ 2016 թվականին (140 օրվա համար՝ 5.5 մլն դրամ):
4. Բարձր՝ առավելագույն շեմը գերազանցող եկամուտներ ունեցողների համար ևս 100 տոկոս փոխհատուցման գործակից ապահովելու նպատակով սահմանել, որ առավելագույն շեմը գերազանցող եկամտի մասով փոխհատուցումը կարող է տալ գործատուն՝ իր միջոցների հաշվին՝ գործատուների  կնքած կոլեկտիվ  և աշխատանքային պայմանագրերի  կամ  աշխատանքի ընդունման  մասին անհատական  իրավական ակտի շրջանակներում:
5. Սահմանել մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծության նվազագույն շեմ՝ այն սահմանելու իրավասությունը տալով կառավարությանը (նախատեսվում է այն սահմանել նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, որը կփոխկապակցվի չաշխատող անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծության հետ՝ բացառելով, որ աշխատող կնոջ մայրության նպաստը լինի ավելի պակաս, քան չաշխատող անձինը):
6. Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկել միջին ամսական աշխատավարձի 80%-ից, որի առավելագույն շեմը սահմանել նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով:

7.  Համատեղությամբ աշխատողների մայրության նպաստը հաշվարկել կոնսոլիդացված (համախմբված) եկամուտներից՝ մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող նվազագույն և առավելագույն շեմերը կիրառելով կոնսոլիդացված եկամուտների նկատմամբ:

 

Էնզելա Մակարյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել աշխատող մայրերին իրենց աշխատավարձի 100 տոկոսը

 

Միացեք ստորագրահավաքին՝ պահանջելով հրաժարվել խնդրահարույց դրույթներից

 

«Որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի». խոստանում է վարչապետը

 

Փաստաբանների պալատը կիսում է հասարակության մտահոգությունը

 

«Հույս ունենանք, որ դժգոհության այս մեծ ալիքը, որ բարձրացել է, անարձագանք չի մնա»

 

Ի՞նչպիսի դիրքորոշում ունեն կին պատգամավորները աղմկահարույց օրինագծի շուրջ

 


Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն

 

Կանայք կրկին բողոքի ցույցի են դուրս եկել, այս անգամ Ազգային ժողովի շենքի դիմաց

 

«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով». Արտեմ Ասատրյան

 

Նամակ ՀՀ Վարչապետին. Օրինագիծը հակասում է, խախտում է, ոտնահարում է, վտանգում է…

 

Բողոքի ակցիա` «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել»

 

Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են

 


 Ո՞վ և ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից

 

 Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման

 

Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ

 

Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…

 

«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:

 

Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա

 

Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին

 

«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման

 

«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »

 

Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից

 

Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն

 

Դիտումների քանակը` 3027

Վերադառնալ վերև