Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող  օրինագիծը լի է աբսուրդային կետերով: WomenNet.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին աշխատող մի քանի մայրեր: Եվ հարցը միայն նրանում չէ, որ առաջարկվող կարգը   կարող է հանգեցնել աբսուրդային մի իրավիճակի, երբ  չաշխատող մայրը կստանա ավելի մեծ նպաստ, քան աշխատողը…   

 

Տաթևիկ Աղաբեկյանը, ով հոկտեմբերի 23-ի բողոքի ակցիայի կազմակերպիչներից է, ասաց, որ միայն մի կետ կարող է մատնանշել, որն աբսուրդ չէ, դա այն է, որ Հայաստանում բոլոր մայրերը պետք է ստանան ծննդաբերության նպաստ:

 

«Դա ողջունելի նախաձեռնություն է, սակայն աբսուրդ է, որ այդ գումարը պետք է հատկացվի աշխատող  մայրերի հաշվին»,-ասաց նա:

 

Նրա խոսքով, աբսուրդային է, որ օրինագծով անուղղակի կերպով պարտադրվում է շարունակ աշխատել նույն գործատուի մոտ, հակառակ դեպքում ծննդաբերության նպաստից կպահվի ավելի շատ գումար:

 

«Աշխատանքի ընտրության իրավունքն է ոտնահարվում, եթե ես պլանավորում եմ մոտ ապագայում երեխա ունենալ, ապա ստիպված պետք է մնամ նո՞ւյն գործատուի մոտ»,-ասաց նա:

 

Տաթևիկը նշեց, որ եթե ֆիզարձակուրդ գնար առաջարկվող փոփոխություններն ընդունվելու դեպքում, ապա կստանար նպաստի 80 տոկոսը:

 

«Կպահեին 20 տոկոսը: Բայց եթե անգամ 5 տոկոսը լինի, պետք է հիմնավորում ունենան, ինչո՞ւ են ինձանից այդ գումարը պահում, ինչո՞վ են ինձ աջակցում դրա փոխարեն: Օրինակ, ես երիտասարդ ընտանիք եմ, իրենք աջակցո՞ւմ են, որ կարողանամ բնակարան ունենալ, թե՞ աջակցում են երեխայիս պահելու հարցում, երեք տարեկան է առաջնեկս, բայց մանկապարտեզում տեղ չկա, որ կարողանամ տանել: Եթե ասեն, մենք այսքան գումար անցած տարի ծախսել ենք, որ երիտասարդ ընտանիքները բնակարան ունենան, ես էլ կմտածեմ, լավ, ես իմ նպաստի 20 տոկոսը կնվիրեմ ձեզ, բաժանեք չաշխատող կանանց: Բայց եթե ես ամեն օր պայքարում եմ ամեն ինչի համար, ես չեմ կարող նման շռայլություն թույլ տալ: Ես երեք ամսական երեխայիս թողել եմ ու գնացել աշխատանքի»,-նշեց Տաթևիկը:

 

 

Վերոնիկա Բուռնուչյանը ևս դեմ է օրինագծին, հավատացնում է. «Եթե չաշխատող էլ լինեի, նույն կարծիքն էի արտահայտելու»: Նրա խոսքով, եթե հանկարծ փոփոխություններն ընդունվեն Ազգային Ժողովի կողմից, ապա հետևանքները ծանր են լինելու:

 

«Դեմ եմ այդ օրինագծին, քանի որ նախ այդ տված գումարը կոպեկներ են, որոնք ոչ մի կերպ չեն կոմպենսացնում այն ծախսերը, որոնք կապված են երեխայի ծննդյան հետ, երեխայի «օժիտը» պատրաստելու հետ։ Պետությունը փոխարեն խրախուսի երեխայի ծնելիությունը, էնպես է անում, որ աշխատող մայրը գերադասի կարիերան երեխա ունենալուց։ Միանշանակ կողմ եմ, որ նպաստ ստանան նաև չաշխատող մայրերը։ Բայց պետության հաշվին։ Էն տպավորությունն է, որ կառավարությունը ձգտում է լրիվ դատարկել Հայաստանը, ժողովուրդն արտագաղթում է, իսկ էն մասն էլ որ արտագաղթելու հնարավորություն չունի, կդադարի երեխա ունենալ, ու Հայաստանը կամաց-կամաց կդառնա ծերացող ազգ (եթե դեռ էդպիսին չի)»,-ասաց Վերոնիկան:

 

Գայանեն էլ նկատեց, որ Հայաստանում կանայք երեխա ունենում են հիմնականում 20-30 տարեկանում: Նրա խոսքով, այս տարիքում, մեծ ցանկության դեպքում էլ չեն կարող երկար տարիների աշխատանքային ստաժ ունենալ:

 

«Հիմա ես բուհը նոր եմ ավարտել, ուսման ընթացքում ամուսնացել եմ, նոր-նոր կարողացել եմ աշխատանքի ընդունվել, այն էլ նվազագույն աշախատավարձով, եթե այս օրենքն ընդունվի, ես ծննդաբերության նպաստ ստանալու եմ ավելի քի՞չ , քան չաշխատող մայրիկները»,-նկատեց նա:

Բանկերից մեկում աշխատող Նարինեն առաջնեկն ունենալիս ավելի քան երեք մլն դրամ ծննդաբերության նպաստ է ստացել: Դրա շնորհիվ կարողացել է մի քանի ամիս ավել խնամել փոքրիկին: Հիմա ասում է, եթե որոշի երկրորդ բալիկն ունենալ, ապա այդ գումարը կրճատվելու է, փոփոխություններով առաջին և երկրորդ երեխայի դեպքում նպաստի վերին շեմ է սահմանվում նվազագույն ամսական աշխատավարձի 7-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 2 400 000 դրամ):

 

«Ինչո՞ւ,  երբ հարկ ենք վճարում, պետությունը չի ասում, բերեք ձեր աշխատավարձից  քիչ հարկենք, ընտանիք եք պահում, երեխա եք պահում: Բայց հենց խոսքը վերաբերում է նպաստին, մեզ ասում են, գիտե՞ք, ձեր աշխատավարձը շատ բարձր է, եկեք վերին շեմ սահմանենք»,-դժգոհեց Նաիրան:

 

Womennet.am-ի հետ զրույցում հղիության չորրորդ ամսում գտնվող Հայկուհին էլ նկատեց, որ եթե օրենքն ընդունվի ու ուժի մեջ մտնի հաջորդ տարվա հունվարի մեկից, ապա նպաստի մեծ մասը պետությունն իրեն չի տրամադրելու:

 

«Աբսուրդ է, օրենքը հետադարձ ուժ է ունենո՞ւմ: Գործող օրենքով ես կստանամ ավելի քան կես մլն դրամ, իսկ եթե հանկարծ այդ փոփոխություններն իրավական ուժ ստանան, ապա կստանամ դրա կեսից էլ քիչ: Մի բան էլ, ասում են, 2015-ից պահենք, որ մեկ տարի անց՝ 2016-ին նոր չաշխատող կանանց նպաստ տանք: Ներողություն, բայց ես նույնիսկ մտավախություն ունեմ, որ այդ գումարներն այդպես էլ հասցեատերերին չհասնեն»,-ասաց Հայկուհին:

 

Բա որտեղի՞ց վճարեն չաշխատող մայրիկներին: Այս հարցով մտահոգված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուներին  առաջարկվող փոփոխություններից դժգոհ մայրիկները մի քանի տարբերակ են մատնանշում. պաշտոնյանների, դատավորների աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն, Երևանի կենտրոնական փողոցներն անընդհատ ասֆալտապատելու կամ   կառավարության անդամների համար շքեղ մեքենաներ ձեռք բերելու  հաշվին    չաշխատող մայրիկներին նպաստ տվեք:  Հայաստանում ամեն տարի ծնվող ընդամենը   40 հազար երեխաների մայրերը  հաստատ  այն բեռը չեն պետության համար, որից  պետք է շտապի ազատվել  սոցնախարարությունը…

 

 

Մայրիկների կարծիքները լսեց  Հ. Կարապետյանը

Պլակատները՝  Art + Activism Արվեստ և Ակտիվիզմ

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում

 

 

 Ո՞վ եւ ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից

 

 

Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման

 

Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ

 

Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…

 

«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:

 

Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա

 

Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին

 

«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման

 

«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »

 

Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից

 

Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող եւ չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Դիտումների քանակը` 3907

Վերադառնալ վերև