Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նամակ ՀՀ Վարչապետին. Օրինագիծը հակասում է, խախտում է, ոտնահարում է, վտանգում է…

Այսօր  Կառավարության շենքի դիմաց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների դեմ բողոքող մայրերը  ՀՀ վարչապետին   հանձնեցին  նամակ, որում շարադրված  են այդ օրինագծի  հետ կապված իրենց մտահոգություններն  ու առաջարկությունները: Ներկայացնում ենք նամակի տեքստը ամբողջությամբ.

 

 

Մեծարգո պարոն վարչապետ,

 

Ինչպես տեղյակ եք, սոււյն թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ Կառավարությունը քննարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթում առաջարկվում է վերոնշյալ օրենքում կատարել մի քանի փոփոխություններ, որոնք խնդրահարույց են և արդարացիորեն   առաջացրել են Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունը:

 

Նկատի ունենալով վերոնշյալ օրենքի կարևորությունը ՀՀ քաղաքացիների սոցիալական իրավունքների պաշտպանության, Հայաստանում կանանց և տղամարդկան հավասար հնարավությունների ապահովման  և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների իրականացման տեսանկյունից, ինչպես նաև էապես մտահոգված լինելով Հայաստանում առկա անբարենպաստ ժողովրդագրական իրավիճակի խորացման հիմնախնդրով` կոչ ենք անում ՀՀ կառավարարությանը ձեռնպահ մնալ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում ստորև թվարկված փոփոխությունները կատարելուց:
 «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի մեջ ներմուծելով Մայրության նպաստ հասկացությունը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացված փոփոխությունների փաթեթում մասնավորապես առաջարկում է հետևյալ խնդրահարույց փոփոխությունները`

  1. «Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի` սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի.

1)     40 տոկոսից՝ եթե ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ  հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ տվյալ գործատուի մոտ անձի աշխատանքային ստաժի տևողությունը 1 օրացուցային տարուց պակաս է,

2)     60 տոկոսից՝ եթե ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ  հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ տվյալ գործատուի մոտ անձի աշխատանքային ստաժի տևողությունը 1-3 օրացուցային տարի է,

3)     80 տոկոսից՝ եթե ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ  հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ տվյալ գործատուի մոտ անձի աշխատանքային ստաժի տևողությունը 3 օրացուցային տարուց ավելի է:» («Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ», Հոդված 16.1)

  1. «Եթե վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) հնգապատիկը, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:» («Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ», Հոդված 16.4):

Միաժամանակ առաջարկվում է նաև մայրության նպաստ սահմանել նաև չաշխատող կանանց համար` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Ողջունելով ՀՀ կառարավարության` չաշխատող մայրերին մայրության նպաստ տրամադրելու մտադրությունը՝ հավատացած ենք, որ չաշխատող մայրերին աշխատող մայրերի հաշվին փոխհատուցելու Կառավարության մոտեցումը ոտնահարում է ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված մարդու և քաղաքացու մի շարք սոցիալական իրավունքներ, հակասում է Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրված մի շարք քաղաքականություններով սահմանված սկզբունքներին:

 

Օրենքը հակասում է ՀՀ ռազմավարական գերակայություններին 

 

Չնայած ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը պարբերաբար հղում է կատարում այլ պետություններում կիրառվող պրակտիկային` հավատացած ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած օրենք ընդունելիս պետք է հաշվի առնվեն ՀՀ ռազմավարական շահերը: Կարծում ենք, որ արտագաղթի բարձր մակարդակ ունեցող և սառեցված պատերազմի կողմ հանդիսացող Հայաստանի Հանրապետության համար ժողովրդագրական աճի ապահովումը գերակա ռազմավարական խնդիր է և հենց այդ գերակայությունն էլ նախևառաջ պետք է հաշվի առնվի ծնելիության վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած օրենսդրության ընդունումից առաջ: Հետևաբար, այլ պետություններում կիրառվող պրակտիկան` նամանավանդ ներգաղթի երկներ հանդիսացող կամ առնվազն բնակչության նկատելի արտահոսք չունեցող պետությունների, չպետք է ուղենիշ հանդիսանա Հայաստանի Հազարապետությունում ռազմավարական նշանակության օրենքներ ընդունելիս: Ավելին, եթե ընտրում ենք այլ պետությունների հետ համեմատվելու հիմքով օրենքներ մշակելու սկզբունքը, ապա հանուն արդարության պետք է ամբողջական համեմատություն կատարենք, համեմատվելիս պետք է նկատի ունենալ սոցիալական աջակցության բոլոր հավելյալ ձևերը, որոնք հասուն են դառնում հղի կանանց արևմտյան երկրներում: Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող պետությունների մեծ մասը հղիության և ծննդաբերության համար նախատեսվող ժամանակավոր անաշխատունակության նպաստից բացի, ամենամսյա նպաստ են տրամադրում մայրացած յուրաքանչյուր կնոջ (աշխատող, թե չաշխատող) մինչև իր երեխայի(ների) չափահաս դառնալը` երեխայի խնամքի հետ կապված ծախսերը հոգալու համար: Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում անգամ միջին աշխատավարձ ստացող քաղաքացիների համար դժվար է հոգալ իրենց հիմնական սոցիալական կարիքները, իսկ ծննդաբերող կնոջը տրվող միանվագ նպաստի չափը բավարար չէ անգամ երեխայի կյանքի առաջին օրերի ընթացքում գոյացած ծախսերը հոգալու համար: Հայաստանի հանրապետությունում չի կիրառվում բոլոր մայրերին` մինչև երեխայի չափահաս դառնալը երեխայի խնամքի համար նպաստ տրամադրելու պրակտիկան: Հայաստանի հանրապետության աշխարհաքաղաքական դիրքը և այդ դիրքից բխող մեր պետության առջև ծառացած մարտահրավերներ ևս համեմատական չեն որևէ եվրոպական պետության հետ:

 
Օրենքը մարտահրավեր է ՀՀում ժողովրդագրական աճի համար
Օրենքը լուրջ մարտահրավեր է հանդիսանում Հայաստանի ժողովրդագրական աճի համար: Գիտական հետազոտությունները փաստում են այն մասին, որ ծնելիությունը աշխատող կանանց շրջանում բարձր է այն երկրներում, որտեղ կանայք լիարժեք փոխհատուցվում են հղիության շրջանում ժամանակավոր անաշխատունակության համար: ՀՀ միջին աշխատավարձից բարձր վարձատրվող և իրենց աշխատանքով ՀՀ սոցիալական ապահովության համակարգի բեռը թեթևացնող կանանց հղիության արձակուրդի 140 օրերի ընթացքում զրկելով իրենց աշխատավարձին համարժեք փոխհատուցումից` օրենքը կդրդի աշխատավարձից զատ այլ եկամտի աղբյուր չունեցող կանանց ունենալ միայն մեկ կամ, լավագույն դեպքում, երկու երեխա` դրանով իսկ կվտանգվի ժողովրդագրական աճը Հայաստանի Հանրապետությունում:
Ավելին, օրենքը կդրդի ՀՀ և միջազգային աշխատաշուկաներում մրցունակ որակյալ աշխատուժ հանդիսացող կանանց, ովքեր ժամանակին ֆինանսական և մարդկային ռեսուրսներ են ներդրել որակյալ (հաճախ արտասահմանում) կրթություն ստանալու, օտար լեզուներ սովորելու մեջ, բռնել արտագաղթի ճանապարհը և կիրառել իրենց գիտելիքները մայրերի նկատմամբ առավել բարենպաստ քաղաքականություն վարող պետություններում` զրկելով վերջիններիս  սոցիալական ապահովության պատշաճ երաշխիքներից և աշխատաշուկայում ինքնաիրացման հավասար հնարավորություններից:

 

Չնայած ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը հայտարարում է, թե օրենքն ընդհակառակը կխթանի ժողովրդագրական աճը Հայաստանում` հավելյալ աջակցություն տրամադրելով ավելի մեծ թիվ կազմող չաշխատող կանանց` Նախարարությունը, կարծես թե, ամբողջովին անտեսում է օրենքի հնարավոր ազդեցությունը աշխատող մայրերի վրա:  Իսկ առաջարկվող փոփոխությունները չեն կարող չազդել աշխատող մայրերի` երեխաներ ունենալու որոշման վրա: Հավատասցած ենք, որ ցանկացած քաղաքականություն, որը կարող է ազդել Հայաստանում մայրանալ ցանկացող անգամ մեկ կնոջ որոշման համար` սպառնալիք է ներկայացնում Հայաստանի Հանրապետության անտվանգությանը և ռազմավարական շահերին:

 

 

Օրենքը ոտնահարում է սոցիալական արդարության սկզբունքները և ոտնահարում է սոցիալական պաշտպանության իրավունքները

 

Չնայած ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը պնդում  է, որ ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված` ՀՀ նվազագույն աշխատավարձի հնգապատիկից առավել բարձր վարձատրվող անհատներին ժամանակավորապես զրկելով իրենց աշխատավարձին համարժեք դրամական փոխհատուցումից` օժանդակություն է ցուցաբերվելու ՀՀ սոցիալապես առավել անապահով քաղաքացիներին ` օրենքն ինքնին հակասում է սոցիալական արդարության որևէ տրամաբանության:

 

Իբրև թե նպատակ հետապնդելով` վերաբաշխել սոցիալական ապահովության վճարները «առավել ապահով» խմբերից «առավել խոցելի» խմբերին` օրենքը սպառնում է վտանգել Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող սակավաթիվ միջին դասի գոյությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը պնդում է, որ ինքն ի զորու չէ սոցիալական ապահովության համակարգի շրջանակներում որևէ այլ կերպ «արդարացիորեն վերաբաշխում» կատարել, որը ոչ միայն պետության կողմից սոցիալական անարդարության դրսևորում է, այլև չի համապատասխանում ճշմարտությանը:

 

Սույն թվականի մայիսի 22-ին ՀՀ ազգային ժողովը հավանություն տվեց  «Աքցիզային հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով Հայաստան ներկրվող թանկարժեք ավտոմեքենաները ազատվեցին 20% աքցիզային հարկից: 2010 թվականից ի վեր ՀՀ ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Շքեղության հարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն այդպես էլ չի ընդգրկվել Ազգային ժողովի օրակարգի մեջ: Կարծում ենք, որ թիրախային սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակով հիրավի արդարացի կլիներ այնպիսի սոցիալական քաղաքականության որդեգրումը, երբ Հայաստանում սոցիալական սոլիդարությունը կդրսևորվեր երկրում կուտակված հարստության արդարացի վերաբաշխման միջով, երբ կհարկվեին շքեղ ու թանկարժ մեքենաներ ներկրողներն ու թանկարժեք գույքի սեփականատերերը, խոշոր գործարարներն ու ձեռնարկությունները, այլ ոչ` իրենց քրտնաջան աշխատանքով իրենց ընտանիքի կարիքները հոգացող մայրերը:

 

Եվս մի անգամ պնդում ենք, որ անթույլատրելի է դիտարկել ՀՀ սոցիալական ապահովության համակարգը ՀՀ ընդհանուր զարգացման համատեքստից դուրս, հետևաբար անթույլատրելի է ՀՀ առավել անապահով սոցիալական խմբերին օժանդակելու ծրագրեր իրականացնելով` միաժամանակ դեպի աղքատությունը մղել ՀՀ քաղաքացիների մեկ այլ խմբի:  

 

Այպիսով, անարդարացիորեն ոտնահարելով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված ՀՀ քաղաքացիների սոցիալական պաշտպանության իրավունքները` օրենքը իրավական մեխանիզմներ է սահմանում նվազագույն աշխատավարձի հնգապատիկից ավել վճարվող ՀՀ քաղաքացիների «գույքը հափշտակելու» համար: Օրենքն անտեսում է այն հանգամանքը, որ նման եկամուտներ ունեցող անձիք նաև անհատական սոցիալական վճարներ են կատարում իրենց համախառն աշխատավարձի 3%-ի` այլ ոչ թե ֆիքսված կամ սահմանափակված չափով: Փաստորեն ՀՀ օրենսդրությունը նվազագույն աշխատավարձի հնգապատիկից ավել վարձատրվող ՀՀ քաղաքացիներին պարտավորեցնում է   պարտաճանաչորեն բարձր հարկեր և սոցիալական վճարներ կատարել, սակայն այն դեպքում, երբ այդ քաղաքացիները հղիության պատճառով կճանաչվեն ժամանակավորապես անաշխատունակ, պետությունը նպատակահարմար է գտնում խլել նրանց լիարժեք սոցիալական պաշտպանվածության երաշխիքները: Նման անարդար մոտեցումը ևս կարող է խթանել ՀՀ-ից երիտասարդ մասնագետների արտագաղթի նոր ալիք: Իսկ արտագաղթը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի ժողովրդագրական անվտանգության համար, այլև ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի համար` որքան շատ արտագաղթեն բարձր վարձատրվող քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունից, այնքան կկրճատվի բարձր հարկեր և անհատական սոցիալական վճարներ կատարող քաղաքացիները թիվը` ծանրացնելով առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի բեռը:

 

Օրենքը ոտնահարում է կանանց և տղամարդկանց իրավահավասարության և հավասար հնարավորությունների սկզբունքը

 

Հղիության արձակուրդի ընթացքում զրկելով կանանց իրենց աշխատանքային եկամուտների ամբողջ չափից՝ օրենքը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում կինը և տղամարդը չեն համարվում իրավահավասար քաղաքացիներ: Հղիության և ծննդաբերության արձակուդը ժամանակավոր անաշխատունակության միակ տեսակն է, որը պայմանավորված է բացառապես կնոջ սեռով: Պարտավորվելով կնոջը լիարժեք փոխհատուցել իր սեռով պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության համար` պետությունը հաստատում է իր հանձնառությունը` անկախ սեռից իր բոլոր քաղաքացիների համար ապահովել հավասար աշխատանքային պայմաններ: Կանանց` հղիության և ծննդաբերության արձակուրդի շրջանում զրկելով իրենց աշխատավարձին համարժեք եկամուտներից` ՀՀ կառավարությունը խախտում է «Կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

 

Նաև Հայաստանի Հանրապետությունը միացել է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերի (Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Կոնվենցիա, Եվրոպական սոցիալական խարտիա, Վճարովի աշխատանքի մասին վերանայված կոնվենցիա), որով պարտավորվել է պաշտպանել աշխատող կանանց իրավունքների պաշտպանվածությունը` այդ թվում նրանց իրավունքը` չկորցնելու նախքան հղիությունն ունեցող աշխատանքը կամ եկամուտները: Եվրոպական սոցիալական խարտիան վավերացրած պետությունները պարբերաբար ստանում են հանձնարարականներ Եվրոպայի խորհրդից 100%-ով փոխհատուցել աշխատող կանանց հղիության և ծննդաբերության արձակուդի համար: Հայաստանի Հանրապետության Կարավարությունը, փաստորեն, որոշել է աննախադեպ քայլ կատարել Հայաստանի պատմության մեջ` մեկ քայլ հետ կատարելով վատթարացնել Հայաստանում` ԵԽ-ի կարծիքով առկա բարենպաստ քաղաքականությունը:

 

Օրենքը խախտում է աշխատողների իրավունքը

 

Մայրացող կնոջը տրվող նպաստի չափը կապելով իր վերջին գործատուի մոտ ունեցած աշխատանքային ստաժի հետ` օրենքն ըստ էության ոտնահարում է աշխատողի` իր աշխատանքն ազատ ընտրելու իրավունքը: ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի սահմանափակում աշխատողների` իրենց գործատուին հաճախ փոխելու իրավունքը: Հայաստանի հանրապետությունում յուրաքանչյուր ոք` կին, թե տղամարդ, կարող է իր աշխատանքը փոխել այնքան հաճախ, որքան կամենա:

 

Պետական քաղաքականության գերխնդիր չի կարող լինել` իր գործատուի նկատմամբ աշխատողի հավատարմության  խթանումը, սա բացառապես գործատուի խնդիրն է: Հայաստանի Հանրապետությունում հղիության և ծննդաբերության նպաստը վճարվում է ոչ թե գործատուի կողմից, այլ` ՀՀ բյուջեից, հետևաբար բոլորվին անկարևոր է, թե քանի տարի է կինը աշխատել տվյալ գործատու մոտ: Առաջարկվող փոփոխությունների տրամաբանությամբ 5-10 անընդմեջ աշխատանքային ստաժ ունեցող կինը` վերջին տարում իր գործատուն փոխած լինելու պատճարով կարող է փոխհատուցվել միայն իր աշխատավարձի 40%-ով: Այսպիսով, պետությունը որոշում է կայացնում ամբողջովին անտեսել կնոջ երկարատև աշխատանքային ստաժը, որը ոչ միայն կնոջ իրավունքների կոպտագույն խախտում է, այլև չի ենթարկվում որևէ տրամաբանական մեկնաբանության:

 

Միակ մեկնաբանությունը, որը ներկայացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերաբերում է հնարավոր խարդախությունները կանխելուն: Սակայն գործող օրենքն, ըստ էության, խարդախություն կատարելու որևէ հնարավորություն չի տալիս: 2011թ.-ին «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում ամրագրվեց, որ հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվելու է կնոջ մոտ անաշխատունակության առաջացմանը նախորդող 12 ամիսների միջին եկամտի հիմքով: Օրենքում լիարժեք փոխհատուցման համար, ըստ էության, ներդրվեց մեկ տարվա աշխատանքային ստաժի գաղափարը, որը հենց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պնդմամբ բավարար էր կանխել ցանկացած չարաշահում:
Օրենքը ոտնահարում է երեխայի իրավունքները

Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի համաձայն` «Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին … մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ … և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները: Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր օրենսդրական, վարչական և այլ միջոցները՝ սույն Կոնվենցիայով ճանաչված իրավունքների իրականացման համար: Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կապակցությամբ մասնակից պետություններն այդպիսի միջոցներ ձեռնարկում են իրենց տրամադրության տակ եղած ռեսուրսների առավելագույն չափի և, անհրաժեշտության դեպքում, միջազգային համագործակցության շրջանակներում»: 

 

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում ներկայումս պաշտոնապես հրապարակված կենսապահովման նվազագույն զամբյուղի չափի, ինչպես նաև ապրուստի անընդհատ թանկացման պայմաններում մայրությանն ու մանկությանը հասցվող այսպիսի նենգ հարվածը ոչ միայն անհամատեղելի է բարոյական նվազագույն չափանիշերին, այլև ուղղակիորեն հակասում է թե՛ քաղաքական մեծամասնություն ունեցող իշխող կուսակցության նախընտրական վերամբարձ ծրագրերին ու հայտարարություններին, և թե՛ Հայաստանի միջազգային պարտավորություններին: Նշված իրավադրույթն ամբողջությամբ իմաստազրկում է նաև ՀՀ կառավարության 2013թ. սեպտեմբերի 28-ի նիստ N39 արձանագրային որոշմամբ սահմանված` երեխայի իրավունքների պաշտպանության 2014 թվականի տարեկան ծրագիրը:

 

Օրենքը մարտահրավեր է Հայաստանում առողջ սերունդ ունենալու համար  

Հղիության արձակուրդի ժամանակաշրջանում զրկելով մայրերին իրենց օրինական եկամուտներից` օրենքը դրդելու է բազմաթիվ կանանց հնարավորինս շուտ վերադառնալ աշխատանքի՝ իրենց ընտանիքների սոցիալական կարիքները հոգալու համար:  Սրանով իսկ օրենքը էապես վնաս է հասցնելու մայրերի և նրանց երեխաների առողջությանը` միաժամանակ հակասելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված և հաստատված  Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015թթ. ռազմավարությանը:

 

Բազմաթիվ հետազոտություններ վկայում են այն մասին, որ հղիության տևողությունը ուղիղ համեմատական է ինչպես մայրերի, այնպես էլ մանուկների առողջության դրական ցուցանիշների հետ: Եթե հղիության 140 օրերի ընթացքում իրենց աշխատավարձի չափով վարձատրվող մայրերը կարող էին իրենց թույլ տալ ևս 30 կամ 50 օր չվճարվող արձակուրդ վերցնել` իրենց նորածին մանկանը բավարար ժամանակ տրամադրելու համար, ապա սույն օրենքի արդյունքում մայրերի մեծ մասը անմիջապես կձգտի հետ վերադառնալ աշխատանքի` դրանով իսկ անհնարին դարձնելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված և հաստատված  Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015թթ. ռազմավարության մեջ ամրագրված  դրույթի` մինչև վեց ամսական երեխաների բացառապես կրծքով սնուցման կիրառումը:

 

Օրենքը հակասում է երիտասարդ ընտանիքների աջակցության ՀՀ կառավարության վարած քաղաքականությանը

 

Վերջին տարիններին ՀՀ կառավարությունը սկսել է իրականացնել երիտասարդ ընտանիքների աջակցության քաղաքականություն, որի շրջանակներում երիտասարդ ամուսիներին հնարավորություն է տրվում ավելի մատչելի գներով ձեռք բերել բնակարան և ավտոմեքենա: Գործնականում այդ օժանդակությունից օգտվել, սակայն, կարող են միայն այն ամուսինները, ովքեր ապահովված են աշխատնքով: Ավելին, անգամ արտոնյալ պայմաններով հիպոթեկային վարկերից մեծամասամբ օգտվում են այն զույգերը, որոնցից յուրաքանչյուրն առնվազն 250000 դրամ եկամուտ ունի, քանզի միայն այդ պայմաններում է հնարավոր և կանոնավոր մարել հիփոթեկային պարտավորությունները, և ունենալ գոնե նվազագույն կենսապահովում: Փաստորեն, մի կողմից պետությունը խրախուսում է երիտասարդներին համատեղել իրենց ջանքերը պետության օժանդակության հետ և օգտվել որոշ արտոնություններից, մյուս կողմից պետությունը զրկում է երիտասարդներին այդ արտոնություններից օգտվելու հնարավարությունից, քանզի ընդունում է օրենք, որով 140 օրերի ընթացքում զրկելու է երիտասարդ ընտանիքների անդամներից մեկին իր եկամուտներից` այդպիսով այդ օրերի ընթացքում դարձնելու է նրանց հիպոթեկային վարկի համար անվճարունակ և հնարավորություն չի տալու բազաթիվ երիտասարդ ընտանիքների օգտվելու պետության առաջարկած օժանդակության փաթեթից:

 

Օրենքը վտանգում է օրինական դաշտում գործառնող կազմակերպությունների գոյությունը

Հավատացած ենք, որ այս օրենքը կխթանի ՀՀ աշխատաշուկայում ընդգրկված աշխատողներից շատերի աշխատանքի ստվերային բնույթի ընդլայնումը: Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում կիրառվում է այնպիսի պրակտիկա, երբ գործատուն չգրանցելով իր աշխատակիցներին խուսափում է հարկեր վճարելուց: Սոցիալական պաշտպանության երաշխիքները, սակայն, խրախուսում են շատ աշխատակիցների` նամանավանդ իրենց իրավունքներին տիրապետող երիտասարդ մասնագետներին   պահանջել իրենց գործատուներից օրինական գրանցում և օրինական փոխհատուցում: Այժմ, սակայն, գործատուները և աշխատողները, հասկանալով,  որ իրենց սոցիալական վճարներն այլևս չեն ծառայելու աշխատակիցների բարեկեցությանը` կարող են նախընտրել պահել փաստացի ցածր աշխատավարձով աշխատողներ` յուրաքանչյուր ամիս նրանց իրական աշխատավարձից վճարումներ կատարելով կազմակերպության ներքին սոցիալական ֆոնդեր: Այսպիսով, օրենքը կարող է դրդել իրենց աշխատակիցների բարեկեցությամբ մտահոգ կազմակերպություններին անցնել տնտեսության ստվերային հատված` զրկելով պետական բյուջեն հարկերից գոյացող եկամուտների մի մասից:  Քանզի, երբ պետությունը դադարում է հոգ տանել սեփական քաղաքացիների մասին` քաղաքացիների մոտ համանման վերաբերմունք է ձևավորվում պետության նկատմամբ:

 

Ավելին, օրենքի արդյունքում գործնականում համոզվելով, որ անկախ այն բանից, թե որքան քրտնաջան են աշխատում և որքան շատ վճարումներ են կատարում սոցիալական ապահովության պետական համակարգին` ՀՀ քաղաքացիները միևնույն է իրենք կարող են զրկվել իրենց աշխատանքի պտուղները վայելելու իրավունքից, հավատացած ենք, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը որևէ վստահություն չի տածի կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում առաջարկվող կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ, քանզի օրենքը ազդակ է, որ ՀՀ քաղաքացիները երաշխավորված չեն իրենց օրինական եկամուտները կորցնելուց:

 

Հաշվի առնելով վերոնշյալները կոչ ենք անում ՀՀ կառավարությանը ձեռնպահ մնալ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում վերոնշյալ խնդրահարույց, խտրական և չափազանց վտանագավոր փոփոխությունները կատարելուց:

 

Ակնկալում ենք Ձեր հրապարակային և գործնական պատասխանը սույն նամակին: Մենք պատրաստակամ ենք Ձեզ հետ հանդիպելու և մեր մտահոգությունները առերես և հրապարակավ Ձեզ հետ քննարկելու: Հայտնում ենք ձեզ, որ մեր ձայնը լսելի չդառնալու դեպքում  օգտվելու ենք օրենքով մեզ վերապահված բոլոր իրավունքներից` ներառյալ «Ժողովներ,  հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավունքից:

 

 

Հարգանքներով,

 

Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների

պաշտպանության հասարակական նախաձեռնության անդամներ

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Բողոքի ակցիա` «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել»

 

Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են


 
Ո՞վ եւ ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից

 

 Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման

 

Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ

 

Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…

 

«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:

 

Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա

 

Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին

 

«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման

 

«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »

 

Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից

 

Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող եւ չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Դիտումների քանակը` 2958

Վերադառնալ վերև